HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Երևանում գործում է խարդախների ցանց. գողանում են մարդկանց անձնագրերն ու դրանցով ձևակերպում վարկեր

Երևանում գործում է խարդախների ցանց: Մտնում են մարդկանց տները, գողանում անձնագրերը և դրանցով ձևակերպում վարկեր անձնագրերի տիրոջ անունով: Անձնագրերը գողացողները, ինչպես ցույց են տալիս մեզ ծանոթ դեպքերը, կարողացել են հեշտությամբ ապառիկ տեխնիկա գնել , սակայն քննչական մարմինները քրեական գործ են հարուցել միայն անձնագրերը գողացողների դեմ: Համակարգչային տեխնիկա վաճառող խանութների աշխատակիցները և տնօրինությունը պատասխանատվության չեն ենթարկվել ուրիշի անձնագրով վարկեր ձևակերպելու և տեխնիկա վաճառելու համար:

Օրեր առաջ «Հետքի» խմբագրություն էր զանգահարել Նարա Անտոնյանը եւ ներկայացրել թե ինչպես է հայտնվել այդ ցանցում:

Դեպքը կատարվել է անցած տարի` 2014թ. մայիսի 11-ին գիշերը: Ժամը 03:20 մինչև 7:30-ն ընկած ժամանակահատվածում, ինչպես պարզել է նախաքննական մարմինը, անհայտ անձը մուտք է գործել Ն. Անտոնյանի կողմից Երևանում վարձակալած բնակարան և այնտեղից գաղտնի հափշտակել Նարա Անտոնյանին պատկանող դրամապանակը, գումար, այլ իրեր, ինչպես նաև Նարա Անտոնյանի և նրա ամուսնու և դստեր անձնագրերն ու սոցիալական քարտերը:

Նույն օրը առավոտյան  Երևանի բնակիչ, «Էլեն-Նարե» ծննդօգնության կենտրոնի բուժքույր Ալմաստ Սեդրակյանը գնացել է «Այ էլեկտրոնիքս» խանութ սրահ, որտեղ առանց արգելքների Նարա Անտոնյանի անձնագրով խանութի աշխատողի միջնորդությամբ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի հետ ձեռք է բերել վարկային պայմանագիր` տարաժամկետ վճարման կարգով(ապառիկ) գնելով 194 հազար դրամ արժողությամբ համակարգիչ:

Նարա Անտոնյանը վարկային պարտավորությունների տակ է հայտնվել: Նարա Անտոնյանի դիմումով` ոստիկանության քննչական բաժնում հարուցված քրեական գործով նախաքննության փուլում մեղադրանք է առաջադրել գողություն կատարածների նկատմամբ: Գործը մտել է դատարան. առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճռով ցանցի անդամներից Անդրանիկ Հակոբյանը, Վանիկ Կիրակոսյանը, Արման Աղջոյանը դատապարտվել են ազատազրկման: Խանութների աշխատակիցները, ովքեր ձևակերպել են վարկերը, պատասխանատվության չեն ենթարկվել:

Ինչու խանութների աշխատակիցները չեն պատժվում հանցանքին մասնակից լինելու համար

Ոչ նախաքննական մարմինը, ոչ դատարանը գործում որպես մեղադրյալ չեն ներգրավվել խանութների աշխատակիցներին կամ տերերին, որոնց անուշադրության կամ հնարավոր մեղսակցության պատճառով ձևակերպվել են վարկերը: Գործով անցնում են չորս խանութներ «Այ Էլեկտրոնիկս», «Օնլայն», «Ռիչ կոմպյուտերս», «Code computers store»:

Նարա Անտոնյանի անձնագրով կեղծ վարկ ձևակերպած խանութը` «Այ էլեկտրոնիքս»-ը պատկանում է «Էլմարկետ» ՍՊԸ-ին:

«Իրենք գործարքը կատարել են խանութում, ամեն ինչ կախված է եղել նրանից, որ խանութի  աշխատակցուհին, պարզ գիտակցելով, որ 1973թ. անձը չի կարող լինել 1953թ. անձ, սպասարկել է: Պատկերացրեք 20 տարվա տարբերությամբ կնոջը իմ անձնագրով սպասարկել է ոմն  Ռաիսա Վլասովա(«Այ էլեկտրոնիքս» սրահի աշխատակցուհին է-հեղ.)»,- պատմում է Նարա Անտոնյանը:

Օնլայն ծրագրով խանութի աշխատակցուհին «Ինեկոբանկ» ՓԲԸ-ին ուղարկել է հարցում. Նարա Անտնոյանի վարկային նորմալ պատմության շնորհիվ հայտը հաստատվել է: «Երբ անցել է երկար ժամանակ և այդ վարկը չի մուծվել, «Ինեկոբանկի» ծրագիրը մեխանիկորեն ինձ դասակարգել է որպես չմուծող հաճախորդ (բնականաբար ես դասակարգված եմ այդպես մայիս կամ հունիս ամսից) և դա ուղարկել Կենտրոնական բանկին»,- շարունակում պատմել է Նարա Անտոնյանը:

Կենտրոնական բանկի միջնորդությամբ «ՎՏԲ» բանկը, որը աշխատավարձ է փոխանցում Նարա Անտոնյանին, արգելանք է դրել նրա դրամական միջոցների վրա: Արդեն երրորդ ամիսն է Նարա Անտոնյանը աշխատավարձ չի ստանում:

«Նոր-նոր «Ինեկոբանկ»-ը, տեսնելով, որ արդեն դատավճիռը կա, ամբողջ պատմությունը փորձում է մաքրել, ուղարկել են վարկային բյուրո, ուղարկել են Կենտրոնական բանկ, դուք մոտավորապես պատկերացրեք այդ աղջկա մի անփութության, թե դիտավորության պատճառով(դա չգիտեմ, նոր եմ գալու, իրեն դատի տամ) ես ուղիղ մեկ տարի կրում եմ բարոյական և ֆինանսական վնասներ»:

Հիշեցնենք, «Այ-էլեքտրոնիկսը» այն խանութն է, որ վերջերս ակտիվ PR ակցիա էր կազմակերպել: Վաճառում էր տեխնիկա 1000 դրամով, ինչը ավարտվեց հազարավոր քաղաքացիների` «Երևան Մոլում» տեղակայված մասնաճյուղ ներխուժմամբ:

Նրանց համար մարքեթինգի զարգացման միջոց կարող է լինել ոչ թե ծեծկռտուքով ավարտված այս ակցիան, այլ  պոտենցիալ հաճախորդի վստահությունը: Երբ Նարա Անտոնյանը զանգահարել է խանութ, նրանից նույնիսկ ներողություն չեն խնդրել պարտքերի տակ գցելու, ֆինանսական և բարոյական վնաս պատճառելու համար:

«Խանութի տնօրենի հետ եմ խոսել, ասում է աշխատակցուհին լիազորագիր ունի: Ասացի` չէ որ դուք եք կնքել, պայմանգիրը դուք եք հաստատում, գործադիր տնօրենը դուք եք, կնիքը դուք եք դնում, աշխատակցուհին պայմանագիրը կնքել է, բայց այդ պայմանագիրը ինչ-որ մեկը պետք է հաստատի չէ, հո օդից չի տվել: Ես հասկացա, որ իրենք էլ հասկացել են, որ քրեական գործ է, տնօրենը լիազորագիր է սարքել, տվել այս աղջկան, բնականաբար ամբողջ մեղքը գցել այդ աղջկա վրա: Ինձ համար միևնույն է, թե ում վրա կընկնի մեղքը, փաստը մնում է փաստ, «Այ էլեքտրոնիքս» խանութ-սրահը օտար մարդու անձնագրով օտար մարդկանց տալիս է վարկ, բավականին թնակարժեք իրեր, որոնց պատճառով այդ մարդիկ, կոնկրետ ես, կրել են նյութական և բարոյական բավականին լուրջ վնասներ»,- ասում է Նարա Անտոնյանը:

Քրեական գործով անցնող մյուս խանութը, որտեղ նույն անձը` Ալմաստ Սեդրակյանը, կատարել է նմանատիպ գործարք, Նալբանդյան 25/14 հասցեում գտնվող «Օնլայն» խանութն է:

Տիկին Նաիրան խնդրեց նշել, որ գոհ է քննիչների աշխատանքից, և նրանք լավ են կատարել իրենց աշխատանքը: Սակայն նշենք, որ քննությամբ պարզված չէ, թե ինչու է 62-ամյա Ալմաստ Սեդրակյանը ընտրել հենց այս երկու խանութները, որոնցից մեկում հաջողացրել է ապառիկ տեխնիկա գնել 43-ամյա Նարա Անտոնյանից, իսկ մյուսում մեկ այլ քաղաքացու` 54-ամյա Ջուլետա Սեդրակյանից գողացած անձնագրերով:

Ըստ ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի` «Այ էլեկտրոնիքս և «Օնլայն» խանութի սեփականատերերը նույն անձինք են:

Խանութների սեփականատերերից Նարեկ Մարգարյանը «Մեղրաձոր գոլդ» ընկերության հիմնադիր Վարդան Մարգարյանի որդին է: Իսկ հիմնական բաժնետեր (համապատասխանաբար` 80% և 66%)` Վազգեն Հարությունյանը ՀՀ Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանի որդին է (նախկինում Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ):

Իրավական համակարգերում «ապահովագրված» այս գործարարները չեն ներգարվվել քրեական գործում: Արդյունքում ոչ ոք ապահովագրված չէ, որ առանց իր իմացության նրանցից կարող է ապառիկ տեխնիկա «գնել» և հայտնվել վարկերի տակ:  

Առաջին լուսանկարում «Այ Էլեկտրոնիքսի» վերջերս կազմակերպած խոշոր զեղչերի ակցիան է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter