HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բոլոր ժամանակների լավագույն ալբոմային շապիկները. Բիթլզ «Sgt. Pepper's Lonely Hearts Club Band»

Նաիրա Հայրապետյան

1967թ. աշխարհառչակ «The Beatles»–ը թողարկեց իր «Սերժանտ Պեպերի միայնակ սրտերի ակումբ» ալբոմը (Sgt. Pepper's Lonely Hearts Club Band). այն թվով 8-րդն էր  ստուդիական ալբոմների շարքում: Բիթլների բազմաթիվ երկրպագուների հետ հարցումների արդյունքում, միաժամանակ մեծ թվով քննադատների համոզմամբ, այս ալբոմի շապիկը, առանց կասկածի որևէ նշույլի, կարելի է համարել ռոքնռոլի պատմության մեջ ամենաիկոնիկ պատկերներից մեկը: Երաժշտության մասին տարատեսակ հարցումների մեջ ևս ճանաչված  «Rolling Stone» ամսագիրը հայտնում է, այն առաջինն է՝ բոլոր ժամանակների լավագույն երաժշտական շապիկների տասնյակում: 

Եվ այսպես՝  «Sgt. Pepper's Lonely Hearts Club Band».  ալբոմի ձևավորման գաղափարը  դիզայներ Ռոբերտ Ֆրեյզերին և Փոլ Մաքարթնիինն էր:  Այն իրագործվեց նկարիչներ Փիթեր Բլեյքի, Ջեն Հեյուորդի, լուսանկարիչ Մայքլ Քուփերի և բիթլզյան թիմի աշխատանքի շնորհիվ: Ռոբերտ Ֆրեյզերը 60-ական թթ. հանդիսանում էր բրիտանական արվեստի առաջնորդներից մեկը: Նա շատ լավ ծանոթ էր Փոլին և մտերիմ հարաբերությունների մեջ էր նրա հետ: Երբ լսեց ալբոմի մասին և ծանոթացավ ձևավորման աշխատանքին, Ֆրեյզերն ասես հանգստությունը կորցրեց: Դանիական դիզայերական «The Fool» ընկերությունը, որին որոշել էին պատվիրել  գործը, սպիտակ ֆոնի վրա ավանգարդ և փսիխոդելիկ ոճում տարբեր գույներից կոմպոզիցիա էր մտադիր ստանալ: Ֆրեյզերը համոզեց քառյակին հրաժարվել ձևավորման նախնական պայմանավորվածությունից՝ գեղարվեստական տնօրենի պարտականությունն ամբողջովին վերցնելով իր վրա: Հենց նա էլ հրավիրեց հայտնի նկարիչ Փ. Բլեյքին՝ աշխատելու շապիկի ձևավորման վրա: Բլեյքը մի առիթով պատմել է, որ նախնական օրինակում նոր թիմը որոշել էր նկարը պատկերել խմբին ինչ-որ այգում նվագելիս: Այս գաղափարը, սակայն, հետագայում զարգացավ, փոփոխվեց, ավելացվեց նոր տարրերով և վերջապես դարձավ այնպիսին, ինչպիսին կա տասնյակ տարիներ անց՝ երկրպագուների աչքերում՝ լավագույններից մեկը աշխարհում: 

Լիվերպուլյան հայտնի քառյակը այսպիսով հայտնվեց հաստ ստվարաթղթե ֆիգուրների միջավայրում և լուսանկարվեց հենց այդպես: Գունագեղ այս կոլաժում բիթլներնը շրջապատված են աշխարհում ամենահայտնի մարդկանց նկարներով, արձաններով և կերպարներով: Միայնակ սրտերի այս ակումբում էին  Էդգար Պոն ու Մերլին Մոնրոն, Կարլ Մարքսը, Մառլեն Դիտրիխը, Զիգմունդ Ֆրեյդը, Օսկար Ուայլդը, Բոբ Դիլանն ու Լոուրենս Արաբիացին, Ֆրեդ Աստերը, Ալբերտ Էյնշտեյնը, Մառլոն Բրանդոն…հիսունից ավել հայտնի պատկերներ, որոնց թիվը դեռ կավելանար, եթե հանգամանքներն այլ ընթացք չստանային:

Ի սկզբանե նախատեսված Մահաթմա Գանդիի, Հիսուս Քրիստոսի, Ադոլֆ Հիտլերի և Լեո Գորսիի նկարները, այսպես ասած, ապամոնտաժվեցին: Նախ՝ ամերիկացի դերասան Լեո Գորսին  արդարացիորեն գումար պահանջեց՝ իր նկարն օգտագործելու համար, որից հետո թիմը հրաժարվեց նրա ֆիգուրից: Գանդին ևս տեղ չգտավ ակումբում, քանի որ ալբոմը թողարկող ընկերությունը՝ «EMI Studio »-ն խնդրեց այն բացառել: Ընկերության տնօրինությունը մտավախություն հայտնեց, որ կոլաժում հնդիկ հոգևոր առաջնորդի նկարը օգտագործելը հնարավոր է դուր չգա շատերին, և դա կարող էր վաճառքի վրա բացասաբար ազդել, հատկապես՝ Հնդկաստանում:

Ադոլֆ Հիտլերի ու Հիսուս Քրիստոսի «ներկայությունը» Ջոն Լենոնի առաջարկն էր, սակայն երկար ծանրութեթև անելուց հետո երկուսն էլ ի վերջո մերժվեցին, չնայած՝ բիթլներն արդեն Հիտլերի նկարը պատվիրել և ստուդիայում տեղավորել էին:

Իսկ Հիսուսի պատկերը բացառվեց հատկապես այն պատճառով, որ Լենոնն արդեն հասցրել էր  անել իր աղմկահարույց հայտարարությունը՝ «… մենք այսօր ավելի հայտնի ենք, քան Հիսուսը», ուստի նոր խնդիրներ խմբին ամենևին պետք չէին, մանավանդ՝ երբ կարող էին վտանգավոր վերջաբան ունենալ: Պրոդյուսերները այս տարբերակը ևս բացառեցին:

Իսկ ահա մեքսիկացի դերասան, երգիչ Գերման Վալդեսը խնդրեց իր պատկերը փոխարինել մոմակալով: Ասում են՝ դերասանուհի, ամերիկյան սեքս-խորհրդանիշ  Մեյ Ուեսթը սկզբում թույլ չի տվել իր նկարը օգտագործել՝ ասելով, թե ինքն «ի՞նչ գործ ունի միայնակ սրտերի ակումբում», սակայն երբ բիթլները անձամբ նամակ գրեցին նրան, ներկայացնելով շապիկի գաղափարը, դերասանուհին համաձայնեց

Պատկերը վերջնական տեսքում վերը նշված անունների՝ գրողների, գիտնականների, դերասանների, երգիչների կողքին համալրվեց սպորտսմեններով, նախկին բիթլներով և, Հարիսոնի պնդմաբ, Յոգայի ուսմունքի գուրուներ՝ Մահավաթար Բաբաջիի, Լահարի Մահասայայի, Շրի Յուկտեշվարի և արևմուտքում այս ուսմունքի  տարածման մեջ մեծ ներդրում ունեցած  Փարամահանսա Յոգանանդայի լուսանկարներով: Երաժշտագետ Իեն Ինգլիսը ալբոմին նվիրված իր անդրադարձում նշել է, որ հայտնի կերպարների այդ ցուցակը ասես տասնամյակի մշակութային աշխարհագրության ուղեցույցը լինի: Ըստ նրա, այս պատկերն «արտացոլում է ժողովրդավարության աճը հասարակության մեջ, որով էլ հաստատվում է, որ «բարձր» և «ցածր» մշակույթների միջև ընկած ավանդական արգելքները գնալով փոքրանում են` արդյունավետ եղանակով»:

Հետաքրքիր է, որ բացի թղթե ֆիգուրներից, կոլաժում կարող ենք տեսնել ամենատարբեր իրեր, այդ թվում՝ ղեյլան-նարգիլե, հեռուստացույց, արդեն հիշատակված մոմակալը,  քարե քանդակներ, տիկնիկ, որի հագին «Welcome the Rolling Stones» գրությամբ սվիտեր է, հայտնի հեքիաթի հերոսուհու՝ Սպիտակաձյունիկի արձանը և այլն: Դե իսկ այս ներկայացման կենտրոնում լիվերպուլյան լեգենդներ են՝ հատուկ, զինվորական համազգեստներով՝ կրծքներին տարբեր շքանշաններ: Բացի այդ, պատկերում կարող եք նկատել մի ուշագրավ բան էլ՝ երաժիշտներից ամեն մեկը ձեռքում բռնել է երաժշտական գործիք, որը բացարձակ կապ չունի բիթլների հետ՝ շեփոր, ֆլեյտա, գալարափող: Նախկին՝ բիթլոմանիայի հայտնի կերպարների կողքին նորերը մի փոքր այլ են, տարօրինակ, բայց՝ չափազանց լուսավոր… ինչպես իրենք են նկատել, ամեն ինչ ասված է նրանց աչքերի արտահայտությամբ: « Այդ օրերին մեր՝ առավելապես այդ գործի մեջ լինելու արտահայտություններից մեկը աչքի մեսիջն էր…,- ասել է Փոլ Մաքարթնին,- Քուփերի այդ լուսանկարում բոլորս կարծես ասում ենք. « Հիմա նայիր տեսախցիկին և ի սրտե ասա՝ ես քեզ սիրում եմ: Փորձիր այն զգալով ասել, իրապես տուր, փոխանցիր քո սերը սրա միջով և այն  ցույց կտա ամեն ինչ, կկարողանա դուրս գալ և արտահայտել քո զգացմունքը»: Ահա թե ինչու, երբ դուք նայեք նկարին, կտեսնեք աչքերից եկող սիրո մեծ ուղերձ»: 

Բիթլների այդ լուսավոր ուղերձը ավելի խոշոր պլանով տեղադրվեց ձայնասկավառակի ներսում: Հիպիական դարաշրջանը խորհրդանշող մորուք-բեղերին այս նկարում իբրև հակադրություն հանդիպում ենք բրիտանական նորաձևության երևակայական նոր թռիչքների՝ այս անգամ ռազմական մոտիվներով:

Ինչևէ, ալբոմը, որի շապիկի ձևավորման համար գրեթե 3000 ֆունտ ստեռլինգ ծախսվեց (այն ժամանակ ֆանտաստիկ գումար, քանի որ սովորաբար 50-ից 100 ֆ.ս.էր գնահատվում), թողարկվեց 1967թ. հունիսի 1-ին և  մեծ իրարանցում առաջացրեց երկրպագուների շրջանում: Բլեյքն ու Հեյուորդը իրենց աշխատանքի համար 1968թ. «Գրեմի» մրցանակի արժանացան «Best Album Cover, Graphic Arts» անվանակարգում: Իր անդրադարձում Ինգլիսը նաև «Sgt. Pepper's Lonely Hearts Club Band»-ը առանձնացնում է որպես  երաժշտության պատմության մեջ բացառիկ օրինակ, երբ ալբոմի գեղարվեստական ձևավորման հանդեպ հանրության ուշադրությունը գերազանցում է երաժշտության հանդեպ հիացմունքը:

«Sgt. Pepper's Lonely Hearts Club Band»-ը ռոքի պատմության մեջ համարվում է ամենաազդեցիկ ստեղծագործություններից մեկը, որով միաժամանակ նշանավորվում է ալբոմային դարաշրջանը: Ի դեպ, այս ալբոմի պատկերում երկրպագուները սկսեցին փնտրել Մաքարթնիի հետ կապված հետաքրքիր պատմություններ, որոնք շատ արագ իմաստավորվեցին նրանց տեսած սիմվոլներում: Լուրեր էին պտտվում, թե Փոլը մահացել էր, բայց իբր այդ լուրը հանրությունից գաղտնի էր պահվում: Սիմվոլներից մեկը նրանք հայտնաբերեցին երգչի ձախ թևին՝ «O.P.D. » հապավումով, չնայած՝ «O.P.P. » լինելուն: Այս սկզբնատառերը մեկնաբանվեցին որպես «Officially Pronounced Dead»՝ Պաշտոնապես Մեռած Հայտարարված: Սակայն պրոդյուսեր Ջորջ Մարտինի պնդմամբ՝ դա իրականում երկրպագուներից մեկի նվեր-կրծքանշանն էր՝ օգտագործված որպես հագուստի դիզայնի մասնիկ և նշանակում էր «Ontario Provincial Police» (Օնտարիոյի նահանգային ոստիկանություն): 

Հաջորդ խորհրդանշական ուղերձը գտնվեց շապիկի գլխավոր էջում՝ երգչի գլխավերևում նկատվող ձեռքի պատկերում: Փոլի մահվան մասին հյուսվող առեղծվածային ենթադրությունները, սակայն, դրանով չավարտվեցին. նոր ու առավել հետաքրիր մեկ այլ պատմության դեռ կհանդիպենք բիթլների՝ բոլոր ժամանակների մեկ այլ լավագույն ալբոմի շապիկի նկարում. դա 1969թ. թողարկված «Abbey Road» կամ  «Սպիտակ ալբոմ» նոր հրատարակությունն էր:

 Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter