HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռու նախկին մարզպետը դիմել է Հովիկ Աբրահամյանին՝ օգնության ակնկալիքով

Օգտվելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ծանր ֆինանսա-տնտեսական ճգնաժամային իրավիճակից, տարբեր խաբեությունների և խաբկանքների կիրառմամբ «ՎՏԲ-Հայաստան» բանկը փորձում է մինչև վերջ խլել մեզանից ամբողջ գրավադրված գույքը, այդ թվում նաև մեր սեփական տունը, ուր բնակվում ենք թվով 6 հոգի, այն դեպքում, երբ հատկացված վարկի մայր գումարի 60%-ը մուծված է մեր կողմից կանխիկ գումարով։

Նշեմ մի քանի խաբեությունների և խաբկանքների մասին․

  1. Բանկի վարկային բաժնի պետը ելնելով անձնական շահից բանկի ղեկավարությանը միտումնավոր ներկայացրել է բիզնես վերլուծության կեղծ հաշվարկ, վարկը հատկացնելու թույլտվություն ստանալու համար, խոստանալով երկարաժամկետ վարկի տրամադրում։
  2. Բանկը պահանջվածից շատ ավել գույքի գրավադրում է պահանջել, նույնիսկ օտար մարդուն պատկանող գույք, խոստանալով, որ վարկը հաստատվելուց հետո նշված գույքը գրավադրումից կհանվի։
  3. ԴԱՀԿ ծառայությունը առանց գրավադրված գույքի աճուրդ վաճառքի կայացման, բանկի գրության համաձայն բանկին է հանձնել մի քանի անգամ ցածր գներով ինչպես մեզ պատկանող գրավադրված բիզնես օբյեկտը՝ ռեստորանի շենքը, այնպես էլ մեր սեփական տունը։
  4. Բանկը, որպես ծառայության գումար (իրականում որպես կաշառք կիսվելու պայմանավորվածությամբ) փոխանցել է ԴԱՀԿ ծառայությանը շուրջ 30 հազար ԱՄՆ դոլար, իսկ ԴԱՀԿ ծառայությունն էլ կայացրել է մեզ մեր սեփական տանից վտարման որոշում։ Այս որոշումը անօրինական ճանաչելու համար դիմել ենք վարչական դատարան և գործը վարույթ ընդունելու պատճառով վտարման գործընթացը կասեցված է։

Ստիպված դիմեցի այս բոլորի մասին հանրապետության պատկան մարմիններին, ակնկալելով նրանց կողմից նշված ապօրինությունների կանխում։ Պատասխաններից հասկացա, որ իրենք ոչ միայն անզոր են որևէ գործողություններ անելու, այլև նրանց շահերը ավելի շատ համընկնում է բանկի շահերին։

Այս իրավիճակում պետք էր շարունակել ապրել և լուծել ամենօրյա խնդիրներ։ Աշխատանք չունենալու պատճառով բռնեցինք հարկադրված արտագաղթի ճանապարհը։

Լսելով հանրապետության բարձրագույն ղեկավարների հայտարարություն­ներն այն մասին, որ իրենք բոլորից շատ են անհանգստացած արտագաղթի համար, վերադարձա Հայաստան այս հարցին լուծում տալու հույսով։ Ասեմ նաև, որ ես բնավորությամբ թույլ մարդ չեմ, ոչ ես և ոչ էլ իմ տղան այս երկիրը հեշտ չենք լքի։

Ծնվել եմ Վրաստանում՝ Կախեթիում, հայկական գյուղում։ Հայրս՝ լինելով աշխատանքի հերոս-կոլտնտեսության նախագահ, չորս զավակ է մեծացրել։ Երազել է, որ իր բոլոր զավակները կրթություն ստանան և ապրեն Հայաստանում։ Մեզ հաջողվել է իրականություն դարձնել հորս երազանքը, բայց ավաղ, ինքը չհասցրեց ապրել մայր հայրենիքում, հանկարծամահ եղավ։ Ես չգիտեմ իմ ճանաչած որոշ ղեկավարների համար ինչ է նշանակում հայրենիք, բայց իմ պարագայում այսպես է ստացվել։ Ուզում եմ ասել, որ լքելով Հայաստանը ես համարում եմ, որ դավաճանում եմ առաջին հերթին հորս։ Կարծում եմ ոչ մեկն անհամեստություն չի համարի այն, ինչի մասին, որ ես պետք է ասեմ։ Լինելով շուրջ 30 տարի բարձրաստիճան պատասխանատու պաշտոնյա, ղեկավար, անցումային ժամանակահատվածում ես ինձ համարում եմ ժողովրդի հարգանքը վաստակած մարդ, իսկ տղաս լինելով ընդամենը 30 տարեկան արդեն 2 անգամ ընտրվել է Վանաձոր քաղաքի ավագանու անդամ։ Մեծ ցավ եմ ապրում, երբ բոլորիս համար դժվարին պահին, նոր պետականություն ձեռք բերած հայրենիքը դատարկվում է նաև որոշ վայ հայերի պատճառով, որոնք տեղավորվել են բանկերում և ԴԱՀԿ ծառայություններում և իրենց անձնական շահի համար թալանում են իրենց իսկ քաղաքացիներին քողարկվելով տարբեր երկրների ու ծառայությունների անունների ներքո։ Կարծում եմ շուտով նման մարդկանց անունները կհնչեցնեմ, որպեսզի նրանց զավակները, ինչպես նաև ճանաչող մարդիկ իմանան նրանց ով լինելու մասին։

Բազմիցս դիմել եմ «ՎՏԲ Հայաստան» բանկի գործադիր տնօրեն Գուսևին և հանրապետության ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանին ընդունելության խնդրանքով՝ բացատրելու նրանց, անիրագործելի, անիմաստ, անմարդկային գործողությունների, ինչպես նաև դրանից բխող վատ հետևանքների մասին։ Նրանց կողմից արժանացել եմ միայն արհամարհանքի։

Ասեմ նաև, որ Գուսևի նմաններն են իրենց գործողություններով հակառուսական տրամադրությունների նոր ալիք բարձրացնում մեր հանրապետությունում։ Պետք է համախմբման կոչ անեմ բոլոր «ՎՏԲ Հայաստան» բանկի անօրինական գործողություններից տուժածներին, որպեսզի թույլ չտանք մեր իսկ երկրում մեր նկատմամբ վերաբերվեն այդպես։ Պահանջենք նաև հանրապետության ղեկավարից, որ մի աուդիտ էլ այստեղ կազմակերպեն նշված փաստերը ստուգելու նպատակով, չէ որ սա էլ է մարդկանց թալանի մի ձև։

Դիմել եմ անձամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ Նա ինձ մի խումբ պաշտոնյաների ներկայությամբ խոստացավ լուծել հարցը։ Մեր պահանջն էր, որ բանկը բավարարվի կանխիկ մուծածով և բիզնես օբյեկտը վերցնի բանկի սեփականություն, մեզ թողնելով մեր տունը, որպեսզի կարողանանք վերադառնալ ապրել և աշխատել մեր երկրում։

Իմ մոտ այն տպավորությունն է, որ վարչապետը կարծես թե ականջալուր եղավ մեզ և հուսախաբ չի անի։ Դրանով կարծում եմ իր անձնական միջամտությամբ կանխած կլինի մի հայկական մեծ օջախի արտագաղթը։ Ցավոք վերջին տարիներին իշխանության կողմից լուծում են ստանում կամ գոնե ուշադրության են արժանանում այն հարցերը, որոնք հասարակության մի ակտիվ հատվածը սկսել է պարտադրել նրանց։ Ասեմ, որ նրանք անում են մեր չարածը։ Ես որպես ավագ սերնդի ներկայացուցիչ նախ խոստովանում եմ, որ ունեմ նաև իմ մեղքի բաժինը ներկա վատի համար, պատրաստ եմ լինել երիտասարդների կողքին մինչև վերջ պաշտպանելու մեր իսկ շահերը։

Ստեփան Այվազյան, Լոռու նախկին մարզպետ

Մեկնաբանություններ (1)

Հ Խաչատրյան
Եթե Ձեր նման ընտանիքների արտագաղթն էլ չեն ուզում կանխել գործող իշխանություները,ստիպված ենք միանալ Ձեր կոչին պայքարել«ՎՏԲ Հայաստան» բանկի թալանի դեմ միասնաբար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter