HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունաստանի ճգնաժամի խիստ կարևոր դասը Հայաստանի համար

Շվեդ-ամերիկյան գիտնական Մաքս Թեգմարկը (Max Tegmark)  տնտեսագիտությունը ժամանակին անվանել է «ինտելեկտուալ մարմնավաճառություն». և ոչ առանց հիմքի: Ի՞նչու. որովհետև տնտեսագիտության վրա քաղաքականության ազդեցությունը չափից մեծ  է, որպեսզի այն  «չեզոք գիտություն»  լինի կամ  մնա :

Քիմիայի կամ ֆիզիկայի պարագայում լաբորատորիայում փորձեր կարելի է անել: Տնտեսագիտությունում գերակշռում են ենթադրակա՛ն մոդելները: Տնտեսագիտությունը, իհարկե, օգտակար գիտություն է, բայց մարդիկ պիտի հասկանան, որ տնտեսագիտական մոդելներն իրականում մնում են  միայն մոդելներ:

Հունաստանի ճգնաժամն էլ ասածիս ճիշտ սահմաններում է: Հոդվածս երկար չի լինի, որովհետև հունական ճգնաժամի իրական պատճառն էլ ընդամենը մե՛կ բառ է... «եվրո»:

Հունաստանում էլ, իհարկե, կոռուպցիա ու հարկերի չվճարում կար. ու հունական կառավարությունը «խաղացել» է թվերի հետ ( իմիջիայլոց՝  «Goldman Sachs» բանկի օգնությամբ): Բայց  հունական ճգնաժամի հիմքային  պատճառը բնավ էլ սա չէր:

Իրական պատճառը  եվրոն  է: Հունաստանը պարզապես շղթայի ամենաթույլ օղակն էր. այն միշտ եղել է (համեմատաբար) աղքատ երկիր: Նույն կերպ՝ ԱՄՆ-ում «Lehman Brothers» բանկն անգամ եթե չընկներ, միևնույնն է՝ կրեդիտային ճգնաժամ (credit crisis) լինելու էր:

Եվրոյին  անցնելիս կատարվեց հետևյալը. հույներն իրենց արտադրանքով այլևս չկարողացան  մրցել միջազգային շուկայում: Հունաստանից  արտահանվող  (հիմնականում ագրարային)  ապրանքները դարձան չափից ավելի զգայուն գների հանդեպ. այսինքն՝ արտահանվող ապրանքների գները հնարավոր չէր իջեցնել ու այն դարձնել մրցունակ: Սա Հունաստանը  կարող էր անել միայն ազգային արժույթի փոխանակման կուրսի միջոցով (exchange rates). բայց երկիրն արդեն անցել էր միասնական  եվրոյի  և  ազգային արժույթ (դրախմա)  այլևս չուներ:

Այսպես և այսպիսով Հունաստանը պարզապես դուրս մղվեց  շուկայից՝  նաև  Չինաստանի կողմից, որի հետևանքով հունական կառավարության եկամուտները նվազեցին: Ու  հարցը լուծվեց... պարտքեր վերցնելով:

Հիմնականում հյուսիսային Եվրոպայի  բանկերը՝ ստեղծված իրավիճակից փող աշխատելու նպատակով՝ սկսեցին պարտքեր տալ Հունաստանին, մտածելով որ իրե՛նց փողը չի կորչի, քանի որ  իրենց երկրների կառավարությունները դա  թույլ չեն տա: Հակառակ դեպքում նույն այդ հյուսիսային  երկրների տնտեսություններն անկում կապրեն. իսկ դա այդ երկրների քաղաքական գործիչների համար կնշանակի մեկ բան... չվերընտրվել:

Ահա հունական միֆոլոգիայի նորագույն «միֆի» ողջ «առեղծվածը»:

Հունաստանից փոքր Հայաստանը  այս ամենից  խի՛ստ կարևոր դաս ունի սովորելու. այն է՝  երբեք և ո՛չ մի պարագայում չհրաժարվել ազգային արժույթից՝ դրամից:

Վարազ Սյունի

Ամստերդամ,10.08.2015

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հովիկ(1)- Հոդվածը բնավ էլ Եվրոպայի կամ ԵՄ-ի դեմ չէ: Հոդվածում նշված է Հունական ճգնաժամի հիմքայի՛ն պատճառը: Կոռուպցիան և հովանավորչությունը ճգնաժամին օժանդակող գործոններ են:
Հովիկ
Հակաեվրոպական հոդված` հիմնված աչքակապության վրա: Կոռուպցիան և հովանավորչությունը քայքայեց Հունաստանը, ահա թե ինչից պետք է դաս քաղի ու սարսափի Հայաստանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter