HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Losing My Religion». Երբ իրականությունն ու փիլիսոփայությունը միասին են, նույն տեղում

Նաիրա Հայրապետյան

Ամերիկյան «R.E.M.» ալտերնատիվ ռոք խմբի «Losing My Religion» երգը միանգամից ընդունվեց հանրության կողմից: Չնայած նախնական մի քանի լուրջ խոչընդոտների՝ այս երգը դարձավ խմբի ամենամեծ հիթը: «Losing My Religion»-ով միաժամանակ ընդլայնվեց  «R.E.M.»-ի  հանրաճանաչությունը՝ նրան հիմնական երկրպագուների շրջանակից դուրս հանելով դեպի տարբեր ժանրի ու ոճի լսարաններ: Երգը թողարկվեց 1991թ.՝ որպես «Out of Time» ալբոմի առաջին սինգլ և շրջանցելով մի շարք թերահավատ ենթադրություններ՝ գրավեց  երաժշտական լավագույն հորիզոնականներն աշխարհի տարբեր մայրցամաքներում: Այս հաղթարշավից հետո  երգն ապահով հենարան դարձավ համերգային նոր շրջագայությունում և խմբին պարգևեց մի քանի «Գրեմի» մրցանակ՝ երաժշտական աշխարհի հսկա հանդիսացող այս մրցանակաբաշխությունում:

Այս երգի հաջողությունների մեջ, սակայն, մեծագույն ներդրում ունեն  տեսահոլովակն ու վերնագիրը:

«Losing My Religion». սովորական շարքային ունկնդրի մոտ անգամ այն հետաքրքիր, փիլիսոփայական ենթատեքստեր գտնելու մղում է առաջացնում, եթե հաշվի առնենք, որ բառացի թարգմանությամբ  նշանակում է «Կորցնելով հավատքս/ կրոնս»: Սակայն խմբի վոկալիստ Մայքլ Սթայփը կոտրեց այս երևակայական զգացողությունը, երբ  «The New York Times »–ում մեկնաբանեց, որ երգը ամենևին էլ կապ չունի կրոնական թեմայի հետ: Ու պարզվում է, որ նա ընդամենը ռոմանտիկ սիրո հերթական պատմություն է՝ իր դժվար ու չափազանց զգացմունքային առանձնահատկություններով: «Losing My Religion» արտահայտությունն էլ ամերիկյան հարավային շրջանի խոսակցականում  նշանակում է՝ համբերությունը կորցնել. այնպես, ինչպես մեզանում՝ «դանակը ոսկորին հասնել» կամ «համբերության բաժակը լցվել»: Մեկ այլ առիթով՝ «Q» ամսագրին տված հարցազրույցում, նա ասել է, որ երգը անպատասխան սիրո մասին է՝  մեկ այլ մարդու հանդեպ թախծելու, տանջվելու մասին: Չնայած այս մեկնաբանությանը՝ սինգլի թողարկումից հետո հրապարակված տեսահոլովակը՝ իր միստիկ, տեղ-տեղ աստվածաշնչյան ակնարկներով լի պատկերներով, բոլորովին հակառակն էր պնդում:

Ինչևէ, մի կողմ թողնելով իրար հակասող այս պատմությունները և վստահենք երգի՝ երկխոսություն կառուցելու անհատական մոտեցմանը, իսկ այս բանաձևի համաձայն, երգն անշուշտ հասել է իր ունկնդիրներին:

«Losing My Religion»-ի ստեղծման պատմությունը շատ պարզ է, բայց միևնույն ժամանակ՝  հետաքրքիր: Այս օրինակով կարելի է հասկանալ, թե ինչպես առանց հատուկ ամբիցիաների գրվող ստեղծագործությունը կարող է սովորականից դառնալ ճակատագրական և իր հետևից տանել մի ամբողջ կենսագրություն: Այն Փիթեր Բաքի գտած ռիֆֆի հիման վրա է (երաժշտության մեջ ռիֆֆ է կոչվում մեղեդային և ռիթմային կառույցը):  «R.E.M.»-ի կիթառահարը 1990թ. ամռանը գնել էր իր համար մի մանդոլին: Այդ օրը նա որոշել էր փորձարկել իր նոր երաժշտական գործիքը: Բաքը այս աշխատանքին զուգահեռ՝ հեռուստացույց էր նայում և մագնիտոֆոնի վրա երբեմն ձայնագրում իր նվագելու փորձերը, որ հետո լսեր, թե ինչ կարող էր ստացվել մանդոլինից: Հաջորդ օրը, երբ նա լսում էր ձայնագրությունները, հայտնաբերեց մի մեղեդի, որը իրեն շատ դուր եկավ: Մի քանի անգամ լսելուց հետո Բաքն արդեն որոշեց, որ այն անպայման պետք է օգտագործվի և երգ դառնա:

Սեպտեմբերին սկսվեցին երգի ձայնագրությունները նյույորքյան «Bearsville» ձայնագրման ստուդիայում: Գործիքավորումը ևս կատարվեց ստուդիայում՝ մանդոլինի մասնակցությամբ իհարկե: Նախապես որոշված էր՝ գործիքավորումն ուղեկցել երգեհոնի նվագով, սակայն այս գաղափարը հետո փոխարինվեց  սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ: Բացի այդ՝ հրավիրված էր նաև կիթառահար Փիթեր Հոլսեփըլը, ով կատարեց ակուստիկ կիթառի մասը: Բասիստ Մայք Միլզը այս ձայնագրության առիթով խոստովանել է, որ իր պարտիան կատարելիս ինչ-որ բաներ վերցրել է «Fleetwood Mac» խմբի բաս կիթառահար Ջոն Մըքվիից, քանի որ ոչ մի առանձնահատուկ բան չէր կարողանում հնարել:

«Ես մինչ այդ այն զգացողությունն ունեի, որ գործիքավորման մեջ ասես ինչ-որ բան այն չէր, ու չէի հասկանում թե կոնկրետ ինչը,- ասել է Փ. Բաքը՝ վերհիշելով աշխատանքը,- Փիթերի մասնակցությունն իսկապես հրաշալի գաղափար էր: Նա և ես մեր առանձին փոքրիկ տաղավարում էինք ինքնամոռաց նվագում, Մայքն ու Բիլը՝ կողքի, դարձյալ նույն գործին լծված: Դա իսկապես կախարդական զգացողություն էր»:

Սթայփը վոկալի մասը ձայնագրում է ընդամենը մեկ փորձով: Արդեն հոկտեմբեր ամսին երգը ամբողջացվեց Ատլանտայի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ և հանձնվեց թողարկման:

«Losing My Religion»-ը լույս տեսավ 1991թ. հոկտեմբերին ԱՄՆ-ում, «Out of Time» ալբոմի կազմում: Այն գլխավոր սինգլն էր, սակայն խմբի այս ընտրությանը բացահայտ դեմ էր թողարկող ընկերությունը՝  «Warner Bros. Records» -ը: Պրոդյուսերներից մեկի պատմելով` բազմաթիվ թեժ քննարկումներ են եղել այդ առիթով, քանի որ ընկերության արտադրական բաժինը ճիշտ չէր համարում իր պիտակը վստահել նման ոչ ավանդական  գործի: Եվ իսկապես, երկար ու գործը ձգձգող քննարկումներից հետո, վերջապես թողարկող կողմը զիջեց, քանի որ խումբն իր որոշման մեջ համոզված էր: Ի դեպ՝ նույն խոչըդոտին նրանք նաև հանդիպեցին «MTV»-ում, որը խիստ քննադատորեն մոտեցավ՝ հիթ դառնալու որևէ հնարավորություն չտեսնելով նրանում: Սակայն ունկնդիրներն այլ կարծիք ունեցան:

Հակառակ այս ամենի՝ երգն սկսեց ակտիվորեն հնչել ռադիոկայաններից, խումբն անվերջ հարցազրույցների էր հրավիրվում, դե իսկ երաժշտասերների ոգևորությունն արդեն անկասկած հաջողություն էր խոստանում «Out of Time»-ի ապագա շրջագայությանը: Երգը շատ արագ հայտնվեց երկրի կարևորագույն հիթ-շքերթում՝ ամերիկյան «Billboard Hot 100»-ում: Այստեղ նա հաստատվեց 4-րդ հորիզոնականում և մնաց 21 շաբաթ անընդմեջ: Շուտով հաջողությունը տեղափոխվեց երաժշտական խիստ սկզբունքներ կրող Մեծ Բրիտանիա, ուր «UK Singles Chart»-ում հասավ մինչև 16-րդ հորիզոնականը: «Losing My Religion»-ն սկսեց իր տարօրինակ, բայց երևակայական մեծ հնարքներով տեսահոլովակով շրջել աշխարհում: Նրա հանդեպ երաժշտասերների վերաբերմունքը չփոխվեց անգամ Սթայփի հիասթափեցնող բացատրությունից հետո, և ոմանք շարունակում են հավատալ, որ երգն, այնուամենայնիվ, ենթատեքստում ավելի խորը ակնարկներ ունի, քան պարզ սիրո պատմությունն է: Առհասարակ, անկախ ամեն տեսակ մեկնաբանությունից (նույնիսկ հեղինակային), միևնույն է՝ ունկնդիրներից ամեն մեկը վերցնում է այն, ինչ համապատասխանում է իր ներքին զգացումներին: Այդ կարծիքին է նաև Սթայփը և, հավանաբար, այս հակասությունը նկատի ունենալով է համեմատել հանրահայտ «Every Breath You Take»-ի հետ՝ ասելով. «Ես միշտ էլ զգացել եմ, որ երգի լավագույն տեսակն այն է, որը բոլորին է հասանելի և որում ամեն մեկը կարող է տեսնել իրեն ու ասել՝ «Այո, սա իմ մասին է»»:

1992-ին «Գրեմիի» 34-րդ մրցանակաբաշխությանը «R.E.M.»-ը ներկայացավ վեց անվանակարգում և շահեց երեքը: Այդ մրցանակներից երկուսը «Losing my religion»-ինն էին՝ «Best Pop Performance by a Duo or Group with Vocals»-ը  և «Best Short Form Music Video»-ն: Իսկ «Out of Time»-ը հաղթեց «Best Alternative Music Performance» անվանակարգում: Խումբը մինչ այդ երբեք չէր առաջադրվել այս հայտնի մրցանակաբաշխությունում: 2004թ. «Rolling Stone» ամսագիրի անցկացրած հետազոտության արդյունքում՝ «Losing My Religion»-ը ունկնդիրների կողմից ճանաչվել է բոլոր ժամանակների լավագույն երգերից մեկը և 500 անուն ունեցող ցուցակում գրավել 169-րդ տեղը:

Իր ավելի քան 30-ամյա կարիերայի ընթացքում թողարկելով բազմաթիվ երգեր և տեսահոլովակներ, որոնցից շատերը ևս հետագայում մեծ հաջողություններ ունեցան, այնուամենայնիվ, «R.E.M.»-ի կյանքում ամենանշանակալից դերն ունեցավ «Losing My Religion»-ը: Խումբը ունկնդիրների շրջանում մեծ մասամբ հիշվում է հենց այս երգի շնորհիվ, իսկ ոմանց համար՝ միմիայն այս մեկով:

Մեկնաբանություններ (1)

Karen
....Every waking hour I m losing my religion....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter