HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ույծում գարին չեն կարողացել հավաքել

Անահիտ Բաղդասարյան

Մտահոգ գյուղացիներն սպասում են կառավարական հանձնաժողովի պատասխանին

Սիսիանի տարածաշրջանի Ույծ գյուղում տասն օր է, ինչ սկսվել է գարու բերքահավաքը: Արդյունքները հուսադրող չեն. երկու ամսից ավելի տեղումներ չեն եղել, որի պատճառով հասկը չի հասցրել բարձրանալ, կոմբայնն էլ չի կարողացել հատիկը հավաքել: Սա է  Ույծ համայնքի բնակիչների ներկայիս մտատանջող թեման. մեծից փոքր մտածում են, թե ինչպես են գոյատեւելու տարվա ընթացքում, քանի որ եկամտի միակ աղբյուրը գյուղատնտեսությունն է:  

«Գարին հնձել ենք. լավ չէր էս տարի, նույնն էլ ցորենը կլինի: Ապրուստի հիմնական միջոցը հացահատիկն ա, բայց էդ էլ ... երաշտ էր. երկու ամիս ա մի կաթ անձրեւ չեկավ»,- մտահոգված պատմում է Նվեր Հովակիմյանը:

Համայնքի ղեկավար Արտակ Ավետյանի խոսքով՝ այդ հարցը քննարկվել է մարզխորդի նիստում, որից հետո Կառավարության ստեղծած հանձնաժողովը եկել ու տեղում ծանոթացել է իրավիճակին: «Տեսնենք, թե ինչ արձագանք կստանա: Հուսանք խնդրին լուծում կտան»,- նշում է համայնքապետը:

Դաշտավարության, մասնավորապես հացահատիկի արտադրության արդյունավետությանը խոչընդոտում է նաեւ գյուղտեխնիկա չունենալը: «1200 հա վարելահող ունենք, բայց մի հացահատիկահավաք մեքենա չունենք: Ուրիշ համայնքներից են գալիս, դե, բնականաբար ուշացումով, որի պատճառով բերքի մեծ կորուստներ ենք ունենում»,- ասում  է Ա. Ավետյանը:

Զարիկ Գրիգորյանն արդեն մի քանի տարի դաշտերն անմշակ է թողնում: «Գյուղատնտեսությունից օգուտ չկա. ողջ տարին չարչարվում ես, էն էլ կամ երաշտ է լինում` դաշտերն են չորանում, կամ էլ կարկուտն է բերքը փչացնում»,- ասում է նա` դժգոհելով,  որ նույնիսկ վարձակալությամբ չեն վերցնում դաշտերը, որ գոնե հողի հարկը ինքը չվճարի:

Ի տարբերություն հացահատիկային կուլտուրաների, բանջարաբոստանային մշակաբույսերն այս տարի բարձր բերքատվություն են ապահովել, սակայն իրացման խնդիրը շարունակում է մտահոգել մարդկանց, ստիպված են ավելի քիչ ցանել:  «էնքան ենք մշակում, որ մեզ հերիքի. միեւնույն ա վաճառել չի ստացվում»,- ասում է Սարո Թովմասյանը եւ ցույց տալով տան հարակից այգին՝ ասում է, որ անցած տարի այդ այգուց 5 տոննա կարտոֆիլ է հավաքել, բայց չի կարողացել իրացնել, դարձել է հավերի կեր: Նույնը նաեւ խնձորը, կաղամբը: Այս տարի այդ տարածքում միայն խոտ էր աճել... 

«Իրացման շատ մեծ խնդիր ունենք. գյուղացին անասուն ա պահում կաթը, պանիրը չի կարողանում վաճառել, կարտոֆիլ ա մշակում, փչանում, թափում ա»,- մեզ հետ զրուցելիս պատմում է Ալվարդ Նիկողոսյանը:

Համայնքի ղեկավարի կարծիքով` այս տարի դժվարություններ կառաջանան նաեւ հարկերի հավաքագրման հարցում: «Եթե տարին բարեհաջող է լինում, հարկերն էլ նորմալ տալիս են, բայց էս տարվա բերքին նայելիս վստահ չեմ, որ հարկերը ժամանակին կվճարեն»,- ասում է համայնքապետը:

Համայնքի 16 մլն դրամ բյուջեից 6,5  մլն-ը սեփական եկամուտներն են: Համայնքը նաեւ շուրջ 5 մլն ապառք ունի հավաքագրելու, որից ամեն տարի նախատեսվում է հավաքագրել 1 մլն 115 հազարը:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ եթե հարկերը ժամանակին չեն վճարում` օրենքով սահմանված կարգով ապառքներին նաեւ տույժեր են ավելանում: Հաշվապահ Ժանետա Մուրադյանի ասելով` 2014 թ.-ին տույժերից հավաքագրել են ընդամենը 10 հազար դրամ: «Տույժերը չենք կարողանում գանձել. ժողովուրդն ի վիճակի չի վճարելու. հազիվ հարկերն ու ապառնքներն են վճարում, ամենքից էլ 300-500 դրամ ենք գանձում՝ որպես տույժ»:

Ույծ համայնքի ղեկավարը նշում է, որ նախորդ համայնքապետից 34 մլն դրամ պարտք է «ժառանգել»` համայնքապետարանի եւ մանկապարտեզի աշխատակիցների  աշխատավարձերն ու սոցհարկը չէր վճարվել: Կառավարությունը փախհատուցել է 22 մլն 671  հազարը, իսկ մոտ 4,5 մլնն արդեն հինգերորդ տարին է վճարվում է համայնքի բյուջեից: Հուլիսի 1-ի դրությամբ չվճարված գումարը կազմում է 6 մլն 680 հազար դրամ: Համայնքի ղեկավարի խոսքով` այս փաստը եւս խոչընդոտում է, որպեսզի կարողանան համայնքի բյուջեն ուղղել համայնքային որեւէ հարցի լուծմանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter