Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Հայաստանի օրինական և անօրինական աղբավայրերը. Տավուշի մարզ


Աղբի ծավալները Հայաստանում տարեկան աճում են 368.618 տոննայով

Հայաստանի տարբեր բնակավայրեր գնալիս հաճախ ականատես ես լինում ճանապարհի երկայնքով սավառնող պոլիէթիլենային տոպրակների, աղբով ծածկված դաշտավայրերի եւ բնության տարբեր հատվածներում կուտակված թափոնների: Աղբահանությունը, դրա վերամշակումը աշխարհի մեծ թվով երկրների համար առաջնային խնդիրներից է:

«Հետքն» այցելում է ՀՀ տարբեր բնակավայրեր, արձանագրում աղբանոցները, դրանց գտնվելու աշխարհագրական դիրքը, լուսանկարում և տեսանկարահանում է դրանք: Այսպիսով՝ մենք փորձում ենք կազմել Հայաստանի բոլոր աղբավայրերի քարտեզը, որտեղ կընդգրկվեն ոչ միայն խոշոր աղբավայրերը, այլեւ փոքր համայնքների, բայց անընդհատ մեծացող աղբանոցները:

Այս անգամ այցելել ենք Տավուշի մարզի չորս շրջաններն ու դրանց հարակից գյուղերը: Արձանագրել ենք 23 աղբավայր, որոնցից 4-ը մեծ քաղաքների՝ Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի և Բերդի համար հատկացված հատուկ աղբահանության տարածքներն են: Գյուղերի բնակիչները կենցաղային աղբը թափում են մոտակա ձորը կամ գետը: Դա է պատճառը, որ համայնքներում կարելի է հանդիպել «ապօրինի գործող աղբավայրերի»: Դիլիջանի և Իջևանի շրջանում աղբը հիմնականում լցնում են Աղստև գետը, որի մեջ կարելի է հանդիպել ընտանի կենդանիների սատկած մարմինների, կենցաղային ու շինարարական թափոնների:

Ստորև ներկայացված քարտեզի միջոցով կարող եք ծանոթանալ մեր արձանագրած աղբավայրերից յուրաքանչյուրին՝ ըստ լուսանկարի, նկարագրության և մեծության: Նկարագրությունը կարդալու համար սեղմեք նշված աղբավայրը բնութագրող սև կետի վրա: Աղստև գետի՝ կարմիրով նշված հատվածի վրա պահեք մկնիկը՝ տեսնելու գետի այդ հատվածների աղտոտվածությունը նկարագրող լուսանկարը:

Տավուշի մարզի 20 համայնքների աղբահանության և կոմունալ ծառայությունների համար ծախսվում է մոտ 255 մլն դրամ: Մեր այցելած գյուղերից 4-ը որևէ գումար չի հատկացնում աղբահանությանը: Գյուղապետերը նշում են, որ այն իրականացնում են սեփական կամ գյուղացիների ուժերով. մեքենայով աղբը հանում են գյուղից դուրս ու լցնում չերևացող ձորը կամ գետը: Խոշոր աղբավայրերը տարեկան մի քանի անգամ այրում են, որ տարածք ազատվի՝ նոր աղբ լցնելու:

Ստորև ծանոթացեք մեր այցելած համայնքներից յուրաքանչյուրի աղբահանությանը հատկացվող գումարի չափին:

Աղբահանությանը հատկացվող գումարը` տարեկան. Տավուշ | Create infographics

Ըստ “Waste Atlas” ոչ կոմերցիոն նախաձեռնության 2013թ. տվյալների՝ Հայաստանում տարեկան առաջանում է 368.618 տոննա համայնքային կենցաղային աղբ, որի բնապահպանական սթրեսը կազմում է 12.9 տոննա՝ քառակուսի կմ-ի համար: Ըստ նույն տվյալների՝ մեկ շունչը Հայաստանում արտադրում է տարեկան 118.9կգ աղբ: Աղբահավաքման ծածկույթն այստեղ 80% է, իսկ ինտենսիվ սպառվող թափոնների թիվը կազմում է 0.04կգ: Վերամշակման մակարդակը մեզ մոտ 0% է:

Աղբահանությունը տարածաշրջանում | Create infographics

Մենք շարունակում ենք այցելությունները ՀՀ տարբեր մարզեր՝ արձանագրելու այնտեղ գործող աղբավայրերը: Առաջարկում ենք Ձեզ նույնպես միանալ հետաքննությանը՝ ուղարկելով Ձեր բնակավայրի աղբանոցի լուսանկարները, տեսանյութերը՝ նշելով, թե որ հատվածում է այն գտնվում: Լուսանկարներ և տվյալներ ուղարկած բոլոր անձինք կհամարվեն հետաքննության համահեղինակներ:

Բերդ քաղաքից մոտ 6կմ հեռավորության վրա է գտնվում հիմնական աղբավայրը: Աղբի ոչնչացման միակ տարբերակը այրելն է:

Դիլիջանի հիմնական աղբավայրը գտնվում է քաղաքից 4.5կմ հեռավորության վրա: Այստեղ աղբի մեծ մասը թափվում է Աղստև գետը:

Դիլիջանի կենտրոնով անցնող Աղստև գետում հնարավոր է տեսնել սատկած ընտանի կենդանիների և այլ կենցաղային թափոններ:

Չնայած աղբ թափելն արգելող նշաններին՝ Աղստևը շարունակում է մնալ աղբը լցնելու «լավագույն վայր»-ն Իջևանում:

Իջևանի կենտրոնում գտնվող շուկայի վաճառականներն աղբը կամրջից նետում են գետի մեջ:

Բերդ տանող ճանապարհին՝ Նավուր գյուղից 6կմ հեռավորության վրա է գտնվում այս աղբավայրը:

Հաղթանակ և Այրում գյուղերի մեջտեղում գտնվող աղբավայրից գյուղացիները երբեմն երկաթ ու շշեր են հավաքում:

Գետահովիտ գյուղից մոտ 2կմ հեռավորությամբ գտնվող աղբանոցը գոյացել է գյուղացիների և մոտակա զորամասի թափոններից:

Այստեղ աղբն անընդհատ հրում են դեպի ձորը:

Իջևանի հիմնական աղբավայրը գտնվում է քաղաքից 4կմ հեռավորության վրա:

Լուսահովիտի աղբանոցը գյուղից 450մ հեռավորությամբ գտնվող բլրի վրա է:

Բերդավանից մոտ 2կմ հեռավորության վրա գտնվող աղբավայրը մշակվող հողատարածքների կողքին է:

Նոյեմբերյանի հիմնական աղբանոցը գտնվում է քաղաքից 1.7կմ հեռավորության վրա: Այստեղ կենտրոնացվում են քաղաքի թափոնները, աղբի ոչնչացման միակ տարբերակը այն այրելն է:

Ենոքավան գյուղից 2.5կմ հեռավորությամբ գտնվող այս աղբանոցը ծածկում են հողով: Այն դեպի գյուղ տանող ճանապարհին է, և երբեմն աղբը հայտնվում է հենց ճանապարհի մեջտեղում:

Իջևանի աղբավայրի և Աղստև գետի միջև հեռավորությունը մոտ 40մ է: Աղբը վերացնելու միակ ձևը այն այրելն է:

Լուսանկարիչ՝
Նարեկ Ալեքսանյան
Հեղինակ՝
Անի Հովհաննիսյան

Գլխավոր էջ

Այս թեմայով

... կարդացեք ավելին «Հայաստանի աղբավայրերը» թեմայով
Մեկնաբանություններ (4)
1. Աննա02:33 - 19 օգոստոսի, 2015
Ցավոք նկարներ չեմ կարող ուղարկել, քանի որ հեռու եմ իմ բնակավայրից, բայց ուզում եմ տեղեկացնել որ Նոր Գեղիից Արզնի առողջարան տանող ճանապարհով իջնելիս զառիթափի երկայնքով աղբակույտեր կան: Նաեւ Արզնու ձորի ու Հաճնին ու մոտական գյուղերին հարող տարբեր հատվածներում կան աղբակույտեր: Կիրճից ոչ շա տ հեռու, Նոր Գեղիի Հաճնին հարող տարածքներում, Իսահակյան, Ա. Խաչատրյան փողոցների վերջնամասում շինարարական աղբակույտ կա, որի կողքին կան կիսաքանդ հին շինություններ, ջերմոց, եւ այլն: Ձոր իջնելով, հին առողջարանի շենքի տարածքը, հոսող ջուրը, ընդհանուր առմամբ աղտոտ է եւ ճնշող:
2. Josef12:05 - 20 օգոստոսի, 2015
Dear Armenians, I love you, but don t be like Gipsys. Be like the Germans.
3. GB23:38 - 20 օգոստոսի, 2015
The children in Armenian schools must learn how to separate real garbage from recycling elements. Armenians must improve their disastrous garbage dumping habits, and let professionals and waste management teams, take care of the rest.
4. aram19:10 - 24 օգոստոսի, 2015
armenians must learn many things both in armenia and overseas. act like civilized people a long long way to go, fortunately.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։