Երեքշաբթի, 18 սեպտեմբերի

Հայաստան տեղափոխված եզդի երիտասարդը պատմում է իսլամիստների հետ կռիվների ու տեղահանության մասին



17-ամյա Ֆադըլ Բըշարի ձեռքի թևնոցին եմ նայում: Սպիտակ թելով գրված է՝ Շանգալ: Ֆադըլն ասում է՝ քույրն է գործել իր համար: Նա իր և եղբոր ընտանիքի հետ երեկ գիշեր է Էրբիլից տեղափոխվել Հայաստան: Իր ընտանիքը բաղկացած է 9 հոգուց, եղբորը՝ 5:

Դեռևս մեկ տարի առաջ նրանք բնակվում էին Շանգալում (Շինգալ, Սինջար, Սանջար)՝ Իրաքի հյուսիսային մասում գտնվող եզդիաբնակ շրջանում: Ֆադըլն ազգությամբ եզդի է: Մեկ տարի առաջ «Իսլամական պետության» կողմից սկսած եզդիների ցեղասպանությունը մոտ 450.000 եզդիների տեղահանեց Շանգալի շրջանից: 17-ամյա տղան պատմում է, որ առաջին օրը իսլամիստների հարձակման ժամանակ ինքը, հորեղբայրը, եղբայրը մասնակցել են մարտական գործողություններին: Ֆադըլն ասում է՝ իրենց մոտ հիմնականում «Կալաշնիկով» ինքնաձիգներ էին: Դիմադրությունը 6 ժամ է տևել: Հետո իրենք ստիպված էին նահանջել, քանի որ զինամթերքը քիչ էր, իսկ հակառակորդն ավելի շատ զենք-զինամթերք ուներ:

«Մենք վստահ էինք, որ դիմադրության ճակատը կկոտրեն: Երբ շատ մոտ էին, հետ քաշվեցինք: Այդ 6 ժամը ընտանիքներին հնարավորություն տվեց հեռանալ Շանգալից, հետո մենք միացանք նրանց»,- նշում է եզդի երիտասարդը՝ ավելացնելով, որ ոչ թե վախից են նահանջել, այլ զենք-զինամթերք չունենալու մտահոգությունից:

«Ես 17 տարեկան եմ, բայց Իրաքում խաղաղություն չեմ տեսել: Երկու անգամ ցեղասպանություն եմ տեսել, մեկը հենց մեր գյուղում 2007-ին 1000 եզդիների են սպանել: Եվ վստահ եմ՝ քանի դեռ Իրաքում իսլամն է գերիշխում, քանի այնտեղ քրդերի ենթակայության տակ ապրում են եզդիները, խաղաղություն չի լինելու այնտեղ»,- նկատում է Ֆադըլը:

Պատմում է, որ իրենց ճամբարը մարտական գործողություններից գտնվում էր 5 կմ հեռավորության վրա՝ Բադըր գյուղի դաշտավայրում: Ֆադըլն ասում է՝ վտանգի ուրվականն ամենուր է: Հիմա ճամբարում մոտ 10.000 եզդի է մնացել: Այսօր նրանք սննդի կարիք ունեն, աշխատանք չունեն:

«Շանգալում մեկ տարի առաջ սկսված ցեղասպանությունը եզդիների նկատմամբ մեզ ստիպեց լքել Շանգալը: Մենք հայտնվեցինք Իրաքյան Քրդստանում: Այնտեղ ևս մեր անվտանգությունն ապահովված չէր, լինում էին դեպքեր, երբ եզդիների էին սպանում կամ մարդկանց էին գողանում, մենք ավելի նպատակահարմար գտանք գալ քրիստոնյաներով բնակեցված երկիր՝ Հայաստան, նաև մեր եզդի բարեկամների մոտ, մեր ազգակիցների՝ վստահ լինելով, որ այստեղ անվտանգ է»,- նշում է նա:

Մինչ Շանգալից տեղահանվելը Ֆադըլի ընտանիքը զբաղվում էր առևտրով: 17-ամյա տղան ասում է, որ հայրը խանութ ուներ:

«Այդ հարձակումների ընթացքում կորցրեցինք մեր ընտանիքները, մեր աղջիկներին, կանանց գողացան: Իմ հորեղբայրն ու նրա երկու անչափահաս աղջիկները սպանվեցին փախուստի ճանապարհին, «Իսլամական պետության» ձեռքն էին ընկել: Մեր կորուստները մեծ են, և մեր սրտի ցավն էլ է մեծ: Այնտեղից որևէ բան չենք բերել մեզ հետ»,- նշում է նա:

Ֆադըլի հետ մեր զրույցը թարգմանում է «Սինջար եզդիների ազգային միավորման» ղեկավար Բորիս Մուրազին, ով ասում է, որ եզդի 3 ընտանիքների տեղափոխությունը (19 հոգի) Հայաստան կազմակերպել են իրենք: Բորիսի խոսքով՝ նրան ցանկանում էին գնալ կա՛մ Եվրոպա, կա՛մ Հայաստան: Իրենք հորդորել են գալ Հայաստան, քանի որ, ըստ նրա, եզդիների ազգային ավանդույթներն ու լեզվի պահպանումը բարենպաստ է Հայաստանում: Քիչ անց Բորիսն ավելացնում է, որ Եվրոպա գնալու դեպքում վստահ չեն, որ եզդիները կվերադառնան Շանգալ: 3 ընտանիքներին կացարան են տրամադրել Արմավիրի մարզի Արաքս գյուղում: Բորիսի խոսքով՝ իրենք պետության վրա բեռ չեն թողել, լուծելով կացարանի հարցը: Օգոստոսի 3-ին՝ երկուշաբթի, դիմելու են ՀՀ միգրացիոն ծառայություն, որպեսզի եզդի 3 ընտանիքներին տրվի փախստականի կարգավիճակ:

«Անցյալ տարվա օգոստոսին երբ գնացել էինք Թուրքիա՝ դեպքերից մի քանի օր անց, կապ հաստատեցինք ՀՀ ԱԳՆ-ի լրատվության բաժնի հետ, ասացինք, որ մեզ հետ կարող ենք 150 հոգի բերել, նաև կարող ենք կացարաններով ապահովել, միայն դուք պետք է դիմեք Վրաստանին, տեղյակ պահեք, որ այս մարդիկ գալիս են, որպեսզի սահմանին խնդիր չլինի: Ասացի՝ բոլորն անձնագրով կլինեն, բոլորի համար պատասխանատվություն ենք ստանձնում, իրենք ասացին, որ սա երկար պրոցես է, խնդրում ենք՝ գրավոր դիմել մեզ: Թուրքիայից դժվար է, չէ՞, գրավոր դիմելը: Ղեկավարը ես էի, փոխնախագահներն ինձ հետ էին, ի պաշտոնե որևէ մեկը չկար այդ ժամանակ Հայաստանում, որ դիմեր: Երբ եկանք այստեղ, գրավոր դիմեցինք, ասացին՝ դա արդեն մեր իրավասության տակ չէ, չենք կարող զբաղվել այդ հարցով, մենք ստիպված զբաղվեցինք»,- ասում է Բորիսը:

Իսկ այսօր Հանրապետության հրապարակի հարակից այգում՝ մետրոյի հարևանությամբ, «Սինջարը» նախաձեռնել էր եզդի 3 ընտանիքներին պարենով ապահովելու ակցիա:

Կազմակերպիչները փակցրել էին նաև եզդիների լուսանկարներ, որոնք արվել են Շանգալից տեղահանվելու ճանապարհին:

Առաջին լուսանկարում՝ Ֆադըլ Բըշարն ու Բորիս Մուրազին


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. Hakop11:53 - 1 օգոստոսի, 2015
We welcome these Yazidi people to our country. Now this is their country as well. The Yazidi people are honorable hard working people. They even helped protect our homeland during the Karabakh War. we welcome you with open arms. Here you will be safe. God Bless you Yazidi brothers, friends of the Armenian people.
2. Zohrab02:35 - 6 օգոստոսի, 2015
As I read above I welcome t h em too
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ