HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մատչելի» Երևան՝ նկարված թեքահարթակներով

18-ամյա Արտակ Դավթյանի հետ անցնում ենք Սարյան փողոցով: Արտակը գիտեր, որ պիտի թեքահարթակներ ուսումնասիրենք, բայց եկել էր հենակներով, որովհետև սայլակով տեղաշարժվելն ավելի դժվար է նրա համար: Միշտ արգելքներ ու խոչընդոտներ են լինում, որոնց հաղթահարելը ժամանակատար է, երբեմն՝ անհնար:

Սարյան փողոցը Երևանի կենտրոնական փողոցներից է: Նույնիսկ այստեղ սայլակով անձը կմնա կես ճանապարհին, կամ կարող է գլորվել սայլակից, որովհետև թեքահարթակ կոչվող «բլուրները» չի կարողանա հաղթահարել: Արտակը հատ-հատ թվարկում է, թե սայլակն ինչ փորձությունների կենթարկվի, եթե անցնի այդ թեքահարթակի վրայով: Հաճախ ավելի անվտանգ է փողոցով տեղաշարժվելը, քան մայթերի թեքահարթակներով:

Երևանի քաղաքային բյուջեից ամեն տարի տրամադրվում է որոշակի գումար, որպեսզի Երևան քաղաքն ավելի մատչելի դառնա այն խմբի համար, որը տեղաշարժվում է սայլակով: Կառուցվում են թեքահարթակներ: Այսպես կոչված՝ ավելի հարմարավետ Երևան ունենալուն ուղղված ծրագրերի շրջանակում 2013 թ.-ից մայրաքաղաք Երևանում արդեն կառուցվել է շուրջ 1600 թեքահարթակ: Այս թիվը հայտարարել է Երևանի քաղաքապետարանը: 2014թ.-ին կառուցվել է 971 թեքահարթակ:

Թեքահարթակներ կառուցվում են հիմնականում երեք եղանակով.

  1. Երևանի քաղաքային բյուջեի միջոցների հաշվին, 
  2. Երևանում փողոցների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում՝ կառավարության հատկացրած միջոցներով,
  3. մասնավոր կառույցների սեփականատերերի կողմից

Էպիզոդիկ հատվածներում՝ քանակական աշխատանք

Եվ այսպես, 2013թ.-ին Երևանի քաղաքային բյուջեից տրամադրվել է 20 մլն դրամ և կառուցվել է 81 թեքահարթակ: Մինչդեռ 2014թ. տրամադրվել է 40 մլն դրամ, բայց կառուցվել է մի քանի անգամ ավելի շատ թեքահարթակ՝ 330: Այսինքն՝ գումարը կրկնակի է ավելացել, բայց թեքահարթակների քանակը՝ շուրջ 4 անգամ:

«Մատչելի քաղաք» նախաձեռնությունը մոնիտորինգ է իրականացրել՝ պարզելու, թե ինչպես են ծախսվում այդ գումարները և որքանով է ֆունկցիոնալ կառուցված թեքահարթակները հաշմանդամների համար: Նախաձեռնության համակարգող Վարդուհի Արամյանը նկատում է. «Երևանի քաղաքային իշխանություններն այդ գումարները տրամադրելով ու այդ աշխատանքները կատարելով` անընդհատ խոսում են այն մասին, որ այսքան թեքահարթակ է կառուցվել: Բայց մենք զբաղվում ենք հանշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով, և կարծես թե այդ մարդկանց կյանքում շատ բան չի փոխվում: Հետաքրքիր է, եթե այդքան գումար է ծախսվում, ինչո՞ւ չի փոխվում»,- հարցնում է Վարդուհի Արամյանը:

Հետիոտնային անցման մի կողմում կառուցված են թեքահարթակներ, աստիճանների մոտ՝ ոչ

Ընդ որում, քաղաքապետարանն իրեն է վերագրում բոլոր թեքահարթակների կառուցումը, այդ թվում՝ մասնավոր տնտեսվարողների կառուցածները: Դրանք, սակայն, առանձին հատվածների կողմից են կառուցվում և տարբեր ֆինանսական աղբյուրներով, մինչդեռ քաղաքապետարանն իրար է խառնում և «մի ճաշի տեղ» հրամցնում հանրությանը:  

«Մատչելի քաղաք» նախաձեռնության մոնիտորինգի արդյունքները ցույց են տվել, որ Երևանի քաղաքային բյուջեից կառուցված թեքահարթակները հիմնականում կան: «Այստեղ մի խնդիր կա, թեքահարթակը կամուրջի նման է, որը երկու ծայրեր պիտի իրար կապի: Մենք տեսնում ենք կառուցված թեքահարթակներ, բայց այդ թեքահարթակին հասնելու համար այլ խոչընդոտներ պետք է հաղթահարել: Այսինքն՝ համակարգային մոտեցում չի դրսևորած, որ քաղաքապետարանը ոչ թե կառուցված թեքահարթակների թիվը ներկայացնի, այլ ասի, թե որ հատվածներն են մատչելի դարձել»,- ասում է Վարդուհի Արամյանը:

Օրինակ՝ Աբովյան փողոցը մատչելի է և շրջելու խնդիր չկա, սակայն կան փողոցներ, ինչպես, օրինակ, Սարյանը, որտեղ կառուցված թեքահարթակներն ինքնանպատակ են, քանի որ չի կապում մի ճանապարհը մյուսին և արանքներում խոչընդոտներ կան:

Թեքահարթակները կառուցում  է Մհեր Սեդրակյանի մտերիմը

2014թ. Երևան համայնքի բյուջեի միջոցների հաշվին թեքահարթակներ են կառուցել երկու ընկերություններ՝ «Ջեմսիկո» ՍՊԸ-ն՝  77 հատ և «Բիդեք» ՍՊԸ-ն՝ 253 հատ:

2015թ.-ի սկզբին քաղաքապետարանը 2014թ. ընթացքում գնումների գործընթացների կազմակերպման ժամանակ «Ջեմսիկո» ՍՊԸ-ի կողմից շինարարական աշխատանքների մրցույթի հրավերին չհամապատասխանող տեղեկատվություն ներկայացնելու, ինչպես նաեւ շինարարական աշխատանքները սահմանված ժամկետներում չիրականացնելու եւ ոչ պատշաճ կատարելու համար առաջարկել է զրկել ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունքից: Իսկ մինչ այդ, «Ջեմսիկո» ՍՊԸ-ն ներառված էր ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հրապարակվող գնումների գործընթացին մասնակցելու իրավունքը սահմանափակված մասնակիցների ցանկում: «Ջեմսիկո» ՍՊԸ-ի հիմնադիրը և տնօրենը Սամվել Շաքարյանն է:

Թեքահարթակների առյուծի բաժինը կառուցող «Բիդեք» ՍՊԸ-ի 100% բաժնեմասը պատկանում է ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի մտերիմ ընկերոջը՝ Գառնիկ Ավետիսյանին: Վերջինս նույնիսկ ուղեկցում է պատգամավոր Սեդրակյանին արտերկրյա ուղևորությունների ժամանակ:

2015թ. ծրագրերի շրջանակներում «Բիդեք» ընկերության հետ կնքվել է 39,1 մլն դրամի պայմանագիր` 285 թեքահարթակների կառուցման համար.  «Աշխատանքներն ընթացքի մեջ են, ավարտ է նախատեսվում հոկտեմբերի 30-ը: Հուլիսի 15-ի դրությամբ կառուցվել է 190 թեքահարթակ»,- «Հետքի» հարցմանն ի պատասխան հայտնել է Երևանի քաղաքապետարանը:

Նկարված թվեր՝ չկառուցված թեքահարթակների համար

Թեքահարթակների երկրորդ խումբը, ինչպես արդեն նշեցինք, պետք է որ կառուցվեն փողոցների հիմնանորոգմանը զուգընթաց:

ՀՀ կառավարության տրամադրած պետական բյուջեի միջոցներով 2014թ.  մայրաքաղաքի փողոցների հիմնանորոգման ծրագրերի շրջանակներում կառուցվել է ևս 341 թեքահարթակ:

«Փողոցը հիմնանորոգվել է, դրան զուգահեռ՝ նաև մայթերը, նկատելի է, որ պահպանվել է անխոչընդոտ միջավայր ունենալու սկզբունքը, եթե ամեն տեղ արհեստական մայթեզրեր կային, դրանք փորձ է արվել հարթել, սարքել անխոչընդոտ, բայց բոլոր հարթեցումները ներկայացվում են որպես թեքահարթակներ»,-ասում է Վարդուհի Արամյանը:

Նախաձեռնության անդամների մոնիտորինգը ցույց է տվել, որ, օրինակ, Զ.Քանաքեռցու փողոցում ներկայացված 68 թեքահարթակի թիվն իրականում ուղղակի նկարված է քաղաքապետարանի կողմից: «Այստեղ հարց է առաջանում, թե ինչ է թեքահարթակը, որ հետո գնաք փնտրելու: Այսինքն՝ այստեղ թիվ է նկարած, որի փոխարեն կարելի է նկարել, ասենք, 108»,-ասում է նախաձեռնության համակարգողը:

Ըստ մոնիտորինգի, նույն կերպ նկարված է Շենգավիթի Արտաշիսյան փողոցի թեքահարթակների թիվը: Ըստ քաղաքապետարանի, 2014-ին այնտեղ կառուցվել է 50 թեքահարթակ, սակայն անգամ փողոցների անցումները թեքահարթակներով չեն հագեցվել: Եթե փողոցի հիմնանորոգման շրջանակներում հարթեցում է նախատեսված, ապա ինչու Նանսենի փողոցի հիմնանորոգման շրջանակում իսկապես թեքահարթակ է կառուցվել, այլ ոչ թե հարթեցում կատարվել, և Նանսենի փողոցի թեքահարթակների թիվը համապատասխանում է քաղաքապետարանի ներկայացրած 36 թվին: Մինչդեռ 2013թ.-ին Նար-Դոս փողոցում իբրև թե կառուցված 28 թեքահարթակը կարծես թե «օդն է ցնդել»: Հանրապետության փողոցում թեքահարթակի փոխարեն թեք քարեր են տեղադրվել:

Քանաքեռցու փողոցի հիմնանորոգումն իրականացրել է «Լիլիթ-87» ՍՊԸ-ն: Պաշտոնապես ընկերության միանձնյա բաժնետերը Նարգիզ Աբրահամյանն է, տնօրենը` Վաղարշակ Պետրոսյանի մայրը:

«Հետքի» հետ զրույցում Վաղարշակ Պետրոսյանը, լսելով մեր հարցը, թե ինչու թիվը չի համապատասխանում քաղաքապետարանի ներկայացված թվին, պատասխանեց. «Ճիշտն ասած՝ չեմ հիշում քանի հատ ենք կառուցել, երևի բնակիչների համաձայնությունն էլ է եղել, որ չենք կառուցել այդ քանակը: Բնակիչներն էլ պետք է համաձայն լինեին, բնակիչ կար, ասում էր՝ մի արա, այնպես չէ, որ գրում տալիս են, որ պետք է էսքան թեքահարթակ լինի, բնակիչները չեն ուզում, որոշ բնակիչներ ուզում են, դրա համար է երևի թիվը պակասել»:

Քիչ հետո Վ.Պետրոսյանն ավելացրեց, որ ոչ թե թեքահարթակ, այլ «ասֆալտի տեսքով է թեքահարթակ արվել»:

«Նախագծում նշված է, որ բորդյուրը որ հելնում-իջնում է, նույն ձևի, ոնց որ բորդյուրն է թեք բարձրանում, ասֆալտն ենք համահունչ ձևի բարձրացրել, որպեսզի թեքահարթակ ստանանք: Կոնկրետ սալիկներով նախատեսված չի եղել թեքահարթակ կառուցել: 68-ից ավել կլինի, դաժե կարող է 168 լինի: Էնքան շատ են Քանաքեռի տները, որ 68-ից ավել կլինի, բայց ես չեմ էլ հիշում, չեմ էլ ուշադրություն դարձրել, թե քանի հատ են»,-ասաց տնօրենը:

«Մենք խոսում ենք՝ քաղաքապետարանի թվեր նկարելու տենդենցի դեմ, որը կուզենք, որ չլիներ: Կա անխոչընդոտ միջավայր ունենալու ձգտում, նկատելի է դա, բայց դրան զուգահեռ կա նաև թեքահարթակների թվականակ նկարելու ձգտում»,- ասում է Վարդուհի Արամյանը:

Մասնավոր հատվածի՝ «մատչելի արգելքները»

«Մատչելի քաղաք» նախաձեռնությունն ուսումնասիրել է նաև մասնավոր հատվածի կառուցած թեքահարթակները և պարզել, որ այստեղ վիճակը առավել քան տխուր է: Նախաձեռնության անդամ Արփի Հարությունյանը նշում է, որ հաճախ դրանք կամ մատչելի չեն, կամ սխալ կառուցված, կամ էլ արգելքներ կան: 

Օրինակ՝ Սարյան փողոցի դեղատներից մեկը կառուցել է թեքահարթակը, սակայն մտնում ես ներս, աստիճաններ կան, որը սայլակով անձը չի կարող հաղթահարել և մնում է շեմին: Թեքահարթակի իմաստը կորում է: 

Նույն փողոցում հյուրանոցը փորձել է մատչելի դարձնել հաշմանդամություն ունեցող այցելուների մուտքը դեպի ներս, սակայն թեքահարթակների անմիջապես դիմացը իրերի տեղափոխման սայլակ ու մեծ ծաղկաման է դրված:  

Կամ՝ թեքությունն այնքան շատ է, որ սայլակով անձը կարող է հետ ընկնել, եթե միայնակ փորձի բարձրանալ և սայլակը վարող չլինի: 

Սակայն այս ամենը վրիպում է քաղաքապետարանի աչքից, քանի որ կարևորը թվեր ներկայացնելն է: Հիմա, թերևս, հասկանալի է, թե ինչպես է «կառուցվել» 1600 թեքահարթակը: 

Մեկնաբանություններ (1)

GB
Too many drunk drivers in Armenia, unfortunately Ponce have no breathalyzer device to check those vodka lovers, and suspend their drivers licenses with heavy fines!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter