Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Ջավախք. 9 զավակ ունեցող կատակասեր էլեկտրամեխանիկը


52-ամյա Աշոտ Խուդավերդյանին ճանաչողներն ասում են, որ աշխատող տղա է, ամեն ինչ անում է, որ երեխաներին սոված չթողնի:

Աշոտի բազմազավակ ընտանիքին Ախալքալաքի շրջանում շատերը գիտեն: Նա հայտնի է երեք հիմնական «առաքելությամբ»՝ ունի 9 երեխա, էլեկտրամեխանիկ է և կատակասեր։ Գլուխ է հանում էլեկտրականությամբ աշխատող բոլոր սարքերից, վերանորոգում է դրանք, միաժամանակ ավտոմեքենաների անսարքություններն է վերացնում, շրջակա գյուղերի հայտնի «խադավիկն» է:    

Աշոտի 12-հոգանոց ընտանիքն ապրում է Ախալքալաքի շրջանի Բեժանո գյուղում: Նրա սպիտակած մազերը տեսնելով՝ տարիքն ենք հարցնում: «1959 թվի Լենինը ծնվել է իմ ծնված օրս,- պատասխանում է նա: Տեսնելով, որ դժվարանում ենք հիշել Լենինի ծնված օրն ու ամիսը՝ շարունակում է: «Մինչև նորից սոցիալիզմն չգա, դուք չեք իմանա դա»:

Դժվար քայլերով ներս է մտնում Աշոտի մայրը՝ Նաստյա տատը: Ճաշել կամ սուրճ դնել է առաջարկում: Աշոտը վրա է տալիս. «Երեկ կերել են, ինչ հաց, ինչ բան»:

«Մի քիչ պակսորդություն ունի: Պարզենկոտ թլթիկն է, տղոցով կպարզենա, չունեցածով կպարզենա (պարծենկոտ թլոր է, երեխաներով է պարծեում ու չունեցածով-հեղ.)»,-որդու կատակին նույն կերպ պատասխանում է մայրը:

«Ամուսնացել եմ 1991թ.-ին: Այդ ժամանակ ողջ սոցիալիստական երկրների լույսերը հանգած էր: Իրիկունը մայրս ասում էր՝ լամպի նավթը վերջացավ, հելեք պառկեցեք: 4-5 տարի էդպես եղավ, երեխաներ ծնվան, հետո հավասանք»,-շատ երեխաներ ունենալու փաստը հիմնավորում է Աշոտը:

Չնայած քիչ անց խոստովանում է, որ երեխաներ ունենալը հետագայում այլ դրդապատճառ է ունեցել: «Ախալքալաք եմ տարել կնոջս, պիտի մի երեխա հեռացնեինք: Ո՞ր մեկդ էիք,-շրջվում է դեպի երեխաները,-հա, 6-րդն էր: Մեկ էլ եղբայրս զանգեց Լենինգրադից, թե՝ ինչ ես անում, ասի՝ Ախալքալաք եմ, կնոջս եմ բերել էսպիսի գործի: Եղբայրս շատ կոպիտ ասաց՝ անասուն հոմ չես, երկու եղբորս 6 երեխեն շա՞տ ես համարում»:

Աշոտի աչքերը խոնավանում են պատմելիս: Հիշում և մեծ սխալ է համարում իր ասածն ու արարքը, այն էլ՝ երեխա չունեցող եղբոր նկատմամբ:

Աշոտը ցույց է տալիս իր հանգուցյալ եղբոր նկարը և պատմում, որ այս տունը նրանից է ժառանգել: Եղբայրը երեք տարի առաջ հանկարծամահ է եղել: Խուդավերդյանների ընտանիքը նրա մահվանից հետո տեղափոխվել է եղբոր տուն: Նախկինում երկար տարիներ ապրել են 1980-ականների վերջին գյուղում տեղի ունեցած երկրաշարժից վթարային դարձած տանը:

Զանգում է երեխաների ավագը՝ 23-ամյա Գևորգը, ով ԵՊՃՀ-ի ուսանող է: Բուղաշեն գյուղ է գնացել մայրական կողմի պապ-տատին օգնելու: «Ել տուն արի, նկարվե, կերթաս: Տուն արի, կարոտցել են սաղ՝ 8 երեխա, հարըմ, մարըմ ու տատիկըմ»,- որդու հետ խոսում է Աշոտը:

Որդիներից Կիմն էլ տանը չէ: Աջ ու ձախ վազվզում է կրտսերը՝ 5-ամյա Անահիտը:

Թե ինչպես Սահակաշվիլու նվիրած հեռուստացույցը բազմազավակ ընտանիքին զրկեց նպաստից   

Բազմազավակ ընտանիքը նպաստ չի ստանում, որովհետև սոցապի աշխատողները տանը գունավոր հեռուստացույց են տեսել: Այդ հեռուստացույցը Խուդավերդյաններին նվիրել է Վրաստանի նախկին նախագահ Մ.Սահակաշվիլին:

Ապառիկով էլ լվացքի մեքենա են առել, երեք տարի փակել են ապառիկը, բայց սոցապի աչքին դա մեծ բան է երևացել: Պետությունից և տեղական իշխանություններից Աշոտը դժգոհ է, որպես բազմազավակ ընտանիք որևէ ուշադրություն չեն դարձնում: Ապրում են իրենց ստեղծածով:

Գյուղում մի քանի խանութ կա: Աշոտը թվարկում է խանութներում ունեցած պարտքերը՝ 1000 լարի մի խանութում, 600 լարի երկրորդում: Ընդհանուր՝ 5000 լարի պարտք ունեն: «Գրի մոտդ, որ փակելու ժամանակ օգնես»,-ասում է Աշոտը:

Աշոտը լուրջ թեմաներն էլ է կատակի վերածում և, ընդհանրապես, ամենամեծ երջանկությունը նրա համար հումորի զգացողությունն է, այլապես իրեն սպանված կհամարեր:

Արագ անցում է կատարում իրականություն և «սպեց զակազով» ծնված երեխայի մասին պատմում. 8-րդ զավակ Նարեկը ծնվել է 8-րդ ամսին, 2008թ.-ին:

Երկու տարվա տարբերությամբ երկու զավակները՝ Վարոն ու Շալոն իրար հետ են քնում, բաժանեցիր գիշերը, նորից իրար կգտնեն ու իրար հետ կքնեն:  Վարազդատը նաև փարախի «տնօրենն» է՝ համակարգողն ու պատասխանատուն: Նաստյա տատին լողացնելու համար աղջիկները իրար հետ պարբերաբար վիճում են:

«Աշոտ, խոտը թրջավ, կարճ կապե»,-նորից ընդհատում է Նաստյա տատը, ով «8-ը զարկել առաջ կերթա 9-ին դիմավորելու»: Իր 81-ամյա տարիքի մասին նա այդպես է ասում: 

«Մեկ-մեկ մարդիկ հարց են տալիս՝ 9 երեխա ունես, քանի աղջիկ և քանի տղա են: Ասում եմ՝ ես, արու զավակներս հետս 6 արու ենք: Մայրս, կինս, աղջիկներս՝ 6 են, ընդհանուրը 12 ենք: Քանի՞ աղջիկ և քանի տղա կունենամ, չեն կարող լուծել այդ խնդիրը մարդիկ, որովհետև ինտերնետի մեջ տանկեր կքշեն»,-շարունակում է կատակել Աշոտը:

Նաստյա տատը անունս է հարցնում: Աշոտը միանգամից առաջ է ընկնում. «Մա, Սրբուն է անունը»: Տնեցիների ու իմ ծիծաղին զուգահեռ Նաստյա տատը հորդորում է ինձ. «Մի խնդա, լավ էլ անուն է Սրբունը»:

«Այնի տղի անունն ինչ է, իշխո՞ր փախավ, հոգուն հետ խաղայի»,- իմ գործընկեր Դավիթի մասին է հարցնում է Նաստյա տատը: «Մա, էդ տղու անունը Ցոլակ է»,-վրա է բերում Աշոտը:

Համընդհանուր ծիծաղը շփոթեցնում է տատին: Նա նորից թրջվելիք խոտի, դրսում փռված բրդի և անասունների մասին է հիշում, բայց մինչև մեր հեռանալը ինձ ու գործընկերոջս Սրբուն ու Ցոլակ կոչում:

Տան մոտ ջերմոց են կառուցել: Վարունգ ու պոմիդոր են փորձում աճեցնել: Գազարի բերքով հարուստ Բեժանոյում այս տարվա բերք Խուդավերդյանները չեն ունենա, կարկուտը վնասել է արդեն: Մնում է կարտոֆիլը «բարով-խերով» հանեն, որ ձմռան ուտելիքի պաշար ունենան:

Աշոտին միայն մի բան է վախեցնում՝ փոխանցվող վարակը: Նրա ասելով՝ դա ամենավտանգավոր «մարտահրավերն» է իր ընտանիքի համար: Երբ, օրինակ, հարբուխ է տարածվում, տան անդամները հերթով վարակվում են, և տարբեր ծանրությամբ են տանում հիվանդությունը, երբեմն վարակը շղթայական կրկնվում է:

Բայց դա էլ հոգ չէ. Աշոտը, տիկին Լալան և Նաստյա տատը իրենց պահապան սուրբն ունեն. Նաստյա տատը պահում է իր նախնիների՝ Արևմտյան Հայաստանից տեղափոխած Ավետարանը: Ասում է՝ նա է իրենց և թոռների պահապանը: «Մեռնեմ սրբությանը,-աչքերը վերև հառելով շնորհակալ է լինում Նաստյա տատը,-փառք Աստծո, բոլորն առողջ են»:  

Տեսանյութը և լուսանկարները՝ Դավիթ Բանուչյանի


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։