HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Նոր կյանք համայնքի հետագա զարգացման գրավականը ջուրն է

Շիրակի մարզի Նոր կյանք գյուղում համայնքի ղեկավարին ամենից հաճախ տրվող հարցն այս օրերին վերաբերում է խմելու ջրին. ե՞րբ կհասնի նորակառույց ջրագիծը գյուղ ու արդյոք կատարվելու է  նորկյանքցիների մեկդարյա երազանքը: «Կարելի է ասել պատմական պահ է,-ծիծաղում է Նոր կյանքի համայնքապետ Արա Սուքիասյանը,-Արթիկից, անմիջապես զտման կայանից ջրագիծ է կառուցվում, որով խմելու ջուրը կհասնի ցածրադիր վայրերում գտնվող համայնքներին՝ այդ թվում նաեւ Նոր կյանք, սա, կարելի է ասել, ամենակարեւոր ու նշանակալի իրադարձությունն է լինելու գյուղի կյանքում»:

Արթիկի տարածաշրջանում գտնվող Մեծ Մանթաշի ջրամբարից սնվող տասից ավելի բնակավայրերից առավել շահեկան վիճակում են բարձրադիր վայրում գտնվողները: Այն համայնքները, որոնք ցածրադիր են եւ ավելի հեռու ջրամբարից՝ տարին 12 ամիս ստիպված են լինում բավարարվել ջրհորի ջրով:

«Եթե վերեւի գյուղերը «հայավարի» շատ են ջուր վերցնում, ուրեմն ամառը մենք ջուր չենք ունենում խմելու, ձմռանն էլ սովորաբար սառում է,-դժգոհում է համայնքապետը,-սա խորհրդային տարիներից եկած խնդիր է, որը ոչ մի կերպ լուծում չի ստացել ոչ այն ժամանակ, ոչ անկախության տարիներին: Ամեն տարի սպասել ենք, որ մի բան կփոխվի, վերջը տեսանք, որ էսպես շարունակել էլ հնարավոր չէ, մի քանի գյուղապետերով հավաքվեցինք, գնացինք Պատրիկ Լորենի մոտ՝ պահանջելու, որ մի բան անեն, նոր ջրագիծ կառուցեն»:

Արա Սուքիասյանն ասում է, որ խմելու ջրի ներքին ցանցը մշտապես գտնվել է Արթիկի ջրմուղ-կոյուղու տնօրինության ներքո: 1990-ականներին շատ կարճ ժամանակով հանձնվել է համայնքներին, սակայն հետագայում կրկին վերադարձրել են նշված կազմակերպությանը: Համայնքապետի ասելով դրանից որեւէ էական կամ դրական տեղաշարժ չի արձանագրվել, գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվել՝ եւ նախկինում, եւ հիմա ջրագծի հետ կապված բոլոր վթարների վերացումը դրված է եղել համայնքի վրա:

«Եթե ներքին ցանցի վթարները մենք պիտի վերացնենք, մենք պիտի ծախսեր անենք, գոնե նորմալ ջուր ստանանք,-նկատում է համայնքապետը,- ջրի առումով մի տեսակ շրջափակման մեջ ենք հայտնվել՝ ոչ խմելու ջուր ունենք, ոչ ոռոգման, գոնե էս տարի խմելու ջրի հարցը լուծվի»:

Արա Սուքիասյան Համայնքապետարան

Նոր կյանքին անապատացում իհարկե չի սպառնում՝ գյուղում վերջին տարիներին անգամ երկու այգի են հիմնել, բայց կենսական նշանակություն ունեցող ոռոգման ջրի խնդիրներ ևս ունեն: Նոր կյանքի վարչական տարածքում գտնվող Արթիկի կիսակառույց ջրամբարի մասին բազմիցս են բարձրաձայնել՝ սկսած 90-ականներից:

«Բոլոր ատյաններում գիտեն այդ մասին,-հավաստիացնում է Արա Սուքիասյանը,-բոլոր նախագահներին, նախարարներին էս հարցով անհանգստացրել ենք, սակայն հարցը լուծվել է մասնակի՝ էն էլ էս վերջին տարիներին: 1994 թ.-ին ասում էին, որ 1 մլն դոլարով ջրամբարը կվերականգնեն, մի քանի տարի առաջ 1 մլն դոլարին համարժեք դրամի չափով մի մասը վերականգնեցին ու այդպես կիսակառույց թողեցին: Մենք հիմա ունենք ընդամենը կիսափլուզված ջրամբար»:

Նոր կյանքը մշակովի հողատարածքներից հարուստ չէ: 100 հա ոռոգելի լավագույն տարածքները չեն մշակվում ոռոգման համակարգ չունենալու պատճառով, իսկ 629 հա-ն էլ բնության քմահաճույքին է հանձնված: «Բայց սեփական եկամուտները մշտապես 100 տոկոսով կատարում ենք, կարող եմ ասել՝ հիմնականում արտագնա աշխատանքից ստացված գումարների հաշվին»,-ասում է Արա Սուքիասյանը: Գյուղից սեզոնին ՌԴ է մեկնում 200-250 աշխատունակ տղամարդ: Ընտանիքներով արտագաղթողներ չկան: 90-ականներին գյուղից 60-70 ընտանիք է ընդմիշտ հեռացել, ովքեր մնացել են՝ ամուր կառչած են հայրենի հողին:

«Եթե նախկինում մեր գույքահարկը կազմում էր 300 հազար դրամ ընդամենը, ապա հիմա 3 մլն-ով ավելացել է: Դա նշանակում է, որ մարդիկ սկսել են լավ ապրել, արտասահմանյան մեքենաներ են ձեռք բերում, ուղղակի պետք է մի քիչ օգնել, բարելավել կյանքի պայմանները, որ գյուղը չլքեն: Տեսեք, մոտ երեք տարի առաջ գյուղում սկսեցինք աղբահանություն կազմակերպել, փողոցները հիմա մաքուր են, մի՞թե դա կյանքի բարելավման ուղղությամբ քայլ առաջ չէ»,-հարցնում է Արա Սուքիասյանը:

Հայկական կարմիր խաչի կողմից Նոր կյանք համայնքին 45 աղբաման է տրամադրվել: Շաբաթը մեկ անգամ աղբահանություն է կատարվում: Այդ նպատակով համայնքապետարանը սեփական եկամուտներից տրամադրում է ամիսը 200 հազար դրամ: Շնորհիվ այս ծրագրի մաքրվել է նաեւ գյուղի միջով անցնող սելավատարը: Նախկինում գյուղացիները աղբը լցնում էին այնտեղ՝ մտածելով, թե ջուրը կքշի կտանի, սակայն հատկապես գարնանային վարարումների ժամանակ հակառակ արդյունք էր ունենում՝ կուտակված աղբը հեղեղումների պատճառ էր դառնում: Նոր կյանքում դեռ չեն մոռացել 2004թ. հեղեղը, որը երկու գոմ քշեց-տարավ:

«Մեր բյուջեն 40 մլն դրամ է, որից 33 մլն-ը դոտացիան է, 7 մլն դրամը սեփական եկամուտներն են: Աշխատում ենք հնարավորինս ունեցած գումարները խելամիտ ծախսել: 2010 թ.-ից սկսած՝ տարեկան մի քանի փողոց գիշերային լուսավորություն ենք անցկացնում, արդեն 120 կետ ունենք, այս տարի եւս երկու փողոցի լուսավորության հարց ենք լուծելու: Իմիջայլոց, խորհրդային տարիներին Նոր կյանքում զոր լուսավորություն է եղել»,-ասում է համայնքապետը:

Գյուղապետարանի շենքի երկրորդ հարկը վերանորոգման կարիք ունի, սակայն համայնքապետը մտադիր չէ գումարներ ծախսել դրա համար, ասում է՝ առաջին հարկում կարողանում են նորմալ աշխատանքները կազմակերպել, ավելորդ ճոխություն չեն ուզում:

«Փող լինի գյուղում մի ավել գործ կանեմ,-հավաստիացնում է Նոր կյանքի ղեկավարը,-ակումբի շենք չունենք, մի երկու սենյակ ենք հարմարեցրել, որտեղ մարդիկ իրենց հանգիստն են կազմակերպում: Բազմիցս այս մասին դիմել ենք պատկան ատյաններին: Հաշվարկել են, որ մենակ շինմոնտաժային աշխատանքների համար 200 մլն դրամ կպահանջվի, բա՞ գույքը, ու հասկանալի է, որ այս ամենը համայնքի բյուջեով անհնար է  անել: Հիմա արդեն մանկապարտեզի շենք ունենալու հարցն է օդի մեջ կախվել: Վարձակալական հիմունքներով տեղափոխեցինք դպրոց, բայց նոր, տիպայինն ունենալու անհրաժեշտություն կա»:

Վերջերս էլ Արթիկի տարածաշրջանի 10 համայնքի ղեկավարներով դիմել են տրանսպորտի եւ կապի նախարարին խնդրանքով, որ իրենց տարածքներով անցնող դեպի Ապարան գնացող ճանապարհը ընդգրկեն պետական նշանակության ճանապարների ցանկում: Արագածոտնի հետ կապող ճանապարհը եվրոպական բանկի միջոցներով հիմնանորոգվել էր 2010 թ.-ին:

«Ասեմ, որ ի սկզբանե շատ անորակ ճանապարհ ստացվեց: Ըստ նախագծի՝ ասֆալտի հաստությունը 5 սմ էր ու պարզ է, որ պիտի երկար կյանք չունենար, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ ծանր գյուղատնտեսական ու զինվորական տեխնիկա է անցնում,-բացատրում է Նոր կյանքի ղեկավարը,-ռուսական ռազմաբազայի տեխնիկան, որ անցնում-գնում է վարժանքների, իր քարշակով, տանկով արդեն 100 տոննա է ու հերիք է, որ ճանապարհը քանդվի: Արթիկի տուֆ քարն էդ կողմով են տանում, շաքարի գործարանի հումքն էդ կողմով են տանում: Հետո էլ ասում են միջհամայնքային ճանապարհ է, գյուղապետ՝ սարքի, սաղ բյուջեն էլ տրամադրեմ հերիք չի անի»:

Արա Սուքիասյանն հավելում է, որ ամեն տարի համայնքային բյուջեից որոշակի գումարներ առանձնացնում փոսալցումներ անում են, սակայն դա հարցի լուծում չէ: Դիմել են Շիրակի մարզպետին, Ֆելիքս Ցոլակյանը խոստացել է, որ այս տարվա մասնակի նորոգումների համար գումարներ կհատկացնի մարզպետարանը:

Խնդիրները թվարկելուց հետո, Նոր կյանքի ղեկավարն առաջարկում է անդրադառնալ նաեւ համայնքի նվաճումներին. «Որ չստացվի, թե մի գլուխ բողոքում ենք»,-կատակում է զրուցակիցս: 2009 թ.-ին Նոր կյանքը ճանաչվել է կառավարության կողմից լավագույն համայնք, 2011 թ.-ին՝ լավագույն գյուղական մարզական համայնք: Համայնքի ղեկավարն ինքն էլ այդ տարի պարգեւատրվել է Անանիա Շիրակացի շքանշանով՝ կատարած աշխատանքների համար: Նոր կյանքի պատանիների ֆուտբոլային թիմը եւս հաջղություններ է գրանցել: Անցած տարի հաղթել է Հայաստանի առաջնությունում եւ գավաթը գյուղ բերել: Համայանքապետարանը սեփական եկամուտների հաշվին որոշակի ֆինանսական աջակցություն է ցույց տալիս ֆուտբոլային թիմին: Գյուղն ունի նաեւ իր ճանաչված արտիստը: Երբ էկրաններին հայտնվեց Ալբերտ Մկրտչյանի «Ուրախ ավտոբուս» Ֆիլմը, շատ արագ տարածվեց լուրը, որ գլխավոր հերոսներից մեկը՝ պեպենոտ դեմքով, կրակե մազերով տղեկը Նոր կյանքի բնակիչ է:

«Կառուցենք անվտանգ համայնքներ հարավային կովկասում» ծրագրով կատարվել է համայնքի աղետների ռիսկերի նվազեցման ոլորտին առնչվող կանխարգելիչ միջոցառումներ եւ ստեղծվել են առաջին օգնության խմբեր իրենց անդամներով, հատկացվել է գույք: Այսինքն՝ գյուղում 20 հոգանոց խումբ է ստեղծվել, որ չտա աստված մի հատ դժբախտություն լինի, աղետ լինի, անմիջապես կարող ենք արձագանքել,-ասում է Արա Սուքիասյանը,-2011թ.-ին «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով մոտ մեկ կիլոմետր երկարությամբ ոռոգման ցանց անցկացվել համայնքի ներսում: 4մլն դրամի չափով համայնքն իր մասնակցությունն է ունեցել այդ շատ կարեւոր ծրագիրն: Կանաչ զանգվածի պակաս ունենք, անցած երեք տարում երկու այգի ենք հիմնել գյուղի տարածքում»:

Համայնքապետի մատնանշած այգիներից մեկը համայնքապետարանի դիմաց է, պարսպի մոտ ձիթհանի հսկայական քար է տեղադրված: Այն հայտնաբերվել է 2010 թ.-ին, երբ դպրոցի շենքի տարածքում շինարարական աշխատանքներ էին կատարում: Պատմում են, որ ժամանակին այդ տարածքում գյուղի աշխատասեր, հարուստ անձանցից մեկի՝ Ռկոյի Բակոյի տունն ու ձիթհանն են եղել: Երբ կուլակաթափության անվան տակ նրան աքսորել են գյուղից՝ ձիթհանն ու տունը քանդել են: Հետագայում այդտեղ կառուցվել է գյուղի ակումբը, հետո՝ դպրոցը:

«Երբ ձիթհանի քարը հողի շերտի տակից հանեցինք, որոշեցինք այն տեղափոխել գյուղի կենտրոն ու դնել այգու մոտ՝ ի տես բոլորի, որպես աշխատանքի, հարստության, բարգավաճման սիմվոլ»,-նկատում է Նոր կյանք համայնքի ղեկավարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter