HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Դատավորի բառախաղը

«Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունը դիմել է վարչական դատարան՝ Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանի, Զովունի համայնքի ղեկավար Սերժիկ Ավետիսյանի եւ Մասիս համայնքի ղեկավար Սաշա Հակոբյանի կայացրած համայնքի սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ-վաճառքներին կազմակերպության ներկայացուցիչների ներկա գտնվելն արգելող վարչական ակտերը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով:

Երեք համայնքի ղեկավարներին խնդրել էինք թույլատրել մասնակցելու իրենց համայնքներում նշանակված առաջիկա աճուրդ-վաճառքներին։ Գրություններով հիմնավորել էինք հողերի աճուրդներին մասնակցելու մեր ցանկությունը՝ «իրականացնում ենք «Օտարումների գործընթացի օրինականության ապահովում» ծրագիրը, որի նպատակն է հանրապետության մի շարք մարզերում ուսումնասիրել աճուրդների իրականացման գործընթացը»: Գրություններն ուղարկվել են կազմակերպության ձեւաթղթով եւ այն ստորագրել եմ ես, որպես «Օտարումների գործընթացի օրինականության ապահովում» ծրագրի ղեկավար:

Երեք համայնքների ղեկավարները պատասխան գրություններով հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին արգելեցին աճուրդային սենյակում հետեւել սակարկությունը՝ հղում կատարելով Հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասին, համաձայն որի` «Պետական կամ համայնքային նշանակության հողերն աճուրդային եղանակով օտարելիս աճուրդն անցկացվում է փակ կարգով, որին կարող են մասնակցել միայն գրանցված անձինք (գնորդը եւ վաճառողը), կազմակերպիչը եւ արձանագրողը: Աճուրդի անցկացման ձեւի մասին նշվում է աճուրդի իրականացման հայտարարության մեջ»:

Նշենք, որ ոչ միայն հիշյալ համայնքների ղեկավարները, այլեւ համայնքների մեծ մասն աճուրդների վերաբերյալ հայտարարության մեջ չեն նշում աճուրդի տեսակը՝ բաց կամ փակ: Ավելին, ոմանք հողերի աճուրդը բաց են հայտարարում: Բազմաթիվ համայնքների ղեկավարներ, չնայած օրենսդրության սահմանափակմանը, չեն արգելել մեզ դիտարկելու գույքի սակարկությունը եւ այդ արդյունքներով բազմաթիվ հոդվածներ, նաեւ երկու համապարփակ հետազոտություն (Աճուրդներն աղքատացնում են համայնքը, հարստացնում՝ համայնքապետերին ու վերահսկողներինՓակ աճուրդներ` կայուն սակագներով, կանխորոշված հաղթողներով) է հրապարակվել: Այսինքն, ոչ բոլոր համայնքների ղեկավարների համար է սկզբունքային այս հարցը:

Հետեւաբար, անհասկանալի էր, թե ինչու է հենց Հրազդան, Զովունի եւ Մասիս համայնքների ղեկավարների համար այդքան սկզբունքային այս հարցը, եւ ինչու չենք կարող մենք` լրագրողներս, իրականացնել հանրային վերահսկողի մեր գործառույցը:

Արդեն երկրորդ տարին է, ինչ կազմակերպությունն ուսումնասիրում է համայնքներում իրականացվող աճուրդները, որի ժամանակ բացահայտվեց աճուրդային գործընթացի ողջ կեղծարարությունը, այդ գործընթացը կարգավորող օրենսդրական անկատարությունը, որը քողարկվում է աճուրդները փակ անցկացնելով: Մեր հետագա հրապարակումներում պարզաբանել ենք նաեւ, թե ինչու են նրանք կտրուկ հակազդել աճուրդի սենյակում լինելու մեր ցանկությանը: Հանրային ունեցվածքի աճուրդ-վաճառքը փակ հայտարարելով օրենսդիրն, ըստ էության, բացառել է հանրային արդյունավետ վերահսկողության հնարավորությունը:

Դատարանը մերժեց մեր պահանջը՝ ոչ իրավաչափ ճանաչել հիշյալ համայնքների ղեկավարների գրությունները նշելով. «Պատասխան գրությունների բովանդակությունը վկայում է, որ հայցվոր կազմակերպության կողմից հայցվել է ոչ թե աճուրդներին ներկա գտնվելու, այլ մասնակցելու թույլտվություն, եւ ըստ այդմ` մերժվել է ոչ թե ներկա գտնվելու թույլտվությունը, այլ մասնակցելու թույլտվությունը»:

Համայնքների ղեկավարներին ուղղված իմ գրությունների ձեւակերպումը` «ցանկանում ենք մասնակցել համայնքներում տեղի ունեցող ընթացիկ աճուրդներին», դուր չէր եկել դատավորին: «Մասնակցելն» այլ ինստիտուտ է»,- հենց սկզբից նկատել տվեց նա:

Ստիպված էի հավելյալ բացատրություն ներկայացնել դատարանին, որ «մասնակցել» բառը տվյալ դեպքում չի ենթադրում հայտատու, որը մասնակցում է աճուրդին գույքը գնելու նպատակով: Հիշյալ համայնքների ղեկավարներն ինձ չեն դիտարկել աճուրդի դրված գույքի համար հայտ ներկայացրած մասնակից: Նրանք կազմակերպության ներկայացուցիչներին ընկալել են որպես դիտորդ, որոնք ցանկանում են իրենց մասնագիտական գործունեության բերումով լուսաբանել տեղի ունեցող աճուրդը: Հակառակ դեպքում, կառաջարկեին հայտ ներկայացնել որեւէ լոտի սակարկությանը մասնակցելու համար եւ ոչ թե տեղեկավություն ստանալու մեր պահանջը կմերժեին  Հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասին հղում կատարելով:

Դատարանին ներկայացրած իմ այս բացատրությունը ոչ միայն առարկության չհանդիպեց, այլեւ հիշյալ համայնքների ներկայացուցիչները՝ պատասխանողները, դարձյալ հայտարարեցին, որ իրենք «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ի գրություններն հենց այդպես էլ ընկալել են` դիտորդի կարգավիճակով ներկա գտնվել աճուրդներին եւ ոչ թե մասնակից` հայտատուի կարգավիճակով: Պատասխանողները մեկ անգամ եւս պնդեցին, որ մասնակիցներից բացի ուրիշ որեւէ մեկին թույլ չէին տալու, որովհետեւ դրանով կխախտեին օրենքը, օրենքով է սահմանափակված այլ անձանց մասնակցությունը:

Բացի այդ, ես գրություններով խնդրել եմ ոչ միայն մասնակցել աճուրդին, այլեւ ծանոթանալ նախորդ տարվա աճուրդային փաթեթներին: Մասնավորապես, Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանին ուղղված մեր 11.03.2014 թ.-ի գրությունով, որով խնդրել էինք հնարավորություն ստեղծել «... ուսումնասիրություն իրականացնելու համայնքում` նախորդ տարվա աճուրդների փաթեթներին ծանոթանալու, համայնքային իշխանության ներկայացուցիչների հետ հարցազրույցներ վարելու եւ ընթացիկ աճուրդներին մասնակցելու միջոցով»:

Այս հանգամանքը նույնպես հաստատում է, որ կազմակերպության ներկայացուցիչների ցանկությունը գույք գնելը չի եղել, այլ տեղեկատվություն հավաքելն ու տարածելը: Եթե մեր նպատակը հող գնելն էր, հազիվ թե կազմակերպության ձեւաթղթով  համայնքների ղեկավարներից թույլտվություն խնդրելու անհրաժեշտություն լիներ:

Հնարավո՞ր է, արդյոք, այս փաստարկներից հետո լրագրողական կազմակերպության ներկայացուցչին (ներին) համարել սակարկության մասնակիցներ: Դատարանն այդ հնարավոր համարեց իր կայացրած վճռով, որում ասվում է· «Տվյալ դեպքում, դատարանը գտնում է, որ վարքագիծը, որը դրսեւորվել է պատասխանող վարչական մարմինների կողմից այլ է, քան այն վարքագիծը, որի իրավաչափությունը հայցվոր կազմակերպությունը վիճարկում է: Պատասխանող վարչական մարմինները մերժել են աճուրդներին մասնակցության թույլտվությունը, մինչդեռ, վիճարկվում է աճուրդներին ներկա գտնվելն արգելելը, որպիսի փաստի առկայությունը գործում եղած, հետազոտված եւ գնահատված որեւէ ապացույցով դատարանը հաստատված չի համարում: Դատարանն իրավասու չէ գնահատական տալու մի վարքագծի, որը փաստացիորեն վարչական մարմնի կողմից դրսեւորված չէ»:

Ի գիտություն դատավորի հնարած՝ «մասնակցել»-«ներկա գտնվել» բառախաղի՝ հղում կատարենք հայ նշանավոր լեզվաբան, ակադեմիկոս Էդուարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարան»-ին:  Ներկա գտնվել` լինել – որեւէ նշված տեղում գտնվող, տվյալ միջոցառման` հավաքին մասնակից, նրանք, որ ներկա են` տվյալ տեղում են գտնվում կամ տվյալ բանին մասնակցում են: Ներկա գտնվել` լինել, մասնակցել, մասնակից լինել:

Դատարանին հայտնել ենք նաեւ, որ օրենսդրությունը ոչ միայն հողերի աճուրդը փակ անցկացնելու հիմնավորումը չունի, այլեւ անհասկանալի է, թե ինչու պետք է բոլոր տեսակի շարժական ու անշարժ գույքերի աճուրդ-վաճառքը օրենսդրական կարգավորումով բաց տեղի ունենա, բացառությամբ հողերի վաճառքի: Գուցե ա՞յն պատճառով, որ համայնքներում հիմնականում հող են վաճառում: Այս փաստն անգամ ոչինչ չասեց դատավորին:

Ենթադրում էինք, որ Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնին հավակնողներից մեկի՝ դատավոր Լիանա Հակոբյանի համար, ժողովրդավարական ինքնակարգավորման հիմնարար սկզբունքն ավելի մեծ կարեւորություն պետք է ունենար։ Դատավորին պետք է որ հետաքրքրեր հողերի աճուրդը փակ անցկացնելու հիմնավորումը, քանի որ այդ կերպ հասարակությունը զրկվում է տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով իր իշխանությունն իրականացնելու, իր հարստությունը, իր սեփականությունը տնօրինելու կամ տնօրինման իրավաչափության նկատմամբ համոզմունքի ձեւավորելու հնարավորությունից։ Մինչդեռ, տկն Հակոբյանը նախընտրեց բառախաղով կանխել տեղական ինքնակառավարման մի կարեւոր օղակի ժողովրդավարացման գործընթացը:

Չէի ցանկանա դատավորին ու համայնքի ղեկավարին տեսնել նույն հարթության մեջ: Դատավորն իրավունքի ընկալումով, իր արժեհամակարգով գոնե մեկ աստիճան պետք է բարձր կանգնած լինի համայնքի ղեկավարից: Նա նույնպես նախանձախնդիր պետք է լիներ ժամանակավրեպ իրավակարգավորումներից ազատվելու հարցում, սակայն, ցավալիորեն, իր վերաբերմունքով ակամայից դարձավ հակաժողովրդավարական գործելաոճի ջատագովը: Տեղեկատվություն ստանալու մեր պահանջը սահմանափակող վճիռ կայացնելով, նա հանրությանը զրկեց համայնքային սեփականություն գույքի վաճառքի նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնելու հնարավորությունից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter