HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չար կատակներ, բայց ոչ երաժշտության հետ: Քրիս Այզեք. «Wicked Game»

Նաիրա Հայրապետյան

«Ես գիտեմ, թե ընդհանրապես որ երգերն են վաճառվում և այնքան էլ դժվար չէ գրել դրանք. – ասում է ամերիկացի ռոք երաժիշտ Քրիս Այզեքը,- պարզապես մեղեդին և հարվածային ռիթմերը հայտնի մեթոդներով տեղադրելով՝ դու կարող ես հեշտությամբ ստանալ դրանք: Բայց ես իրականում սիրում եմ հենց այն, ինչը ես եմ գրում, նույնիսկ եթե այդ երգերը քիչ հնչեն ռադիոկայաններում: Ամեն անգամ, երբ հայելու մեջ նայելիս այնտեղ տեսնում եմ իմ չսափրված դեմքը, ասում եմ՝ «Այո, Ջորջ Մայքլ, ճիշտ այդպես»: Սակայն ես չեմ կարող այդպիսին լինել. ես կուզենայի, իհարկե, ունենալ Ջորջ Մայքլի փողերը, բայց չեմ ուզում գրել երաժշտություն, որը ինձ դուր չի գալիս»:

Նրա մասին գրված բազմաթիվ երաժշտական նյութերում նշվում է, թե այս երաժշտի երկրպագուները միշտ էլ վստահ են եղել, որ մի օր գալու է նրա աստեղնային ժամը: Բայց ոչ մեկի մտքով չէր անցնում, թե այդքան երկար պիտի սպասեին: Քրիս Այզեքի տվյալներն են այդ վստահությունը ներշնչել նրանց՝  նախ և գլխավորապես  ձայնը՝ մտախոհ, մի քիչ էլ երազկոտ, թախծոտ և անասելի ռոմանտիկ, ապա՝ նրա կեցվածքը, որը տարբեր էր շատերից՝  լուրջ, զուսպ, նորաձև և միևնույն ժամանակ շատ հասարակ, սովորական մի մարդ, որը հստակ գիտի իր անելիքը և հանգիստ անում է իր գործը: Բայց այս ամենով չէր սահմանափակվում ամեն ինչ. սա ընդամենը մակերեսն էր, իսկ մնացածը արտացոլված էր նրա երաժշտության մեջ և ելույթներում: Ի դեպ` Քրիս Այզեքը նաև դերասան է, և նկարահանվել է ավելի քան ութ ֆիլմում:

Երաժշտասերների հույսերն իրականացան և Այզեքը հանրաճանաչ դարձավ մի օր: Չնայած երաժշտական կարիերան նա սկսել էր 80-ականների կեսերից, այնուամենայնիվ, թողարկված երեք ալբոմները նրան այդ աստեղային հաջողություն չնվիրեցին, քանի դեռ ռեժիսոր Դեյվիդ Լինչը չէր նկարահանել իր «Wild at Heart» ֆիլմը (1990թ.): Որպես ֆիլմի սաունդթրեք՝ Լինչը օգտագործեց երգչի «Wicked Game» երգը: Ֆիլմում հնչող այս երգը շուտով սկսեց լսվել ռադիոկայաններից և շատ կարճ ժամանակ անց հիթային դարձավ ոչ միայն ամերիկյան մայրցամաքում, այլև Եվրոպայում:

«Wicked Game»-ը առաջին անգամ թողարկվեց 1989թ. Ք. Այզեքի երրորդ ալբոմի՝ «Heart Shaped World» –ի կազմում: 1990թ. այն թողարկվեց որպես սինգլ, սակայն մեծ իմաստով հաջողություն չունեցավ: Այնուամենայնիվ, չի կարելի ասել, թե երգը ունկնդիրների կողմից անտարբերության արժանացավ, բոլորովին այդպես չէ, պարզապես լայն հնչողություն չունեցավ ու, հավանաբար, այդպես էլ կմնար, եթե այն չընդգրկվեր Լինչի վերոնշյալ ֆիլմում:  Անպատասխան սիրո մասին այս երգ-բալլադը նման չէ այս թեմայով գրված բազմաթիվ այլ ստեղծագործություններին թեկուզ այն բանով, որ հերոսը չի տառապում իր զգացմունքների համար, չի ողբում իրեն բաժին ընկած  դաժան բախտը, այլ լի է իր սիրո հանդեպ ուժգին զգացողությամբ, կրքով: Հերոսն ավելի շատ ասես հոգնած և ուժասպառ լինի այդ ուժգնությունից:

«Առավոտյան ժամը չորսի կողմերն էր, երբ մեկը (մի աղջիկ- Ն. Հ.) զանգեց ինձ և ասաց, որ իմ տան մոտերքում է և ուզում է ներս գալ, խոսել ինձ հետ,- պատմում է Ք. Այզեքը հարցազրույցներից մեկում, - ես «Ok» ասելուցս հետո միայն հասկացա, որ ոչ մի դեպքում չպետք է թույլ տայի նա գար ինձ մոտ: Գիտեի գլխիս գալիքը:

Եվ հեռախոսը կախելուց հետո, մինչ նա տեղ կհասներ, ես գրեցի երգը: Սա ուղղակի այն բանի մասին է, թե ինչ է տեղի ունենում քեզ հետ, երբ ուժեղ ձգողականություն ես զգում այն մարդկանց հանդեպ, ում ներկայությունը կյանքումդ այդքան էլ լավ հետևանքներ չի ունենում»:

Ք. Այզեքի կարծիքով՝ մեզանից շատերը սուր ձգողականություն են զգում հենց այն մարդկանց հանդեպ, ովքեր վատ ազդեցություն են թողնում մեզ վրա, ուրեմն «Wicked Game»-ը հենց նման վատ զգացողության ամենալավ արդյունքներից մեկն է: Երբ աղջիկը տեղ հասավ, սեփական հմայքի հանդեպ վստահությունը ինչ-որ տեղ կոտրված զգաց, քանի որ երգիչն արդեն գրավված էր մեկ այլ հետաքրքրությամբ: Նա  նրան ասում էր՝ «Այո՛, դու ցնցող ես, խոսք չկա, սիրունիկս, բայց հիմա այս երգը լսիր»:

«Wicked Game' a Surprise Smash» խորագրով նյությում «Los Angeles Times» -ի թղթակից, կինոքննադատ Պատրիկ Գոլդշթեյնը գրում է, որ կինոռեժիսոր Դեյվիդ Լինչը և «Atlanta» ռադիոկայանի երաժշտական տնօրեն Լի Չեսնաթը հավանաբար միակ մարդիկն էին ողջ Ամերիկայում, ովքեր հասկանում էին, որ Ք. Այզեքի կամակոր  «Wicked Game»-ը հիթային երգ է:

Չեսնաթը Լինչի ֆիլմերի մոլեռանդ երկրպագուն էր և, ըստ կինոքննադատի, ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ նա վերջապես ավարտեց «Wild at Heart» ֆիլմի դիտումը: Դա 1990թ. սեպտեմբերն էր, նա արդեն երրորդ անգամ էր այն դիտում:

«Ամեն անգամ, երբ ես նորից էի դիտում, ավելի ու ավելի էի հուզվում այդ հիպնոտիկ գործիքավորմամբ երգից,- ասել է նա,- ֆիլմն արդեն թողարկված էր, հասանելի էր, բայց ես գտա սաունդթրեքը և դուրս եկա որսի երգի հետևից: Շատ զարմացա, իրապես ապշեցի, երբ հայտնաբերեցի այն (երգի ձայնագրված տարբերակը ալբոմից). Քրիս Այզեքին՝ իր  աննկարագրելիորեն ցնցող վոկալով: Իմ աշխատասենյակում ես անընդմեջ լսում էի երգը, նորից ու նորից և վերջապես ասացի մեր ծրագրերի տնօրենին. «Արի մի երկու օր հնչեցնենք մեր եթերով, տեսնենք՝ ինչ կլինի»:

Այս փորձարկման արդյունքում «Wicked Game»-ը  ամերիկյան «Billboard Hot 100» -ում հասավ 6-րդ հորիզոնականին, իսկ «UK Singles Chart»-ում՝ 10-րդ: Երգը Այզեքի ստեղծագործական կյանքում մինչ օրս ամենահայտնի և ամենասիրված գործն է: Այն սկսեց կատարվել այլ երաժիշտների կողմից ևս՝ «HIM», «R.E.M», «Gregorian», Ջեմա Հեյս և այլք: Ամենահաջողվածը համարվում է «HIM» խմբի cover-ը:

Ք. Այզեքի «Wicked Game» երգի հիման վրա երկու տեսահոլովակ է նկարահանվել, որոնցից առաջինը հավաքվեց Լինչի «Wild at Heart»-ի կադրերի հիման վրա: Սակայն  երաժշտասերների մոտ առավել մեծ տարածում և ճանաչում գտավ երկրորդը, որի հեղինակը լուսանկարիչ և քլիփմեյքեր Հերբ Ռիցն էր: Նրա տեսահոլովակը սև-սպիտակ պատմություն էր, պարզ, հասարակ, բայց միևնույն ժամանակ՝ գեղեցիկ և նորաձև: Ճիշտ երգչի էության նման, այնպիսին, ինչպիսին նրան տեսնում էին երկրպագուները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter