Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

«Տարոն-Ավիայի» տերը հույս ունի շուտով նոր ավիափոխադրող դառնալ



Չի բացառվում, որ շուտով հայկական երկնքում կրկին տեղական ավիափոխադրող հայտնվի: «Տարոն-Ավիա» ավիաընկերությանն այս տարվա մայիսին անդրադարձել ենք: Ընկերությունը դեռ փետրվարին դիմել էր ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչություն՝ մի քանի տասնյակ օդուղիներ շահագործելու նպատակով: Մեր ձեռքի տակ ունենք ՔԱԳՎ-ին ներկայացված հայտերը, որտեղ «Տարոն-Ավիայի» հիմնադիր ու տնօրեն Գառնիկ Պապիկյանը նշել է 36 կանոնավոր եւ 20 ոչ կանոնավոր (չարտեր) չվերթ «Զվարթնոց» օդանավակայանից: Կանոնավոր չվերթներից 20-ը դեպի Ռուսաստան ուղղություններն են, իսկ մյուսները՝ դեպի ԱՊՀ այլ պետություններ, Եվրոպա, Մերձավոր Արեւելք: Իսկ ոչ կանոնավոր չվերթները նախատեսվել էին Եվրոպայի ու Եգիպտոսի տուրիստական հայտնի կետերի համար: Եվս 4 կանոնավոր չվերթ դեպի ՌԴ քաղաքներ նախատեսված էր Գյումրու «Շիրակ» օդանավակայանից:

Պապիկյանի՝ փետրվարի 17-ին ներկայացրած հայտերը ՔԱԳՎ-ն նույն ամսի 23-ին հետ էր վերադարձրել՝ փաստաթղթերի թերի լինելու հիմնավորմամբ: Ապրիլ ամսին ուժի մեջ է մտել օդուղիների շահագործման թույլտվություն տալու նոր կարգը, ըստ որի՝ հայտատուն բոլոր փաստաթղթերը պիտի ներկայացնի էկոնոմիկայի նախարարություն եւ այնտեղից էլ ստանա պատասխան: Անշուշտ, հայտը ուսումնասիրվում է ՔԱԳՎ-ում, եւ հենց վարչության պետն է թույլատրում կամ մերժում օդուղու շահագործումը: Մեզ հետ զրույցում Գ. Պապիկյանը պատմեց, որ օրենսդրության փոփոխությունից հետո՝ օգոստոսի սկզբին, իրենք փաստաթղթերի փաթեթը ներկայացրել են նախարարություն եւ հիմա սպասում են պատասխանի: Ավիաընկերության տնօրենի ասելով՝ ներկա հայտերում ոչ կանոնավոր չվերթների քանակը մի փոքր նվազեցրել են:

Կանոնավոր չվերթներ իրականացնելու թույլտվության համար, ըստ նոր կարգի, հայտատուն ամեն օդուղու համար պիտի ներկայացնի 100.000 եվրոյին համարժեք դրամի բանկային երաշխիք: Այսինքն՝ օրինակ, 10 ուղղություն շահագործելու համա նա պիտի 1 մլն եվրո գրավ դնի բանկում: Գառնիկ Պապիկյանը սրա վերաբերյալ բացասական կարծիք ունի. «Դա շատ վատ խոչընդոտ է, շատ վատ օրենք է: Մենք էկոնոմիկայի նախարարությանը խնդրել ենք օրենքը վերանայել, որովհետեւ հնարավոր չէ: Դա հիմարություն է: Բայց ինչքան գիտեմ, պատրաստվում են փոփոխություն մտցնել այդ կետի մեջ: Իրենք դա բացատրում են նրանով, որ եթե ես, օրինակ, դեպի Մոսկվա թռիչքներ եմ կատարում ու հնարավորություն չունեմ ծախսերը փակելու, բանկում երաշխիք ունենամ, որ բանկն իմ տեղը փակի: Ես էլ իրենց ասել եմ, թե եթե դեռ լիցենզիա չունեմ, ինչի՞ հիման վրա երաշխիք ներկայացնեմ: Նախարարությունում ինձ ճիշտ են հասկացել, ասել են, որ կփորձեն օգնել»:

«Տարոն-Ավիան» 3 հատ «Boeing 737-500» տիպի ինքնաթիռ ունի, որոնք ներկայում գտնվում են Հորդանանում: Դրանք անցել են «C-check» տեսակի տեխնիկական սպասարկում եւ ներկվել են ընկերության գույներով: Սակայն ընկերության տերը չի պատրաստվում ինքնաթիռները Հայաստան բերել, քանի դեռ օդուղիների շահագործման թույլտվություն չի ստացել:

Արդեն գրել ենք, որ օդանավերից մեկը 2013-2014 թթ. շահագործել է «Էյր Արմենիա» ընկերությունը: Ինչպես տեղեկացանք «Տարոն-Ավիայի» հիմնադրից, EK-73797 համարով ինքնաթիռը ամերիկյան «ILFC» կորպորացիայից վարձակալել էին իրենք, ապա հանձնել «Էյր Արմենիային», որը թռչելու լիցենզիա ուներ: Վերջինիս կողմից չվերթները դադարեցնելուց հետո «Տարոն-Ավիան» իրեն է վերադարձրել «Boeing 737-500»-ը: 8 ամսից, ըստ Գ. Պապիկյանի, լիզինգի ժամկետը լրանալու է, սակայն հայկական կողմը մտադիր է շարունակել 21-ամյա օդանավի շահագործումը: Ինչ վերաբերում է EK-73772 (17 տարեկան) եւ EK-73775 (16 տարեկան) համարներով նմանատիպ «Boeing»-ներին, որոնք 2011-2013 թթ. շահագործում էր «Արմավիան», Պապիկյանը նշեց, որ սրանք նույնպես լիզինգով են վերցված, եւ «Տարոն-Ավիան» սեփական օդանավ չունի: Թե ով է այս ինքնաթիռների սեփականատերը, մեր զրուցակիցը չցանկացավ նշել:  

«Հետքի» աղբյուրը հայտնել էր, որ Գ. Պապիկյանը աջակցություն ստանալու նպատակով հանդիպել է մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին: Անձամբ ավիատորը հաստատեց այս տեղեկությունը՝ ասելով. «Ամեն մեկին էլ դիմել ենք, բոլորս էլ ուզում ենք ունենալ մեր ազգային ավիացիան: Խնդրել ենք, որ օգնեն այս հարցերում»:

Գառնիկ Պապիկյանը «բաց երկնքի» քաղաքականության ընդդիմադիրներից է: «Դրա հետեւանքը պարզ է. մենք այսօր հայկական ավիացիա չունենք»,- կարճ ձեւակերպում է երկինք բարձրանալ ցանկացող ընկերության հիմնադիրը:

Չնայած «Տարոն-Ավիան» մտադիր է թռչել թե ԱՊՀ, թե Եվրոպա, թե Մերձավոր Արեւելք, Պապիկյանն ասում է, որ առաջնահերթը դեպի Ռուսաստան ուղղություններն են, ինչը գլավորապես պայմանավորված է այնտեղ ապրող հայերի թվով ու հայ ուղեւորների՝ ՌԴ գնալ-գալով: Այդուհանդերձ, նշում է, թե սուտ կլինի, եթե ասի, որ պատրաստ է ռուսական ավիաընկերությունների հետ մրցակցելուն. «Դա հիմարություն է, հնարավոր չէ»: Իսկ թե «Տարոն-Ավիան» ստեղծված պայմաններում ինչով պիտի շահագրգռի հայ ուղեւորներին, պատասխանում է. «Հայ լինելով: Ինչքան հայ ուղեւոր կա, ուզում եք՝ հարցրեք, բոլորը շահագրգռված են թռչել հայկական ինքնաթիռով, հայկական ավիաընկերությունների, հայկական անձնակազմերի հետ»: Գների վերաբերյալ էլ ասում է. «Մեր վերջնական նպատակն է մեր ուղեւորներին տանել ավելի ապահով ու էժան»:

Հայկական ավիափոխադրողի նոր թեկնածուն մտադիր է օգտագործել «Արմավիայի» ու «Էյր Արմենիայի» նախկին օդաչուների ներուժը: Չնայած ընկերության տերն ասում է, որ հայ օդաչուների 90 տոկոսը հեռացել է ՀՀ-ից ու հիմա աշխատում է Ռուսաստանում, Ղազախստանում, այլ երկրներում, սակայն նրանք պատրաստ են հետ գալ: 3 ինքնաթիռ շահագործելու համար, ըստ ավիատորի, անհրաժեշտ է 6-7 անձնակազմ: Օդանավերի տեխսպասարկումն իրականցնելու է տեղական «Աքիլա Տեխնիքս» ընկերությունը:

Գառնիկ Պապիկյանը մեծ հույսեր է կապում էկոնոմիկայի նախարարության հետ՝ ասելով, որ ըմբռնումով են մոտեցել իրենց, ցանկացած հարցով պատրաստ են եղել աջակցել. «Նախարարության հետ որքան շփվել եմ, հասկացել եմ, որ նրանք շահագրգռվածություն ունեն հայկական ավիացիա ունենալու»: Թե արդյոք «Տարոն-Ավիան» իրավունք կստանա երկինք բարձրանալու, պարզ կդառնա շուրջ մեկ ամսի ընթացքում:        


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ