HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանկագիր. «Մեծերը կարող են սուտ ասել, իսկ փոքրերը՝ ոչ»

85-ամյա մանկագիր Սուրեն Մուրադյանին հանդիպում եմ երևանյան այգիներից մեկում: Մեր պայմանավորվածությունից ավելի վաղ է եկել, թղթին ինչ-որ բան է գրում: Քիչ անց ասում է, թե ասելիքն է ամփոփ գրի առնում, որ հանկարծ որևէ բան բաց չթողնի:

Սուրեն Մուրադյանը 120 գրքի, 250 երգերի տեքստերի հեղինակ է: Չնայած մեծահասակների համար էլ է գրում, բայց հիմնականում, շեշտում է, գրում է մանուկների համար: Հարցնում եմ, թե որն է մանկագրի առավելությունը, ժպտում է՝ ասելով. «Մանկագիրը մի առավելություն ունի՝ մեր ընթերցողները նախ շատ են, և երկրորդ՝ նրանք ամենաանկեղծն են: Եթե երեխան չհավանի գիրքը, չի շարունակի կարդալ: Մեր իսկական քննադատները մանուկներն են, մեծերը կարող են կեղծել, սուտ ասել, բայց փոքրերը՝ ոչ, եթե չհավանեն, գիրքը կշպրտեն: Այդ առումով մանկագիրն ավելի բախտավոր է»:

Սուրեն Մուրադյանը ծնվել է Լոռու մարզի Ակներ գյուղում: Նշում է, որ առաջին բանաստեղծությունները գրել է մանկության տարիներին, երբ գառները տանում էր արածեցնելու: Լոռվա բնությունը, այնուհետ իր դուստրերը, թոռները, հիմա էլ ծոռներն են ներշնչանքի աղբյուրը: Մանկագիրը հերթով թվարկում է նրանց անունները, նշում, որ բոլորին հասցեագրված ստեղծագործություններ ունի:

Գրողը խոսում է անշտապ, պայուսակից հանում է մի քանի գրքեր՝ մատնացույց է անում, ապա շարունակում խոսքը: Նշում է, թե որքան էլ այսօր տեղեկատվական տեխնոլոգիաները զարգանան, երբ երեխան բացում է գիրքը, նույնիսկ տպարանի հոտը զգալով, արդեն այլ է: «Նա առանձին կարդում է, վերլուծում է, գրքի հերոսները շատ կենդանի են: Իսկ տեխնոլոգիան ածանցավոր է, որովհետև հնարավոր չէ համակարգիչն այն հնարավորությունն ընձեռի, ինչպես գիրքը»,- նկատում է մանկագիրը:

Գևորգ Էմինի քանդակի դիմաց ենք նստել: Զրուցակիցս մերթընդմերթ հայացքն ուղղում է դեպի քանդակը: Վերհիշում է իր հանդիպումները Էմինի, Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Հովհաննես Շիրազի, Համո Սահյանի, Վախթանգ Անանյանի հետ: 27 դիմանկարներն ամբողջացրել է մի գրքում՝ «Մեծերն իմ կյանքում»:

Ս. Մուրադյանին մտահոգում է այն, որ երիտասարդությունը չի սիրում կարդալ: «Նրանք ավելի կարճ ձևով են ուզում պատասխաններ ստանալ: Հիմա օրինակ համառոտագրեր կան, որոնք կարդում են: Օրինակ՝ Րաֆֆու «Սամվելը» համառոտ, 10 էջում ներկայացրել են: Դա բարոյական չարիք է: Ինչպե՞ս կարելի է արարատյան դաշտի նկարագիրը չկարդալ: Այդ պատկերները բաց են թողնում, սյուժեն անգիր են անում, պատմում»,- նշում է նա:

Այնուհետ զրուցակիցս անդրադառնում է մանկագրությանը: Կրկին մտահոգվում է, որ իրենց և իրենցից կրտսեր սերնդից հետո մանկագրությունը հետաքրքրությունից դուրս է: Ասում է՝ տաղանդավոր գրողներ կան այսօր, բայց չեն գրում փոքրերի համար: Նրա խոսքով՝ ընդգծված վերաբերմունք կա մանկական գրականության նկատմամբ: Այն առաջին կարգի գրականություն չեն համարում: «Մենք միայն մի քննադատ ունենք՝ Լյուդվիգ Կարապետյանը, որը զբաղվում է մանկական գրականության տեսությամբ: Նա է միակ քննադատը, որ գրում է: Ես, օրինակ, չեմ տեսել մի անվանի քննադատ, որ մանկական գրքի մասին գրախոսություն գրի: Այդ վերաբերմունքը ևս ազդում է մանկական գրականության վրա,- ասում է զրուցակիցս, ապա ավելացնում,- բնության մեջ էլ մեկ էլ տեսնում ես, որ մի ամբողջ տարի ծառերը բերք չեն տալիս, 10 տարի անցնում է, հիմա մեր գրականության մեջ էլ այդպիսի ամլության շրջան է»:

Չնայած դրան, ասում է, մանկագիրը միշտ մտածում է լուսավորի մասին: Օրինակ, նշում է, իր բանաստեղծություններում հումորն է իշխում: 

Նոր կոշիկները
 
Սոնան մի ծայրից
Մյուսն է վազում,
Իր ընկերներին
Տեսնել է ուզում:
Ուզում է ցույց տալ
Բոլորին այսօր
Հայրիկի բերած
Կոշիկները նոր:
 
Ուզում է գնալ
Մորաքրոջ մոտ,
Էլ չի համբերում
Մինչև առավոտ:
Նոր կոշիկները
Այնպես են սազում՝
Նույնիսկ քնելիս
Հանել չի ուզում:

Մեր զրույցից հետո մանկագրի հետ քայլում էինք Բաղրամյան պողոտայում: Ասում է՝ 85 տարեկան է, բայց ամեն օր շարունակում է գրել: «Գրականությունը նաև աշխատասիրություն է պահանջում: Պետք է ունենաս բնատուր շնորհ և աշխատասիրություն»,- ասում է նա: 

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter