HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Ծանոթագրելով Երևանը

Թինա Բաստաջյանը մեդիա արվեստագետ և հետազոտող է: Ծնվել է Լոս Անջելեսում, այժմ բնակվում է Ամստերդամում: Վավերագրական կինեմատոգրաֆիա է դասավանդում Ամստերդամի համալսարանի քոլեջում, ինչպես նաև մեդիա և մշակույթ՝ Լեյդենի Վեբսթերի համալսարանում: Նրա գործերից են Jagadakeer… between the near and east (2001), A tree once grew on Pushkin (2009), Coffee Deposits:::Topologies of chance (ինտերակտիվ վավերագրություն Սեդա Մանավօղլուի հետ համատեղ, 2010) և այլն: Թինա Բաստաջյանը անցած շաբաթ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում սկսել է «Տեղակայված պատմասացություն» (“Geolocated Storytelling”) դասընթացը: Նրա հետ զրուցել ենք այս նախագծի և հարակից այլ հարցերի մասին:

Ինչի՞ մասին է Թումո-ում անցկացվող «Տեղակայված պատմասացություն» դասընթացը:

Այն կապում է պատմությունները վայրերին, և մենք պատրաստվում ենք անել դա մի շատ պարզ տեխնոլոգիայի միջոցով, որը կոչվում է QR ծածկագիր, որը «արագ պատասխան» (“quick response”) բառերի հապավումն է: Դրանք շատ են օգտագործվում գովազդի համար. կարելի է տեսնել, օրինակ, գովազդային վահանակներին: Այսկերպ մենք կարող ենք հավաքել տեղեկություն և նյութեր քաղաքի տարածության, բնակիչների, պատմական երևույթների, երևակայության մասին: Շատ ենք առնչվում նրա հետ, ինչ կոչում ենք սուբյեկտիվ քարտեզագրում. մարդիկ կազմում են իրենց սեփական քարտեզները ըստ նրա, թե ինչպես են տեղաշարժվում քաղաքում, ինչն է հետաքրքրում նրանց: Գուցե բոլորը գնում են նույն վայրը, բայց նրանք կունենան տարբեր հույզեր, տարբեր զգայական փորձառություններ՝ ձայն, հոտ, տեսողական ազդակներ… Այժմ մենք հավաքում ենք պատմություններ և մի քանի վայրեր կան, որտեղ «տեղակայվել» ենք:

Կլինի բլոգ, որը նախագիծը ներկայացնող քարտեզ կունենա: Եվ իհարկե՝ որոշակի վայրերում կլինեն QR ծածկագրեր՝ որոշ բացատրությամբ, բավականին կարճ, որովհետև մարդիկ չեն ուզում կարդալ ընդարձակ տեղեկություն: QR ծածկագիրը կուղղորդի դեպի ինտերնետային հասցե և կակտիվացնի տեսանյութ կամ կայք, կարճ հաղորդագրություն, հնչյունային հոլովակ… Գուցե նաև կիրառենք geocaching կոչվածը, որն առարկաներ գտնելու տեխնոլոգիական լուծում է, բայց դեռ չգիտենք՝ կանե՞նք դա: Պատրաստվում ենք պատմությունները հայերեն ներկայացնել, որոշ ուսանողներ ցանկանում են պատրաստել երկլեզու պատմություններ:

Կարո՞ղ է լինել ինտերակտիվ:

Հնարավոր է: Դա կլինի հաջորդ քայլը: Մարդիկ կկարողանան կիսել իրենց սեփական պատմությունները: Դա մեկ ուրիշ մակարդակ է՝ ոչ կարճ դասընթացի համար:

Ինչպե՞ս է տեխնոլոգիան ազդում հանրային վայրերի հետ մեր փոխազդեցության վրա՝ հաշվի առնելով այն, որ Դուք պատրաստվում եք հանրային տարածության ըմբռնումը միջնորդավորել տեխնոլոգիայով:

Ուր էլ գնանք, մեր գրպաններում համակարգիչներ ունենք, այսինքն շարժական տեխնոլոգիաները կարող են մշտապես հասանելիություն ունենալ ամեն ինչին՝ կախված կապից: Դա բոլորին մշտական կապի մեջ է պահում, բայց միևնույն ժամանակ, լինելով քաղաքում, դու նաև կարիք ունես լինել կապից դուրս: Թեև նախագծի կենտրոնում տեխնոլոգիան է, այն նաև պահանջում է բնակեցնել տարածությունը: Գուցե պատմություններն առաջարկեն փոխազդել մեկ այլ ձևով, որը որևէ կապ չունի տեխնոլոգիայի հետ: Բայց տեխնոլոգիայի միջոցով է, որ իրերն ավելի տեսանելի են դառնում, քանի որ այն, ինչ ասվում է, ինչ տեսնում ես կամ կարդում, մի տեսակ ուղղորդում է ուշադրությունդ:

Քանի որ քաղաքն անհաղթահարելի է, մենք այնքան զգայական բաներ ունենք այնտեղ… Դժվար է քաղաքի հետ մրցելը, քանի որ չափազանց շատ բաներ են կատարվում: Ինչպես ուսանողներին եմ ասել, երբեմն հնչյունը ավելի լավ է՝ քաղաքի տարածության հետ փոխառնչվելիս, քանի որ էկրանը չափազանց փոքր է, վառ: Մարդիկ դեմքները դարձնում են դեպի էկրանն ու իրականում շատ բան չեն տեսնում, մինչդեռ հնչյունն ազատում է մեզ դրանից: Հնչյունը տանում է մեզ մեկ այլ տեղ, դու կարողանում ես տարաբնույթ գործեր կատարել, մի տեսակ անհետանալ, երևակայել, որը դժվար թե լինի, եթե սևեռված լինեք էկրանին: Որոշ տեսահոլովակներ կարող են պատրաստվել, բայց կարծում եմ՝ բավականին շատ հնչյունային գործեր կլինեն:

Իրականում սա շրջագայություն չէ: Կարող ենք կապակցել՝ որպես շրջագայություն, բայց դեռևս հավաքում ենք կտորները: Այն շատ կարճ է՝ ժամանակի և Wi-Fi հասանելիության պատճառով, այսինքն այնպես չէ, որ շրջում ենք ամբողջ քաղաքում:

Արդյոք նախագիծն ուղղված է մեզ համար սովորական դարձած տարածությունների մասին վերամտածելուն:

Այո: Ես կասեի՝ դա ակտիվացումն է տարածության, որտեղ ապրում ես ամեն օր, բայց ինչ-որ ուրիշ բան ես տեսնում: Ուսանողները կարող են քարտեզագրել (կամ գուցե արդեն քարտեզագրել են) սուբյեկտիվ պատմություններ կամ դեպքեր կամ ուղիներ՝ քաղաքի տարբեր մասերում: Գուցե նրանք բոլորը գնացել են նույն ուղիով, բայց ակնհայտ է, որ ունեն տարբեր դիտակետեր: Ուսանողները կտեսնեն, որ շատ շերտեր կան և իրենք կարող են խաղալ դրա հետ: Պատմությունները երկար չեն, քանի որ տեխնոլոգիայի հարցում գործ ունես նաև տևողության հետ: Քանի որ քաղաքն արդեն ներկայացում է, մենք ստիպված ենք հակիրճ լինել: Ուսանողներն ակտիվացնում են տարբեր բաներ, գուցե զգայական և երևակայական  բաներ, որոնք առկա չեն: Ուրեմն, մենք նաև խաղում ենք այնպիսի բաների հետ, որոնք բացակա են:

Թինա Բաստաջյանի A tree once grew on Pushkin ֆիլմը Երևանի Պուշկին փողոցի, որի երկայնքով մի ժամանակ բարձր  ծառեր ու մոնումենտալ շինություններ էին, ինչպես նաև քաղաքաշինական խոշոր ծրագրի հետևանքով դրանց ավիրման մասին է [1]:

Ինչպե՞ս է փոխվել պատումը տեխնոլոգիական նորարարությունների արդյունքում:

Ինչ-որ իմաստով ոչինչ չի փոխվել, պատմությունները նույնն են: Հարցն այն է, թե ինչպես ենք ընկալում դրանք: Բոլորս ցանկանում ենք լավ պատմություն: Կարծեմ Թումո-ի հետ հարցազրույցում ասացի, որ ես լավ գծային պատմություն պատմող չեմ: Ահա թե ինչու իմ աշխատանքում կենտրոնացել եմ նրա վրա, ինչը կոչվում է տեղակայված կամ տեղանքի վրա հիմնված մեդիա, քանի որ դրանք հատվածական են, իսկ ես սիրում եմ խառնել այս հատվածները: Չկա միայն մեկ պատմություն, ես հետաքրքրված եմ տարաբնույթ տեսակետներով: Այս տեխնոլոգիան շատ հարմար է գործը կամ պատմությունները կամ քաղաքը փորձառելու այս բազմակողմ ձևի համար:

Ես սիրում եմ կինոն, կինոյի երկրպագու եմ, սովորել եմ 16 մմ-ով և սկսել եմ ցելյուլոիդից, սիրում եմ լինել կինոթատրոնում և մոռանալ ինքս ինձ: Բայց միևնույն ժամանակ սիրում եմ տարբեր կողմերը, որոնք կինեմատոգրաֆիան բերում է տարբեր հարթակներ կամ վայրեր: Շատ եմ հետազոտել փորձառական կինոն և կատարողական կինոն: Ինչ-որ իմաստով սա նաև ակտիվացնում է կատարողականությունը, որովհետև երբ ուսանողները փողոցում են, նրանք հասկանում են, որ մարդիկ նայում են իրենց, իրենք շփոթվում են, բայց նաև տեսնում են, որ մարդիկ ցանկանում են իմանալ՝ ինչ է կատարվում: Ուրեմն, նրանք ակտիվացնում են տարածությունը անալոգային իմաստով, ոչ տեխնոլոգիայի միջոցով, պարզապես գտնվելով այնտեղ և փոխազդելով միմյանց վրա, խոսելով միմյանց հետ, ինչը շարժում է մարդկանց հետաքրքրությունը:

Վիրտուալ և հանրային տարածությունների միջև այս խաղն իրոք հետաքրքիր է, և շատ մարդիկ անվանել են այն «հիբրիդ տարածություն»: Սա հիբրիդ պահն է՝ վիրտուալ կերպով քո էկրանի մեջ լինելու և ինչ-որ մեկին տեղանքի մասին հարցնելու միջև: Այս ազդեցությունն է, որ ինձ համար իսկապես ոգևորիչ է: Ես տեսնում եմ, որ այն պատահում է ինքն իրեն, խթանելու կարիք չկա: Երբ ուսանողները քայլում են փողոցում, նրանք նկատում են դա և ասում՝ «Լավ, հիմա հասկանում եմ»: Առաջին օրը ցույց ես տալիս փողոցում կատարվող ինչ-որ բանի լուսանկար, նրանք ասում են՝ լավ, մի տեղ հավաքված մարդկանց հասարակ նկար է, հետո հասկանում են այն ուժը, որ դա կարող է հաղորդել պատմասացությանը: Դա խաղ չէ, բայց կարելի է ներմուծել խաղային տրամաբանության տարրեր ևս: Չգիտեմ՝ արդյոք կանե՞նք դա: Նրանց մի քանի տարբեր մոտեցումներ եմ տվել, տեսնենք, թե ինչ կլինի:

Ի՞նչ տարածքներով ու շինություններով են ուսանողները հետաքրքրված:

Նրանք շատ բաներով են հետաքրքրված, բայց դասընթացի այս կարճ ընթացքում և մեծ թիմով դժվար է անել դա: Մենք 16 ուսանող ունենք, և պետք է նրանց հետ լինենք` ուր էլ որ գնան: Այժմ սկսում ենք Սարյանի այգուց, մասամբ՝ որովհետև Wi-Fi հասանելիություն կա, արտիստներ կան այնտեղ, և շերտեր, որ գուցե այլ այգիներ չունեն: Հետաքրքրության տարբեր կետեր ունենք, դրանք ամբողջ քաղաքով ցրված չեն: Սարյանի այգուց գուցե գնանք «Պոպլավոկ», դեռ վստահ չեմ, հետո գուցե նաև որոշ տեղեր այստեղ՝ Թումանյանի այգում, որը Wi-Fi չունի, բայց ամեն դեպքում ցանկանում ենք անել, քանի որ բաներ կան, որ մարդիկ չգիտեն, ուսանողներն ասում են, որ մարդիկ պետք է իմանան կամուրջի, այս շինության և այլնի մասին: Ինտերնետ ունեցող մարդիկ կարող են այցելել այդ հարթակ, պարզապես ոչ բոլորն են, որ լիցքավորված հեռախոս կունենան:

Անհրաժե՞շտ է, որպեսզի ուսանողները ունենան հիմնական գիտելիք, փաստեր որոշակի վայրի կամ շինության վերաբերյալ, թե՞ դա միայն զգացողության մասին է:

Երկուսն էլ: Ոմանք կենտրոնանում են ավելի փաստացի, գուցե նույնիսկ լրագրողական կողմի վրա: Երբեմն նրանք կարծես զուգակցում են դրանք: Տեսնենք, դեռ գաղափար չունեմ, թե ինչ կստացվի: Նրանցից շատերը հասկանում են, որ բավականաչափ տեղեկացված չեն: Կարծում էին՝ գիտեն, բայց հետո հասկանում են, որ Երևանում որոշ բաների մասին ընդհանրապես ոչինչ հայտնի չէ, և ցանկանում են ավելացնել ինչ-որ բան, որպեսզի մարդիկ իմանան: Այնպես չէ, որ Վիքիպեդիայի էջ են պատրաստում, բայց ինտերնետոււմ ինչ-որ բան են ավելացնում ընդհանուր գիտելիքին՝ հայաստանցիներին ու արտասահմանցիներին ցույց տալու համար:

Մենք պատրաստվում ենք ստեղծել փորձառություն: Պատրաստվում ենք ծանոթագրել քաղաքը: Երկու բառեր կան, որ շատ ենք գործածում դասընթացի ժամանակ՝ ծանոթագրություն և հավելում: Սա ավելի հղացական է երբեմն, քանի որ ըստ էության լրացված իրականություն[2] չենք ստեղծում՝ բարձր տեխնոլոգիական իմաստով, բայց հնչյունն արդեն լրացված է, դու լրացնում ես տարածությունը, երբ հնչյուն ես օգտագործում: Մի խոսքով, նրանք հասկացան, որ դրա համար ստիպված չես վիրտուալ իրականության ակնոցներ կրել:

լուսանկարը՝ Tumo.org-ից



[1] Ֆիլմի մասին ավելի մանրամասն տես kinostudio.hotglue.me

[2] Թինա Բաստաջյանի և Սեդա Մանավօղլու «լրացված իրականության» (Augmented reality) Pera pARkours նախագծին կարելի է ծանոթանալ այստեղ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter