HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Ստեփանյան. բանաստեղծություններ

Փակդուռ եկեղեցի

Ճերմակ, ճերմակ ծխե անըմբռնելի սպիտակ ամպեր

Արտացոլված մակերեսով երկնքին կրկնած հայելի լճեր

Եկել եմ, որ կրկին սիրալիր երկխոսենք

Նստել եմ նույն նստարանին, որ բանակցենք

Ասում եմ` հիմարություն է երկուշաբթիից մինչև կիրակի

Գնալ փակդուռ քավարանով եկեղեցի

Ուր երկուշաբթիից մինչև կիրակի

Քահանան գործի չի գալի

Ուր կենդանի Աստծուն իսկականից սպանել

Ու նրա տեղն անշունչ արձաններ են դրել

Ուր վառվող մոմերը հրդեհ են բռնկել

Ու միայն մետաղադրամներն են փրկվել

Ուր ես ու ինքը թեև իրարից հեռու ենք նստել

Բայց մտքում նույն բանն ենք խնդրել

Ուր ծանր լռությունը խախտել

Ոտնաձայներով ենք լցրել

Քավարանի դուռը ջարդել

Թողությամբ ու բողոքով ենք լցրել

Ուր մեզ ոչ ոք չի սփոփել, բայց կարևորը եկեղեցի ենք գնացել

Ուր երկուշաբթիից մինչև կիրակի

Քահանան գործի չի գալի

Քանզի օջախում քեֆ անելիս կորցրել է մուտք ու բանալի

Քանզի նրա գործերը նույնքան անքննելի են

Որքան հաշիվները անհաշվելի են

Քանզի հանդերձանք սգեմը նույնքան խաբուսիկ է

Որքան միտքը մեր նման տեղ-տեղ ծուռ է

Քանզի դեպի քեզ տանող ճանապարհը փակել է

Ու անթիվ տներդ սեփականաշնորհել է

Ուր երկուշաբթիից մինչև կիրակի

Քավարանիդ դուռն ամուր կողպել է:

Ճերմակ, ճերմակ ծխե անըմբռնելի սպիտակ ամպեր

Արտացոլված մակերեսով երկնքին կրկնած հայելի լճեր

Եկել եմ, որ կրկին սիրալիր երկխոսենք

Նստել եմ նույն նստարանին, որ բանակցենք

Բայց էս անգամ առաջարկում եմ բարկացած խոսենք

Ասա’, հիմա անմեղանչել մենք ոնց ապրենք

Որտեղ փնտրենք

Հասցեդ գտնենք

Դուռդ թանկենք

Ու ներս մտնենք:

***

Չգիտեմ, էս լի ու բոլ քաղաքում

Ուր մարդն էլ արժեք չի համարվում

Երբ անգամ մարդուն են ծախում

Ինչու էժանով մահ չեն վաճառում

Ինչու է մահը հայտնվում

Անպատեհ ու առանց հրավեր

Անտրամաբանական ու անժամկետ,

Անժամանակ ու անհեթեթ

Առանց զանգել, անզգուշացնել,

Առանց տեղյակ պահել, պայմանավորվել,

Առանց երկկողմանի պայմանագիր կնքել,

Թեկուզ առանց դուռը քացով խփել…

Հայտնվում է ստվերի նման, ծլկում` մեկին թևին խփած հետը տարած:

Չգիտեմ, էս լի ու բոլ քաղաքում,

Երբ վաղուց  իրար միս են ուտում

Ինչու են քաղաքի ծերերը սովում

Ու տարին չորս  մրսում

Ապրելուց հոգնում, չապրելուց տանջվում

Մեռնում, չըթաղվում, լուռ  ծպտվում

Ասելիքս  ընդհատում

 Խոսքն ավարտում, ձայնագրիչս անջատում

Կոկորդս բռնում, ականջիս հպվում

Ու

Ինչու են ինձնից մահ խնդրում,

Երբ էս լի ու բոլ քաղաքում

Ուր անգամ փողով մարդ են առնում

Ոչ մեկ էժանով մահ չի վաճառում:

Չգիտեմ, երբ էս լի ու բոլ քաղաքում

Քաղաքի ծերերին ոչինչ տալ չի ստացվում

Ինչու մեկն էժանով մահ չի վաճառում

Պահանջարկը լրացնում

Ներկրում կամ արտադրում

Առնում, ծախում հարստանում

Հարստահարում

Անթիվ խմբաքանակները շուկայում իրացնում

Մշտական շրջանառություն ապահովում

Օրենք գրում, օրինական դարձնում

Պաշտոնական դիրքը չարաշահում

Մոնոպոլիզացնում

Կադաստրից դուրս փոր գցում

Ուտում-ուտում այլանդակվում

Անբարեխիղճ մրցակցություն վարում

Ստից տուգանվում

Մահը կեղծում

Որ էս լի ու բոլ քաղաքում,

Ուր վերևից թեև միայն  մահ են դակում

Բայց  քաղաքի ծերերն ապրելով են մեռնում

Ու իսկական մահն ինձնից են ուզում:

Կարևոր է

Կարևոր է, որ էսօր

Երեկվանից ավելի կարևոր օր է

Գրապահարանը դասավորելիս

Համոզվել, որ ամեն մարդ իր տեղում է,

Արկղերը դատարկելիս

Զգալ, որ էսօրվա իրականությունը

Վաղվա համար կարևոր հիշողություն է:

Հուշերը հատակին փռելիս

Հասկանալ, որ քամի, փոթորիկ  չէ:

Կարևոր է, որ էսօրվա նամակն էլ լեզվով սոսնձելիս

Երեկվա պես ծրարը շուրթերին մոտ պահելու հոգեմաշ ուղիղ կես ժամը չէ,

Ինքնավստահ ձեռագիր խաղարկելու

Կարևորությունը ժամանակավրեպ չէ,

Գրելիս մտքերի պտտահողմ չէ

Ջնջելիքը վերջը չէ

Դատարկություն, անտառ տարածություն չէ

Նոր սկիզբ է և…

Դեռ չստացած պատասխան նամակին փայլող աչքերով ժպտալն այժմեական է:

Կարևոր է, որ էսօրվա չլսած ձայնասկավառակի մեղեդին

Վաղը ծխնելույզով հոսի ու վայրէջքը լինի նույնքան անսպասելի

Որքան կարևոր է, որ էսօր

Երեկվանից ավելի կարևոր օր է:

Կարևոր է լուսանկարվելիս ժպիտ բեմադրելը

Հետո այն նայելն ու ժպիտով խաբվելը:

Նույնքան կարևոր է

Լուսանկարներ նայելիս գլուխներ չկտրելը,

Ինքնաբուխ վիրահատումներ չանելը

Մարդկանց իրենց դերում թողնելը

Տեղափոխություն չանելը,

Ձևափոխություն չանելը

Զենքով կամ խոսքով չսպանելը

Վերքեր չթողնելը

Անգլուխ կոլաժից չմխիթարվելը

Կարևոր է ուղղակի պարբերաբար լռելը…

Նույնքան կարևոր է

Գրապահարանը դասավորելիս

Կրկին համոզվել, որ ամեն մարդ իր տեղում է:

Կարևոր է ինքնաեռ միացնելը

Անկախ նրանից քնած, թե արթուն

Ու կարևոր է նրա սուլոցից

Դեռ չարթնացած ականջներին բամբակ խրելը:

Կարևոր է նրա սուլոցից համոզվել,

Որ նոր օրն էսօր էլ  

Երեկվա պես հորանջելով զարթնել է:

Կարևոր է գիտակցել, որ էսօր

Քայլելիս պարանոցը վզից կախ չէ

Հայացքն ուսապարկում չէ

Աչքերը կիսախուբ չեն

Հեծանիվի անիվներն այլևս երեքը չեն

Ու կարևոր է էսօր

Երեկվանից ավելի կարևոր ժպտալը

Որովհետև կարևոր է հավատալ,

Որ վաղն էսօրվանից ավելի կարևոր օր է

Սպիտակ մակերես

Սպիտակ կտավ, ինչ անհամբեր ես

Հարցախեղդ արիր մոտավորապես…

Տե’ս ինչ խելքահան գույներ ունեմ

Բերել եմ, որ հարցերիդ պատասխանեմ:

Հիմա ես քեզ կապույտով շաղեմ

Մի քիչ էլ մոխրագույն մշուշ ծորացնեմ,

Որ ամպերի պես ինչքան քեզ կարդամ էլի ընթերցվես

Ամեն վայրկյան այլակերպվես

Ամեն լուսաբաց

Ամեն իրիկուն ծխամորճն առած

Իմաստուն ծերուկի պես

Առաստաղովս

Անշտապ ճեմելով գնաս ու գաս:

Չէ, մեկն ասում է արձանագրված օրենքի պես սև- սպիտակ դարձրու,

Բայց, հարկավ ուզում եմ, օրինախախտի պես

Անաղմուկ ծլկես

Ու սևով արած ձեռնաշղթաները վարդագույն ներկեմ

Կապերը թողած գժի պես կերպարանք դառնաս…

Սպիտակ կտավ ինչ անհամբեր ես

Թող մակերեսդ սկզբում ծածկեմ,

Որ հետո սկիզբը դառնա վերջ, վերջը` սկիզբ

Մեջտեղում էլ ոչինչ

Դատարկ փիլիսոփայեմ,

Որ հարցերիցդ փախնեմ

Ներկայացում բեմադրեմ:

Չէ մեկն ասում է`մակերեսիդ

 տափակ բանաստեղծություն վերացարկեմ

Նայեմ քեզ հույզերս արթնացնեմ:

Ավելի լավ է միայն մակագրեմ

Անունս կարդան զարմանան

Հարցնեն բա նկարն ո՞ւր է

Ճամարտակած փիլիսոփայեմ:

Չէ, արի ես քեզնից թղթով գիժ սարքեմ,

Որ քեզ նայելիս սարսափած փախնեմ

Բոլոր գույներն իրարով խառնեմ

Երեսիդ շփացնելով մուռս հանեմ:

Սպիտակ կտավ ինչ անհամբեր ես

Թող կողմնորոշվեմ…

Քեզ թախծոտ աշուն դարձնեմ

Անձրևից թրջվեմ,

Թե նորածին արև, խենթացող գարուն

Սիրեմ, սիրեմ, սիրեմ…

Ավելի լավ է քեզ մի թուխ նժույգ նվիրեմ

Սլանանք երկինք, իջնենք դեպի ցած

Հողը գրոհենք, ոտնահետքերով անդունդեր փորենք,

Խրտնենք, թափառենք վերև, ներքևում

Մի թեթև էլ նարնջագույն վրձնահարված տամ,

Դեռ չխմած հարբենք, հոնգուր-հոնգուր լացենք:

Չէ, ավելի լավ է դեղին կանաչով գծեմ-գծմծեմ

Ու մի անճոռնի ծաղրանկար ստեղծեմ

Ինչքան նայեմ, էնքան քահ-քահ ծիծաղեմ:

Կամ թանձր մանուշակներ երեսիդ փռեմ

Թերթերդ հատ-հատ պոկոտեմ ու նստեմ լացեմ:

Սպիտակ կտավ ինչ անհամբեր ես

Չես տեսնում, որ արդեն նկարվել ես՞

Վերջին վագոնով ծանր դղրդում ես

Արդեն ճստլիկ, խորհրդավոր մի կետ ես

Ռելսերդ գնացքիդ հետ պոկել տարել ես

Հիմա լրիվ մութ ես

Ու տեսնո՞ւմ ես նրանց պես գնացել ես

Հարցախեղդ արած

Առանց մեկնաբանության

Առանց հետգրության

Առանց ստորագրության

Անխոս

Անշշուկ

Անհետացել ես:

Իսկ ես կրկին պատասխաններով լի ճամպրուկը ձեռքիս

Մնացել եմ առանց ռելս կեսճանապարհին

Կրկին սպասելով հաջորդ գնացքին:

Լուսանկարը՝ Լ. Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (1)

Gor
Երա՞զ, տեսի՞լ, անգո ստվե՞ր մ’անհոգի, Ճառագայթի, փրփուրի խա՞ղ մը տարտամ: Քմայապաշտ ծաղի՜կ մ’արդյոք ցընորքի, Քու մշուշոտ գիծերուդ ի՜նչ անուն տամ. Երա՞զ. տեսի՞լ, անգո ստվե՞ր մ’անհոգի: Քու կապույտիդ վճիտ, աղվոր ջուրերու Եթերային անրջանքին է հանգույն. Ու քու կարմի՛րըդ Պենկալյան վարդերու Երազամած կարմըրության պես տժգույն. Գոգն աչերուդ կապույտն ունիս ջուրերու: Արցունքիդ պես նայադներ պար կը դառնան: Այդ ի՞նչ հեշտանք որ շրթներուդ մեջ կը’մպես. Շունչըդ գինով է հովերու պես գարնան, Ձայնըդ տարփոտ` աղբյուրներու երգին պես… Արցունքիդ մեջ նայադներ պար կը դառնան: Կը հմայեն զիս քու աչերըդ, կը շոյե՜ն, ՈՒ մարմինեդ ծորող խունկը մեղավո’ր, Ավելի քաղցր է Քանանու գինիեն… Հազարբուրյան այս պատարա՞գն է աղվոր, Թե լո՛ւյծ աչերդ որ մութ հոգիս կը շոյեն: Հրաշագո ո՜հ, քու անդրիդ բյուրեղե. Սրունքներուդ սարսռացող ձյունն հրաշեկ, ՈՒ անանո՜ւն ցոլքը որ քեզ կողողե, Մորթիդ թաքուն գանգուրներուն խուրձը շեկ… Հրաշագո՛… ո՜հ, քու իրանդ բյուրեղե: Տենչերուս վրա պիտի հսկեմ այս գիշեր Որ բազուկնե՜րըս չը փընտռեն քեզ իմ քով, Սիրտս ո՜ւր էր որ կուրծքեդ ոչինչ չը հիշեր, Մինչև առտու պիտի հալեր արցունքով… Կիրքերուս վրա պիտի հսկեմ այս գիշեր: Իզո՜ւր: Հոգիս թաղվել կուզե հուլորեն Ստինքներուդ մտերմությանը մեջ կույս. Ու անութիդ որոշ ծալքերը նորեն Գիտեմ որ զիս պիտի տանջեն մինչև լույս… Քու մե’ջդ հոգիս թաղվել կուզե հուլորեն: Տժգույն աղջի’կ, հյուսիսայգի աչքերով, Կոպերուդ վրա ու բիբերուդ մեջ խոնավ Այդ ի՜նչ անճառ երանություն, ի՜նչ գորով… Ո’չ մեկ արգանդ քե՜զ պես հրաշք չըծնավ, Տժգո՜ւյն աղջիկ, հյուսիսայգի աչքերով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter