HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Նաիրիտի» լուծարումն անընդունելի է Հայաստանի Կառավարության ու նաիրիտցիների համար

Հայաստանի Կառավարությունն, ի վերջո, որոշեց ազատվել «Նաիրիտ» ՓԲԸ-ի աշխատողներից.  ընկերության 2200 աշխատողների աշխատավարձի պարտքի հիմնական մասը վճարվել է։ «Նաիրիտ» ՓԲԸ-ն 2010 թ.-ից սկսած որեւէ արտադրանք չի թողարկել եւ այդ թվականից սկսած` պարտքը կայուն կերպով աճել է: Ընկերությունը 2200 հոգանոց անձնակազմին աշխատավարձ վճարելու եւ հիմնական պահպանության որոշ ծախսերի համար Երեւանի ՋԷԿ-ից մոտ 16 մլրդ ՀՀ դրամ (33 մլն ԱՄՆ դոլար) փոխառություն էր վերցրել:

Ամիսներ առաջ ընկերության աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտնել էր, որ «Նաիրիտ  գործարան» ՓԲԸ-ի պարտքը կազմում է մոտ 102 մլրդ դրամ: Ընկերության պարտքերի ամենամեծ հոդվածներն են՝ աշխատավարձերը՝ 6 մլրդ դրամ, Երեւանի ՋԷԿ-ից ստացված էներգիան (գոլորշի)՝ 20 մլրդ դրամ, վարկային պարտավորություններ՝ 63 մլրդ դրամ, բյուջետային պարտք՝ 8,5 մլրդ դրամ, 1,4 մլրդ պարտք են «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, 1,2 մլրդ դրամ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը: 

Հայաստանի Կառավարությունը 2006 թ. օգոստոսի 18-ի թիվ 1131-Ա որոշումով «Նաիրիտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի  90%-ը  40 մլն դոլարով վաճառել էր Rhinoville Property Limited-ին, իսկ բաժնետոմսերի 10%-ը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը: Ընկերության սեփականատերը 2010 թ. հեռացել է՝ ընկերությունը ծանրաբեռնելով 90 մլրդ ՀՀ դրամ (188 մլն ԱՄՆ դոլար) պարտքով, որի մեջ մտնում է ԱՊՀ Միջպետական բանկին ունեցած 51 մլրդ ՀՀ դրամ (108 մլն ԱՄՆ դոլար) պարտքը: Ընթերցողներին հիշեցնենք, որ Rhinoville Property Limited-ը 70 մլն դոլար վարկ էր վերցրել Միջպետական բանկից, որպեսզի գներ «Նաիրիտ գործարանի» 90% բաժնետոմսերը եւ ներդրումներ կատարեր գործարանում: Rhinoville Property Limited-ը վարկի դիմաց Միջպետական բանկում գրավադրել է գործարանի բաժնետոմսերը: 

«Նաիրիտ» ՓԲԸ-ի ունեցած ամենախոշոր կրեդիտորական պարտքերը

Տարրեր

Գումարը, մլրդՀՀդրամ

Աշխատավարձ

8.9

Էներգիայի դիմաց եւ այլ կրեդիտորական պարտքեր

8.7

Հարկեր

5.6

Այլ (չբացահայտված ֆինանսական հաշվետվություններում)

7.6

Ընդամենը

31

Կառավարության պատվերով Համաշխարհային բանկը (ՀԲ) աուդիտ է իրականացրել «Նաիրիտ»-ում եւ կատարված վերլուծության համաձայն՝ «Նաիրիտի» ակտիվները բավարար չեն նրա պարտավորությունները մարելու համար: Ակտիվների հաշվեկշռային արժեքը, ըստ ՀԲ-ի, վարկերի եւ կրեդիտորական պարտքերի մնացորդների 50%-ից ցածր է:

«Նաիրիտը» որոշ ակտիվներ ունի, սակայն դրանց շուկայական արժեքը հայտնի չէ: Հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքը կազմում է 57 մլրդ ՀՀ դրամ (119 մլն ԱՄՆ դոլար), որը էականորեն ցածր է 90 մլրդ (188 մլն ԱՄՆ դոլար) ՀՀ դրամ ընդհանուր պարտքի գումարից: Հիմնական միջոցների զգալի մասը նշանակալի մաշվածություն ունի, որը դեռ արտացոլված չէ ֆինանսական հաշվետվություններում, քանի որ վերջին ժամանակաշրջանում ակտիվների վերագնահատում չի կատարվել»,- ասվում է հետազոտության մեջ:

«Նաիրիտ-2» ՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Հակոբյանը «Հետքին» հայտել էր, որ աշխատավարձերի պարտքն ամբողջությամբ կմարվի ընկերության գույքի վաճառքից ստացված եկամուտով: Արդեն հայտնի է, որ նաիրիտցիների աշխատավարձի վճարումը կատարվում է «Որոտան կասկադի» վաճառքից ստացված գումարներից:

«Նաիրիտ» գործարանի պարտավորությունների մեջ է մտնում ԱՊՀ Միջպետական բանկի չմարված, պետական երաշխիքով ապահովված վարկը: ՀԲ վերլուծաբանները Կառավարությանն առաջարկել են կրեդիտորների հետ բանակցությունների ճանապարհով լուծել այն պարտքերի հարցերը, որոնք, ամենայն հավանականությամբ, հնարավոր չի լինի մարել ակտիվների վաճառքի միջոցով: Կա դատական որոշում, ըստ որի`«Նաիրիտը» պարտավոր է ԱՊՀ Միջպետական բանկին վճարել 51 մլրդ ՀՀ դրամ (108 մլն ԱՄՆ դոլար), ներառյալ` տոկոսներն ու տուգանքները:

Հուլիսի 2-ին Կառավարությունը էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին հանձնարարել է առաջարկել Միջպետական բանկին՝ «Ռայնոլիվ փրոփերթի Լիմիտեդ» ընկերությանը եւ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին տրամադրված վարկերի պահանջի իրավունքները զիջել: Նպատակը՝ Միջպետական բանկում գրավադրված «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի բաժնետոմսերը եւ անշարժ գույքը գրավից ազատելը եւ տրամադրված վարկերի պահանջի իրավունքների զիջումն է:

ՀԲ-ի վերլուծաբանները պնդում են, որ եթե այս վիճակին լուծում չտրվի, ապա «Նաիրիտը» կշարունակի ծանր բեռ մնալ էլեկտրաէներգետիկայի պետական ընկերությունների համար` տարեկան շուրջ 2-3 մլրդ ՀՀ դրամի չափով (4-6 մլն ԱՄՆ դոլար) աշխատավարձերի վճարման եւ գործարանի պահպանության համար: «Տեխնիկական եւ ֆինանսական նկատառումներից բխում է, որ Կառավարությունը պետք է դիտարկի գործարանի լուծարման ծրագիր մշակելու եւ իրականացնելու խնդիրը»,- խորհուրդ է տալիս ՀԲ-ն:

Այդուհանդերձ, ընկերությունը չի կարող ազատել բոլոր աշխատակիցներին, անվտանգության պահանջներից ելնելով տնտեսական այս հսկայի պահպանության համար 500-ից ավելի աշխատողներ կմնան:

Ըստ ՀԲ-ի վերլուծաբանների՝ լուծարման ծրագիրը պետք է ներառի հետեւյալ հիմնական քայլերը.

  • Իրականացնել գույքագրում եւ գնահատել ակտիվների շուկայական արժեքը: «Նաիրիտը» պետք է վարձի անկախ գնահատող ակտիվների շուկայական արժեքը գնահատելու համար, որով դրանք կարող են վաճառվել աշխատողների, պետական բյուջեի եւ այլ կրեդիտորների նկատմամբ ունեցած պարտավորություններն ըստ դրանց առաջնահերթության մարելու նպատակով:
  • Մշակել եւ իրականացնել սոցիալական ազդեցության մեղմման ծրագիր: Կառավարությունը պետք է ապահովի, որ կրճատված աշխատողներին վճարվի ազատման նպաստ, եւ գործող սոցիալական ապահովության համակարգը տրամադրի աշխատանքի տեղավորման պարտադիր աջակցություն այդ մարդկանց:
  • Իրականացնել գործարանի մանրամասն բնապահպանական գնահատում: Կառավարությունը պետք է պատվիրի գործարանի ժառանգություն թողած բնապահպանական խնդիրների խորը գնահատում` դրանք վերացնելու եւ գործարանը շրջակա միջավայրի համար անվտանգ կերպով շահագործումից հանելու նպատակով:
  • Իրականացնել լուծարման ծրագիր, ներառյալ` բնապահպանական մաքրում: Կառավարությունը պետք է ռեսուրսներ հատկացնի գործարանը կարգավորված կերպով շահագործումից հանելու,  ինչպես նաեւ ժառանգություն մնացած բնապահպանական խնդիրները լուծելու համար:

Սակայն, ոչ միայն Կառավարության, այլեւ նաիրիտցիների համար անընդունելի է երբեմնի տնտեսական հսկայի լուծարման գաղափարը: Կառավարությունը հայտարարում է, որ կշարունակի ներդրողներ փնտրել «Նաիրտը» գործարկելու համար, իսկ աշխատակիցները գործարանի վերագործարկում են պահանջում: Վերջիններս պնդում են, թե մասնագետների հաշվարկով՝ գործարանն աշխատեցնելու համար ընդամենը 50-55 մլն դոլարի ներդրում է անհրաժեշտ: Նրանց ասելով՝ երեք տարվա մեջ ներդրողն իր գումարը ետ կստանա, 4-րդ տարում կունենա եկամուտ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter