
ՀՀ նախագահների ինքնաթիռները
Հայաստանի կառավարություններն ու, մասնավորապես, նախագահները երկրի անկախության անցած 24 տարիների ընթացքում բազմաթիվ պետական, պաշտոնական ու աշխատանքային այցերով մեկնել են արտերկիր՝ օգտվելով ավիացիայի ծառայություններից:
Ընթերցողի համար ասենք, որ մեր երկրում, ըստ «Ավիացիայի մասին» օրենքի, գոյություն ունի երկու տեսակի ավիացիա՝ քաղաքացիական եւ պետական: Հասարակական կարիքների բավարարման նպատակով օգտագործվող օդանավերը համարվում են քաղաքացիական օդանավեր, որոնք իրականացնում են առեւտրային օդային փոխադրումներ, ընդհանուր նշանակության ավիացիոն գործունեություն եւ ավիացիոն հատուկ աշխատանքներ: Իսկ ահա ռազմական, մաքսային եւ ոստիկանական մարմիններում, փրկարարական ծառայությունում, ինչպես նաեւ պետական այլ մարմիններում կամ պետական կառավարչական հիմնարկներում օգտագործվող օդանավերը համարվում են պետական օդանավեր, իսկ այդ բնագավառների ավիացիան՝ պետական ավիացիա: Հայաստանում քաղաքացիական եւ պետական (բացառությամբ ռազմականի) ավիացիայի կառավարումը, այսօրվանից ուժի մեջ մտնող օրենսդրական փոփոխությունների համաձայն, իրականացնում են էկոնոմիկայի նախարարությունն ու ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությունը: Ռազմական ավիացիան պաշտպանության նախարարության համակարգում է:
Այսօր մեր պետական ավիացիայի առյուծի բաժինը ներկայացնում է ռազմական ավիացիան՝ տարբեր նշանակության ինքնաթիռներով եւ ուղղաթիռներով: Պետական ավիացիայի մաս է նաեւ նախագահական կամ կառավարական ինքնաթիռը, որն օգտագործվում է արտասահմանյան այցերի ժամանակ (ՀՀ մարզեր կամ Արցախ այցելելիս բարձրաստիճան հայ պաշտոնյաներն օգտվում են ՊՆ ուղեւորատար ուղղաթիռներից, որոնք շահագործում է նախարարության «Արմ-Աէրո» ՓԲԸ-ն):
Տեր-Պետրոսյանի ու Քոչարյանի խորհրդային ինքնաթիռները
Խորհրդային Միության տարիներին միութենական հանրապետությունների ավիացիոն ստորաբաժանումները ներկայանում էին մեկ ընդհանուր՝ «Աէրոֆլոտ» ապրանքանիշի ներքո։ 1990-ականների սկզբներին սկսեցին ձեւավորվել նոր անուններով ավիաընկերություններ: Հայաստանում այդպիսին 1991-ի մարտին կազմավորված ու դեռեւս ԽՍՀՄ քաղավիացիայի նախարարությանը ենթակա «Հայկական ավիաուղիներ» ընկերությունն էր, որն իրականում քաղավիացիայի հայկական վարչության իրավահաջորդն էր։ Նույն տարվա՝ 1991-ի հոկտեմբերին «Հայկական ավիաուղիների» հիմքի վրա արդեն անկախացած Հայաստանի կառավարությունը ձեւավորեց Հայաստանի պետական ավիաընկերություն, որն էլ 1992-1993 թթ. վերակազմավորվեց ավիացիայի (քաղավիացիայի) գլխավոր վարչության ու «Հայկական ավիաուղիներ» պետական ավիաընկերության։ Վերջինիս անցավ քաղաքացիական օդանավերի ավիապարկը։
Օդանավերից մեկը, սակայն, դարձավ հենց ՀՀ կառավարության սեփականությունը: «Տու-134Ա-3» ինքնաթիռը սկսեց սպասարկել, մասնավորապես, երկրի նախագահին: Մինչեւ 1993-ը ինքնաթիռը կրում էր CCCP-65975 գրանցման համարը, իսկ երբ անկախացած 15 հետխորհրդային հանրապետություններից յուրաքանչյուրը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կողմից ստացավ իր ազգային նիշն, ու Հայաստանին բաժին հասավ EK-ն, կառավարական օդանավը գրանցվեց իբրեւ EK-65975: Վերջինս կառուցվել էր 1973-ի սեպտեմբերին, այսինքն՝ ՀՀ կառավարության սեփականությունը դառնալիս 20 տարեկան էր, ինչը փոքր տարիք չէ օդանավերի համար, սակայն, ըստ ավիացիոն տեղեկատուների, շահագործվում էր 1983-ի հոկտեմբերից՝ 10 տարի:
EK-65975-ը՝ Լոնդոնում (12.02.1994)
Անկախությունից հետո այս ինքնաթիռը շահագործվեց թե ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի (1991-1998), թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք (1998-2008): Տեղեկատուների համաձայն՝ 2000-ականների սկզբից կայանված է «Զվարթնոցում»:
Նախագահական օդանավը՝ Ամստերդամում (28.05.1997)
2000 թվականի հունվարից ՀՀ նախագահին սկսեց սպասարկել մեկ այլ «Տու-134»: Այն կառուցվել էր 1977-ի հուլիսին եւ շահագործվում էր այդ տարվա օգոստոսից, այսինքն՝ 23 տարեկան էր: CCCP-65072 համարով «Տու-134Ա»-ն սկզբում շահագործվում էր Վիլնյուսում, ապա Սիկտիվկարում, որից հետո անցավ «Աէրոֆլոտի» հայաստանյան մասնաճյուղի տրամադրության տակ: 1993-ին օդանավը, որն արդեն «Հայկական ավիաուղիներին» էր պատկանում, ստացավ EK-65072 համարը: Իբրեւ VIP շահագործվող այս օդանավը «ՀԱՈւ»-ն օգտագործեց մինչեւ 2000 թ., որից հետո այն մտավ «ՀՀ նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռի մեջ, ասել է թե՝ դարձավ վերջինիս սեփականությունը: Բայց մինչ այդ օդանավը վերափոխվեց՝ դառնալով «Տու-134Ա-3», որի տուրբոռեակտիվ շարժիչները կատարելագործված էին: Բնականաբար, այն շարունակեց մնալ VIP ինքնաթիռ:
Ռ. Քոչարյանը ժամանել է Գդանսկ (05.09.2004)
EK-65072-ը իբրեւ նախագահական ինքնաթիռ ծառայեց մինչեւ 2007 թ., երբ պետությունը նոր օդանավ ձեռք բերեց: Սակայն «Տու-134Ա-3»-ը շարունակեց թռչել մինչեւ 2010 թ. (33 տարեկան)՝ տեղափոխելով ՀՀ տարբեր պաշտոնյաների: 2010-ի օգոստոսի 12-ի որոշմամբ կառավարությունը թույլատրեց աճուրդի հանել օդանավը: Մեկնարկային գին սահմանվեց 600.168.000 դրամը (այդ պահի փոխարժեքով՝ մոտ 1.635.000 դոլար): Ըստ aerotransport.org տեղեկատվական բազայի՝ օդանավը գնեց ուղեւորատար ավիացիայի հայաստանյան մոնոպոլիստ «Արմավիան», որի օդաչուները «Հայկական ավիաուղիների» անկումից հետո (2003 թ.) սպասարկում էին ինքնաթիռը: Մինչ օրս նախկին կառավարական օդանավը կայանված է «Զվարթնոցում»:
«Զվարթնոցում» (06.01.2010)
Բացի վերը նշված երկու «Տու-134»-երից՝ կառավարությունը ժամանակին «Հայկական ավիաուղիներից» վարձակալել էր եւս 2 ինքնաթիռ: Դրանցից մեկը EK-85536 համարով «Տու-154Բ-2» օդանավն էր, որը Հայաստանում շահագործվում էր դեռ 1982-ից: Ըստ տեղեկատուների՝ «ՀԱՈւ»-ն այն շահագործեց մինչեւ 2002 թ.: Մի որոշ ժամանակ EK-85536-ը «wet-leased» (վարձակալության ձեւ, երբ օդանավը շահագործվում է վարձակալության տվողի պատասխանատվությամբ, անձնակազմը, տեխսպասարկումը, ապահովագրությունը նույնպես վարձատուի պատասխանատվության ներքո են) տարբերակով թռչում էր ՀՀ ղեկավարության համար: «Հայկական ավիաուղիների» սնանկացումից հետո «Տու-154»-ը ձեռք բերեց հայկական բեռնափոխադրող «South Airlines»-ը, որը հիմնական գործունեություն էր ծավալում Մերձավոր Արեւելքում ու Աֆրիկայում: 28-ամյա օդանավը ոչնչացվեց 2010-ին արաբական Ֆուջեյրա քաղաքում:
EK-85536-ը՝ Աթենքում (17.09.2001)
«Airbus»-ներ՝ Քոչարյանի օրոք. ժառանգություն Սարգսյանին
Հայաստանի կառավարությունը «wet-leased» ձեւով վարձակալել էր նաեւ ՀՀ ավիացիայի պատմության մեջ առաջին «Airbus» ինքնաթիռը: «Airbus A310-222» օդանավը կառուցվել էր 1983-ի սեպտեմբերին ու ՀՀ էր բերվել 1998-ի հուլիսին: Նախկինում այն շահագործվել էր Քուվեյթում ու Քաթարում: «Հայկական ավիաուղիները» մեր քաղավիացիայի նորեկին վարձակալել էր հենց «Airbus» ընկերությունից: Հայաստանում այն ստացավ «Արարատ» անունը: Չնայած շահագործողը հայկական օպերատորն էր, օդանավը մեր երկրում շարունակեց թռչել ֆրանսիական գրանցման համարով՝ F-OGYW: Մինչեւ 2002-ի մարտ ամիսը, երբ վերադարձվեց սեփականատիրոջը, «Airbus A310-222»-ը հասցրեց ծառայել նաեւ Հայաստանի իշխանություններին:
«Արարատ» անունով «A310»-ը՝ Մայնի Ֆրանկֆուրտում (03.11.2001)
Վարձակալությունից վերադարձվելուց հետո 21-ամյա ինքնաթիռն այլեւս չօգտագործվեց ու ոչնչացվեց 2004-ի հունվարին գերմանական Բրեմենում:
2007-ի նոյեմբերին Հայաստան եկավ կառավարության առաջին եւ առայժմ միակ սեփական «Airbus»-ը: Այն, ինչպես վերը նշվեց, փոխարինեց «Տու-134Ա-3»-ին (EK-65072): Այս նոր ինքնաթիռը կառուցվել էր 1998-ի նոյեմբերին եւ պատկանում էր «ACJ319» ընտանիքին, այսինքն՝ կորպորատիվ կամ VIP ինքնաթիռ էր: «Airbus A319-132»-ը մինչ Երեւան գալը շահագործվել էր բրիտանական եւ արաբական օպերատորների կողմից: Փաստորեն, ձեռքբերման պահին այն ընդամենը 9 տարեկան էր, ինչը վատ ցուցանիշ չէ: Հայաստանում օդանավը ստացավ EK-RA01 գրանցման համարը: Այն իր նախորդի պես անցավ նախագահի աշխատակազմի հաշվեկշռին: Ինքնաթիռը մի քանի ամիս սպասարկեց Ռոբերտ Քոչարյանին, իսկ արդեն 2008-ի գարնանից ՀՀ երրրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տրամադրության տակ էր:
Ուշագրավ կադր. օգոստոսի 4-ին Ս. Սարգսյանը արձակուրդ էր մեկնել, իսկ ամսի 5-ին նրա օդանավը ֆիքսել էին գերմանական առողջավայր Բադեն-Բադենում. նկարի հեղինակը գրել է. «Ինչպիսի՜ անակնկալ» (05.08.2008)
2007-2013 թթ. օդանավը սպասարկում էր «Արմավիան»: Վերջինիս թռիչքների դադարեցումից հետո նախագահական բորտի շահագործումը ստանձնեց «Էյր Արմենիան»: 2014-ից այս գործը կատարում է ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ն: 2014-ի տարեվերջին օդանավի գրանցման համարը փոխվեց՝ դառնալով պարզապես 701: Ինչպես երեւում է նախագահի աշխատակազմի ու կենտրոնի միջեւ 2014-ի դեկտեմբերին կնքված պայմանագրում, ըստ որի՝ մեկ ամսվա համար կենտրոնը ստացել է 26 մլն դրամ, վերջինս կատարում է ինքնաթիռի չվերթների սպասարկման ծառայություններ, ծախսերի մեջ են մտնում ավիասնունդը, վերգետնյա սպասարկման ծառայությունները, ավիավառելիքը, կայանման վարձերը, օդաչուների աշխատավարձերը, օրապահիկները:
«Հայաստան 701»-ը՝ Մոսկվայում (ձմեռ, 2015)
Նախագահական օդանավի տեխսպասարկողը պատահական անձ չէ
Նախագահական օդանավի տեխնիկական սպասարկումն իրականացնում է «Աքիլա Տեխնիքս» ՍՊԸ-ն, որը ստեղծվել է 2014-ի փետրվարին: Տեղական ընկերության հիմնադիրներից Կարեն Ավդալյանը անցյալ տարի հայտարարել էր, որ իրենք առաջին տեղական ավիատեխսպասարկող ընկերությունն են: ՔԱԳՎ-ն 2014-ի հունիսին այդպիսի աշխատանքներ իրականացնելու սերտիֆիկատ հանձնեց ընկերությանը, իսկ մամուլը գրեց, որ մինչ այդ նման հավաստագիր ստանալու փորձ արել էին տեղական այլ ընկերություններ: 2014-ի ընթացքում, բացի նախագահական բորտից, «Աքիլան» (aquila, լատիներեն՝ արծիվ) տեխծառայություններ էր մատուցում նաեւ «Էյր Արմենիային»: Նորաստեղծ ընկերությունը իր գլխավոր նպատակներից մեկը համարեց Եվրամիության երկրների ու Բերմուդյան կղզիներում գրանցված ռուսական օդանավերի սպասարկումը, ինչին հասնելու համար անհրաժեշտ են Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության (EASA) ու Բերմուդյան կղզիների թույլտվությունները: Ընկերությունն իրականացնում է ինչպես ամենօրյա ու ամենշաբաթյա, այնպես էլ, այսպես կոչված, «A-check» տեխսպասարկում: Կարեն Ավդալյանը նշել էր, որ մտադիր են հանգար կառուցել շուրջ 2,5 մլն դոլարով, որի առկայությամբ միայն հնարավոր կլինի տեղում իրականացել նաեւ «C-check»:
«Աքիլա Տեխնիքս» ընկերության սեփականատերերը 4-ն են. երեւանցիներ Հայկ Հարությունյանը, Իշխան Ադամյանը (նաեւ ՍՊԸ-ի տնօրենն է), Մարտին Մովսեսյանը եւ գյումրեցի Կարեն Ավդալյանը: Վերջինս Երեւանի կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանի որդին է: Կարինե Ավդալյանը Գյումրու «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի կազմակերպիչ-հիմնադիրն է ու մոտ հարաբերությունների մեջ է մրցույթի հովանավորներից ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի եւ «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, փառատոնի համանախագահ Լեւոն Սարգսյանի հետ, ով, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի եղբայրն է:
Մեկնաբանել