HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Մասնավոր տրանսֆերտները նորից նվազել են․ ռուբլին նորից արժեզրկվում է

Այս տարվա հունիսին արտերկրից Հայաստան կատարված մասնավոր տրանսֆերտները (զուտ ներհոսքը) կազմել են մոտ 103,8 մլն դոլար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած ցուցանիշներից։ 2014-ի հունիսի համեմատ ծավալը նվազել է 31,4 մլն դոլարով։ Այսինքն՝ տարեկան համեմատությամբ տրանսֆերտները նվազել են մոտ 23,2%-ով։ Խոսքը ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած ոչ առևտրային բնույթի ամսական փոխանցումների մասին է։

Կիսամյակային կտրվածքով ևս տրանսֆերտների չափը նվազել է։ Այս տարվա առաջին կիսամյակում արտասահմանից ոչ առևտրային նպատակներով Հայաստան է փոխանցվել է ընդհանուր 386,8 մլն դոլար գումար։ 2014-ի առաջին կիսամյակի համեմատ այս ցուցանիշը նվազել է 219 մլն դոլարով կամ 36,1%-ով։  

Իսկ այս տարվա մայիսի համեմատ հունիսին մասնավոր տրանսֆերտների ծավալն ավելացել է 19,5 մլն դոլարով կամ 18,8%-ով։

Հայաստան ուղարկվող տրանսֆերտների գլխավոր աղբյուրը Ռուսաստանն է, ուր հայերը մեկնում են արտագնա աշխատանքի:  Այս երկրում տիրող տնտեսական իրավիճակից էլ կախված է տրանսֆերտների ծավալի աճը կամ նվազումը։ Ռուսաստանի տնտեսության վիճակի վատթարացման ժամանակ նվազում են այնտեղ աշխատող հայերի եկամուտները, հետևաբար և՝ տրանսֆերտների ծավալները։ Այսինքն՝ երբ այնտեղ ռուբլին արժեզրկվում է ԱՄՆ դոլարի նկատմամբ, Հայաստան կատարվող տրանսֆերտների նվազումը զգալի է դառնում։ 2014-ի աշնանից սկսվել է ռուբլու արժեզրկումը։ Այս տարվա սկզբից այն որոշ չափով արժևորվել է, բայց աշնան «ցնցումների» հետևանքները մնացել են։ Դրանցից մեկն էլ հենց Հայաստան ուղարկվող փողի  պակասելն է։

Այս տարվա հունիսին 103,8 մլն դոլար տրանսֆերտներից միայն 87 մլն դոլարն ուղարկվել է Ռուսաստանից, իսկ 8,8 մլն դոլարը՝ ԱՄՆ-ից։ Նախորդ տարվա հունիսի համեմատ Ռուսաստանից Հայաստան ուղարկվող տրանսֆերտների ծավալն այս տարվա հունիսին նվազել է ավելի քան 26%-ով։

Նկատելի է, որ  տարվա սկզբի համեմատ  նվազման տեմպերը մեղմացել են։ Եթե այս տարվա հունվարին 2014-ի հունվարի համեմատ Հայաստան ուղարկվող տրանսֆերտների ծավալը նվազել էր ավելի քան 62%-ով, ապա հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ՝ 23,2%-ով։ Սա, իհարկե, հույս է տալիս, որ հնարավոր է՝ մինչև տարեվերջ արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների գործերը կլավանան և տրանսֆերտների ծավալները կաճեն։ Սակայն, մյուս կողմից էլ հուլիսի և հավանաբար՝ օգոստոսի համար, այնուամենանիվ, այդ հույսերն այդքան էլ արդարացված չեն։ Հուլիսի վերջերին ռուբլին կրկին արժեզրկվեց։  Մոսկովյան ֆոնդային բորսայում մեկ դոլարի գինը հատեց  60 ռուբլու սահմանը։ Օգոստոսի 2-ի դրությամբ այն հասավ 62,8  ռուբլու, իսկ այսօր առավոտվա դրությամբ, ինչպես տեսնում ենք Մոսկովյան ֆոնդային բորսայի պաշտոնական կայքում, 60,3 ռուբլի է։ Համեմատության համար նշենք, որ հուլիսի   սկզբի դրությամբ, օրինակ, 1 դոլարը բորսայում  արժեր 55-56 ռուբլի։

Ռուբլու արժեզրկումը պայմանավորված է նավթի գների կտրուկ անկմամբ, որի միտումը դեռ շարունակվում է։ Նավթի համաշխարհային գները նվազում են պատժամիջոցներից հետո Իրանում նավթի արդյունահանման կտրուկ ավելացման սպասումների ֆոնին:  1 բարել նավթի համաշխարհային գինն այս տարվա հունիսին տատանվել է 62–65 դոլարի սահմաններում, իսկ հուլիսին նվազել է գրեթե 20%-ով։ Այսօրվա դրությամբ Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքն հասել է 51,96 դոլարի, իսկ WTI տեսակինը՝ 46,89 դոլարի։ 

Ստացվում է, որ Ռուսաստանից Հայաստան կատարվող մասնավոր տրանսֆերտների և նավթի գների փոփոխությունների միջև ուղղակի կապ կա։ Պատճառն այն է, որ Ռուսաստանի տնտեսությունը մեծ կախում ունի նավթի համաշխարհային գներից, քանի որ «սև ոսկու» արտահանումից այս երկիրը զգալի եկամուտներ է ստանում։ Նավթից ստացվող եկամուտները Ռուսաստանի տնտեսությունը սնուցող գլխավոր աղբյուրներից է, եթե ոչ՝ ամենագլխավորը։ Ուստի՝ երբ համաշխարհային շուկայում նավթի գները նվազում են, ապա Ռուսաստանի եկամուտները ևս նվազում են։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ թուլանում է այս երկրի տնտեսությունը՝ արժեզրկվում  է ռուբլին։ Իսկ այս երկրում աշխատող հայերը Հայաստան են ուղարկում, փաստորեն, արժեզրկված փող։ 

Արդյունքում ռուբլու արժեզրկումը հանգեցնում է դրամի արժեզրկմանը։ Եթե հուլիսի սկզբին ՀՀ կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքով 1 ռուբլին արժեր մոտ  8,5 դրամ, երբեմն՝ ավելին, ապա ամսվա վերջի դրությամբ 8 դրամ է եղել, իսկ փոխանակման կետերում վաճառվել է 7,7-7,8  դրամով։  Ու քանի որ Հայաստան հասնող մասնավոր տրանսֆերտների մոտ 80%-ը Ռուսաստանից է, ապա դա մեծ հարված է Հայաստանում ապրող այն ընտանիքների համար, որոնց ապրուստի հիմնական կամ միակ միջոցը հենց արտագնա աշխատանքի մեկնած ընտանիքի անդամների ուղարկած գումարն է։ Ռուսաստանից եկող տրանսֆերտները եթե ոչ ամբողջությամբ, ապա՝ մեծամասամբ փոխանցվում են հենց ռուբլիով։ 

Թեև Հայաստան մտնող տրասֆերտների վերաբերյալ հուլիսի ցուցանիշները դեռևս չեն հրապարակվել, բայց սպասվում է, որ ռուբլու հետ կատարված այս վերջին փոփոխությունները բացասաբար ազդած կլինեն դրանց ծավալի վրա։ Գուցե, այդ ազդեցությունն ավելի մեծ լինի օգոսոտոսի տվյալների վրա։ Թե որքանով՝ ցույց կտան ցուցանիշները։ Պարզ ասած՝ սա նշանակում է, որ եթե ռուբլու արժեզրկման տեմպերը շարունակվեն և այն չվերադառնա իր դիրքին, Հայաստանում ապրող շատ ընտանիքներ կսկսեն ավելի վատ ապրել։

Մեկնաբանություններ (1)

ani
Armenians sit and have good time ,waiting until diaspora-armenians/foreign relatives or friends send Money : too proud and lazy to do even simple work like planting a vegetable garden; this is really not difficult, but their pride forebids them to do bodywork and dirt their Hands : S H A M E on you !

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter