HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանի արտահանումը շարունակում է խիստ կենտրոնացված մնալ. ԵՏՄ-ի «օգուտները»

Հայաստանի արտահանման ցուցանիշները շարունակում են մտահոգիչ մնալ։ Ամենաթարմ տվյալներով՝ այս տարվա հունվար-հունիսին Հայաստանից կատարված արտահանման ծավալը կազմել է  694,4 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 1,3%-ով: Ինչպես տեղեկանում ենք  ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից (ՀՀ ԱՎԾ), այս տվյալներն արդեն վերանայված են՝ ի տարբերություն նախորդ ամիսներին հրապարակվածների, որոնց համար ծառայությունը զգուշացնում էր, որ ամբողջական չեն` պայմանավորված ԵՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ և դրանք հետագայում ենթակա են ճշգրտման։

Ամբողջական պատկերի համար նշենք, որ այս կիսամյակ նվազել է նաև ներմուծման ծավալը՝  27,2%-ով և կազմել 1,491 մլրդ դոլար։ Իհարկե, դրական երևույթ է, որ ներմուծման ծավալը նվազել է, բայց չենք շտապում ուրախանալ այս ցուցանիշներով, քանի մեր երկրում ներմուծման ծավալը շարունակում է զգալիորեն գերազանցել արտահանմանը։

Հայաստանի արտահանման առանց այն էլ փոքր ծավալները նվազել են. բազմիցս խոսվել է, թե ինչ վտանգներ է պարունակում սա տնտեսության համար։ Առաջին հերթին այն, որ արտահանման միջոցով երկիրը արտարժույթ է ստանում և դրանով մարում արտաքին պետական պարտքը։

Արտահանման նվազման հետևանքով կրճատվում է արտարժույթի, մասնավորապես՝ ԱՄՆ դոլարի ներհոսքը, որն էլ նպաստում է դրամի արժեզրկմանը: Դա մեծ հարված է արտահանող տնտեսվարողների եկամտին։

Բայց առավել մտահոգիչ  է այն երևույթը, որ ծավալների նվազմանը զուգահեռ այն շարունակվում է կենտրոնացված մնալ մի քանի ապրանքախմբի շրջանակներում։ Այս մասին  են վկայում արտահանման վերաբերյալ վերջին ցուցանիշները։ Ասվածն ավելի պարզ հասկանալու համար ներկայացնենք այս տարվա առաջին կիսամյակի արտահանման ծավալներն՝ ըստ ապրանքային բաժինների։

Այստեղ հստակ երևում է, որ Հայաստանից ամենաշատն արտահանվում է հանքահումքային արտադրանք, պատրաստի սնունդ, թանկարժեք ու կիսաթանկարժեք քարեր և մետաղներ, ոչ թանկարժեք մետաղներ։ Ընդ որում՝ դրանց տեսակարար կշիռը զգալի մեծ է մյուս արտահանվող ապրանքներից։ Այսինքն՝ Հայաստանի արտահանումը շարունակում է կենտրոնացված մնալ 4 ապրանքախմբի շուրջ։

Այս երևույթի իրական ու գլխավոր վտագներից մեկն այն է, որ երբ համաշխարհային շուկայում նշված ապրանքների գները նվազում են, Հայաստանը զգալի գումարներ է կորցնում։ Եվ այդ կորուստը, փաստորեն, չի կարողանում լրացնել այլ ապրանքներից ստացված եկամուտներով, քանի որ դրանցից քիչ քանակությամբ է արտահանվում։ Արտահանման կենտրոնացված լինելը նշանակում է, որ Հայաստանի արտադրողները դրսում թույլ մրցակցային դիրքերում են՝ կամ չեն համապատասխանում այնտեղ առաջարկվող գներին ու որակին, կամ չեն կարողանում արտադրել այնքան, որ կարողանան նաև արտահանել, կամ էլ՝ չեն գտնում շուկաներ, որտեղ իրենց ապրանքը մրցակցային կլինի։ Այս ամենը կարող է բազմաթիվ պատճառներ ունենալ՝ երկրի տնտեսական ոչ բարենպաստ քաղաքականությունից մինչև արտադրության ոչ ճիշտ կազմակերպում։

Ներկա դրությամբ արտահանման ծավալի մեջ ամենամեծ կշիռն ունի հանքահումքային արտադրանքը։ Հատկապես այս ապրանքախումը Հայաստանի տնտեսությունը խիստ խոցելի է դարձնում։ Այս բաժնի մեջ են մտնում ոսկին, պղինձը, մոլիբդենը և այլն։  Մոլիբդենի դեպքում, օրինակ, Հայաստանը զգալի գումարներ կորցրեց, երբ դրա գինը 2009  թվականից կտրուկ նվազեց, իսկ մինչ այդ այն հասնում է 100 հազ. դոլարի, ինչը բավականին նպաստավոր գին էր Հայաստանի համար։ Նույնն էլ ոսկու ու պղնձի դեպքում է. գների նվազման պարագայում կուրստները մեծ են լինում։

Պղնձի համաշխարհային շուկայում հիմա վիճակը վատթարացել է։ Լոնդոնի մետաղների բորսայի (LME) տվյալներով՝ պղնձի մեկ տոննայի գինը վերջին օրերին տատանվում է  5100-5200  ԱՄՆ դոլարի սահմաններում։ Մինչդեռ տարեսզբին այն գերացանցել  է 5500 դոլարի շեմը։ Համաշխարհային շուկայում նվազում է նաև ոսկու գինը։ Ներկայում 1 տրոյական ունցիայի (31.1035  գրամ) գինը 1100 դոլար է։ Սա Հայաստանի համար ոչ մի լավ բան չի խոստանում։

 Եվրասիական տնտեսական միությունը օգուտ չի տվել

Երբ երկու տարի առաջ հայտարարվեց, որ Հայաստանը ցանկություն ու մտադրություն ունի միանալու Եվրասիական տնտեսական միությանը, հայտարարություն անողները՝ իշխանությունները, հավաստիացրին, որ ԵՏՄ-ն այն շուկան է, որը մեծ հնարավարություններ կբացի հայաստանյան տնտեսության համար, այդ թվում՝ արտահանման հարցում։ Այս տարեսկզբից արդեն պաշտոնապես միացանք ԵՏՄ-ին։

Կես տարի է անցել, բայց ԵՏՄ-ն, փաստորեն, արտահանման հարցում Հայաստանին դեռ ոչ մի օգուտ չի տվել։ Սպասվում էր, որ Հայաստան-ԵՏՄ անդամ երկրներ առևտրաշրջանառությունը կմեծանա, Հայաստանից արտահանման ծավալները կմեծանան և վերջապես՝ արտահանման այսչափ կենտրոնացվածությունը կմեղմվի։ Այս սպասելիքներից առայժմ ոչ մեկ չի իրականացել։ Ու, մասնավորապես, Ռուսաստանի հետ կապված այս պահին մեծ հույսեր ունենալն էլ անիրատեսական է։ Այս երկրում այժմ տնտեսական բարդ իրավիճակ է՝ ռուբլին նավթի համաշխարհային գների անկման ֆոնին արժեզրկվել է։ Տնտեսագետների մի մասի կանխատեսմամբ՝ ռուսաստանյան տնտեսությանը դեռ նոր խոչընդոտներ են սպասվում ռուբլու արժեզրկումից հետո։ Այս խոչընդոտները ուղղակիորեն կանդրադառնան նաև հայ արտահանողների վրա, ինչպես եղավ նախորդ տարեվերջին ռուբլու արժեզրկումից հետո։ Տուժեցին հատկապես այն արտադրողները, որոնց ապրանքների արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է։ Արտահանվող ապրանքի համար ստանալով արժեզրկված ռուբլի, այն էլ՝ ուշացումներով, նրանց եկամուտները բավականին նվազեցին։ Ոմանք՝ ժամանակավորապես դադարեցրին արտահանումը, ոմանք՝ աշխատեցին զրոյական օգուտով, ոմանք էլ՝ պարզապես կորցրին շուկան։

Նորից վերադառնալով այս տարվա տվյալներին՝ նշենք, որ   առաջին կիսամյակում Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունը կազմել է 491,2  մլն դոլար, որը 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 21,9%-ով նվազել է։ Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է 70,8 մլն դոլար, որը 47,1%-ով կրճատվել է։ Իսկ Ռուսաստանից Հայաստան ներմուծումը կազմել է 420,3 մլն դոլար, նվազումը՝  15,1%:

Սա նշանակում է, որ ԵՏՄ-ին անդամագրվելուց հետո Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառության ցուցանիշները ոչ միայն չեն բարելավվել, այլև՝ նվազել են, այն էլ՝ մեծապես Հայաստանից Ռուսաստան արտահանման կրճատման հաշվին։ Եթե առևտրաշրջանառության ցուցանիշն աճեր, բայց՝ դեպի Հայաստան արտահանման հաշվին, դա ևս չէր նշանակի, որ վիճակը բարելավվել է։ Հայաստանի համար վիճակի բարելավում կլինի միայն դեպի Ռուսաստան արտահանման ցուցանիշի աճի ժամանակ։

ԵՏՄ անդամ մյուս երկրիների հետ առևտրաշրջանառությունը 2015թ. հունվար-հունիսին  ունի հետևյալ պատկերը.

Հայաստան-Ղազախստան՝  2,5 մլն դոլար, որից Հայաստանից արտահանումը՝ 2,37 մլն դոլար, ներմուծումը՝ 128 հազ. դոլար։ Ընդ որում՝ արտահանումը 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է  33%-ով, ներմուծումը՝ 51,6%-ով։

Հայաստան-Բելառուս՝  13,3 մլն դոլար, որից արտահանումը՝ 2,6 մլն դոլար, ներմուծումը՝ 10,7 մլն դոլար։ Արտահանումը նվազել է  29,7%-ով, ներմուծումը՝ 12,1%-ով։

Փաստորեն, այս կիսամյակ ոչ արտահանվող ապրանքախմբերի կենտրոնացվածության խնդիրն է մեղմվել, ոչ էլ ընդհանուր ցուցանիշներն են բարելավվել։

Մեկնաբանություններ (1)

aram
ԵՏՄ կոչվածը ՀՀ տանում է դեպի կործանման, անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել ՀՀ անկախությունը փրկելու համար: Հետո-ն կարող է չափազանց ուշ լինել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter