HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորի ծննդատանն այս տարվա առաջին կիսամյակում ավելի քիչ երեխա է ծնվել, քան նախորդ 3 տարիների նույն ժամանակահատվածում

Գայանե Սարգսյան 

«15 տարի հետո աղջկա համար կռիվ են անելու»

Վանաձորի ծննդատանն այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է 616 ծնունդ: Ինչպես ցուցանիշներն են վկայում, վանաձորցիներն ավելի շատ նախըտրել են տղա ունենալ. ծնվել է 337 տղա, 278 աղջիկ:

Տղաների թիվը գերակշռող է նաև նախորդ երեք տարիների համեմատականում. 2012-ին ծնվել է 905 տղա, 739 աղջիկ, 2013-ին՝ 829 տղա, 718 աղջիկ, 2014թ.-ին՝ 810 տղա, 788 աղջիկ: 

«Այսօր եթե առաջինն աղջիկ է, ուզում են երկրորդն անպայման տղա լինի: Դա մեր ժողովրդի հոգեբանությունից է գալիս: Ուզում են տղա ունենալ մենակ,- ասում է Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանը,- եթե մոտավորապես 105/100 փոխհարաբերություն պետք է լինի, այսօր՝ 7 ամսվա կտրվածքով ծնվել է 80 տղա երեխա ավել, երբ պետք է լիներ 30-35 տղա երեխա ավել»:

Այս տենդենցը մարզի գլխավոր գինեկոլոգը մտահոգիչ է համարում. «Անընդհատ աղջկա պատճառով աբորտ անելով այդ կինը վաղն ուղղակի էլ երեխա չի ունենա: Ուզում են տղա ունենան, թող ունենան: Հետո աղջի՞կն ով է ունենալու, ո՞նց են բալանսը պահելու, ո՞վ ում հետ է ամուսնանալու: Թե ինչ կլինի 15 տարի հետո, կերևա: Աղջկա համար կռիվ են անելու»:

Ա. Ավալյանի խոսքով՝ սրանք հարցեր են, որոնք պետք է լինեն համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում:

«Այդ մասին ո՛չ լրագրողն է մտածելու, ո՛չ բժիշկը: Պետք է համապատասխան մարմինները ծրագիր մշակեն, հարց բարձրացնեն, թե ինչու է այսպես, ոնց ենք անելու: Չէ՞ որ ծնելիությունը սոցիալական խնդիր է: Այս խնդիրը պետք է մեր ղեկավարությանը հետաքրքրի, որ նրանք մտածեն, թե ինչ քայլեր են անելու… Մեր բանակը պահող պետք է լինի, մեր սահմանում ծառայող պետք է լինի, երեխա բերող պետք է լինի: Փոքրաթիվ ազգ լինելով, եթե ծնելիությունը պակասում է, ի՞նչ է լինելու վերջը: Մենք բնական աճ եթե չունենանք, ո՞նց է լինելու: Այսինքն՝ մենք կորչող ազգ ե՞նք»,- հռետորական հարց է ուղղում մասնագետը:

Վանաձորի ծննդատունն սպասարկում է հիմնականում Վանաձորի ու նախկին Գուգարքի տարածաշրջանի գյուղերի ազգաբնակչությանը: Վերջին երեք տարիների կտրվածքով՝ այստեղ ծնունդների ամենացածր թիվը գրանցվել է 2013-ին՝ 1548 երեխա:

Այս տարվա առաջին կիսամյակում ավելի քիչ երեխա է ծնվել, քան նախորդ 3 տարիների նույն ժամանակահատվածում

Այս տարվա առաջին կիսամյակում Վանաձորի ծննդատանը ծնվել է 616 երեխա: Այս թիվը ցածր է նախորդ երեք տարիներին գրանցված կիսամյակային ցուցանիշներից:

 2014թ.-ի առաջին կիսամյակում ծնվել է 762, 2013-ին՝ 693, 2012-ին՝ 766 երեխա:

Ա. Ավալյանի կարծիքով, սակայն, այս ցուցանիշները բավարար չեն ասելու համար, որ ծնունդների թիվը նվազել է: Նրա կարծիքով ամփոփ վիճակագրական պատկեր ստանալու համար անհրաժեշտ է վերջին 5 տարիների վիճակագրության համեմատություն կատարել:

Վանաձորի ծննդատանն ավելացել է անհաս նորածինների թիվը. 2012թ.-ին անհաս է ծնվել 49, 2013-ին՝ 66, 2014-ին՝ 73 երեխա: 2015թ.-ի առաջին կիսամյակում ծնվել է անհաս 18 երեխա:

Այն դեպքերում, երբ բաժանմունքի հնարավորությունները չեն բավարարում, անհաս նորածիններն ուղեգրվում են Երևանի բուժհաստատություններ:

Ծննդատանը 2012թ.-ին արձանագրվել է երեխայի մեռելածնության՝ 19, 2013-ին՝11, 2014-ին՝16, 2015-ի առաջին կիսամյակում՝ 9 դեպք: Ա. Ավալյանի տեղեկացմամբ՝ նշված դեպքերի գերակշիռ մասը պայմանավորված է եղել անհասությամբ ու վաղաժամ ծննդաբերությամբ:

Լոռու մարզպետ Արթուր նալբանդյանի տարեկան հաշվետվության համաձայն` 2014թ.-ին մարզում արձանագրվել է երեխայի մեռելածնության 24, 0-6 օրեկան երեխայի մահվան 5 դեպք:

2013թ.-ին մարզում արձանագրվել է երեխայի 23 մեռելածին դեպք, 0-6 օրեկան երեխայի մահվան 9 դեպք:

Մարզպետի հաշվետվության տվյալների համաձայն՝ 2010-2014թթ.-ին մարզում  ծնելիության ցուցանիշը շարունակաբար իջել է, իսկ 2014թ.-ին որոշակի աճ է նկատվել:  2010թ.-ին գրանցվել է 3483, 2011-ին՝ 3123, 2012-ին՝ 3049, 2013-ին՝ 2919, 2014-ին՝ 3211 ծնունդ:

Մեկնաբանություններ (1)

aram
Առաջարկ ՀՀ իշխանությանը. ստեղծել օրենք,որի միջոցով սելեկտիվ աբորտները կհամարվի մարդասպանություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter