Երեքշաբթի, 18 սեպտեմբերի

Ազատ գետում կատարված ջրաչափումները հաստատեցին՝ գետում բավարար քանակի ջուր չկա «Քաղցրաշենի» ծրագիրն իրագործելու համար



Ազատ գետում հուլիս եւ օգոտոս ամիսներին կատարված ջրաչափումները ջրաքանակի զգալի նվազում արձանագրեցին, որով էլ փաստվեց, որ գետում բավարար քանակի ջուր չկա «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագիրն իրագործելու համար: Գետում օրենքով սահմանված 850 լ/վրկ բնապահպանական թողքը պահպանելու դեպքում, ծրագրով այդ ամիսների համար պահանջված 0,98 լ/վրկ ջրի քանակությունը չի բավարարում, որպեսզի ինքնահոս եղնակով ոռոգման ջուր տրվի Արարատի մարզի 12 գյուղերին: Հետեւաբար, կառավարությունը պետք է հրաժարվի «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրից կամ այն իրականացվելու է Ազատ գետը հիմնովին ցամաքեցնելու գնով:

Ընթերցողներին հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի վարկավորմամբ կառավարության ներկայացրած ծրագրով Ազատի գետի վրա նախատեսվում է կառուցել ջրընդունիչ կառույց եւ խողովակաշար՝ մոտ 980 լ/վրկ քանակությամբ ջուր Քաղցրաշենի պոմպակայանի ջրթող ավազան հասցնելու համար: Կառավարության ներկայացրած հիշյալ ծրագիրը հանրային քննարկման ներկայացնելիս գառնեցիներն, ի թիվս մի շարք այլ մտահոգությունների, համոզիչ փաստարկներ էին ներկայացրել վերջին տարիներին Ազատ գետում ջրի մակարդակի շարունակական նվազման մասին, որը հնարավորություն չի տա ինքնահոս ոռոգում ապահովելու համար: Գառնիի բնակչությունը հենց այդ պատճառով մերժեց «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագիրը:

Գառնեցիների ներկայացրած հակափաստարկներում համոզվելու համար որոշվեց «Ոռոգում» ԾԻԳ-ի, Համաշխարհային  բանկի եւ Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայության (Հիդրոմետ) աշխատակիցների հետ համատեղ ամենաամսյա ջրաչափում կատարել: Քանի որ գետում առկա ջրի քանակությամբ էր կանխորոշվելու «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի իրագործումը, ջրաչափումներին մասնակից դարձրին նաեւ գառնեցիներին:

Գառնիի ջրաչափական դիտակետում ջրի ելքի չափումներն սկսվեցին իրականացվել 22·03·2015 թ·-ից եւ առաջին ամիսներին չափման արդյունքները գոհացուցիչ էին, քանի որ նախ՝ գետի վարարման շրջանին էր համընկնում, միաժամանակ, համաձայն ներկայացված ծրագրի, գարնան ամիսներին գետից ավելի քիչ քանակի ջուր է նախատեսվում վերցնել: Սկզբնական չափման արդյունքները հիմք ընդունելով ծրագրի հեղինակները պնդում էին, որ Ազատ գետում կա բավարար քանակի ջուր և ջրընդունիչ կառուցվածքից հետո գետում կպահպանվի օրենքով սահմանված է 850 լ/վրկ բնապահպանական թողքը:

Հիդրոմետ ծառայության հիդրոգրաֆիայի, հիդրոմետրիայի բաժնի պետ Էդգար Միսակյանը: Ժորա Թամրազյան՝ ՀՀ ՏԿՆ ՋՏՊԿ Ջրային տնտեսության ԾԻԳ ՊՀ, ջրաչափության մասնագետ, շահագործման մասնագետ

Սակայն հուլիսի 23-ի ջրաչափման ժամանակ, առաջին անգամ, պահանջված ջրաքանակից 35 լ/վրկ նվազում արձանագրվեց: Ըստ էության, այդ օրից ջրաչափումներին մասնակցող բոլոր կողմերը՝ «Ոռոգում» ԾԻԳ-ի, Համաշխարհային  բանկի եւ Հիդրոմետի աշխատակիցներն, արդեն համոզմունք ունեին, որ օգոստոս ամսին ջրաքանակի ավելացում կանխատեսելն անիմաստ է, քանի որ գետերի վարարման շրջանի ավարտվելուց հետո ջրաքանակի շարունակական նվազում է գրանցվում բոլոր տեղերում: Այդուհանդերձ, եվս երեք չափում էր նախատեսված օգոստոս ամսին, որը պետք է կողմնորոշող լիներ ծրագրի իրականացման համար:

Օգոստոսին կատարված երկու չափումների ժամանակ  ջրաքանակի շարունակական նվազում արձանագրվեց (տե՛ս աղյուսակի 10, 11 եւ 12 կետում ներկայացված թվերը): Առկա ջրաքանակի արդյունքներով ակնհայտ դարձավ, որ ջրի ամենապահանջված ամիսներին (հուլիս, օգոստոս և սեպտեմբեր) Ազատ գետում անհրաժեշտ քանակի ջուր չկա, ուստի, պահանջված ջրաքանակը վերցնելուց հետո հնարավոր չէ գետում պահպանել օրենքով նախատեսված 850 լ/վրկ քանակությամբ բնապահպանական թողքը:

Ներկայացված ծրագրով սեպտեմբեր ամիսը նույնպես Արարատյան դաշտավայրում  ջուրը մեծ պահանջարկ ունի, սակայն Ազատ գետը սնուցող հիմնական 3 վտակները` Կարմիր,  Միլիդարա եւ Չորսելավ, ինչպես նաեւ Գողթ գետը, արդեն գրեթե ցամաքել են: Ներկայումս Ազատ գետում առկա ջրաքանակը ձեւավորվում է Գառնի գյուղի տարածքում տարբեր տեղերից գետ թափվող պատահական ջրերից՝ ձկնաբուծարանների, ոռոգման եւ խմելու ջրերի հետադարձից: Հետեւաբար, նման ծրագիր իրականացնելու դեպքում անկարելի է հաշվարկներ կատարել հիմք ընդունելով թափառող ջրերի քանակը, իսկ իրականությունն անտեսելը լրջորեն կվտանգի գետի էկոհամակարգը:

Ազատ գետի ջրի ելքի չափման արդյունքները ներկայացված են աղյուսակում:

հ/հ

չափման ամսաթիվ

ելք, մ/վրկ

էկոլոգիական թողք, մրկ

Քաղցրաշենի սխեմայի ջրապահանջը

22·03·2015

2,92

0,86

0,00

12·04·2015

7,53

0,86

0,42

26·04·2015

7,36

0,86

0,42

04·05·2015

5,70

0,86

0,64

10·05·2015

7,63

0,86

0,64

24·05·2015

14,3

0,86

0,64

09·06·2015

8,43

0,86

0,87

20·06·2015

2,55

0,86

0,87

05·07·2015

2,05

0,86

0,98

10·

23·07·2015

1,54

0,86

0,98

11.

05.08.2015

1, 53

0.86

0,98

12.

16.08.2015

1, 30

0,86

0,98

 Գառնեցիների մյուս, ոչ պակաս մտահոգությունը բնության հուշարձան համարվող Ազատի կիրճի ճակատագիրն է: Մի կողմից՝ Կառավարությունն այս տարածքը դիտարկում է զբոսաշրջային կարեւոր գոտի, եւ տարածքը բարեկարգելու ու տուրիզմը զարգացնելու ծրագրեր է ներկայացնում, մյուս կողմից՝ չի պահպանում տարածքի անձեռնմխելիությունը:

Ազատի կիրճում առկա բնության հուշարձանները, որոնք հաստատված են ՀՀ կառավարության 14 oգոստոսի 2008 թվականի N 967-Ն որոշման հավելվածով, չորսն են: 

37.

«Բազալտե երգեհոն» սյունաձև բազալտներ

Կոտայքի մարզ, Գառնի գյուղից մոտ 1.0 կմ հվ-արլ, Ազատ գետի կիրճում

38.

«Անանուն» քարայր սյունաձև բազալտներում

Կոտայքի մարզ, Գառնի գյուղից մոտ 1,0 կմ հվ-արլ, Ազատ գետի կիրճում     

39.

«Անանուն» լանջային էրոզիա

Կոտայքի մարզ, Ազատ գետի աջակողմյան ափերին

40.

«Անանուն» լավային ծալքեր

Կոտայքի մարզ, Գառնի գյուղից մոտ 1.0 կմ հվ-արլ, Ազատ գետի կիրճում

«Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրում թռուցիկ անդրադարձ կա Ազատ գետի կիրճին, որպես բնության հուշարձան, ուր ասվում է, որ ծրագիրն անուղղակիորեն առնչվում է միայն հատուկ պահպանվող տարածքներից «Բազալտե երգեհոնին» (Քարերի սիմֆոնիա): Նշվում է, որ այն տեղակայված է ծրագրով նախատեսված ջրառի գլխամասային հանգույցից 1,3 կմ հեռավորության վրա, հետևաբար, ծրագրի իրականացումն ուղղակի ազդեցություն չի կարող ունենալ այս հուշարձանի վրա:

«Այս բնության հուշարձանը, ցավոք, մինչ օրս չունի օրենքով սահմանված բնության հուշարձանի անձնագիր, հետևաբար նաև չունի սահմանների նկարագիր, զբաղեցրած տարածքի մակերեսի չափ, պահպանման գուտու նկարագրություն և այլ բնութագրական ցուցանիշներ»,- հավանաբար փաստաթղթում բերված այս պատճառաբանությամբ ծրագիրը չի ներկայացվել մշակույթի նախարարություն՝ կարծիք ստանալու համար: Սակայն, սահմանների նկարագիր չունենալու պատճառաբանությամբ բնության հուշարձանին սպառնացող վտանգներն անտեսելը, արդարացում չէ: Նման դեպքերում ծրագրի պատասխանատուները պարտավոր են ոչ միայն  «Բազալտե երգեհոնի» սահմանները ճշտել, այլեւ Ազատ կիրճում առկա մյուս երեք բնության հուշարձաններինը, որից հետո անդրադառնալ ծրագրի իրագործելիությանը:

Հատկապես, երբ այդ պահանջն ամրագրված է «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածում. «... հուշարձաններ ներառող տարածքներում շինարարական, գյուղատնտեսական և այլ կարգի աշխատանքների համար հողահատկացումները համաձայնեցվեն լիազորված մարմնի հետ (Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության բաժնի):


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (1)
1. Աննա13:19 - 17 օգոստոսի, 2015
Հէկեր քիչ կառուցեք
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ