HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճոճկանցիների կարկտահարված ցանքատարածքների և բնակարանների վնասների փոխհատուցում չի նախատեսվում

Այս տարվա հունիսի 11-ին կարկուտը աղետալի վնաս էր պատճառել Ճոճկան գյուղին: Կարկտահարության վնասներն ուսումնասիրող հանձնաժողովի 15.06.2015թ. ակտի համաձայն՝ գյուղում փաստացի վնասվել էր 430 շենք-շինություն,  ջարդվել էր 17 800  մեծ, 13 582 փոքր ազբոշիֆեր, 820  կղմինդր, պատուհանների 664.5քմ ապակի, 31 մարդատար ավտոմեքենա: Կարկուտը 90-100 տոկոսով Ճոճկանում ոչնչացրել է 260հա  ցորենի , 200 հա գարու, 150 հա արևածաղկի, 15 հա եգիպտացորենի, 21հա կարտոֆիլի, 2 հա ծխախոտի ցանքատարածություններ, ինչպես նաև 24 հա խաղողի, 31 հա պտղատու և 80 հա տնամերձ այգիներ: Ոչնչացել է  նաև գյուղացիների բանջարեղենի և հատիկաընդեղենի 21 հա դաշտ:

Գյուղապետ Ա. Թամազյանն ասում է, որ հանձնաժողովի արձանագրած վնասը ժամանակին ներկայացրել է Լոռու  մարզպետարան: Այստեղ էլ հաշվարկել են վնասի  գումարային արժեքը և ներկայացրել կառավարություն: «Մարզպետարանից ինձ  չեն տվել գյուղի վնասի կոնկրետ գումարային չափը: Իմ  տեղեկություններով՝ այն 2 միլիարդ դրամից ավելի է»,- ասաց Ա. Թամազյանը: Արդեն անցել է երկու ամիս: Կարկտահարությունից տուժած ճոճկանցիները որևէ աջակցություն չեն ստացել և անհամբեր սպասում են իրենց վնասների փոխհատուցմանը:

«Եկել գրել, գնացել են, բայց արդյոք կփոխհատուցե՞ն, թե՞չէ: Էն վաղեն գլխիս տակը փափուկ բալիշ են դրել ու գնացել: Չգիտեմ՝ ճոճկանեցոց կյանքը ոնց կընթանա էս տարի: Ընտանիքում 9 անձ ենք, 4 անչափահաս երեխա ունենք: Թոշակով ու նպաստով ենք ապրում`նիսյայի վրա ենք»,- ասաց Օլգա Հակոբյանը: «Ո՞վ տի մեզ օգնի, ու՞ր է կառավարություն»,- զայրացած մորն ընդհատեց  Օլգայի որդի Արայիկը, ում տան տանիքը և մեկ հա ցորենի ու գարու արտը նույնպես վնասվել են:

Երեկ գյուղապետ Ա. Թամազյանը «Հետքին» հայտնեց, որ կառավարությունը ճոճկանցիների  ցանքատարածություններին և բնակարաններին պատճառված վնասների  համար փոխհատուցում կամ որևէ օգնություն չի  նախատեսել: «Մարզպետի հետ վիճակի նախնական քննարկում  է եղել, օգնության մի 5 մլն դրամի մասին է խոսքը, որը սուբվենցիայի տեսքով պետք է հատկացվի համայնքի բյուջեին, այն էլ դեռ չի  հատկացվել»,- ասաց գյուղապետը:

Լոռու մարզպետ Արթուր  Նալբանդյանը հեռախոսով մեզ հետ զրուցելիս  կարկտահարությունից  տուժած Ճոճկանի մասնավոր սեկտորին օգնելը բացառեց: «Կմարվի ճոճկանցիների՝ պետությունից գնած միայն ցորենի սերմացուի այս տարվա պարտքը, 15մլն դրամ կհատկացվի IFAD-ի ծրագրով գյուղում կառուցվող խմելու ջրագծի  համայնքի ներդրումը փոխհատուցելու և 5մլն դրամ սուբվենցիա կհատկացվի համայնքի բյուջեին` ճոճկանցիների այս տարվա հողի  հարկը փոխհատուցելու նպատակով»,- ասաց Ա. Նալբանդյանը:

ճոճկանցի Սամվել Սիրադեղյանը բացատրեց, որ գյուղացիների  մեկ հողաբաժին վարելահողի տարեկան միջին հարկը կազմում է 8 հազար դրամ: «Եթե գյուղացիների ահռելի վնասների դիմաց դրանով է կառավարության փոխհատուցումն ավարտվում, դա ծիծաղելի  գումար  է»,-ասաց նա: Ս. Սիրադեղյանը նաև հայտնեց, որ ճոճկանցիները կանխիկ վճարումով են գնել ցորենի սերմացուն և պարտք չունեն կառավարությանը: Նրա ասելով՝ գյուղի ջրագծի կառուցման համայնքի 15մլն դրամ ներդրումը դեռ նախորդ տարի ճոճկանցիներին խոստացել է վճարել Ախթալայի ԼՀԿ-ն:

Ա. Թամազյանն էլ բացատրեց, որ ցորենի սերմացուի պարտքը մարելու մասին մարզպետի խոստումը վերաբերում է ոչ թե շարքային գյուղացիներին, այլ գյուղի խոշոր հողատերերին, այդ թվում՝ նաև իր և իր եղբոր ցորենի սերմացուի պարտքերին: Ա. Թամազյանի ասելով՝ Ճոճկանի խմելու ջրագծի կառուցման համայնքի ներդրումը կազմում է 30մլն դրամ: Դրանից 15մլն դրամը խոստացել է տալ Ախթալայի ԼՀԿ-ն, մարզպետը ի նկատի ունի  ներդրման մյուս 15մլն դրամը, որը գյուղապետարանն ի վիճակի չէ վճարել:

«Եթե խոշոր հողատերերը ցորենի սերմացուի արժեքը  պարտք են մնացել, և այսօր կառավարությունը փոխհատուցում  է նրանց  պարտքը, ապա փոքր հողատերերը, այդ թվում նաև ես,  վարկ ենք վերցրել և կանխիկ վճարել ենք  ցորենի սերմացուի  արժեքը: Ո՞րն է դրանց տարբերությունը»,- առարկեց Սամվել Սիրադեղյանը:

Ճոճկանում շատ բնակարանների՝ կարկտից վնասված տանիքները դեռևս բաց են, ոմանք էլ անձրևից  պաշտպանվելու համար կապույտ բրեզենտ են քաշել իրենց տան տանիքներին: «Հնար չունենք, ինչո՞վ տենք աշնանացանն անի: Բազմազավակ մայր եմ, 5 երեխա ունեմ, մի տղես Ռուսաստան ա, կարում չի կոպեկ ուղարկի: Մի անառողջ ամուսին ունեմ, ես էլ  վիրահատված եմ: Մեր գեղը էս պետության ցուցակում վաբշե չկա»,- դժգոհեց Էլիչկա Առաքելյանը: ԺենիկՀախվերդյանի ասելով՝ կարկտահարությունից հետո Ճոճկանը խորտակված գյուղ ա:  

«Կարկուտը սրբեց տարավ, էլ գյուղում բան չկա: Թե ոնց տենք ձմեռն անցկացնի, չգիտեմ: Մեր գյուղում համատարած սով ա: Չէ, հույս չունեմ, որ էս կառավարությունը ժողովրդին մի բանով կօգնի»,- ասաց Վալիկո Հախվերդյանը:                                   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter