HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտական պատրաստության կենտրոն 800 ուսանողի համար` Ջավախքում

Ախալքալաքի նախկին ռուսական ռազմաբազայի տարածքում բացվել է մարտական պատրաստության ուսումնական կետնրոն, որն անվանակոչվել է սերժանտ Զազա Պերաձեի անվամբ: Զազա Պերաձեն  զոհվել է 2008թ. օգոստոսի վրաց-ռուսական պատերազմի ժամանակ:

Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը կատարվել է նորակառույց շենքի մոտ, որին ներկա են եղել Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն, ՊՆ փոխնախարար Դավիթ Եբրալիձեն: Սամցխե-Ջավախքի ղեկավար Ակակի Մաչութաձեն, ինչպես նաև Ախալքալաքի մունիցիպալիտետի կառավարիչ Համլետ Մովսիսյանը, Նինոծմինդայի կառավարիչ Գագիկ Կարսլյանը և ՏԻՄ այլ պաշտոնյաներ նույնպես ներկա են եղել բացման արարողությանը:

«Հետքի» հետ զրույցում Ախալքալաքի շրջանային ժողովի ղեկավար Համլետ Մովսիսյանը նշեց, որ ուսումնական կենտրոնի առայժմ միայն վարչական շենքն է պատրաստ: Ավելի քան 3 տարի կպահանջվի, որպեսզի կենտրոնը սկսի գործել: Ուսումնական կենտրոնում սովորելու է Վրաստանի քաղաքացի շուրջ 800 ուսանող:

«Իրենց ասելով՝ այդտեղ պետք է աշխատատեղեր ստեղծվեն, երեք-չորս տարի պետք է, որ շենքերը, ենթակառուցվածքները կառուցվեն: Կոնկրետ թվերի մասին չխոսվեց, բայց իրենց ասելով աշխատատեղեր կստեղծվեն: Նախկին զինվորական բազայի ինֆրաստրուկտուրաները կվերանորոգվեն»,-ասաց Համլետ Մովսիսյանը:

Շրջանային ժողովի նախագահը նշեց, որ ադմինիստրատիվ շենքը նոր է կառուցվել, բայց հետագայի համար հնարավոր է հարակից տարածքում սովետական շրջանից պահպանված շենքերը վերանորոգվեն, սակայն չի բացառվում նաև նոր շենքերի կառուցում:

«Ունենք նաև բնակելի մաս, որը մեր բնակիչներն են ապրում, դա մեր մունիցիպալիտետի սեփականությունն է»,-ասաց Հ. Մովսիսյանը:

Համլետ Մովսիսյանը նշեց, որ վարչական շենքի կառուցման աշխատանքներին տեղացիները մասնակցել են, սակայն առաջիկայում կերևա, թե որքանով են տեղացիները ներկայացված լինելու այդ կենտրոնում, չնայած Հ.Մովսիսյանը նշում է, որ խոստումները բարձրաստիճան պաշտոնյաների կողմից են հնչել:

«Ըստ իս՝ Ախալքալաքը պետք է լինի աշխարհագրական կարևոր տարածքներից մեկը վրացական զինված ուժերի համար: Այսպիսի պատրաստության կենտրոն հիմնելը այստեղ հետաքրքիր է մի քանի պատճառներով: Նմանատիպ նախագծերը կնպաստեն մեր երկրում ընթացող ինտեգրման գործընթացին»,-ասել է Թինաթին Խիդաշելին՝ կենտրոնի բացման ժամանակ:

Ինչպես տեղեկացնում է Վրաստանի ՊՆ-ի կայքէջը, կենտրոնի կառուցումը դեռևս չի ավարտվել: Կառուցման ընթացքում են զորանոցները, ճաշարանը: Մինչ 2019թ-ը նախատեսում են կառուցել նաև սպորտդահլիճ, հանրակացարաններ և այլ շինություններ:

Մեկ այլ՝ սպառազինության պատրաստության կենտրոն էլ բացվել է Վազիանում: Հիշեցնենք, Վազիանում նույնպես մինչ 2001թ. տեղայակված են եղել ռուսական զորքեր: Ախալքալաքից ռուսական ռազմաբազան դուրս եկավ 2007թ.-ին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter