HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանամերձ Նավուր համայնքում արդեն գործում է հիմնանորոգված ամբուլատորիա

Նավուր համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոնն այսուհետև կսպասարկի Տավուշի մարզի Նավուր, Չինչին և Իծաքար համայնքների շուրջ 1970 բնակչության: 2014 թվականին ՀՀ առողջապահության նախարարության կողմից ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում կառուցված շենքի բացմանը ներկա էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Լորա Ի.Բեյլին: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը: 

«Անկախության տարիներից ի վեր ենթակառուցվածների մեջ այս ամբուլատորիան առաջին կառույցն է համայնքում, որը շատ դրական ազդեցություն կունենա առողջապահության զարգացման վրա: Շնորհակալ ենք ՀՀ առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման գրասեյակին և Համաշխարհային բանկին այս ծրագիրը կյանքի կոչելու համար»,- ասաց Նավուր համայնքի ղեկավար Արամ Նիգոյանը`  հայտնելով համայնքի  բնակչության գոհունակությունը: 

Նավուր համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն Գայանե Գևորգյանն ընդգծեց, որ այս բժշկական կազակերպության գործունեությունը էականորեն կնպաստի բժշկական օգնության և սպասարկման  բարելավման գործընթացին` հնարավորություն ընձեռելով սահմանամերձ համայնքի բնակչությանն առաջնային բուժօգնություն ստանալ լավ պայմաններում: 

Արմեն Մուրադյանը բուժաշխատողներին ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարության 2015թ. ներդրված նոր ծրագրերը` կարևորելով դրանց արդյունավետ իրականացումը: Նախարարը հետաքրքրվեց սոցիալական փաթեթի շահառուների համար ներդրված կանխարգելիչ բժշկական զննության ծրագրի ընթացքով, անդրադարձավ «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում այս տարվա հունվարից մեկնարկած սկրինինգային ծրագրերին`ընդգծելով բնակչության իրազեկության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքների կարևորությունը: 

Նշենք, որ ՀՀ մարզերի առողջապահության համակարգերի արդիականացման արդյունքում 2014 թվականին Նավուրի համայնքն ընդգրկվեց Համաշխարհային բանկի հավելյալ  ֆինանասավորման վարկային ծրագրում: Եվ, քանի որ տվյալ տարածքում վերանորոգման աշխատանքներ կատարելը նպատակահարմար չէր, ուստի որոշվեց հատկացված տարածքում կառուցել ամբուլատորիայի նոր շենք, որի շինարարական աշխատանքները սկսվել են 2014 թվականի ապրիլին: Ընդհանուր առմամբ, Նավուր համայնքում ներդրվել է շուրջ 52.5 մլն դրամ:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter