Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Կոռուպցիայի հանրային հետաքննությունը՝ իրավիճակը փոխելու միակ տարբերակ



«Հետքի» հարցերին պատասխանել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը

-Պարոն Դանիելյան, ժամեր անց ուժի մեջ կմտնի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը: Այս օրերին Հանրապետության հրապարակում մի խումբ քաղաքացիներ այդ խնդրի վերաբերյալ բողոքի ակցիա են անում, սակայն նրանք փոքրաթիվ են: Ի՞նչ եք կարծում, հանրությանը հանգստացրե՞ց միջազգային աուդիտի մասին նախագահի մակարդակով պաշտոնական հայտարարությունը, թե՞ Բաղրամյանը փակած ակտիվ մասսան առայժմ սպասողական վիճակում է կամ դեռ չի կողմնորոշվել նոր քայլերի վերաբերյալ:

-Գնահատականները կարող են տարբեր լինել: Ես կարող եմ ընդամենը իմ կարծիքը հայտնել: էլեկտրաէներգիայի սակագնի չբարձրացման պահանջը իմ կարծիքով թերի է: Բուն խնդիրը դա չէ: Բոլոր երկրներում էլ նման բաներ տեղի են ունենում: Խնդիրը ՀԷՑ-ում տեղի ունեցած խոշոր չափի կոռուպցիան է, որին, ըստ մամուլում տարածված տեղեկատվության մասնակից է եղել կառավարությունը, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված անձինք և կազմակերպությունները: Մյուս կողմից՝ կա Աբել Աղանբեգյանի հարցազրույցը, որտեղ նա դեռևս մի քանի տարի առաջ կանխատեսել էր նման զարգացումը և դրա մասին որպես փորձագետ հայտնել է կառավարությանը, սակայն կառավարության առնվազն հանցավոր անգործության պատճառով իրավիճակը չի շտկվել:

Սա է խնդիրը, և իմ կարծիքով՝ հարցադրումը պետք է փոխել: Ճիշտ և հիմնավորված հարցադրումը նորից փողոց կհանի մարդկանց, իսկ ոչ կոռեկտ հարցադրումը նման արձագանք չի ունենա: Իմ կարծիքով՝ հանրությունը պետք է համապատասխան ոչ ֆորմալ կառույցներ ձևավորի և հանրային հետաքննություն սկսի: Դա է իրավիճակը փոխելու միակ տարբերակը: Սա Հայաստանում քաղաքական գործընթացներ սկսելու միակ ձևն է: Արդյո՞ք դրան ունակ է հանրությունը, թե՞ ոչ, դա է հիմնական խնդիրը, որը կա Հայաստանում:

-Այսինքն՝ հանրությունը սլաքները ՀԷՑ-ից զատ ու գուցե առաջին հերթին պիտի ուղղի իշխանությա՞նը:

-Այսինքն՝ հանրությունը պետք է իշխանությանը զուգահեռ կառույցներ ձևավորի և զբաղվի կոռուպցիայի բացահայտմամբ և լինի հետևողական այդ հարցում: Այն երկրներում, որտեղ ընտրական համակարգը չի գործում, իշխանությունը փոխվում է զուգահեռ կառույցների ստեղծման միջոցով: Կոռուպցիայի բացահայտումը այն խնդիրն է, որը լեգիտիմ հիմք է հանդիսանում նման կառույցների ձևավորման համար, քանի որ պաշտոնական դատական համակարգը անկախ չէ և չի վայելում հանրության վստահությունը:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (3)
1. Վեհարի21:16 - 31 հուլիսի, 2015
Շատ տեղին առաջարկ, ափսոս այն մեր անկախության հանրաքվեից անմիջապես հետո չի հնչել: Իսկ այսօր ամենից բարձր բղավող և ընդիմադիր հանրություն ձևավորողներն, հիմնականում Արթուր Բաղդասարյաններն են:
2. հով09:40 - 4 օգոստոսի, 2015
"Կոռուպցիան" միանգամայն սխալ բնորոշում է այս դեպքում, ճիշտ անվանումը համակարգված թալանն է, որը վաղուց արդեն բացահայտ է, հետո ինչ? Հիմա ընդամենը հերթական անգամ ասվել է "իմ խիարի գինն սա է!": Էներգիան չթանկացնելու պահանջը իսկապես պրիմիտիվ ու անհեռանկար է, - հիմա ինչ որ ձեւով հանգստացրին, սակայն ամեն անգամ դա չի կարող աշխատել: Խնդիրը շատ ավելի լուրջ է, որը գալիս է խորքից: Դա պայմանավորված է ամբողջ էներգոհամակարգի սեփականաշնորհման (այսինքն՝ հափշտակման) հետ: Ելքը կարող է լինել միայն համակարգի ազգայնացումն ու հանրային հսկողության տակ դնելը:
3. Hrach12:59 - 4 օգոստոսի, 2015
ազգայնացման պետք է, բայց դրանից կոռուպցիան չի նվազի, չնայած որ ազգայնացման դեպկում կոռուպցիոն երեվույթների դեպկում իշխանությունը կկրի ուղիղ պատասխանատվություն: Հակակարոպցիոն հասարակական կազմակերպությունները առնվազն պետք է 3 հատ լինեն որ իրենք իրենց հերթին չկոռումպացվեն քանի որ գործ ունենք մի ոլորտի հետ ուր հետքրքրությունը շատ մեծ է (թե գումարի առումով թե քաղաքական առումով):
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ