HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Կարեն Պետրոսյան. «Քննիչը քննել, քննել էր ու ի վերջո հասկացել էր, որ ես խուլիգան չեմ»

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի եւ իրազեկման ակցիաների ակտիվ մասնակից ,Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դասախոս,  «Կոմպասս» ՀԿ խորհրդի անդամ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կարեն Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացվել հուլիսի 31-ին: «Քննիչը քննել, քննել էր ու ի վերջո հասկացել էր, որ ես խուլիգան չեմ, -Կարենի դեմքին ժպիտ է հայտնվում, -գործը հարուցելու պահից ասել էինք, որ շինծու է, սարքած է, պարզապես սպասում էինք տեսնեինք, թե արդյո՞ք էդքան կամք կունենան իրենց սխալն ուղղելու»:

Հիշեցնենք, որ Կարեն Պետրոսյանի նկատմամբ խուլիգանության մեղադրանքով քրեական գործը հարուցվել էր հունիսի 23-ի լուսաբացին նրան եւ եւս 12 գյումրեցի նստացուցարարների Գյումրու ոստիկանական բաժանմունք ապօրինի բերման ենթարկելուց հետո: Կարեն Պետրոսյանը նախ ներգրավվել էր որպես կասկածյալ, այնուհետեւ հունիսի 30-ին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով՝ խուլիգանություն, որը պատժվում է ուղղիչ աշխատանքներով առավելագույնը մեկ տարի ժամանակով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամանակով:

Քրեական այս գործով Կարեն Պետրոսյանի դեմ ցուցմունք են տվել երեք ոստիկաններ: Գործը հարուցելիս հիմք է ընդունվել նրանցից մեկի՝ մեղադրվողի կողմից իբրեւ թե վրաերթի ենթարկվելու ցուցմունքը:

«Մեղադրանքն այնպես էր կազմվել, որ ես իբրեւ թե ցանկացել եմ վրաերթի ենթարկել ոստիկաններից մեկին: Միջադեպը գրանցվել էր ավտոերթի ժամանակ, երբ ցանկանում էինք գնալ մարզպետարան: Քաղաքացիական հագուստով մեկը պարզապես թռավ իմ մեքենայի դիմաց: Մենք իհարկե դանդաղ էինք ընթանում, բայց դա չի նշանակում, որ ում խելքին փչի, պիտի հայտնվի փողոցի բանուկ մասում եւ որոշի իր մարմնով փակել մեքենայի ճանապարհը: Նախ՝ որովհետեւ վտանգավոր է եւ հետո՝ շարժառիթն է անհասկանալի: Տվյալ անձը չի եղել ոստիկանի համազգեստով, որ մտածեինք, թե հրամանի չենք ենթարկվել: Եթե համարենք, որ սովորական, շարքային քաղաքացին է նման բան անում՝ ապա ուր է նայում մեր ոստիկանությունը »,- նկատում է Կարեն Պետրոսյանը:

Զրուցակիցս ասում է, որ իրենք մի քանի անգամ ազդանշան են տվել, հետո տեսնելով, որ անձը խնդիրներ ունի լսողության հետ, ինքն արգելակել եւ իջել է մեքենայից: «Հետո իմ դեմ տված ցուցմունքից եմ իմացել, որ այդ անձը վնասվածք է ստացել, չնայած, երբ նայում ես բժշկական փորձաքննության արդյունքները եւ տեսնում ես, թե որ հատվածում է ստացել վնասվածքը, մեքենայի հնարավոր հարվածի կետը հասկանում ես, արդեն ծիծաղելի է դառնում,-ասում է Կարենը,- ուղղակի ուզում ես հասկանալ, թե էդ խեղճի ոտքին հետո ով է խփել, որ էդ ցուցմունքը գրել է»:

Զրուցակիցս արադարացիորեն նկատում է, որ ոստիկանը արգելակման մետաղյա նշան կամ բետոնյա արգելապատնեշ չէ, որ անձնազոհաբար հայտնվում է բանուկ փողոցում ու մարմնով փակում մեքենայի ճանապարհը՝ վտանգելով իր կյանքը: «Բա որ ես իրեն չնկատեի ու մեքենայի տակ գցեի, կամ կտրուկ շարժում անեի ու խփեի այլ մեքենայի, ստեղծեի վթարավտանգ իրավիճակ: Ինքը փոխանակ ապահովի մեր անվտանգությունը՝ հավելյալ խնդիրներ է առաջացնում: Գուցե այդ մարդը հոգեբանի կարի՞ք ունի: Ամեն դեպքում, լավ կլիներ, որ մենք այդ նյութերը փոխանցեինք  ճանապարհային ոստիկանությանը, որ տվյալ անձին վարչական պատասխանատվության ենթարկեն՝ չթույլատրված հատվածում վթարավտանգ իրադրություն ստեղծելու համար»,- ասում է Կարեն Պետրոսյանը:

Ըստ զրուցակցիս, այս ամենի մեջ իհարկե նաեւ դրական բան էլ կար՝ դա հունիսի 23-ից հետո ոստիկանության վարքագծի կտրուկ փոփոխությունն էր դրական առումով: Նախորդ երկու օրերին իրենց բավական ագրեսիվ պահած ոստիկաններն հետագայում այլ վարքագիծ են դրսեւորել՝ ավելի հանգիստ, հավասարակշռված եւ հանդուրժող են եղել:

«Սակայն այս ֆոնին շատ ուշագրաֆ է Շիրակի մարզի ոստիկանապետ Ամիրխանյանի պահվածքը: Եթե երկրի գլխավոր ոստիկանապետը կարող է ներողություն խնդրել էն մարդկանցից, որոնց նկատմամբ ապօրինի գործողություններ են իրականացվել, ապա ինչու նրա ենթական չի կարող դա անել իր սխալ պահվածքի համար: Եթե նա մեզ անտեսում է կամ համարում է, որ կարեւոր չենք, այդ դեպքում ինչու էր վերաբերմունք ցույց տալիս, պատռում մեր պաստառը, հրմշտում 18-20 տարեկան երեխաներին: Ամիրխանյանին մի քանի անգամ հորդորել ենք կարծիք հայտնել, սակայն դեռ արդյունք չունենք: Մենք ուզում ենք, որ իր այդ օրվա պահվածքին գնահատական տրվի,- ասում է Կարեն Պետրոսյանը, -մեր պահանջը իրավական չէ, մեր պահանջը բարոյական հարթության վրա է: Իմ կարծիքով չպետք է որեւէ մի պաշտոնյա իրեն նման ձեւով պահի, նման վարքագիծ ունենա ու պատասխան չտա դրա համար»:

լուսանկարները` Կարեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter