HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Ծաղիկ հիվանդության համաճարակ՝ Արցախում

Արցախի Մարտակերտի շրջանի սահմանամերձ Թալիշ համայնքում հունիս ամսին բռնկված խոշոր եղջերավոր անասունների ծաղիկ հիվանդությունն օրեցօր տարածվում է հանրապետության այլ բնակավայրերում։ ԼՂՀ գյուղնախարարության այսօրվա վիճակագրության համաձայն՝ համաճարակը տարածվել է 96 համայնքներում, որտեղ ծաղիկ հիվանդությամբ վարակվել է ավելի քան 1300 անասուն, որից 544-ն արդեն բուժվել է, մի մասը` բուժման ընթացքի մեջ են, իսկ 20-ը՝ սատկել։ Հիվանդացած անասունները կազմում են Արցախում խոշոր եղջերավոր անասունների մոտ 2 տոկոսը։ Խոշոր եղջերավորների թիվը ներկա դրությամբ 60 հազար է։

Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնապահության վարչության պետ Նորայր Մուսայելյանն ասում է, որ վիրուսը տարածման մեծ հակում ունի շփման, օդի և միջատների միջոցով։

«Հիմնականում սատկել են այն հիվանդ անասունները, որոնց մոտ հիվանդությունն ուշ է նկատվել։ Այսինքն, անասունը վարակվել է երկրորդային ինֆեկցիայով, և ուշացած անասնաբուժական միջամտությունը  արդյունավետ չի եղել»,-ասում է Ն․Մուսայելյանը։

Մարտակերտի շրջանի Նոր Ջրաբերդ համայնքում Կնյազ Մելքումյանը 10 տարուց ավելի է անասնապահությամբ է զբաղվում։ Ցույց տալով առանձին գոմում պահվող հիվանդ անասուններին՝ զրուցակիցս խոստովանում է, որ այսքան տարվա իր պրակտիկայում երբեք չի հանդիպել ծաղիկ հիվանդության։ Այսօր նրա 50 գլուխ անասունների մի մասը հիվանդացել են։ Ժամանակին կանխարգելիչ անասնաբուժական միջամտության շնորհիվ գլխաքանակի անկում չի ունեցել։

Ֆերմերը համոզված է, որ ծաղիկ հիվանդությունն անասունների անկման ոչ այնքան պատճառ էր, որքան առիթ։

«Իմ կարծիքով՝ ծաղիկ հիվանդությունն ուղղկի առիթ էր, որպեսզի անասունի մոտ ի հայտ գար արդեն առկա ուրիշ հիվանդությունը։ Որոշ դեպքերում էլ ֆերմերի անուշադրության պատճառով են վարակված անասունները սատկել։ Օրինակ՝ հարևանիս անասունները 5 օր հանդին էին մնացել, երբ հայտնաբերեց հիվանդությունը, արդեն ուշ էր»,- բացատրում է Կ․Մելքումյանը։

Նոր Ջրաբերդում քանի որ հիմնականում բարձիթողի անասնապահություն է, ընդհանուր 600 գլուխ խոշոր եղջերավոր անասուններից 26-ը վարակվել է ծաղիկ հիվանդությամբ։

Հաշվի առնելով, որ ծաղիկ հիվանդությունը վիրուսային ծագման է, չունի առանձնահատուկ բուժման միջոց, անասնաբույժները նշանային բուժումներ են կատարում։ Նրանք  միայն ուժեղացնում են անասունների դիմադրողականությունը, պաշտպանում երկրորդային ինֆեկցիայից։

Ն․Մուսայելյանի խոսքով՝ ծաղիկ հիվանդությունն արձանագրելուց հետո գյուղնախարարությունը հակաբիոտիկներ է ներկրել հիվանդ անասունների համար։ Ներկրված դեղորայքը,սակայն, բավարար չէ, քանի որ օրեցօր ավելանում են հիվանդ անասունների գլխաքանակը։

Օրերս նախարարությունը հակաբիոտիկների նոր խմբաքանակ է ներկրել, որը նույնպես կբաժանվի անասնապահությամբ զբաղվող տնտեսվարողներին։

Զրուցակցիս խոսքով՝ հիվանդության բուժումից անտեղյակ գյուղացիների մոտ խուճապ էր առաջացել։ Որոշ մարդիկ հապշտապ էժան գներով անասունները սկսել են վաճառել։

«Մենք հնարավորինս տեղեկացնում ենք գյուղացիներին, որ խուճապի չմատնվեն և կանխում ենք հիվանդ անասունների տեղաշարժը հանրապետության այլ բնակավայրեր։ Հիվանդ անասունները մեկուսացվում են մինչև լիարժեք բուժվելը»,-ասում է Ն․Մուսայելյանը։

Այնինչ, մի շարք բնակավայրերում գյուղացիները շարունակում են դեռ ամբողջությամբ չբուժված անասուններին հանդ տանել։

Ինչ վերաբերում է մսամթերքի ու կաթնամթերքի օգտագործման ռիսկերին, ապա ընդանրապես արգելվում է հիվանդ անասունի միսը կամ կաթը օգտագործել։ Սակայն, Պրն Մուսայելյանի խոսքով, կաթը 70 աստիճան տաքացնելու դեպքում  հարուցիչը մահանում է։ Նույնը նաև մսի ախտահանմանն է վերաբերում։

Նոր Ջրաբերդից ֆերմեր Կնյազն ասում է, որ, ճիշտ է, այս ընթացքում մորթ չեն կատարել, բայց կաթն ամեն օր օգտագործում են իրենց ընտանիքում և ինչպես միշտ հանձնում են։

«Արցախ կաթ» ՓԲԸ գլխավոր ինժեներ Վալերի Սիմոնյանը «Հետք»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ընկերությունը դադարեցել է կաթ մթերել այն համայնքներից, որտեղ առավել տարածված է ծաղիկ հիվանդությունը։

«Բանն այն է, որ հիվանդության հետևանքում կտրուկ նվազում է նաև կովերի կաթնատվությունը։ Ամեն դեպքում, ցանկացած տեսակի մթերված կաթ ենթարկվում է 100 տոկոսանոց ջերմամշակման։ Գյուղնախարարությունում մեզ վստահեցրել են, որ ծաղիկ հիվանդության հարուցիչը ոչնչանում է ջերմամշակումից հետո։ Ենթադրաբար մեր սպառողներին ոչ մի վտանգ չի սպառնում»,- ասաց Վ․Սիմոնյանը։

Ինչ վերաբերում է մսամթերքին, ապա, ըստ Նորայր Մուսայելյանի, ընդհանրապես յուրաքանչյուր անասուն մորթի ենթարկելուց առաջ պետք է տեղի անասնաբույժից համապատասխան փաստաթուղթ ունենա, որը վկայում է անասունի լիարժեք առողջ լինելու մասին։

Ծաղիկ հիվանդությունն անասուններից փոխանցվում է նաև մարդկանց։ Առ այսօր մարդկանց վարակման դեպք չի գրանցվել։

«25 տարուց ավելի է մեզ մոտ ծաղիկ հիվանդության դեմ չեն պատվաստում։  Ամեն դեպքում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման դեպքում հնարավոր է խուսափել վարակից։ Բացի այդ, նաև ախտահանիչներ ենք տրամադրել անասնաբույժներին, որպեսզի հնարավորինս կանխվի մարդկանց վարակելու վտանգը։

Չնայած բոլոր կանխարգելիչ միջոցառումներին՝ Ն․Մուսայելյանը վստահ է, որ հիվանդության տարածումը հանրապետության այլ բնակավայրերում անխուսափելի է, քանի որ կան տարածման այնպիսի ուղիներ (միջատները մեծամասամբ), որոնք սահմանափակել անհնար է։ Վիրուսի մարումը հնարավոր է միայն եղանակային պայմանների փոփոխության դեպքում։

«Ամեն ինչ վերհսկողության տակ է։ Այնպիսի պայմաններ ենք ստեղծում, որ գյուղացիներին ու ֆերմերները հնարավորինս քիչ վնաս կրեն»,- եզրափակեց Ն․Մուսայելյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter