HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փայլակ Հայրապետյան. «Ինձ խաբել են խաչագողերը»

«Ես, որ գնացի Աշոտենց տուն, դրված էր սբ. Սարգսի մեծ խաչը, Կճոյանի նկարը, մոմ վառելու տեղեր: Էս պատմությունն ինձ հիշեցնում է «Խաչագողի հիշատակարանը»: Ինձ խաբել են խաչագողերը…»,- «Օֆշորային» անունը ստացած գործով տուժող ճանաչված գործարար Փայլակ Հայրապետյանն այսօրվա դատական նիստին շարունակեց պատասխանել կողմերի հարցերին:

Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ նախկինում չի ճանաչել ամբաստանյալի աթոռին նստած Աշոտ Սուքիասյանին, այլ վստահել է հայրենի կառավարությանը, նախարարությանը, դա է եղել պատճառը, որ որոշել է «Ամերիաբանկ»-ում գրավադրել իր գույքը, 12 մլն դոլարի վարկ վերցնել: Ըստ բանկի կողմից կազմված բիզնես ծրագրի, Աշոտ Սուքիասյանը Աֆրիկայի Սիեռա Լեոնե պետությունից՝ իր հանքերից պետք է ոսկու ու ադամանդի հումք մատակարարեր Հայաստանին: Արդյունքում՝ 3 տարի անց Հայաստանում կբացվեր 10.000 աշխատատեղ: Սակայն 5 ամիս անց, ըստ գործարար Փայլակ Հայրապետյանի, հասկացել է, որ խաբված է:

-Ի՞նչ հիմք ունեք դա ասելու համար,-հարցրեց ամբաստանյալի փաստաբան Յուրա Խաչատրյանը:

- Իմ ամբողջ ունեցվածքը վերցրել են, էլ ի՞նչ հիմք,- պատասխանեց Փայլակ Հայրապետյանը,- մտել եմ իր հաշվապահի մոտ, ասել եմ, ա՛յ հաշվապահ, ո՞ւր եք ուղարկել իմ փողերը: Թղթեր շպրտեց դիմացս, ոնց որ շան առաջ շպրտեին:

Փաստաբան Խաչատրյանը հարցրեց նաև չի պահանջել արդյոք տուժողը, որպեսզի Աշոտ Սուքիասյանը փաստաթղթեր ցույց տա իր հանքերի օրինականության մասին. «Կարիք չեմ տեսել, քննարկումը նախարարի հետ էր»,-պատասխանեց տուժող գործարարը:

- Ընդունո՞ւմ եք, որ էմոցիոնալ ընդունեցիք ներդրումների առաջարկը, բայց որևէ պայմանագիր չկնքեցի՞ք,-հարցրեց դատավորը:

- Ո՛չ, իրավաբան ունեի, նա աշխատում էր իրենց հետ, բիզնես ծրագրի կազմմանը ես չեմ մասնակցել,-պատասխանեց Փայլակ Հայրապետյանը:

Հարցեր տվեց նաև Աշոտ Սուքիասյանը: Ասաց, որ 2012- ի հոկտեմբերին Փայլակ Հայրապետյանը ռուսերենով իրեն նամակ է գրել, որ եթե իր ամբողջ ունեցվածքը չգրանցի Հայրապետյանի անունով, ապա վատ կլինի, եթե համաձայնի, իրեն այլևս չեն մեղադրի:

-Եթե որևէ ունեցվածք չունեի, ինչպես ասում եք, ի՞նչ պիտի գրանցեի:

Փայլակ Հայրապետյանի շահերի ներկայացուցիչը պնդեց, որ այդպիսի նամակ եղել է. «Հանդիպել ենք Աշոտի կաբինետում, խոսք էր գնում 10-15 տոկոսի մասին, ինքն ասաց, որ անգամ 25 տոկոսը կարող է տալ: Հայրապետյանին «հայրիկով» էր դիմում: Բայց ուզում էինք համոզվել, թե ինչ ունի: Էդպես էլ ոչինչ ցույց չտվեց»: Սակայն Աշոտ Սուքիասյանն ասաց, որ իրենք չեն ցանկացել որևէ բան նայել: Հետո էլ ասաց, որ գործի ավարտից հետո մի ֆիլմ պիտի նկարի, բայց չգիտի, թե ով կկարողանա խաղալ Ձեր դերը»: 

- 32 հատորում մի տեղ չկա, որտեղ նշված լինի, որ Դուք հանք ունենաք Ձեր անունով,- ասաց դատավորը:

- 4-րդ հատորում նշված է 66 տոկոսի մասին,-պատասխանեց ամբաստանյալը:

Դատավոր Վարդան Գրիգորյանը հարցրեց, թե ո՞վ է որոշել, որ 12 միլիոն դոլար է պետք ներդնել: Փայլակ Հայրապետյանը պատասխանեց՝ էկոնոմիկայի նախկին նախարար Ներես Երիցյանը. «Նա շատ հարցերում է ինձ «քաշել»:

Տուժողը մեկ անգամ ևս ընդգծեց, որ իր ունեցվածքի ոչնչացման հարցում ամենամեծ մեղավորներից են նաև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը:

- Բազմիցս եք նշում Տիգրան Սարգսյանի անունը, ի՞նչ գործ եք նրա հետ ունեցել,-հարցրեց դատավորը:

- Եթե նախարարներն ինձ խաբել են, հենց նա է պատասխանտու դրա համար: 

Այսպիսով ավարտվեց Փայլակ Հայրապետյանի հարցաքննությունը: Հաջորդ նիստին՝ օգոստոսի 6-ին, ցուցմունք կտա մյուս տուժողը: 

Հիշեցնենք, որ թեև Փայլակ Հայրապետյանը բազմիցս նշել է իր ունեզրկման մեղավորների անունները, այդուհանդերձ գործով միակ մեղադրյալը Աշոտ Սուքիասյանն է։ Նա մեղադրվում է խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտները օրինականացնելու, չարամտորեն առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց խուսափելու մեջ: Առաջադրված մեղադրանքում նա իրեն մեղավոր չի ճանաչում:

 Իսկ նախկին վարչապետ, ներկայում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի մասով գործն առանձնացվել է և դեռ նախաքննության փուլում է: Փայլակ Հայրապետյանը պնդում է, որ Հայաստանում ադամանդագործությունն ու ոսկերչությունը զարգացնելու, նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով իր կողմից գրավադրած 12 մլն դոլարը չի ծառայել նպատակին, փոխարենը նախ փոխանցվել է կիպրոսյան օֆշորային գոտում գտնվող մի քանի ընկերությունների, այդ թվում՝ Wlispera Holdings Limited-ին: Ըստ «Հետքի» կատարած հետաքննության պարզվել է, որ այդ ընկերության բաժնետերերն են նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և Սամվել Կճոյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter