HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սյունիքի բնակիչները «Հայջրմուղկոյուղու» «անգործության հարցով» դիմել են մարզի դատախազին

Սյունիքի մարզի Սյունիք գյուղական համայնքի բնակիչներն արդեն մեկ շաբաթից ավելի է՝ խմելու ջուր չունեն: Բնակիչներից Մանյա Պատվականյանն ասում է, որ «Հետքում» համայնքի խմելու ջրի մատակարարման մասին հոդվածից հետո մոտ մեկ ամիս շուրջօրյա ջուր ունեին: «Ինձ համար հանելուկ է մնացել, թե ոնց մեկ ամիս սիստեմատիկ ջուր ստացանք, իսկ հիմա նորից ջուր չունենք»,- նշում է բնակչուհին:

Բնակիչներից Ֆրունզ Զաքարյանն էլ կարծում է, որ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի «Կապան» տեղամասի պետի արձակուրդ գնալով է պայմանավորված ջուր չունենալը: Ասում է՝ պետը հենց արձակուրդ գնաց, ջուրն սկսել է չգալ: «Այսօր ապացուցել եմ, որ ջուրն էս կողմով, էն կողմով տանում են: Առանց իր գիտության ո՞վ կարող է մի բան անել: Այսօր տարել ցույց եմ տվել, թե անհատը ոնց է ջուրը տարել իր այգին և շատ հակասանիտարական վիճակում խողովակը ծակել է ու մի փետ է խրել խողովակի մեջ: Էդ փետը հանում է, ջուրը խմում, հետո նորից էդ փետը դնում է մեջը»,- ասում է Ֆ. Զաքարյանը:

Համայնքի բնակիչները դիմել են Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի ղեկավար Արմեն Փարսադանյանին: Վերջինս էլ դիմել է Սյունիքի մարզի դատախազ Արմեն Աֆանդյանին: Դիմումում Ա. Փարսադանյանը նշել է, որ արդեն 7 օր ջրամատակարարողի կողմից միջինը 40C ջերմաստիճանի պայմաններում գրեթե խմելու ջուր չի մատակարարվում համայնքի բնակելի տներ: Համայնքի բնակիչների ահազանգերն այդ ընկերությանը որևէ արդյունք չեն տվել:

Նամակում նշվում է, որ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի «Կապան» տեղամասը ցուցաբերում է անտարբերություն համայնքի բնակչության կենսական պահանջները ապահովելու ուղղությամբ, և որևէ բացատրություն չի տրվում առկա խնդրի վերաբերյալ (նույնիսկ ներկայացվում է, որ որևէ խնդիր չկա, և «Կապան» տեղամասը ահազանգ չի ստացել Սյունիք համայնքից): Այնուհետ դատախազին խնդրում են պարզել, թե որքանով է իրավաչափ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի «Կապան» տեղամասի գործունեությունը կամ անգործությունը՝ հաշվի առնելով 2004-ի հունվարի 22-ին ՀՀ կառավարության կողմից ընդունված N130 որոշումը և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտեր: Դիմումին կից ներկայացվել են բնակիչների ստորագրությունները, որոնք հավաստում են դիմումի բովանդակության իսկությունը:

Բնակիչներից Մ. Պատվականյանն ասում է ՝ դատախազին ուղղված դիմումը նման է խեղդվողի, ով ձեռքը գցում է փրփուրներից: Ֆ. Զաքարյանն էլ նշում է, որ երկրի այսօրվա վիճակը տեսնելով՝ գրեթե ակնկալիք չունեն: «Վերջին ճիգերն են, բա ի՞նչ անենք, էլ ուրիշ ճար ունե՞նք, կամ պիտի հանցագործություն անենք, կռիվ-ղալմաղալ անենք, կամ էլ պիտի էդպես անենք: Որոշեցինք սկզբից էդպես անենք»,- ավելացնում է բնակիչը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter