HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ը զիջել է դիրքերը. Հայաստանի խոշոր հարկատու բանկերը

Հայաստանում գործող 21 առևտրային բանկերն այս տարվա առաջին կիսամյակում ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում։ Ընդ որում՝ դրանցից 7-ը առաջին 50-յակի մեջ են։

Նախ հասկանանք, թե բանկերի շարքում որոնք են առաջին հինգ խոշոր հարկատուները և ինչ փոփոխությունների են ենթարկվել նրանց հարկերի չափերը 2014 թվականի առաջին կիսամյակի համեմատ։

Այս պահի դրությամբ՝ ամենախոշոր հարկատուն «Ամերիաբանկ»-ն է։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալներից, այս բանկը 2015 թ. հունվար-հունիսին պետբյուջե է վճարել 3,444 մլրդ դրամի հարկ։ Նկատելի է, որ 2014-ի առաջին կիսամյակի համեմատ բանկն ավելացրել է հարկերի չափն ու բարելավել դիրքերը խոշոր հարկատուների ցանկում։ Այս կիսամյակ հարկերի չափն ավելացրել է 1 մլրդ դրամով և արդյունքում  19-րդ տեղից բարձրացել է 13-րդ տեղ։

Բանկերի շարքում երկրորդ խոշոր հարկատուն «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ն է։ Այս անգամ հայտնվել է 20-րդ տեղում՝ պետբյուջե վճարելով  2,322 մլրդ դրամի հարկ։ Ի տարբերություն առաջին հարկատուի՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը 2014-ի առաջին կիսամյակի համեմատ նվազեցրել է հարկերի չափն ու զիջել դիրքերը խոշորների շարքում։ Մասնավորապես վճարել է շուրջ 150 մլն դրամ ավելի քիչ հարկ ու 17-րդ տեղից հայտնվել 20-րդում։

Եռյակը եզրափակում է «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ը։ Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ այն վճարել է 2,165 մլրդ դրամի հարկ ու զբաղեցրել 24-րդ տեղը։  2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ դիրքերը զիջել է 1 հորիզոնականով՝ հարկերի չափը նվազեցնելով մոտ 50 մլն դրամով։

Բանկերի շարքում չորրորդ տեղում «Արդշինինվեստբանկ»-ն է։ Այն խոշոր հարկատուների ցանկում  26-րդ  հորիզոնականում է։ 2014-ի առաջին կիսամյակի համեմատ հարկերի չափն ավելացրել է 440 մլն դրամով՝ հասցնելով 2,093 մլրդ դրամի։ Արդյունքում 33-րդ տեղից բարձրացել է 26-րդ տեղ։

Հնգյակը եզրափակում է «Հայբիզնեսբանկ»-ը՝ 2,084 մլրդ դրամ վճարած հարկով զբաղեցնելով 27-րդ տեղը։ Այս բանկի դեպքում առաջընթացը զգալի է։ 2014-ի առաջին կիսամյակի համեմատ այն հարկերի չափը գրեթե կրկնապատկել է ու  57-րդ տեղից բարձրացել 27-րդ տեղ։

Փաստորեն, ստացվում է, որ 2014-ի առաջին կիսամյակի համեմատ այս կիսամյակ  խոշոր հարկատու բանկերի առաջին հինգյակից դուրս է մղվել «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ը, որն ի դեպ, այն ժամանակ ամենամեծ ծավալի հարկեր վճարած բանկն էր։ Այս անգամ նշված բանկի տեղը զբաղեցրել է «Ամերիաբանկ»-ը։

«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ն, այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ պետբյուջե է վճարել 1,641 մլրդ դրամի հարկ։ Բանկը հարկերի չափը նվազեցրել է ավելի քան 1 մլրդ դրամով ու դիրքերը զիջելով 20 հորիզոնականով՝ հայտնվել է 36-րդում։

2014-ի առաջին կիսամյակի տվյալներով՝ հնգյակում չի եղել «Հայբիզնեսբանկ»-ը, որն ինչպես նշեցինք, այս անգամ 5-րդ տեղում է։

Այս կիսամյակ հայաստանյան խոշոր հարկատու բանկերի առաջին տասնյակում են նաև.

«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ը, ինչպես նշեցինք, 1000 խոշոր հարկատուների ցանկում 36-րդ տեղում, իսկ միայն բանկերի շարքում 6-րդ տեղում է

«Ինեկոբանկ»-ը ( 47-րդ տեղ, 1,224 մլրդ դրամ)

«Յունիբանկ»-ը (54-րդ տեղ, 1,079 մլրդ դրամ)

«Արարատբանկ»-ը (61-րդ տեղ, 945 մլն դրամ)

«Հայէկոնոմբանկ»-ը (65-րդ տեղ, 855 մլն դրամ)

Նշված վերջին 4 բանկերի վճարած հարկերի դեպքում ևս փոփոխություններ գրանցվել են, բայց դրանք մեծ չեն և թույլ չեն տվել, որ հայտնվեն խոշորների հնգյակում։

Մնացած բանկերի մասին համառոտ նշենք, որ «Կոնվերս բանկ»-ը, «Անելիք բանկ»-ը, «Արմսվիսբանկ»-ն ու «Առէկսիմբանկ-գազպրոմբանկի խումբ»-ը վճարել են 650-850 մլն դրամի հարկ ու հայտնվել խոշոր հարկատուների ցանկի  66-90-րդ տեղերի միջակայքում։

Նրանց հաջորդում են «Զարգացման Հայկական Բանկ»-ը, «Պրոմեթեյ Բանկ»-ը, «ՊրոԿրեդիտ Բանկ»-ն ու «Բիբլոս Բանկ Արմենիա»-ն, որոնց վճարած հարկերի չափն այս կիսամյակ չի գերազանցում  500 մլն դրամը։ Այս բանկերը  99-208-րդ տեղերում են։

Իսկ բանկերից ամենափոքր ծավալի հարկեր վճարել են «Արցախ բանկ ՓԲԸ կենտրոնական մասնաճյուղ»-ը, «Մելլաթ բանկ»-ն ու «ԲՏԱ բանկ»-ը։ Նրանց վճարած հարկերի չափը չի գերազանցում  120 մլն դրամը։ Զբաղեցնում են 450-530-րդ տեղերը։

Այս բանկերի դեպքում էլ մեծ փոփոխություններ չեն գրանցվել։ Այլապես դրանք ևս 1000 խոշոր հարկատուների ցանում ավելի բարձր դիրքեր կգրավեին։

Կարծում ենք՝ նաև հետքիրքիր կլինի իմանալ, թե ինչպես են 2014 թվականը փակել հայաստանյան բանկերը և որոնք են ձևավորել խոշոր հարկատու բանկերի առաջին տասնյակը։ Դա թույլ կտա նաև հասկանալ, թե այս կիսամյակ տարեսկզբի համեմատ ով ում է զիջել, ով ում տեղն է գրավել խոշոր հարկատուների ցանկում։ Այսպիսով, 2014-ի հունվար-դեկտեմբեր ամիսների արդյունքներով՝ ՀՀ բանկային համակարգի ամենախոշոր հարկատուն «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ն է, որը 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում զբաղեցրել է 21-րդ տեղը 4,334 մլրդ դրամ վճարած հարկով: Տասնյակը հաջորդաբար ձևավորել են.

«Ամերիաբանկ»-ը (22-րդ տեղ, 4,235 մլրդ դրամ)

«ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ը (26-րդ տեղ, 4,115 մլրդ դրամ)

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը  (28-րդ տեղ, 4 մլրդ դրամ)

«Արդշինինվեստբանկ»-ը (38-րդ տեղ, 3,266 մլրդ դրամ)

«Ինեկոբանկ»-ը (52-րդ տեղ, 2,454 մլրդ դրամ)

«Յունիբանկը»-ը  (57-րդ տեղ, 2,22 մլրդ դրամ)

«Հայբիզնեսբանկ»-ը  (64-րդ տեղ, 2,1 մլրդ դրամ)

«Արարատբանկ»-ը (80-րդ տեղ, 1,673  մլրդ դրամ)

«Կոնվերս Բանկ»-ը  (88-րդ տեղ, 1,502 մլրդ  դրամ)

Հիշեցնենք, որ այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, ինչպես նախորդ տարի, Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում առաջատարի դիրքում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter