HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հակակարկտայինը դմբացնում են, երբ գեղըմը տոնախմբություն ա լինում»

Դսեղցիները զրկված են ոռոգման ջրից: Ամռան տապին հարկադրված են լինում այգիներն ու դաշտերը ոռոգել խմելու ջրով, որի պատճառով գյուղում խմելաջուրը չի բավականացնում: 

Դսեղցիների ասելով՝ գյուղի դաշտերի ոռոգման ներքին ցանցի 14 կմ երկարությամբ խողովակները համայնքապետ Գառնիկ Հովսեփյանը 2010 թ. գարնանը էքսկավատորով հողի տակից հանել է եւ ինքնուրույն տնօրինել: Խողովակների վերաբերյալ մեր հարցմանը համայնքապետը հեռախոսով պատասխանեց. «Դա չի համապատասխանում իրականությանը»:

Դսեղի նախկին համայնքապետ Ռաֆիկ Վարդանյանն էլ ասաց. «Դսեղը խորհրդային վերջին տարիներին կառուցած ոռոգման ներքին ցանց ունեցել է: Այն, որ այդ խողովակներից մոնտաժվել են, դա կայացած փաստ է, սակայն չեմ կարող ասել, թե որքան խողովակ է մոնտաժվել, ում է տրվել եւ ինչ նպատակով, դա ավելի լավ գիտեն գյուղացիները»:

Գյուղնախարարության գյուղական տարածքների տնտեսական զարգացման վերլուծության եւ կառավարման գրասենյակը ոռոգման ջրի խնդիրը լուծելու նպատակով Դսեղում 2007-08 թթ. 9,5 կմ երկարությամբ ջրագիծ է կառուցել, որը, ներքին ցանցին միանալով, պետք է ապահովեր դաշտերի ոռոգումը: Ջրագծի ներդրումային գումարը կազմել է մոտ 141 մլն 380 հազար դրամ:

Թանկարժեք ջրագիծը, սակայն, ներկայումս իր նպատակին չի ծառայում: Դսեղի համայնքապետի տեղակալ Արայիկ Արզումանյանն այդ կապակցությամբ հետեւյալը հայտնեց. «Մինչեւ գարուն ջրագծերը գործել են, եւ դրանց միջով ջուրը լցվել է լճերը, լճերից դուրս եկող ցանց ունեինք, դաշտերի ոռոգման համակարգ կար, հիմա ոռոգման ներքին ցանց գոյություն չունի»:

Համայնքապետի տեղակալը հայտնեց, որ գարնանը մարդ են ուղարկել ջրագծի ջուրը ակունքից բացելու համար: Այստեղ պարզվել է, որ հողի սողանքի պատճառով այդ խողովակաշարից մի հատված կտրվել եւ ընկել է ձորը, որի պատճառով էլ հնարավոր չի եղել դաշտերը ոռոգել: Այդ մասին տեղյակ է պահվել կառավարությանը: Սակայն, գյուղացիների պնդմամբ, իրական պատճառն այն է, որ ոռոգման ցանցը մոնտաժվել է:

Դսեղի 650 հա վարելահողերում դեռեւս աշնանացան չի կատարվել, իսկ արդեն այս պահին, մանավանդ եղանակային այս պայմաններում, հողին սերմ հանձնելը գյուղացիները ռիսկային են համարում: Արայիկ Արզումանյանն ասաց, որ աշնանացանը Դսեղում դեռ նոր են սկսելու, կառավարությունից 4 տոննա սերմացու են բերել, որը կբավականացնի 13-14 հա գարնանացանի համար. «1 հա հողում 300 կգ ցորեն է ցանվում»,- ասաց նա:

Գյուղի հրապարակում տեղավորված փոքրիկ մի տնակում թղթախաղով զբաղված դսեղցի տղամարդիկ նեղսրտեցին իրենց  ապրելակերպի մասին տված մեր հարցից: «Ոչ մի բան էլ չենք ցանում, գեղի ժողովուրդը դաժե կարտոշկա է առնում: Մեր դաշտերում վարուցանքի փոխարեն անասուններ են արածում: Մենակ 400 հատ ձի է դաշտ մտնում: Էդքան ձիու մեջ կարտոշկեն ո՞նց ցանեմ»,- ասաց Ռաֆիկ Հովակիմյանը:

Անասունը դաշտից հանելու խնդրով գյուղացիները բազմիցս դիմել են համայնքի ղեկավար Գառնիկ Հովսեփյանին: «Ես տեհել եմ, բերել են ձին գյուղապետարանում էլ են կապել, բայց խոսող չի եղել»,- ասաց Ռաֆիկը: «Գեղը մի հատ ձեւական հակակարկտային են բերել: Էն էլ տարածքում ցանքս չկա, թե ինչի են բերել, չես հասկանում: Երբ գեղըմը տոնախմբություն է լինում, էդ հակակարկտայինը դմբացնում են, ուրխանում»,- ասաց Շուրիկ Ղուլինյանը:

Դաշտերում արածող անասունների մասին գյուղացիների դժգոհության վերաբերյալ Գառնիկ Հովսեփյանն ասաց. «Դաշտերում գյուղացիների վարուցանքին խանգարողը հիմնականում ձիերն են, դրանց տերերին ավագանու անդամների հետ ցուցակագրել ենք: Ավագանու նիստով որոշելու ենք նրանց տուգանել»: Ավագանու անդամներից երկուսին հանդիպեցինք Դսեղի գյուղամիջում, նրանցից մեկը, ձայնագրիչը տեսնելով, արագ հեռացավ, իսկ մյուսը` Արթուր Ղազարյանը, ասաց. «Ինձնից էդ միկրոֆոնը հեռու տարեք, էլի, 6 ամիս հիվանդ եմ եղել, ոչ մի բանից տեղյակ չեմ»:

Դսեղի զարգացման ծրագրերի ու հիմնախնդիրների մասին զրուցեցինք համայնքապետի տեղակալ Արայիկ Արզումանյանի հետ, ով գործից անտեղյակ մարդ չէր: «Մեր գյուղի զարգացման քառամյա ծրագիրը 2009-2012 թթ. համար է: Ավագանու անդամների հետ քառամյա ծրագրում վեր ենք հանել համայնքին հուզող հիմնախնդիրները»,- ասաց նա:

Այդ հիմնախնդիրների շրջանակներում էլ Արայիկ Արզումանյանը կարեւորեց գյուղի գազաֆիկացման հարցը: Ասաց, որ ամբողջ գյուղը գազաֆիկացված է արդեն: Դրա համար 2 կմ խողովակաշարով, որի արժեքը կազմել է 4,5 մլն դրամ, ներդրում է ունեցել նաեւ համայնքը:

«Խողովակները օգտագործվել են որպես գազի խողովակների հենասյուներ: Բացի խողովակներից, համայնքը կատարել է նաեւ 2 մլն դրամ ներդրում»,- ասաց համայնքի ղեկավարի տեղակալը: Վերջինիս ասելով, թեեւ գյուղի բոլոր փողոցներով գազատարներ են անցնում, սակայն Դսեղի 850 տնտեսությունից 150-ն են օգտվում գազից:

Քառամյա ծրագրով նախատեսված է նաեւ Դսեղում ոռոգման նոր ջրագիծ կառուցել: «Վարչապետը եկել էր Դսեղ, նրան այդ մասին տեղյակ ենք պահել»,- ասաց Արայիկ Արզումանյանը: Վերջինս գոհունակությամբ նշեց, որ քառամյա ծրագրով նախատեսված հակակարկտային մեկ կայան են ձեռք բերել, կարեւորեց գյուղտեխնիկա ձեռք բերելու խնդիրը եւ նշեց, որ դրա հետ կապված համայնքապետարանում հույսեր են կապում «Արոտօգտագործողների միություն» կոոպերատիվի հետ»:

Դսեղում 1037 խոշոր եղջերավոր անասուն է գրանցված, գյուղը գոյատեւում է անասնապահության շնորհիվ: Դսեղի համայնքային բյուջեի եկամուտները 2011 թ. նախատեսվել 41,8 մլն դրամ: Բյուջեի եկամուտների 20 մլն դրամը կազմում է դոտացիան: Եկամուտներից համայնքապետ Գառնիկ Հովսեփյանը հողի հարկային եկամուտներ է նախատեսել 16,6 մլն դրամ, որի հավաքագրումը կատարվել է 49%-ով: Դսեղի համայնքապետարանը 53 մլն դրամի հողի հարկի ապառքներ ունի, որը գյուղացիների աղքատության արտահայտությունն է:

Այս տարվա մայիսի 3-ին Դսեղի համայնքապետարանում Լոռու մարզպետարանի իրականացրած վարչական ստուգումների ակտում արձանագրվել է, որ համայնքի բյուջեի ծախսերի մեջ տեսակարար կշիռ են կազմում սոցիալական օգնությունները, որը 2010 թ. կազմել է 10,4 մլն դրամ, (ընդհանուր ծախսերի 30,2%-ը), իսկ 2011 թ. ապրիլի 1-ի դրությամբ այն կազմել է 3,2 մլն դրամ (ընդհանուր ծախսերի 40,6%-ը): Մարզպետարանի հանձնաժողովը չի խորացել դրա պատճառների մեջ, ուղղակի համայնքի ղեկավարին առաջարկվել է համայնքի միջոցներն ուղղել համայնքի կարիքները հոգալուն:

Դսեղցիները պատմեցին, որ համայնքապետից օգնություն ստացած սոցիալապես ծանր վիճակում գտնվող գյուղացիներն իրենց տրված օգնության չափով հարկ հավաքելու պայմանով են ստանում սոցիալական օգնություն: Գառնիկ Հովսեփյանը նախատեսել է այս կարգով հավաքագրված եկամուտներից 1,8 մլն դրամը հատկացնել իր համար նոր ծառայողական մեքենա գնելուն. «Համայնքապետը ծառայողական մեքենա ունի, նախատեսել ենք նոր մեքենա գնել, բայց դեռ չենք գնել»,- ասաց համայնքապետարանի հաշվապահ Բյուրեղիկ Սարգսյանը:

Դսեղի միակ, այն էլ անհրապույր մեկ խմբանոց մանկապարտեզ ընդամենը 20 երեխա է հաճախում: «Գյուղը դատարկվել է: Երիտասարդներից շատերը հեռանում են գյուղից, ով հնարավորություն ունի, հեռանում է, դրա համար էլ մանկապարտեզ այսքան քիչ երեխաներ են հաճախում»,- բացատրեց մանկապարտեզի վարիչ Լիլիթ Այվազյանը: Դսեղից հեռացա ծանր զգացողությամբ: Երկար ժամանակ ականջիս հնչում էր դսեղցի Ռաֆիկ Հովակիմյանի վրդովմունքը. «Լոռվա գեղերումը մեզ նման գեշ ապրող գեղ չկա»:

Մեկնաբանություններ (1)

Mesrop
cavum em vor nman chnashxarik gjuxn gtnvum e ajdpisi vichakum

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter