HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իսկական «դեմոկրատիզմն» այն է, որ ընտրողներն ու ընտրելիներ բանէ խաբար չըլլան

Լեռ Կամսար

Ամիսէ մը ի վեր տևող «Խորհուրդներու ընտրությունն» կշարունակվի տակավին ու կսպառնա դեռ 12 օր տևել։ Ագիտատոր աղջիկներ տունէ տուն կշրջեն ու ընտրական «պայքար» կբորբոքեն։

Ի դեպ՝ սա աղջիկներ, եթէ ժողովրդյան սրտին մոտիկ բաներ խօսելու ըլլային տուները այցելելիս, ինչքան ալ գէշ ըլլային՝ առնվազն մէկական ամուսին կգտնէին իրենց, բայց անանկ անհասկանալի, անդուր, անհամ բաներու վրա կխօսեն, որ գեղեցկուհի ալ ըլլան չեն տարվեր։ Հա՛, ուրեմն, աղջիկներ տունէ տուն կշրջեն և ընտրական հուր կբորբոքեն։

Բայց ախր ընտրված են արդէն այդ ընտրելիներ, կուսակցության կենտկոմում ցուցակներով գրանցված են, պատէն կախված, կազմ ու պատրաստ, սա ժողովուրդն ղեկավարող «դեպուտատները», սա կառավարության անդամները։ Սա «աշխարհի միակ դեմոկրատիկ» պետության կառավարիչները ժողովուրդն չի ընտրեր, Կենտկոմն կընտրէ և պատրաստի ժողովրդյան կհրամցնէ։

Ինչպէս որ կույր մարդու պատառաքաղի ծայրին միս կդնեն իր հարազատները և կույրին կմնա միայն բերանն բանալ և ընդունել պատառն, անանկ ալ մեզ մոտ է․ ժողովուրդն իր մատը կտնկէ, կառավարությունն կամ կենտկոմն, որ միևնույն են, դեպուտատ մը կդնէ մատի ծայրին՝ ու ժողովուրդն կուլ կուտա ու անգլիական աղ ընդունողի ձև կառնէ։

․․․ Բայց ես այսօր բնավ կառավարական ընտրական սիստեմն քննադատելու միտք չունէի։Կառավարությունն ինչպէս կուզէ ընտրվէ, ինձի ինչ․ես օրէնքէ դուրս հայտարարված ըլլալուս համար կառավարություն չունեմ։

Այսօր նպատակ ունէի պատմել մեր թաղի ագիտատոր Լիզայի մասին։

Էֆէնտի՛մ, սա Լիզան 37 տարի անընդհատ մարդ փնտռելէ հոգնած՝ օրերս գտավ վերջապէս իր փնտռածը։ Անունը Խաչիկ է, շատ պարկեշտ ու պատվավոր մարդ մը։

Սա միամիտ ու անփորձ աղջիկն, սակայն, կարծելով, թէ մարդուն անունն է հարկավոր ամուր բռնել և ոչ իրեն մարդուն՝ ամբողջ օր «Խաչիկ, Խաչիկ» ըսելով կքալէ։

Երբ որպէս ագիտատոր տուները կմտնէ ընտրողներն իրենց ընտրելիներուն ծանոթացնելու, բնական է, որ իր «Խաչիկն» չի կրնար դուրսը թողնել։ Եվ փոխանակ Կենտկոմի նշանակված Սարգիսին կենսագրությունը պատմելու՝ կսկսի իր Խաչիկին մասին պատմել այնքան բուռն, այնքան ոգևորված, որ ընտրողներն անմիջապէս ձայն կուտան Խաչիկին ու Կենտկոմի Սարգիսն կմնա․․․ դռան վրա կանգնած։

Ի՜նչ, կկարծէ՞ք, թէ ընտրության ժամանակ կառավարությունն կամ Կենտկոմն կռահեն պիտի պատահած սխալն և վերջին պահին ուղղեն։ Ամէնևին ոչ, անոնք  այնքան ընդարձակ են բռներ գործերնին և այնքան զբաղված են իրենց «շինարարությամբ», որ ոչ թէ սխալմամբ անցած մարդն, այլ կառավարության մէջ անցած փիղն անգամ չեն կրնար բռնել։

Չեն կրնար բռնել և Խաչիկն փառավորապէս Մոսկվա կերթա կառավարելու երկիրն։

․․․Կառավարությունն չէ, բայց այս սխալն Սարգիսը կրնար բռնել, եթէ ինքն իմանար, որ պետությունն իրեն դրեր է ընտրելիներու ցանկին մէջ։ Այսպէս է ընտրությունն աշխարհի բոլոր «դեմոկրատական երկրներում»։ Իսկական «դեմոկրատիզմն» ալ այն է, որ ընտրողներն ու ընտրելիներ բանէ խաբար չըլլան։

Հիսուս չըսե՞ր՝ ողորմության ժամանակ մարդուս ձեռքն չպիտի գիտնա, թէ ի՞նչ կընէ աջը․․․                                               1947թ. անտիպ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter