ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Բժիշկները «չեն սխալվում». մանուալ թերապևտը «մատով չի կպել», բայց քաղաքացին 2-րդ կարգի հաշմանդամություն է ձեռք բերել




Արդեն 5 տարի է՝ Ալբերտ Կարապետյանն ապրում է անկողնում պառկած: Նա ասում է, որ այդ վիճակում հայտնվել է «Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ-ի մանուալ թերապևտ Ալբերտ Մխիթարյանի սխալ բուժսպասարկման հետևանքով: Ըստ Ա․Կարապետյանի՝ վերջինս, առանց ուսումնասիրելու ռենտգեն նկարը, իրեն պառկեցրել է աշխատասենյակում գտնվող թախտին, մարմնի ողջ ծանրությամբ մի քանի անգամ սեղմել է գոտկատեղի շրջանին, որն ուժեղ ցավ է առաջացրել, ինչից հետո դժվարությամբ հասել է տուն:    

Օրեր շարունակ Ալբերտ Կարապետյանը չի կարողացել վեր կենալ անկողնուց՝ սուր ցավերի պատճառով: Երբ զանգել է Ալբերտ Մխիթարյանին, հայտնել իր վիճակի մասին, վերջինս նշել է, որ դա հիվանդության բնականոն ընթացքն է: Մոտ մեկ ամիս անց, տեսնելով, որ ցավերը չեն դադարում, Կարապետյանը դիմել է «Միքայելյանի վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ, որտեղ էլ նրան վիրահատել են: Բարեհաջող կատարված վիրահատությունը նույնիսկ չի վերադարձրել Ալբերտ Կարապետյանի քայլելու կարողությունը: Այժմ նա համարվում է երկրորդ կարգի հաշմանդամ:

Մանուալ թերապևտ Ալբերտ Մխիթարյանը

Սխալ միջամտության արդյունքում՝ վնասվել են Ալբերտ Կարապետյանի գոտկատեղի շրջանի ողերը, ինչի հետևանքով թուլացել է ձախ ոտնաթաթը: Նա դիմել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոնական քննչական բաժին, որտեղ նախապատրաստվել են նյութեր, արդյունքում՝ մերժվել է քրեական գործի հարուցումը: Դատաբժշկական հանձնաժողովի փորձաքննությունը ոչինչ չի պարզել՝ պատճառաբանելով հիվանդանոցում Ալբերտ Կարապետյանին ցուցաբերված բուժօգնության վերաբերյալ բժշկական փաստաթղթերի բացակայությունը: Նույն հիմքով մերժվել է նաև քրեական գործի հարուցումը:  

«Հետքի» հետ զրույցում Ալբերտ Կարապետյանը պնդում է, որ իր վերաբերյալ բոլոր փաստաթղթերը հիվանդանոցում վերացրել են: Նա ասում է, որ բժիշկ Մխիթարյանի գործընկերը՝ Գայանե Բարխուդարյանը, ով հիվանդանոցում աշխատում է որպես հաշվետար մենեջեր, իրենից պահանջել է 170 հազար դրամ՝ բուժման, 36 հազար դրամ՝ մերսումների և 15 հազար դրամ՝ արջի յուղ գնելու համար: Ինքը վճարել է այդ գումարը հենց Բարխուդարյանին, ով որևէ կտրոն չի տրամադրել: Փոխարենը գրանցել է ինչ-որ մատյանում, որն այժմ չկա:

«Սկզբում մտա Մխիթարյանի մոտ, ասաց՝ բուժումների համար 290 հազար դրամ է ուզում: Ես էլ ասացի, որ չեմ կարող այդքան վճարել, արդեն գնում էի: Նա՝ թե մտիր կողքի սենյակ՝ Գայանեի մոտ, նա միգուցե իջացնի գումարի չափը: Մտա Գայանե Բարխուդարյանի մոտ, ինքն էլ կանչեց Սվետլանա անունով մերսողին, ասաց բուժումների համար 170 հազար, իսկ Սվետլանայի մոտ 12 օր մերսման կուրս պիտի անցնես՝ օրական 3000 դրամ: Որտեղ 290 հազարը, որտեղ 170 հազարը. չմտածեցի, որ խաբեբաներ են, ասացի կվճարեմ: Կտրոն էլ չտվեց, անունս հիշում եմ՝ գրանցեց մատյանում: Հիշում եմ, որ ներքևից երրորդն էր իմ անունը, այդ էջը վերացրել են երևի»,- պատմում է Ալբերտ Կարապետյանը:

«Հետքի» հետ զրույցում Գայանե Բարխուդարյանը հերքում է Ալբերտ Կարապետյանից գումար վերցնելը՝ նշելով, թե վերջինս իրեն և բժշկին «կլյաուզա» է անում: Գայանե Բարխուդարյանը և մանուալիստ Ալբերտ Մխիթարյանը հրաժարվեցին հարցազրույց տալուց: Բարխուդարյանի աշխատասենյակում մեր գտնվելու ընթացքում, նա հիվանդներին առանց որևէ փաստաթղթի ուղարկում էր սոնոգրաֆիայի՝ 1-ին հարկ, որից հետո զանգում էր սոնոգրաֆիստին, հայտնում. «Մեկին ուղարկեցի», քիչ անց կրկին զանգում՝ «Մեկին էլ ուղարկեցի»:

Նախաքննության նյութերում թիվ 2 բուժմիավորման մանուալ թերապևտ Ալբերտ Մխիթարյանը, հաշվետար մենեջեր Գայանե Բարխուդարյանը և մերսող Սվետլանա Հարությունյանը մերժում են, որ «մատով դիպչել» են Ալբերտ Կարապետյանին: Նրանք պնդում են, Կարապետյանը որևէ բուժման կուրս չի անցել իրենց մոտ, և իրենք ընդամենը բանավոր խորհուրդներ են տվել նրան, որից հետո նա գնացել է հիվանդանոցից ու այլևս իրենց չի այցելել:

Չնայած այդ պնդումներին՝ Առողջապահության նախարարությունը պատասխանել է Ալբերտ Կարապետյանի բողոքին, որում նշվում է, որ վերջինս հրաժարվել է ստանալ կոնսերվատիվ բուժման ևս մեկ կուրս, ինչը ենթադրում է, որ նա նախկինում մեկ կուրս արդեն ստացել է:  

«Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Դուք «Թիվ 2 բժշկական միավորում» եք դիմել մերսում և մանուալ թերապևտիկ բուժօգնություն ստանալու նպատակով: Համապատասխան հետազոտություններ կատարելուց հետո Ձեզ առաջարկվել է ստանալ կոնսերվատիվ բուժման ևս մեկ կուրս, սակայն Դուք հրաժարվել եք և դիմել եք «Միքայելյան վիրաբուժական կենտրոն», որտեղ էլ վիրահատվել եք»,- նշված է նախարարության պատասխանում:

Բժիշկն ու հաշվետար մենեջերն իրենց անմեղ են համարում, սակայն միջնորդներ են գտնում՝ Ալբերտ Կարապետյանին համոզելու, որ չբողոքի

Ալբերտ Կարապետյանը պատմում է, որ «Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում» վիրահատվելու ծախսերը հոգալու համար բժիշկ Ալբերտ Մխիթարյանից և Գայանե Բարխուդարյանից պահանջել է գումար: Բարխուդարյանը եկել է հիվանդանոց, փոխանցել 912 հազար դրամ` պայմանով, որ ինքը չբողոքի: Այս գործարքին միջնորդ է հանդիսացել իր նախկին աշխատավայրի` «Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջի» տնօրեն Ռիտտա Գյուլամբարյանը: Գումարը վերցնելուց հետո Ալբերտ Կարապետյանը ստորագրել է Գայանե Բարխուդարյանի կողմից կազմված մի գրավոր հայտարարության տակ, որում ասվում է, որ ինքը թիվ 2 բուժմիավորման և նրա աշխատակիցներ` Լ. Գիմոյանի, Ա. Մխիթարյանի, Գ. Բարխուդարյանի նկատմամբ որևէ բարոյական, առողջական, ֆինանսական և այլ բնույթի պարտք ու պահանջ չունի: Ալբերտ Կարապետյանն ասում է, որ ստիպված է եղել ստորագրել հայտարարության տակ, քանի որ ֆինանսական ծանր դրության մեջ է եղել. անհրաժեշտ էր վիրահատության և այլ հիվանդանոցային ծախսերը փակել:

Ինչպես քննիչին տված բացատրության մեջ, այնպես էլ «Հետքի» հետ զրույցում Գայանե Բարխուդարյանը կտրականապես հերքեց այն, որ ինքը 912 հազար դրամ գումար է փոխանցել Ալբերտ Կարապետյանին: Նա նշեց, որ Ալբերտ Կարապետյանն անձամբ է իրենից 900 հազար դրամ փոխհատուցում պահանջել: Ինքը մերժել է` ասելով, որ փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող, քանի որ իրենք որևէ մեղք չունեն, միայն խորհրդատվական ծառայություն են իրականացրել:

Չնայած նրան, որ մանուալ թերապևտ Մխիթարյանը և մենեջեր Բարխուդարյանը համարում են, որ որևէ մեղք չունեն Ալբերտ Կարապետյանի առողջական վիճակի համար, նրանք փորձել են կապեր ու միջնորդ անձինք գտնել, ովքեր կհամոզեն նրան չբողոքել: Իր բացատրության մեջ Գայանե Բարխուդարյանը պատմում է, որ հարցին վերջնականապես լուծում տալու համար մանուալիստ Մխիթարյանի հետ դիմել են Ալբերտ Կարապետյանի նախկին աշխատանքի վայրի՝ «Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջի» տնօրեն Ռիտտա Գյուլամբարյանի օգնությանը: Վերջինիս աշխատասենյակում կազմվել է մի հայտարարություն, ըստ որի Ալբերտ Կարապետյանն իրենցից պարտք ու պահանջ չունի: Ըստ Բարխուդարյանի՝ Ալբերտ Կարապետյանն այդ հայտարարության տակ ստորագրել է՝ առանց որևէ գումար վերցնելու:

Ալբերտ Կարապետյանը, սակայն, նշում է, որ հայտարարության տակ ստորագրել է միայն Գայանե Բարխուդարյանի կողմից հատկացված գումարը վերցնելուց հետո: Ստորագրել են նաև Ռիտտա Գյուլամբարյանը և Կարապետյանի կինը՝ Ալվարդ Արզաքանյանը:

Ռիտտա Գյուլամբարյանը

«Հետքի» հետ զրույցում «Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջի» տնօրեն Ռիտտա Գյուլամբարյանն ասաց, թե այս պահին մանրամասներ չի հիշում այդ դեպքի վերաբերյալ, քանի որ արդեն 5 տարի է անցել դրանից:

«Ալբերտ Կարապետյանն իմ կազմակերպության աշխատակիցն է եղել: Եթե ինձ ասում են՝ ձեր աշխատակցի հետ խնդիր կա, ով ուզում է լինի՝ իմ աշխատակցի հետ խնդիրը նաև իմ խնդիրն է: Եթե մարդը խնդիր ունի, ուրեմն ես փորձում եմ օգնել մարդուն: Իսկ քանի որ այդ պահին Ալբերտ Կարապետյանի հետ մենք խոսեցինք, ինքն ասաց՝ ես ոչ մի պահանջ չունեմ, ես էլ նույն բանն եմ ասել»,- ասում է Ռիտտա Գյուլամբարյանը:

Մեր դիտարկմանը, որ ըստ Գայանե Բարխուդարյանի՝ քննիչին տրված բացատրության՝ ինքը հանդիսացել է հայտարարությունը կազմողներից մեկը, Ռիտտա Գյուլամբարյանը պատասխանեց. «Գիտեք, ես արդեն մոռացել եմ, չեմ էլ հիշում՝ ինչ է եղել, ոնց է եղել: Ես նույնիսկ մոռացել եմ այդ դեպքի մասին: Այն ժամանակ ինչ եղել է, երևի թարմ է եղել հիշողությանս մեջ, գրել եմ՝ ինչ որ ճիշտը կա: Հիմա ես արդեն այդ մասին ընդհանրապես մոռացել եմ և չեմ էլ հիշում՝ ինչ է եղել»,- ասաց Ռիտտա Գյուլամբարյանը:

 Բժշկի մասնագիտական որակավորումը՝ անհատական տվյալ պարունակող գաղտնիք

«Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ-ի մանուալ թերապևտ Ալբերտ Մխիթարյանը չունի բժշկական կրթություն. նա ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Մենք փորձեցինք ՀՀ առողջապահության նախարարությունից պարզել, թե արդյո՞ք Ալբերտ Մխիթարյանն ունի բժշկական համապատասխան մասնագիտացում կամ որակավորում: Նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանը պատասխանեց, որ իրենք բժիշկների վերաբերյալ անհատական տվյալների բազա չունեն, իսկ կոնկրետ բժշկի որակավորումը համարվում է անհատական տվյալ, որը հանդիսանում է գաղտնիք և ենթակա չէ տրամադրման:

Ալբերտ Կարապետյանը

«Մենք չենք կարող ձեզ տեղեկություններ տալ բժշկի որակավորման մասին, քանի որ դրա հիմքը չունենք: Եթե ֆիզկուլտ ինստիտուտն է ավարտել, ինքը բժիշկ չի, իրավունք չունի կոչվել բժիշկ: Դուք կարող եք ինքներդ այդ մարդու անհատական տվյալները՝ դիպլոմը, վկայականներն ու այլ փաստաթղթերն ուղարկել առողջապահության նախարարություն և հարցնել, թե արդյոք այդ քաղաքացին իրավունք ունի տվյալ մասնագիտական գործունեությամբ զբաղվել: Միայն այդ դեպքում մենք կարող ենք պատասխանել: Հակառակ դեպքում՝ քաղաքացին եթե բողոքում է, կարող է դիմել առողջապահական պետական տեսչություն, նրանք վարչական վարույթ կհարուցեն, փաստերը կստուգեն, ձեզ կպատասխանեն»,- ասում է անձնակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանը:   

2011թ.-ին Ալբերտ Կարապետյանը բողոքով դիմել է Առողջապահության նախարարությանը՝ նշելով, որ իրեն առողջական վնաս պատճառած Ալբերտ Մխիթարյանը չունի բժշկական կրթություն, որին ի պատասխան՝ նախարարությունից գրել են.

«Ալբերտ Մխիթարյանն ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, սակայն ստացել է մերսողի և առողջարարական ֆիզկուլտուրայի հրահանգիչ-մեթոդիստի որակավորում և աշխատում է որպես մերսող-մանուալիստ, նյարդաբանական ծառայությանը կից՝ համապատասխան մասնագետների հսկողության տակ»,- նշված է նախարարության պատասխանում:

Ալբերտ Կարապետյանը շարունակում է ֆինանսական փոխհատուցում պահանջել Ալբերտ Մխիթարյանից՝ նշելով, որ իր գործողությունների հետևանքով դարձել է անկողնային հիվանդ, իսկ իրեն ապրելու և առողջական խնդիրները հոգալու համար գումար է անհրաժեշտ:


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (1)
1. aram06:18 - 31 հուլիսի, 2015
Նման շառլատաններին պետք է դատել օրենքի ամբողջ խստուտյամբ, իսկ միամիտներին անընդհատ բացատրել որ արջի յուղով կամ մերսումով հիվամդուտյուն բուժելը ապուշություն է:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ