HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ռոք խմբի համար Վանաձորը տալիս է լավ ստարտ, բայց չի ապահովում ճիշտ ապագան»

Գայանե Սարգսյան

Վանաձորյան Lousnelius ռոք խումբը կազմավորվել է 2007-2008թթ.-ին: Գործունեության 7 տարիների ընթացքում խմբի կազմը պարբերաբար փոխվել է, եղել են նաև դադարի շրջաններ: Սկզբնավորումից մինչ օրս շարունակում է խմբի կազմում մնալ հիմնադիրներից միայն մեկը՝ 24-ամյա Արմեն Պապյանը:

2008-2010 թթ.-ին Lousnelius-ի կազմում նվագել ու նաև վոկալն է ապահովել «Որդան կարմիր» խմբի ներկայիս թմբկահար Պայքար Չախոյանը:

Այժմ խմբի կազմում նվագում են կիթառահար 21-ամյա Վահրադ Մելիքջանյանը, թմբկահար 23-ամյա Հայկ Գալստյանը, վոկալն ապահովում է Արմենը:

Այս տարվա հուլիսին խումբը հանդիսատեսի դատին հանձնեց իր երկրորդ՝ «Soul Taxes» (Հոգու հարկեր) տեսահոլովակը:

Խմբի հիմնադիր Ա. Պապյանի հետ մեր զրույցը երեկվա, այսօրվա ու վաղվա անելիքների մասին է:

Առաջին բեմելը

«2008թ.-ի գարնանն էր, երբ իմացանք, որ խմբի անդամներից մեկին բանակ են տանելու, որոշեցինք առաջին համերգը տալ: Հանպատրաստից դուրս եկանք բեմ: Դա հիմա է, որ ասում եմ հանպատրաստից: Այն ժամանակ մտածում էինք՝ վերջ, մենք պատրաստ ենք: 2008-ի ապրիլի 26-ին կայացավ մեր առաջին մենահամերգը Վանաձորի տիկնիկային թատրոնում: Շատ լավ անցավ…

2010թ.-ից Պայքարը տեղափոխվեց  «Որդան կարմիր»: Պայքարի գնալուց հետո վոկալը սկսեցի ես անել: Մինչ այդ երկրորդ ձայն էի պահում, նրանից հետո որոշեցի այդ բեռն էլ իմ վրա վերցնել…

Մտածում էի՝ գուցե արժե թողնել…

Մինչև 2014թ.-ը խմբի կազմն անընդհատ փոփոխվել է, անընդհատ խառն է եղել, մեկը գնացել է, մյուսն եկել: Խմբի հիմնադրումից մինչ այժմ որ գումարենք իրար, երևի երեք տարի հազիվ կայուն գործած լինենք: Բոլորը գնում գալիս էին ու պահեր էր լինում, ես մտածում էի` լավ, կարող է իմը չէ, գուցե արժե թողնել: Բայց չէ, չէր ստացվում: Այդ միտքը գալիս էր, բայց բավական էր գայի փորձասրահ, որպեսզի այդ միտքը հավասարվեր 0-ի: Ռոքն արդեն իմ էությունն էր  դարձել ու առանց դրա այլևս անհնար էր:

Փորձում ենք պայքարի ոգին թելադրել

Հատկապես վերջին տարիներին շատ բան կա, որ ջղայնացնում է, որ սկսում ես եփել, երբ տեսնում ես, թե ինչ է տեղի ունենում: Այդ բարկությունը մենք փորձում ենք արտահայտել մեր երգով:

Ժողովուրդն այսօր ուղղակի դարձել է տիկնիկ, որին թելով պարացնում են, բայց այդ երևույթը հակասում է լոգիկային: Ժողովուրդն ուժեղ է և ժողովուրդն է ասողն իրականում: Մենք փորձում ենք պայքարի ոգին թելադրել, ասել՝ մենք պետք է լինենք որոշում կայացնողները:

Ներկա կառավարման արդյունքում հիմար երևույթներ են տեղի ունենում, բայց դրանից ավելի հիմար երևույթ է այն, որ ժողովուրդը չի արձագանքում կամ այդ արձագանքը շատ թույլ է: Այնքան թույլ, որ կառավարությունը դա էլ է կարողանում իր օգտին օգտագործել, ինչը տեղի ունեցավ նաև  Բաղրամյանում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարի ժամանակ:

Մեր ասելիքն այն է, որ պետք է ոտքի կանգնել: Այսօր ոտքի կանգնելու կամ ժողովրդին մոտիվացնելու ձևերից մեկն էլ սա է՝ ռոքը:

Ոճը՝ ալտերնատիվ մետալ, նախընտրելի լեզուն՝ անգլերեն

Այն, ինչ մենք նվագում ենք, ես հակված եմ անվանել ալտերնատիվ մետալ: Ինձ համար դա լայն հասկացություն է:

Ժամանակի ընթացքում մեր երաժշտությունն ավելի ագրեսիվ է դարձել, ինչը կապված է մեր ասելիքի, մեր մեջ կուտակված բողոքի ու ագրեսիայի հետ:

Հիմնականում անգլերեն ենք ստեղծագործում: Սկզբից էլ, երբ սկսեցինք երգեր գրել, սկսել ենք անգլերենով: Թե ինչու, ես դրա բացատրությունը չունեմ: Երևի ուղղակի անգլերենով ավելի հեշտ է  ստեղծագործել, քան հայերենով: Հայերենն ավելի կամակոր լեզու է:

Առաջիկայում նաև հայերենով երգ կունենաք: Մի երգ ենք ձայնագրում, որ կլինի և անգլերեն, և հայերեն:  Գտել ենք, որ այդ երգն ավելի ընկալելի լինելու համար արժե, որ այն երգվի երկու լեզվով էլ: Այն վերնագրված է  «Մոր երգը» և բանակում սպանված զինվորների մայրերի ու նրանց մղած պայքարի մասին է ու նաև կոչ է ժողովրդին, որ սատարենք այդ մայրերին, որպեսզի այդ երևույթը վերանա: Թե՛ բառերը, թե՛ երաժշտությունը հեղինակել ենք խմբի անդամներս:

Լոռիում ռոք խմբի գործունեության առանձնահատկությունները

Դա ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր: Դրականն այն է, որ մենք չէինք լինի այսպիսին, եթե չապրեինք այստեղ, որովհետև Լոռվա սարերի ուժն ուրիշ է:

Մեզ  մոտ ամեն ինչ շատ ավելի դաժան է` թե՛ կենցաղային,  թե՛ բնակլիմայական պայմանները, ու դա հաստատ իր ազդեցությունն է ունենում ստեղծագործող մարդու վրա:

Վանաձորում գործելու դրական կողմերից մեկն այն է, որ  կարողանում ես շատ մատչելի գնով փորձի տեղ վարձել, որտեղ հարևանները չեն բողոքում (ծիծաղում է):

Իսկ բացասականը… Բացասականը շատ է: Այստեղ չկան ժամանցի վայրեր, որտեղ դու կարողանաս նվագել: Երաժշտությունն այս քաղաքում չի կարողանում դառնալ փողի հայթայթման միջոց:  Եթե դու համերգ էլ ես կազմակերպում, միևնույնն է, դու այդ համերգի վրա շատ ավելի մեծ գումար ես ծախսում, քավ վաստակում ես… Քաղաքի խմբերի ցրվելու կամ քաղաքից գնալու հիմնական պատճառն էլ հենց սա է:

Ռոք խմբի համար Վանաձորը տալիս է լավ ստարտ, բայց չի ապահովում ճիշտ ապագա

Գնալով համոզվում եմ, որ ինչքան էլ այստեղ պայքարում ես, հետ ես նայում ու տեսնում, որ միևնույնն է,  ամեն ինչ նույնն է մնում, միայն դու ես փոխվում… Ընդհանուր իրավիճակը չի փոխվում, խնդիրներն էլի նույնն են: Այս քաղաքը մեռել է, ես դա ցավով եմ ասում, բայց իրականությունից չես կարող փախչել…Սա է պատճառը, որ որոշել ենք առաջիկայում տեղափոխվել Երևան:

Ռոքը Վանաձորում ունի շատ լավ սկիզբ: Ռոք խմբի համար Վանաձորը տալիս է լավ ստարտ, բայց չի ապահովում ճիշտ ապագան: Բայց կարևորն այն է, որ այդ սկիզբն արդեն իսկ բավարար է, որպեսզի այդ խումբը կայանա ու այլ տեղերում գտնի իր ապագան»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter