HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրիում ջրի բացակայությունը պատճառ է դարձել մանկապարտեզի գործունեության դադարեցման

Գյումրու «Արեւիկ» մանկապարտեզը քաղաքապետ Սամվել Բալասանյանի հունիսի 10-ի որոշմամբ ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը: Մինչեւ այդ մանկապարտեզ էր այցելել հանձնաժողով մարզպետարանից եւ արձանագրել որոշակի թերություններ:

«Գյումրու մանկապարտեզներում ստուգումները սկսվել են Արմավիրի դեպքերից հետո, երբ սանիտարահիգիենիկ պայմանների պատճառով համաճարակային բռնկումներ եղան, մեծ թվով երեխաներ հոսպիտալացվեցին: Սակայն մեր մոտ նման բան երբեք չի գրանցվել, թեպետ մենք էլ ունենք ջրի խնդիր, նաեւ խոհանոցային պայմանները բարելավելու հարցն է մշտապես դրված եղել»,-ասում է «Արեւիկ» ՀՈԱԿ-ի տնօրեն Գայանե Մանուկյանը:

Նորավան թաղամասում գործող մանկապարտեզը տիպային կառույց է, շահագործման է հանձնվել 1986թ-ին: Ժամանակին գործել է 12 խմբով, ներկայում մանկապարտեզ հաճախում է 90 երեխա՝ 3 խմբով: Անցած տարի 4 խումբ գործել, սակայն երեխաների սակավության պատճառով ստիպված են եղել մեկ խումբը փակել: «Մենք երեք հիմնական խնդիր ունենք՝ տանիքը, հոսող ջուրը եւ մանկապարտեզի մի հատվածում բնակվող ընտանիքները»,- նկատում է Գայանե Մանուկյանը:

Երկրաշարժից հետո մանկապարտեզում տեղավորվել է նախկին 3-րդ մանկական հիվանդանոցը եւ գործել մի քանի տարի: 90-ականներին շենքի մի հատվածում բնակվել են նաեւ բժիշկների ընտանիքները: Հետագայում բնակելիի վերածված տարածքները սեփականաշնորհվել են:

Ներկայումս մանկապարտեզի շենքում ապրում է հինգ ընտանիք: Բակն ընդհանուր է, որն էլ զրկում է մանկապարտեզի տնօրինությանը ամռանը երեխաների արդյունավետ հանգիստը բակում կազմակերպելու հնարավորությունից, չեն կարող նաեւ խաղային պարագաներ տեղադրել՝ տարածքը փակ չէ, դարպաս չունեն:

Երեկոյան ժամերին այստեղ հավաքվում են թաղի երեխաներն ու երիտասարդները: Տնօրենն ասում է, որ եղել է ժամանակ, երբ առավոտյան եկել ու տեսել են, որ պատուհանները կոտրված են. հավանաբար բակում ֆուտբոլ են խաղացել: Իրենց մեքենաներով տարածքում երթեւեկում են նաեւ բնակիչները՝ չունենալով որեւէ այլ ելք դեպի փողոց:

Գայանե Մանուկյան

Հարթ տանիքի հարցը 2011թ-ին լուծվել է մասնակիորեն: Տնօրենը պատմում է, որ անձրեւների ժամանակ մանկապարտեզի երկրորդ հարկում ջուրը ոչ թե կաթում, այլ ջրվեժի նման ուղղակի հոսում էր պատն ի վար: «Այդ տարի քաղաքապետարանը բազմաբնակարանների հարթ տանիքների նորոգման ծրագիր էր իրականացնում, մենք էլ ընդգրկվեցինք, բայց փաստորեն ամբողջը չփոխարինվեց, եւ հիմա էլի մեր զբաղեցրած տարածքի մի մասը հարթ կտուրով է»,- ասում է Գայանե Մանուկյանը:

Սակայն առաջնային խնդիրը, որի պատճառով դադարեցվել է ժամանակավորապես մանկապարտեզի գործունեությունը, ջրի բացակայությունն է: Ըստ մանկապարտեզի տնօրենի` 90-ականներին շենքի տակով անցնող խողովակաշարի վթար է եղել, որը չեն կարողացել վերացնել: Ջուրը սկսել է լցվել շենքի տակ եւ ողողել հիմքերը: Որպեսզի կառույցը փրկեն հետագա խոնավացումից ու հնարավոր փլուզումից, միակ ելքն եղել է ընդհանրապես դադարեցնել ջրամատակարարումը:

«Երկար տարիների մանկապարտեզի աշխատակիցները ջուրը դույլերով բերել են թաղամասի ջրի ծորակից: Ես որ 2010թ-ին ընդունեցի տնօրինությունը, հասա նրան, որ շենքում գոնե մեկ ծորակ ունենաք հոսող ջրի: Հիմա էլ են ջուրը կրում, բայց գոնե շենքի ներսում է, ամբողջ թաղով մեկ պտույտ չեն գալիս»,- ասում տնօրենը: Գայանե Մանուկյանն ասում է նաեւ, որ ջրի պատճառով իրենք որեւէ հիվանդության դեպք չեն ունեցել: Երեխաներն իրենց խմելու ջուրը պլաստիկե շշերով տանից են բերել:

Մանկապարտեզում ներկայումս վերանորոգման աշխատանքներ են ընթանում խոհանոցում. առաստաղն են նորոգել, պատերը ներկել, սալիկները փոխել, նոր լվացքակոնք եւ ջրատաքացուցիչ են տեղադրել:

Նորացվել են նաեւ երեխաների համար նախատեսված զուգարանակոնքերն ու լվացարանները: Լուծվել է նաեւ տաք ջրի խնդիրը: Թարմացման կարիք ունի գույքը:

Մանկապարտեզն ունի հիմնանորոգման կարիք, սակայն քաղաքապետարանից տրամադրվող գումարներն այդքան էլ մեծ չեն: Կոնկրետ այս աշխատանքների համար «Արեւիկ» մանկապարտեզին համայնքային բյուջեից տրամադրվել է 600 հազար դրամ:

«Բայց ես 300 հազար դրամ էլ ավել արդեն ծախսել եմ,- ասում է Գայանե Մանուկյանը,- հասկանում եմ նաեւ ,որ քաղաքի միակ մանկապարտեզը չենք, որ խնդիրներ ունի, մյուս մանկապարտեզներն էլ էնպես բարվոք վիճակում չեն, համայնքի բյուջեն էլ մեծ չէ: Մտածում ենք դիմել «Կարիտասին» կամ այլ հասարակական կազմակերպությունների, որոնք ծրագրեր են իրականացնում եւ կկարողանան մեզ օգնել»:

Մանկապարտեզի տնօրենը շտապում է օգոստոսի 10-ին վերաբացել մանկապարտեզը: Ասում է, եթե մի քիչ էլ ուշացնեն, ապա սաներին կկորցնեն, ծնողները կտանեն այլ մանկապարտեզներ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter