HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կինն ու նավից իջած տղամարդը դեռ նույն տեղում էին… համբուրվում էին

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Ամառվա շոգին ծովային ջերմ բարևներ բոլորիդ: Ասում եմ ծովային, որովհետև վերջապես բացեցին խցիս դռան վերևի օդափոխության անցքը: Այս սարսափելի շոգին գոնե օդ սկսեց խաղալ խցում: Ես էլ սկսեցի ավելի հեշտ մտքերով տեղափոխվել ծովափ, մի բան, որ ամեն ամառ անում եմ` խցում նստած: Ջուր, ծով, բնություն, ծաղիկներ շատ եմ սիրում: Իսկ այստեղ բնության մասնիկ անգամ չի թույլատրվում ունենալ: Չի թույլատրվում անգամ սենյակային բույսեր պահել, խնամել… լա՛վ, չեմ ուզում մռայլ բաների մասին գրել, մանավանդ, որ արձակուրդային տրամադրություններ են բոլորի մոտ:  

Հայրս թիֆլիսցի է: Ամեն ամառ գնում էինք Վրաստան, գրեթե միշտ հանգստանում էինք Սև ծովի ափին, երբեմն գնում էի ճամբար, ուր մնում էի առանց ծնողների: Հաճախ եմ հիշում այդ անհոգ, խելառ օրերը: Ահա այդ օրերից մնացած անմոռանալի մի հուշ: Այս իրական պատմությունը ինձ ուժ է տալիս արդեն երկար տարիներ… այնքան սեր կա մեջը:

Ամառային ծովափնյա մի պատմություն

1987 թվականի օգոստոս ամիսն էր: 12 տարեկան էի: Բաթումիի սպորտային բազաներից մեկում էի հանգստանում, որտեղ հավաքվել էին ԽՍՀՄ տարբեր երկրներից եկած երեխաներ: Առավոտյան 6:30-ից վազում էինք ծովափով և մոտակա ծառուղիներով: Հետո սկսվում էին պարապմունքները: Ես ընտրել էի մեծ թենիսը, ժամերով գնդակը խփում էի պատին կամ կորտում խաղում էի երեխաներից մեկի հետ: Հաճախ ափից մի փոքր հեռու սուզվում էինք ու միդիաներ հավաքում, իսկ հետո կրակի վրա տաքացնում էինք ու միջինը հաճույքով ուտում: Այդպես գրեթե ամեն օր խարույկի մոտ նստած նայում էինք մայրամուտին:

Մի անգամ շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ, տեսարանը մինչ օրս աչքերիս առաջ է:

Գերաններից կառուցված բավական երկար, ոչ շատ լայն ճանապարհը խորանում էր ծովի մեջ: Այնտեղ հիմնականում մի քանի ձկնորսներ էին լինում, ովքեր ժամերով նստած կարթով ձուկ էին բռնում: Իրիկնամուտին ռուսական դիմագծերով մի կին դանդաղ քայլում էր ծովի ափին: Հետո բարձրացավ ծովի մեջ տանող գերաններից ճանապարհը, որն, ասես, միակողմանի կամուրջ լիներ: Նա հանեց ամառային կոշիկները ու ձեռքը բռնած ոտաբոբիկ քայլեց մինչև վերջ: Երկար կանգնած մնաց «ծովային ճանապահի» եզրին: Ձկնորսները հավաքեցին կարթերն ու, զարմացած նայելով տարօրինակ կնոջը, հեռացան:

Արևը մայր էր մտնում՝ կապույտ երկինքը ներկելով վառվող կրակի գծերով: Քամին ալիքաձև տատանում էր, ասես, ծովի մեջ կանգնած կնոջ շրջազգեստը: Արագ-արագ սկսեց մթնել, բայց նա անշարժ կանգնած նայում էր դեպի հեռուն, որտեղ ծովն ու երկինքը միաձուլվում էին:

Ափին հավաքված երեխաներով մարզիչների հետ նայում էինք խավարի մեջ կամաց-կամաց կորչող կնոջը: Ոմանք ասում էին՝ երևի խելագար է, քանի որ մեկ ժամից ավելի կանգնած է մնացել նույն տեղում: Ոմանք էլ ասում էին՝ հնարավոր է ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի է սպասում…

Ծովի մեջ տանող ճանապարհի եզրերով հատուկենտ լապտերներ վառվեցին, և կինը նորից երևաց իր ողջ գեղեցկությամբ:

Հենց այդ նույն պահին նկատեցինք մի քանի հարկանի մեծ սպիտակ նավ, որը շատ հեռու էր:  Կինը երկար անշարժ մնալուց հետո առաջին անգամ շարժվեց, վերջին քայլն արեց ու հայտնվեց գերանների ամենածայրին: Նավի վրա ինչ-որ շարժում էր, նավակ իջեցրին: Տեսանք, որ այն արագ մոտենում է ափին: Շուտով մոտորային նավակի վրա կանգնած, դեպի ափը նայող տղամարդ երևաց: Կինը ձեռքով ուղղեց քամուց խճճված մազերը, երևի նրա համար, որ ավելի պարզ տեսնի տղամարդուն: Վայրկյաններ անց նավակը հպվեց ծովային ճանապարհի եզրին, և տղամարդն իսկույն ցատկեց դեպի իրեն սպասող կինը: Նրանք գրկախառնվեցին… համբուրվում էին:

12 տարեկան տղայիս հոգում հաճելի զգացողություններ էին արթնացել: Առաջին անգամ էի տեսնում համբույր: Զգում էի, թե ինչքան սեր, նվիրում, սպասում, կարոտ կա այդ ամենի մեջ:

Նրանք, ովքեր հոգնել էին սպասելուց, թե ինչ է լինելու հետո «ծովի մեջ» կանգնած կնոջ հետ և գնացել էին իրենց սենյակները, լսելով ծովի խորքից նավակով եկած տղամարդու մասին՝ անմիջապես վերադարձան ափ: Ոչ ոք չէր ցանկանում գնալ քնելու: Կարծես ֆիլմ էինք նայում, ուզում էինք վերջը տեսնել:

Սիրահարները երկար-երկար համբուրվելուց հետո մի քանի սանտիմետր հեռանում էին իրարից, բայց մեկը մյուսի ձեռքերը շարունակում էին բռնած պահել՝ կարծես վախենալով կորցնել իրար: Րոպեներ անց նորից ամուր գրկախառնվում և համբուրվում էին:

Արդեն ուշ գիշեր էր, բայց նրանք, կարծես ծովի վրա կանգնած, շարունակում էին իրար սիրել…

Բոլորը հիացած, հաճելի երազանքների մեջ ընկած՝ գնացին իրենց սենյակները: Միայն մի քանի կին մարզիչներ մնացին ափին՝ համառորեն սպասելով ռոմանտիկ «ֆիլմի» ավարտին: Առավոտյան ոմանք երկրորդ հարկի պատուհանից սկսեցին նայել սիրահարների ուղղությամբ, իսկ առաջին հարկի բնակիչները, քանի որ ծառերը խանգարում էին, անմիջապես դուրս վազեցին, որ տեսնեն՝ արդյոք այնտե՞ղ են նրանք:

Պատկերացնո՞ւմ եք բոլորիս զարմանքի աստիճանը, երբ տեսանք, որ կինն ու նավից իջած տղամարդը դեռ նույն տեղում էին… համբուրվում էին:

Այս պատմության շուրջ մարդիկ տարբեր լեգենդներ սկսեցին հյուսել: Ասում էին, թե այդ տղամարդը Թուրքիայում բանտարկված է եղել, քանի որ նավը հենց Թուրքիայի կողմից եկավ: Ինչ-որ կերպ նրան հաջողվել էր ազատվել, և սիրելի կինը պայմանավորված տեղում հույսով ու հավատով սպասում էր իր տղամարդուն…

Բանտի մասին այդ ժամանակ, բնական է, որևէ պատկերացում չունեի: Դեռ չգիտեի, որ այդ օրից ընդամենը 8 տարի անց Սիրո ուժի մասին հուշ-պատմությունը կօգնի ինձ չկորցնել հավատը Մարդու ու Մարդկայինի հանդեպ: Եվ այսպես 20 տարի շարունակ…     

Մեկնաբանություններ (3)

Վերոնիկա
սա գրականություն է, ինչը չես գտնի այսօր մեր ,, գրողների,, մոտ, որ անգամ կարդալդ չի գալիս
Անահիտ
Ողջունում եմ Ձեզ... Դուք անազատության ու անարդարության մեջ ազատ ու արդար եք մնացել և չեք չարացել...
Վահան
Պատրաստի նովել է....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter