HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էրզրումից՝ Ջավախք. ձեռքերով մշակված «փուրչուլուղը»

Ախալքալաքի շրջանի Բեժանո գյուղը հայտնի է գազարի մշակությամբ: Ջավախքցիներն ասում են՝ ամենահամով գազարը հենց այստեղ է աճում: Միայն թե գազարը ջավախքցիները «փուրչուլուղ» են անվանում: Գյուղացիներն ասում են՝ «փուրչուլուղ» բառը իրենց նախնիներն են բերել Արևմտյան Հայաստանից: 

Բեժանոյի ներկայիս բնակիչների նախնիները 1830-ականներին եկել են Էրզրումի վիլայեթի գյուղերից և Վանից: Գյուղի բնակչությունը տարեցտարի աճել է: Վրաստանի մարդահամարի 2002թ. տվյալներով այժմ Բեժանոն 1000 բնակիչ ունի:

1899թ. տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի էպիկենտրոնը հենց այս գյուղն է եղել: Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, վկայակոչելով «Մշակ» պարբերականը, իր «Ջավախք» աշխատության մեջ նշում է, որ երկրաշարժի հետևանքով 122 տնից մնացել է միայն 6-ը, 89-ը ամբողջությամբ քանդվել է, 26-ը՝ մասամբ:

«Մշակը» հետագայում արձանագրել է, որ երկրաշարժից տուժածներին օգնություն ցույց տվող կոմիտեի ջանքերով 1902թ. Բեժանոյում կառուցվել է 600 ռուբլի արժողությամբ 10 տուն: Գյուղը հետզհետե վերականգնվել է, հիմնականում՝ սեփական ջանքերով:  

Նաիրա Մելտոնյանը գյուղի դպրոցում մաթեմատիկա և քիմիա է դասավանդում: Ասում է՝ գյուղից արտագաղթ գրեթե չկա, դպրոցի աշակերտների թիվն էլ կայուն 150-ի սահմաններում է: Գյուղացիները զբաղվում են գազարի, կարտոֆիլի և բազկի մշակությամբ, նաեւ՝ անասնապահությամբ:  

Գազարի մշակության նախապատմությունը Բեժանոյում սկսվում է ագրոնոմ Պերճանունից, ով գյուղ է այցելել և ուսումնասիրել հողերը: Նա տեղացիներին խորհուրդ է տվել գազար մշակել, քանի որ հողը և բնակլիմայական պայմանները գազարի համար բարենպաստ են: Ժողովուրդն այդպես սկսել է գազար մշակել:

Տարեցտարի գազարի արտերը շատացել են: Մշակած գազարը խորհրդային տարիներին բեժանոցիները կարողացել են իրացնել Վրաստանի, Հայաստանի և Ռուսաստանի շուկաներում: Փլուզումից հետո գազարի իրացումը դժվարացել է, սակայն շուտով դա էլ է կարգավորվել: Հիմա գյուղացիները գազարն իրացնում են Թբիլիսիում, Քութաիսում և Բաթումում:

Գազար մշակելը հեշտ չէ տեղացիների համար, քանի որ որևէ տեխնիկա գյուղում չկա: «Ժողովուրդն ինչ-որ ստեղծել է, իր ուժերով է ստեղծել: Ոչ մի օգնություն որևէ տեղից չկա, որ ժողովուրդը մի տեղից օգտվի, մշակման պրոցեսը հեշտանա: Պետությունն էլ երևի չի էլ մտածում, որ հեշտացնի »,-ասում է Նաիրա Մելտոնյանը:

Բեժանոցիները նկատել են, որ շրջանի վրացական գյուղերում կան գազար ցանելու և հանելու մեքենաներ: Պետությունն աջակցել է և տեխնոպարկեր ստեղծել նրանց համար: Տեխնիկայի դարում Բեժանոյում դեռևս ձեռքով են գազար մշակում:

Ոռոգումը կազմակերպելը նույնպես գյուղացիների ուժերով է իրականացվում, քանի որ ոռոգման ցանց արտերում չկա: Յուրաքանչյուրն իր արտը ջրելու հարցը յուրովի է լուծում՝ իր տան ծորակից կամ մոտակա աղբյուրից:

Գազարի բերքահավաքը սկսվում է սեպտեմբերի վերջին: Նախ կարտոֆիլը, բազուկն են հավաքում, այնուհետև՝ գազարը: Անցյալ տարի, սակայն, գազարի մեծ մասը ձյան տակ է մնացել:  Եղածն էլ շատ էժան են իրացրել. «Անցած աշնանը գազարն արժեր 30 թեթրի, նույնիսկ էժան, հետո գարնանը 1-1.5 լարի դարձավ, բայց քիչ կար»,-ասում է Նաիրա Մելտոնյանը:

15-20 տոննա գազար է ստանում Նաիրա Մելտոնյանի ընտանիքը: Ասում է՝ դա գյուղացիների բերքի միջին արդյունքն է: Սակայն չարչարանքը դրա համեմատ շատ է: «Ամբողջ ամառը հողերի հետ ես կռիվ տալիս, ամբողջ ձմեռն էլ պադվալներից դուրս չես գալիս, պիտի շարես պարկերի մեջ: Դա էլ վերջին երկու տարում է մտել, որ չես լցնում պարկը, այլ հատ-հատ շարում ես պարկում, քանի որ առևտրականներն են այդպես պահանջում: Եթե չշարած ենք տանում, լավ չի վաճառվում,-ասում է Նաիրան:- Ամբողջը ձեռքի աշխատանք է: Եթե капатель լինի, հեշտ կլինի: Էդքան գազարը ձեռքով են քանդում. բահով, եղանով թուլացնում ենք, ձեռքով հանում ենք, բազուկը համեմատաբար հեշտ է»:

Այս տարի «կարկուտը կոտրել է» բերքը, ինչ արդյունք կունենան՝ դեռ հայտնի չէ: Նաիրան հույսով ջրում է մնացած գազարը: Երկու հատ էլ մեզ է հյուրասիրում: Բեժանոյից հետո ճանապարհ պիտի գնանք, երանի ճանապարհն էլ ասֆալտապատ լիներ: Բեժանոյից մինչև Արագվա ավելի քան 10 կմ ճանապարհը, տեղացիների խոսքով, «քանդուքարափ» է՝ գրունտային ու տարողունակ փոսերով: Մեզ ուղեկցող բեժանոցին հեգնում է. «Մեր «փուրչուլուղը» համով է, կերեք, օր մեր ճամփնուն դիմանաք»:

Լուսանկարները և տեսանյութը՝ Դավիթ Բանուչյանի

Մեկնաբանություններ (1)

Վաչե
Ես շատ երկրներում եմ եղել, ապրել, սակայն Ջավախքի գյուղմթերքի նման համեղ բնամթերք ոչ մի տեղ չեմ հանդիպել։ Ես մեկ-մեկ մտածում եմ երևի դա նրանից է, որ ես ծնունդով Ջավախքից եմ, բայց անկախ իմ մտածողությունից և ցանկությունից դա իրոք այդպես է։ Ջավախքի պանիրները, լավաշը, կաթնեղենը, մեղրը, մշակաբույսերը իրենց մեջ խտացրել են հայրենի բնաշխարհի համն ու բուրմունքը, ինչպես նաև աշխատավոր ջավախքեցու ոգու մաքրությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter