HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք

Իրանահպատակ ադրբեջանցու սպանության մեղադրանքով 21-րդ տարին բանտում գտնվող Արցախյան պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ, ցմահ բանտարկյալ Սողոմոն Քոչարյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց՝ «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք: «Էրեբունի» ԲԿ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շուշան Հունանյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Սողոմոն Քոչարյանն ունի մի շարք խրոնիկ հիվանդություններ, նախկինում նշանակվել է դեղորայքային բուժում, սակայն հիվանդը այն պարբերաբար չի ընդունել: «Բուժումը նորմալ չի ստացել, դեղերը նորմալ չի ընդունել, նա պետք է ստանա ստացիոնար բուժում»,- ասաց Շուշան Հունանյանը՝ նշելով, որ Սողոմոն Քոչարյանին ցուցված է հիվանդանոցային բուժում:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից էլ մեզ հաղորդեցին, որ երեկ, ժամը 13.00-ի սահմաններում Սողոմոն Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է, շտապ օգնություն է կանչվել, և նա տեղափոխել «Էրեբունի» ԲԿ, այս պահին մանրակրկիտ հետազոտվում է` հիվանդությունը ախտորոշելու և բուժման հետագա ընթացքը որոշելու համար: ՔԿՎ-ից, սակայն, չասացին, որ Սողոմոն Քոչարյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Դեռ չի նշվում նաև կոնկրետ ախտորոշումը:

Զինա Քոչարյան. «Ասեց՝ մամա պատրաստվի թաղման, ինձ աչքերս բաց ուզում են սպանեն»

«Հետքը» զրուցեց նաև Սողոմոն Քոչարյանի մոր՝ Զինա Քոչարյանի հետ: Նա դեռ Տաշիրում էր, բայց կապ էր հաստատել Երևանում ապրող բարեկամների հետ, ովքեր փոխանցել էին, որ վերակենդանացման բաժանմունքի մոտ համազգեստավոր իրավապահներ են կանգնած, իսկ բժիշկները դեռ ինֆորմացիա չեն հայտնում Սողոմոն Քոչարյանի առողջության մասին:

Հիշեցնենք, որ Զինա Քոչարյանը մեր թերթի միջոցով, նաև համակարգի իրավասուների հետ զրույցներում վերջին մեկ տարվա ընթացքում պարբերաբար ահազանգել է որդու առաղջական վատ վիճակի մասին ու ամեն անգամ դեղեր հասցրել «Նուբարաշեն» ՔԿՀ:

Մոտ 2 ամիս առաջ նա բաց նամակով դիմել էր ոլորտի պատասխանատուներին. «Խնդրում եմ, դիմում եմ արդարադատության նախարարին, քրեակատարողական վարչության պետին, «Նուբարաշենի» պետին, Սողոմոնին տեր կանգնեք, տարեք «Դատապարտյալների հիվանդանոց»: 20 տարվա մեջ գոնե մի անգամ տանեք-տեսնեք` ինչ ա կատարվում օրգանիզմում, գոնե կյանքը փրկեք»: Սակայն ստացիոնար բուժման այդպես էլ չէին տարել նրան:

Զինա Քոչարյանը պատմեց, որ երկու օր առաջ բարեկամի ու Սողոմոնի հրամանատար Հայկազ Թամրազյանի հետ եղել է «Էրեբունի» հիվանդանոցում, ուր վերջին 20 օրվա մեջ մի քանի անգամ մի քանի ժամով տեղափոխել են որդուն: Տիկին Զինան պատմեց, որ խոսել են սրտաբաններից Անուշ Գրիգորյանի հետ: 

«Սրտաբանն ասեց՝ Սողոմոնի վիճակը շատ վատ ա, սրտի 3 պրոբլեմ ունի: Ասեց՝մեղք ա, ինչի՞ են բանտում պահում էդ տղուն էդ վիճակով: Մայիս ամսին էլ են տարել նույն հիվանդանոց, ասել են նախաինֆարկտային նշաններ կան, դրանից հետո էլի մի քանի անգամ վատացել ա, տարել են հիվանդանոց ու էլի հետ բերել բանտ: Ասել են՝ իրավունք չունենք, որ թողնենք հիվանդանոցում: Բայց քանի անգամ եմ ասել՝ տարեք հիվանդանոց, քանի անգամ են խոստացել, որ կտանեն-կբուժեն: Որպես ի՞նչ թուրքի համար տանջեցին էսքան»,- արտասվելով ասում էր տիկին Զինան:

Տիկին Զինան պատմեց, որ մի ամիս տղայի ձայնը չէր լսել, քանի որ չէր կարողանում խոսել, շունչը կտրվում էր: Իսկ վերջին անգամ Սողոմոն Քոչարյանը մորն ասել է, որ դեղերը 1 օր տալիս են, 4 օր չեն տալիս. «Ասեց՝ երբ շատ եմ վատանում, նոր բերում են-տալիս: Բայց ես ամիսը 3 անգամ սրտի դեղեր եմ տարել, ի՞նչ են արել: Սողոմոնն ասեց՝ մամա, պատրաստվի թաղման, ինձ աչքերս բաց ուզում են սպանեն: Չգիտեմ՝ ում էր ձեռնտու, որ չէին տանում հիվանդանոցում բուժեին»,- ասաց Սողոմոն Քոչարյանի մայրը:

Հրամանատար. «Սողոմոն Քոչարյանի կենդանի մնալը մեր պետությանն արդեն ձեռք չի տալիս»

«Էրեբունի» ԲԿ-ում եղել է նաև Սողոմոն Քոչարյանի հրամանատարն ու խաչեղբայրը՝ Հայկազ Թամրազյանը: Նա «Հետքին» փոխանցեց. «Սողոմոնին հետազոտած սրտաբանը, դժբախտաբար, լավ բաներ չէր ասում: Նա զարմացած էր, որ Սողոմոնին հիվանդանոցից տարել են ու նորից խցում են պահել: Ասաց, որ սրտային անբավարարություն ունի, բայց միայն դա չի: Դիագնոզը կա իմ մոտ»,- ասաց Հայկազ Թամրազյանը:

 Նա համոզմունք հայտնեց, որ Սողոմոն Քոչարյանի կենդանի մնալը մեր պետությանն արդեն ձեռք չի տալիս, այլապես, նրա կարծիքով, ցմահ դատապարտյալին վաղուց կտանեին հիվանդանոց, հիմնավոր կբուժեին, ոչ թե դանակը ոսկորին հասնելուց հետո. «Միտումնավոր անուշադրության հետևանք է, կարծում եմ: Ինձ թվում է՝ պետությունը ոչ միայն իր զինվորի կյանքն է կորցնում, որն անգնահատելի է, այլև իր հեղինակությունը, դառնում է բռնապետական, հետադիմական, 4-րդ կարգի երկիր: Պետությունը կարծում է՝ Սողոմոնին կորցնելով, հարցը կլուծվի, բայց այդպես իր վարկանիշն է կորցնում» ,- նշեց Հայկազ Թամրազյանը:

Մեկնաբանություններ (3)

gohab
ինչ՞ աբսուրդ, Հւնգարիայում մարդուն կացնահարաց ադրբեյանցուն հերօսի կօչում տվեցին ու պարգեվատրեցին ազատությամբ, Հայաստանւմ դեխօրայք ել չեն տալիս;(((((((((((
լաուրա
Սողոմոնը ընդամենը շունա սատկացրել նա պետքա Պարգեվատրվեր ոչ թե բանտարկվեր։։։։ Անխիղճ անասուններ։։։։։։սրիկաներ։
Վեհարի
Շատ հարգելի Սողոմոն Քոչարյանի հրամանատար ու խաչեղբայր` Հայկազ Թամրազյան, Սողոմոն Քոչարյանին բանտարկողները, անօրինաբար դատապարտողները և հիմա էլ սպանող դավաճանները ոչ մի կերպ Պետություն չեն կարող համարվել: Պետությունը Դուք եք, Սողոմոնն է ու մեծամասնությունը և ուրեմն Սողոմոնին սպանողը պետություն սպանող է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter