HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Այվազյանի քաջնազարականության և Լևոն Հայրապետյանի մասին

Տաբածուրին գյուղ է՝ ծվարած Թռեղքի (Թրիալեթ) լեռների հարավային լանջերին` համանուն գեղատեսիլ լճի ափին, հայտնի ինչպես իր միջնադարյան (13-14-րդ դարերի), այնպես էլ ուշ շրջանի (19-րդ դար) պատմաճարտարապետական հուշարձաններով, 1595 թ. Օսմանյան կայսրության հարկացուցակներում հիշատակվող հարկատու գյուղացիներով: Գյուղով մշտապես անցել, հյուրընկալվել ու վերջինիս մասին իր ժամանակին գեղեցիկ բանաստեղծություններով է հանդես եկել նաև մեծանուն աշուղ Հավասին: Գյուղի խաղաղ ու ստեղծարար կյանքը երբեմն ընդհատվել է հաճախ պատահող դժբախտություններով. Ջավախքում բոլորը գիտեն Տաբածղուր լճի խորության, լողալու կամ նավակով շրջելու, իսկ ձմռանը սառած լճի վրայով սահնակով երթևեկելու վտանգավորության ու այնտեղ հաճախ իրենց կյանքի վերջին հանգրվանը գտնող մարդկանց մասին: Լճի հետ կապված կան շատ հետաքրքիր ու երբեմն խորհրդավոր պատմություններ, որոնք ձմռան երկար գիշերներին պատմվել են հին օդաներում, դրանք չեն դադարում գյուղում ու գյուղից դուրս շրջել անգամ մեր օրերում: Այս ամենով հանդերձ՝ տաբածղուրեցին հայտնի է իր համարձակությամբ, բնության տարերքների դեմ սառնասրտորեն հանդես գալու ընդունակությամբ, անսահման աշխատասիրությամբ, ավանդապաշտությամբ ու հայրենապաշտությամբ: Ջավախքի ծայր հյուսիսում, անմատչելի լեռների մեջ բազմած գյուղի բնակիչներն արցախյան գոյապայքարում առաջիններից էին, որ փութացին Արցախ. գյուղի հյուսիսում` լեռան ստորոտին, հավերժության միջից մեզ է նայում ուսանող - ազատամարտիկ, տանկիստ, 1993 թվականին Մարտակերտում հերոսաբար ընկած 21-ամյա Միսակ Ադամյանի հուշակոթողը` յուրաքանչյուր տաբածղուրեցու սրբատեղին, հպարտության խորհրդանիշը: Գյուղը լարված օրեր շատ է տեսել. 1991 թվականին՝ Գամսախուրդիայի իշխանության ու դրան հաջորդող խառը տարիներին, տաբածղուրեցիներն ու գյուղ տանող ճանապարհները դարձել էին թալանչիների ու գող-ավազակների հարձակման թիրախ: Գյուղում լավ են հիշում այդ օրերին կազմավորված ինքնապաշտպանական խմբերի կազմավորման ու գյուղը այդօրինակ մարդկանցից պաշտպանելուն ուղղված գործողությունների մասին:

Վերջին շրջանում Տաբածղուրին շարունակում էր ապրել իր խաղաղ ու հոգսաշատ կյանքով՝ ապրուստը հայթայթելով ինչպես արոտավայրերից ու խոտհարքներից, այնպես էլ լճից ստացվող եկամուտներով: Որպես մտավորական՝ հպարտությունս երկար ժամանակ թույլ չէր տալիս իմ համերկրացիների մասին խոսել բացասական գույներով, այդուհանդերձ, գյուղի վերջին դեպքերն ինձ ստիպեցին հանդես գալ որոշ խորհրդածություններով՝ համարելով, որ համատաբածղուրյան պայքարի այս օրերին նրանց կողքին որպես մտավորական չկանգնելը, մեղմ ասված, կդիտվի որպես վախկոտություն կամ թուլամորթություն: Երկար մտորումներից հետո որոշեցի իմ մտորումներում առավել շատ տեղ տալ ոչ թե իմ, այլ մեր մեծերի մտքերին, մտքեր, որոնք հենված են դարերից եկող մեր կենսափորձի վրա: Հուսով ենք, որ մեր այս մեջբերումները լիարժեքորեն կօգնեն ինչպես սեփական գոյության համար պայքարի ելած տաբածղուրցիներին, այնպես էլ բովանդակ հասարակությանը՝ լիարժեքորեն հասկանալու խնդրի ողջ փիլիսոփայությունը, ինչն էլ իր հերթին կնպաստի, որ Տաբածղուրին ճիշտ պայքարի ու ինքնամաքրման միջոցով տեր դառնա բնությունից ու դարերից ժառանգված սեփական հարստությանը:    

Վարդան Այվազյանը կամ պայմանականորեն ասված այվազյանականությունը, որպես երևույթ, նոր չէ հայ իրականության կամ ջավախքյան իրականության մեջ. այն լիովին համեմատելի է մեր օրերում ամենուր տարածված նազարականության հետ, և բնավ էլ պատահական չէ, որ Քաջ Նազարին վերաբերող ժողովրդական հեքիաթը, ինչպես և նազարականության էությունն ամենահյութեղը նակարագրող հայ հեղինակներից ամենագլխավոր երկուսը՝ Դ. Դեմիրճյանն ու Մ. Սարգսյանը, եղել են Ջավախքից: Ֆանտաստիկ կերպով դիպուկ է նկարագրված Քաջ Նազարի կերպարը հատկապես Մ. Սարգսյանի «Քաջ Նազար» հեքիաթ վեպում, որի գլուխներից մեկի առանձին հատվածների մեջբերումը տալիս է խնդրին սպառիչ պատասխան և բացահայտում խնդրի անցյալին ու ներկային վերաբերող մի շարք հանգամանքեր: Այսքանից հետո կարծում ենք այլևս կարիք չկա ուղիղ անդրադառնալու տխրահռչակ Վարդան Այվազյանի գերդաստանական ու հայրենական անցյալին ու այն հոգեբանական մղումներին, որոնք դրդել են նրան ոչնչացնել սեփական գյուղը:

Եվ այսպես՝ «Քաջ Նազարի պալատական առօրյան: Նրա կարոտն առ հայրենի գյուղը և գյուղը չնչացնելու մասին նրա ընդունած որոշումը».

«Սենեկապետ, այ սենեկապետ, արի գործ կա: Գիտե՞ս կարոտել եմ մեր գյուղին, արևս վկա, շա՜տ եմ կարոտել: Սիրտս ասում է, թե՝ վեր կաց էսպես թագ ու փառքով, թաշախուստով գնա մի անգամ մտիր հորդ գյուղը՝ Նազարաշեն, թող գյուղացիների բերանը զարմանքից բաց մնա, թող իմանան ո՞վ էր առաջ և ո՞վ է հիմա Քաջ Նազարը, հը՞, չգնա՞մ… Բայց սպասիր, սպասիր, եթե գնամ գյուղ, պարզ է, որ պալատս պիտի հետս գա, զորքս պիտի գա, շքախումբս պիտի գա, մեր գյուղացիներն էլ բերանբաց, բերանները պատռած մարդիկ, պետք է թաքուն ու աշկարա փսփսան, բամբասեն, տո՛, դա վախկոտի մեկն էր, ոտաց ճանապարհ կնկա հետ էր գնում, տո՛, դա ծույլի ու անբանի մեկն էր… Պիտի հաչեն, անունս ցեխը կոխեն, խայտառակեն: Չեմ գնա, չէ՛: Լավ է, քանի աշխարքը սեփական է, մեր գյուղի հարցը լուծեմ, պրծնեմ:

Նազարը ծափ տվեց:

-         Շտապ կանչիր զորավար Գոռգոռին…

-         Լսում եմ, Աստվածային…

-         Լսիր Գոռգոռ, մոտիկ մարդ ես, քո առջև սիրտս պիտի բանամ: Բայց նախ, լսիր, զորքը վերցրու և գնա Նազարաշեն, մեր գյուղը: Շրջապատիր, հետո գյուղից գտիր Նազան Նազարյան անունով մի կնոջ (խոսքը Քաջ Նազարի կնոջ մասին է – ծնթ. հոդվածագրի) և գյուղի քահանա Տեր Մարուքին: Դրանց ուղարկիր պալատ, հետո, ախպորս ասեմ, գյուղը սրբիր մինչև վերջին մարդը, իմացիր, շունչ – հոգի չպիտի ազատվի…

-         Պատճա՞ռը, Աստվածային…

-         Հենց դրա համար էի ուզում սիրտս քո առջև բանալ: Ախր, ես էդ գյուղից եմ, զորավար: Գիշեր-ցերեկ էդ գյուղն աչքիս առջևն է. էն աթարի դեզերը, էն սազանդար աղբյուրները, էն ղզղզան հովերը, էն, էն… որ մեկն ասեմ… Էլ չեմ ուզում կարոտել:  Վերջ: Բայց որպեսզի էլ չկարոտեմ, կամ ես՝ Քաջ Նազարս չպիտի լինեմ, կամ էդ գյուղը չպիտի լինի: Ես չլինել չեմ կարող: Էդ լինելու բան չէ: Քաջ Նազարը պետք է լինի: Քաջ Նազարն աշխարքինն է: Քաջ Նազարը պետք է ապրի էս աշխարքի համար, մարդկանց համար: Եթե իմ կյանքը թանկ է, ուրեմն պետք է ոչնչանա էդ գյուղը: Էդ գյուղը ոչնչանալուն պես, իմ կարոտն էլ հետը կոչնչանա: Աչքից կպրծնենք, աչքացավից էլ, թե չէ ես սրտից թույլ մարդ եմ… հոգիս բերանս եկավ, պա՞րզ է….

Գոռգոռ նախարարը գնաց:

-         «Խելոք ես եղել, Նազար,- ձեռքերն իրար շփելով մտմտում էր Նազարը, - հաշիվներդ գիտես, Քաջ Նազար, տո՛, էս քաջն էլ ի՜նչ լավ կպավ անվանս, ոնց որ մորից միասին ենք ծնվել… Քաջ Նազա՜ր, լավ է, որ վախկոտը չկպավ: Թող Գոռգոռը գյուղը սրբի, տեսնեմ էս աշխարքում էլ ո՞վ պիտի իմանա, թե դու վախկոտ ես եղել, ծույլ ես եղել, փնթի ես եղել… Հիմի, սիրելի Քաջ Նազար, ինչքան կարող ես քաջությունից խոսի, վախեցրու, մարդկանց աչքը հանի, որ միայն քո աչքով նայեն աշխարքին և իրենք՝ իրենց: Ի՞նչ անենք, որ ուսումնական չես: Հիմա քեզ եմ հարցնում այ քաջ նազար, սեփական գլուխ ունենա՞լն է լավ, թե՞ աշխարքի խելոք գլուխներին նստելը: Հը… Ի՞նչ անենք, որ վախկոտ ես, բայց քաջի համբավը վախիդ գլուխը կերել է: Քո բախտը, բախտը հո քեզ հետ է: Էշ եղիր, բախտավոր եղիր…»»:

Ահա Տաբածղուրիի այսօրվա խնդրի ողջ փիլիսոփայությունը: Անուղղակի ասված Մ. Սարգսյանական այս տողերն իրենց ողջ խորությամբ շատ բաներ բացահայտեցին, իրողություններ, որոնց մասին այսօրվա և վաղվա սերունդը պետք է խորությամբ իրազեկվի:  Ինչպես փաստեցինք՝ նազարական տեսակը վաղուց է մերժվել Տաբածղուրիում, մերժվել ու վռնդվել գյուղից, գյուղում այժմ ապրում է ազատամարտիկներ ծնող Մ. Ադամյանի  տեսակը: Ցավոք, աշխարհն ապահովագրված չէ նազարականությունից, և Տաբածղուրին էլ, որպես այդ փաստի վառ օրինակ, այսօր կրում է այդ երևույթի դառնաշունչ հետևանքները:

Որպես վերջաբան՝ կուզեի հիշատակել Արցախի Վանք գյուղն ու գյուղի ծնունդ Լևոն Հայրապետյանին. Տաբածղուրի և Վանք՝ ճակատագրի հակադիր բևեռներում հայտնված երկու հայկական շեներ, սեփական որդիների ձեռքով համապատասխանորեն ոչնչացող ու ծաղկող երկու գյուղեր՝ դժբախտ ու երջանիկ երկու քույրեր…

 Գրեց՝ Ջավախքում ապրող մի մտավորական

Մեկնաբանություններ (2)

Արթուր
Այվազյանից և նրա նմաններից է Հայ ազգի բոլոր խնդիրները , դրանցից ազատվելու մի ելք կա...
Հայաստանցի
Ու՜մ համար ես գրել, Ախլքալաքցի դարդոտ ախպեր, որ ո՜վ կարդա ու ձեր նազրոյին պատժի՜: Դրա նմանների ձեռը մենք էլ ստեղ ենք վառվում, հույս չունենաս թե մեկն ու մեկը վրթոյի թանին թթու կասի: Բայց այդ վտանգավոր միտքը հնարավոր է որ ճիշտ լինի - իրենց կատարած անմարսելի արարքների համար ժողովրդից ուզում են արագ ազատվել, որ արժանի պատժից խուսափեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter