HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Տների ու բնակարանների գները Երևանում այս կիսամյակ. փոփոխությունները՝ դրամով և դոլարով

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն հրապարակել է հանրապետությունում անշարժ գույքի շուկայի այս տարվա առաջին կիսամյակի մասին վերլուծությունը։ Ներկայացված են նաև տների ու բնակարանների գները Երևանում և հանրապետության մարզերում։

Ըստ Կադաստրի՝ գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Երևանում 2015 թվականի առաջին կիսամյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի շուկայական միջին գները, 2014 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ, աճել են 0,1%-ով, իսկ 2014 թվականի առաջին կիսամյակի համեմատ' 0,2%-ով: Ընդ որում, Երևանում այս կիսամյակ, 2014-ի երկրորդ կիսամյակի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 34,2 %-ով, իսկ 2014-ի առաջին կիսամյակի համեմատ' 26,7%-ով:

Այսինքն՝ պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ նույնիսկ գործարքների քանակի այսչափ անկման դեպքում բնակարանների գները շատ քիչ են նվազել։ Բայց սա՝ միայն ՀՀ դրամով հաշվարկների դեպքում։ «Հետքն» արդեն մի քանի անգամ անդրադարձել է այս թեմային և նշել, որ Հայաստանում բնակարանների ու տների առքուվաճառքն իրականացվում է ԱՄՆ դոլարով, հետևաբար՝ գնային փոփոխությունները դրամով գրեթե չեն երևում, փոխարենն այդ փոփոխություններն ակնհայտ են դառնում, երբ դրամով արտահայտված գները վերածում ենք դոլարի։

Ուստի, այս անգամ ևս Կադաստրի տրամադրած գնային աղյուսակում հաշվարկել և ավելացրել ենք գները դոլարով։ Հաշվարկների համար հիմք ենք ընդունել ՀՀ դրամի միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ այս տարվա և 2014-ի առաջին կիսամյակներում։ Տվյալները տրամադրում է ՀՀ կենտրոնական բանկը։

2014թ. հունվար-հունիս՝ 1 ԱՄՆ դոլար = 411,94 ՀՀ դրամ
2015թ. 1 ԱՄՆ դոլար = 476,87 ՀՀ դրամ

Փաստորեն, այս կիսամյակ 2014-ի առաջին կիսամյակի համեմատ դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է մոտ 14%-ով։ Այս փաստն ինքնին նշանակում է, որ տների ու բնակարանների գները Հայաստանում դոլարային հաշվարկով նվազելեն 14%-ով և նորից այնպատճառով, որ առքուվաճառքն իրականացվում է դոլարով։

Այսպիսով, ստորև բերված աղյուսակով ներկայացնում ենք այս տարվա և 2014-ի առաջին կիսամյակներում բնակարանների միջին գները (1 քմ մակերեսի հաշվարկով) Երևանում՝ դրամով և դոլարով։

Դոլարային հաշվարկով Երևանում նվազել են նաև անհատական բնակելի տների գները։ Ստորև բերված աղյուսակում ներկայացված են Երևանի վարչական շրջաններում շինության 250 քմ և տնամերձի 400 քմ միջին մակերեսներով անհատական բնակելի տների առուվաճառքների (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորված շուկայական միջինացված գները' հաշվարկված շինության 1 քմ մակերեսով (ներառյալ տնամերձի միավորի գինը).

Ըստ Կադաստրի՝ գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Երևանում 2015-ի առաջին կիսամյակում անհատական բնակելի տների շինության 1քմ մակերեսի շուկայական միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2014-ի երկրորդ կիսամյակի համեմատ, մնացել են անփոփոխ, իսկ 2014-ի առաջին կիսամյակի համեմատ' աճել են 0,03%-ով:

Իսկ դոլարով հաշվարկելիս, ինչպես տեսնում ենք, գները զգալի նվազելեն։

Նաև նշենք, որ այս տարվա առաջին կիսամյակում հանրապետությունում արձանագրվել են բնակելի տան 2052 առուվաճառքի գործարք, այդ թվում՝ 604-ը Երևանում: 2014 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ, անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 25,8%-ով, ընդ որում՝ Երևանում՝ 24,2%-ով։ Իսկ 2014 թվականի առաջին կիսամյակի համեմատ գործարքների քանակը նվազել է 18,6%-ով, ընդ որում՝ Երևանում՝ 7,9%-ով։

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանություններ (1)

Armen
Կադաստրում նշվում է տան գնի 50տոկոս գումարը, հատկապես եթե բնակարանը նորառույց շենքում է, միայն 4 պատը առանց միջնապատերի, գաջի, կոյուղու, ջրի ու լարերի անցկացման՝ սկսվում է 1000 ԱՄՆ դոլարից, այդ թվում՝ դրսի պատերով, ու մինչ բնակելի դառնալը ծախսվում է դրա եւ 50-100 տոկոս գումարը, այսինքն մեկ քառակուսին արժե՝ 1500-2000 դոլար, այսինքն 720,000-960,000 ՀՀ դրամ. Կենտրոն թաղամասի իմ բնակարանը գնվել է որպես 91 քառակուսի, փաստաթղթով 75 քառակուսի է, ծախսվել է 165,000 ԱՄՆ դոլար, ներառյալ ջեռուցում, ջակուզի եւ այլն...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter