HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անգեղակոթում ոչնչացել է գարնանացանը. մարդուն սնող հողը ծարավ է

Առաջին անգամ չէ, որ Անգեղակոթ եմ գնում, բայց հետևելով անցորդներից մեկի խորհրդին՝ կարճ ճանապարհով գյուղ հասնելու համար շրջանցում եմ գլխավոր մայրուղին ու հայտնվում քարքարոտ մի փողոցում, որն ավելի շուտ ավերակներ է հիշեցնում: Կես ժամում ընդամենը մի քանի մետր հաղթահարելուց հետո հասնում եմ գերեզմանատուն: Անկենդանության զգացումն ավելի է խտանում, բայց հետդարձի համար գլուխս շրջելու մտքից անգամ սարսափած՝ շունչս պահած քայլերս արագացնում եմ, ավելի ճիշտ՝ ցատկոտում եմ քարերի վրայով, որովհետև փողոցի ամբողջ երկայնքով քարակույտեր են: Քիչ անց երևում է դպրոցի շենքը, ապա՝ նաև այն խաչմերուկը, որտեղ հատվում են գերեզմանատուն և դպրոց տանող ճանապարհները:

«Մի ասա՝ ամբողջ տարին էդ երեխեքը ո՞նց են էդ ճամփով դպրոց գնում կամ ո՞նց են մեռելներին գերեզմանատուն հասցնում»,- հավանաբար նկատելով, թե ոնց եմ երերալով մի կերպ հաղթահարում ճանապարհի խորդուբորդերը՝ հեռվից ձայն  է տալիս մի կին: Նրան հարցնում եմ, թե ինչպե՞ս համայնքապետարան գնամ, բայց նա երևի թեման փոխելու մտադրություն չունի, որովհետև սկսում է «սակարկել»: Որ տեղն ասեմ, ճամփեքի մասին կգրե՞ս…Խոստանում եմ, և ոգևորված, որ կարծես թե հոդվածիս անկյունաքարը գտել եմ, համայնքապետին հանդիպելիս մուննաթ կգամ, թե էս ի՞նչ վիճակ ա, բա բյուջեի փողերն ի՞նչ եք անում, բա դուք սկի ավագանի չունե՞ք, քառամյա ծրագիր չունե՞ք…:

Անգիր արած մի քանի թեմաներ շուտասելուկի նման կրկնելով՝ գյուտ արածի նման ինքնագոհ հրճվում եմ՝ մոռանալով անգամ ճանապարհին կրած դժվարությունները: Տեղում արդեն գրելիք հոդվածս վերնագրում եմ՝ «Դժվար է, երկար դպրոցի ճամփան» և  գյուղամիջում կանգնած մի խումբ մարդկանց հետ զրույց սկսում ճանապարհի մասին: Առաջին իսկ հարցից հետո՝ «բա չեք բողոքո՞ւմ», միանգամից վրա են տալիս, թե էդ «ի՞նչ թեմա ա ջրի կողքին»:

Երբ Սպանդարյանի ջրամբարը վերանորոգվի, Անգեղակոթը ոռոգման ջուր կունենա

«Երկրորդ ամիսն ա, մի կաթ ջուր չի տեսալ մեր հողը, թե ծմեռնը հի՞նչ պիտի օտենք, անհայտ ա, սհենց շարունակվի՝ հաշվի սովամահ ենք ինելու, թե չէ ճընապան կարանք յոլա տանենք»,- ասում է Վաղարշակը: Նրա խոսքով՝ Անգեղակոթի բնակչության եկամտի հիմնական միջոցը գյուղամթերքն է, մասնավորապես՝ կարտոֆիլը, սակայն այս տարի անգամ տնկանյութի քանակով կարտոֆիլ չեն հավաքի, որովհետև ոռոգման ջուր չունենալու պատճառով որոշ տեղերում բույսը նույնիսկ չի ծլել:

Արամ Օհանյանը բացի սեփական հողատարածքից ևս 1,3 հա վարձակալել է ուրիշից: Ճիշտ է, վարձակալական պայմանագիր չի կնքել, բայց բանավոր պայմանավորվել են, որ հեկտարի դիմաց կամ 200 կգ գարի պետք է տա, կամ՝ 20 հազար դրամ վճարի: Այս տարի, ըստ նրա, անգամ այդքան բերք չի ստանա: Թե՛ նրա և թե՛ գյուղամիջում արևկող անող մարդկանց կարծիքով՝ գյուղում ոռոգման ջրի հարցն այնքան հրատապ է, որ որոշ ջահելներ մտադրվել են ահազանգելու համար համապետական ճանապարհը փակել:

Թե՛ Անգեղակոթ և թե՛ շրջակա վեց համայնքների ղեկավարները (նրանք ևս ստորագրել են հանրապետության նախագահին հղված նամակը) ոռոգման ջուր ստանում են Սպանդարյանի ջրամբարից, բայց ջրագծերը հնացած են, ջրի կորուստները՝ մեծ: Ակունքում մատակարարվող ջրի ծավալը մեկ վայրկյանում կազմում է 1,3խմ, սակայն գյուղ հասնում է ընդամենը 40լ ջուր:

Անգեղակոթի համայնքապետ Արմեն Խաչատրյանը նշում է, որ այդ հարցով դիմել է հանրապետության նախագահին, վարչապետին և նրան պատասխանել են, թե Սպանդարյանի ջրամբարը, որից ոռոգման ջուր ստանում են նաև շրջակա վեց համայնքները, կառուցվել է 1939թ.-ին և նորոգման կարիք ունի, սակայն դրա համար դեռևս միջոցներ չկան:

«Պատասխանում նշված է, որ 43 կմ երկարություն ունեցող ջրամբարի վերանորոգման համար նախնական հաշվարկով անհրաժեշտ է մոտ 16 մլն ԱՄՆ դոլար»,- ասում է համայնքի ղեկավարը: Նաև ավելացնում  է, որ իր հաշվարկով՝ ջրամբարից Անգեղակոթ հասնող 23կմ երկարությամբ ջրագծի նորոգման և համայնքը ոռոգման ջրով ապահովելու համար բավարար է անգամ 0,5 մլն դոլարը: «Թող էդքան տան համայնքին, մենք էդ հարցը լուծենք»,- ասում է նա:

«Սիսիան» ջրօգտագործողների միության տնօրեն Սլավիկ Թանգյանը հաստատում է, որ Անգեղակոթը ոռոգման ջրով ապահովելը հիմնականում կապված է Սպանդարյանի ջրամբարի վերանորոգման հետ, միայն այդ դեպքում հնարավոր կլինի հողօգտագործողներին ապահովել ոռոգման ջրով: Նա նաև նշում է, որ չնայած ջրամատակարարման դժվարություններին՝ օրենքով սահմանված կարգով,նախապես պայմանագրեր են կնքվում հողօգտագործողների հետ, և հիմնականում գանձումները կատարվումեն: «Չմատակարարված ջրի դիմա՞ց»,-հարցնում եմ:

«Դե ոնց էլ լինի, գոնե մեկ անգամ կստանան, չէ՞: Ստանում են, աշխատում ենք, կազմակերպում ենք»,- պատասխանում է տնօրենը:

Համայնքի բնակիչների կարծիքով՝ ոռոգելու դժվարություններն առաջացել են այն բանից հետո, երբ ջրամբարի վրա կառուցվել է երեք փոքր հիդրոէլեկտրակայան և, ըստ նրանց, բնական է, որ այս տարվա երաշտի պայմաններում, դրանց գործարկումների արդյունքում իրենց ջուր չի հասնում: Գյուղում պատմում են, որ հաճախ վեճեր են ծագում հիդրոէլեկտրակայանները շահագործողների և գյուղացիների միջև, երբեմն՝ նաև ծեծկռտուքներ:

Սլավիկ Թանգյանի խոսքով՝ դրանք հիմնավոր պատճառաբանություններ չեն: Համայնքապետը տեղեկացնում է, որ ջրամբարից սնվող հիդրոէլեկտրակայաններից երկուսը հունիսի 27-ից ժամանակավորապես դադարեցրել են իրենց գործունեությունը՝ մինչև գյուղատնտեսական աշխատանքների այս սեզոնի ավարտը, իսկ երրորդի հետ լուրջ խնդիրներ կան: «Տևական ժամանակ է, ինչ փորձում ենք բանակցություններ վարել սեփականատիրոջ հետ, աշխատակիցները  նշում են, որ նա արտերկրում է ապրում: Պատահում է, անգամ «տղայական» պարզաբանումներ են լինում, հերթապահություն ենք սահմանում, որպեսզի գոնե որոշակի քանակությամբ ոռոգման ջուր ունենանք, անգամ ոստիկանությանն ենք դիմել, բայց գործնականում հնարավոր չէ վերահսկել 23 կմ երկարությամբ ջրագիծը»,-ասում է համայնքի ղեկավարը եւ ավելացնում, որ երբեմն խմելու ջուրն օգտագործվում է ոռոգման նպատակով:

Ոռոգման ջրի, ինչպես նաև երաշտի պատճառով Անգեղակոթում ոչնչացել է գարնանացան գարին, հաճարը, լրջորեն վտանգվել է կարտոֆիլի բերքը: Համայնքապետի ահազանգով գյուղատնտեսության նախարարության մասնագետները եղել են տեղում, համապատասխան ուսումնասիրություններ կատարել, սակայն դեռևս անհայտ է՝ կփոխհատուցե՞ն գյուղացիների կրած վնասը, թե՝ ոչ:

 Անգեղակոթում արտագաղթը չի դադարում

Այսպես են ասում անգեղակոթցիները՝ նկատի ունենալով, որ  իրենց եկամուտները հիմնականում կախված են բնակլիմայական պայմաններից: «Նման պայմաններում հողի սեփականատերերը կարողանո՞ւմ են ժամանակին վճարել տեղական հարկերը» մեր հարցին համայնքապետը պատասխանում է. «Չնայած եկամուտների հավաքագրման ցուցանիշը բարձր է, այնուամենայնիվ, փոքր թիվ չեն կազմում այն մարդիկ, ովքեր ուղղակի հետաձգում են վճարումը՝ սպասելով հողի հարկի  ապառքները զրոյացնելու կառավարության հավանական որոշմանը»:

Այս հարցում տարբեր դիրքորոշում ունեն համայնքի բնակիչները. ոմանք նշում են, թե փորձում են սեփականաշնորհված հողակտորները վարձակալությամբ տրամադրել, որպեսզի գոնե վարձակալողը վճարի հողի հարկը: Մարդկանց մի խումբ էլ նշում է, թե հարկերի համար հաջողվում է փող գտնել:

Թե ինչ մեխանիզմներ են կիրառվում նման ցածր եկամտաբերությամբ հող մշակողներից տեղական հարկեր գանձելու համար, համայնքային իշխանության ղեկավարը չի մանրամասնում, սակայն մտահոգ է, որ մոտ 2000 բնակիչ ունեցող գյուղում, մասնավորապես, երտասարդներն արտագաղթում են: Անցած տարի Անգեղակոթից 250 երիտասարդ է մեկնել: Որքան էլ տեղական իշխանությունները փորձում են կրճատել համայնքային խնդիրները՝ խմելու ջրով ապահովել, գազաֆիկացնել, դպրոց, մանկապարտեղ նորոգել, բյուջեից տարեկան 10 մլն դրամ հատկացնել մանկապարտեզի գործունեությունն ապահովելու համար, այնուամենայնիվ, ըստ համայնքապետի, մարդուն սնող հողը ծարավ է, ջուր տվող չկա:

Հ.Գ. Համայնքապետին դպրոցի ճանապարհի մասին չհարցրի, որովհետև ոռոգման խնդիրն այնքան էր սրված գյուղում, որ ձմռանը սոված մնալու վախը մարդկանց մոռացնել էր տվել այդ մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter