HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ուուցչուհին պատմում է, թե դպրոցի տնօրենն ու նրա դուստրն ինչ «սցենարով» են իրեն աշխատանքից ազատել

Նելլի Թովմասյանը 6 տարի անգլերենի ուսուցչուհի է աշխատել Կոտայքի մարզի Թեղենիքի միջնակարգ դպրոցում: Տնօրենի 2014թ-ի դեկտեմբերի 20-ի հրամանով նա ազատվել է աշխատանքից: Դրան նախորդել է մեկ օրվա ընթացքում տրված երկու հրամանները՝ խիստ նկատողություն հայտարարելու մասին: Ուսուցչուհին ասում է, որ իրեն դպրոցից հեռացնելու համար «սցենար» են գրել և այն հաջողությամբ իրականացվել է տնօրենի գլխավորությամբ:

Նրանց տարաձայնությունները սկսվել է  մի կաթիլ «մեղրից»: Նելլի Թովմասյանը և նրա մի քանի գործընկերները բնակվում են Չարենցավան քաղաքում: Որպեսզի ծախսը քիչ լինի, մի քանի ուսուցիչներ միացել և նույն տաքսի ավտոմեքենայով Չարենցավանից գնացել են Թեղենիքի դպրոց: Նելլի Թովմասյանը պատմում է, որ հենց այդ ավտոմեքենայի պատճառով իր և մի քանի ուսուցիչների հարաբերությունները լարվել են:

«Մեքենայում տեղ չէր լինում և միշտ ինձ էին դուրս թողնում: Իսկ առավոտյան ժամերին մեծ դժվարությամբ էինք աշխատանքի հասնում, հասարակական տրանսպորտի խնդիր կար»,-ասում է Ն. Թովմասյանը:

Անգլերենի նախկին ուսուցչուհու խոսքերով՝ 2014թ. դեկտեմբերի 19-ին մտել է դպրոցի տնօրենի աշխատասենյակ, որպեսզի ստորագրի աշխատանքի ներկայանալու թերթիկը: Նույն սենյակում է եղել ուսուցչուհիներից Նարե Գրիգորյանը, ով տնօրեն Լաուրա Գրիգորյանի դուստրն է:

Նարե Գրիգորյանի և Նելլի Թովմասյանի հարաբերությունները դարձյալ լարված են եղել տաքսի ավտոմեքենայի պատճառով: Նելլի Թովմասյանը պատմում է, որ տնօրենի աշխատասենյակից դուրս գալու ժամանակ Ն. Գրիգորյանը իրեն հրելով է դուրս եկել, ապա դուրս գալով միջանցք ձայն է տվել մորը, որպեսզի վերջինս գա աշխատասենյակի դուռը փակի: Նելլի Թովմասյանը գործընկերոջից պահանջել է ավելի քաղաքավարի լինել: Այդ պահին մոտեցել է Լաուրա Գրգորյանը և Նելլի Թովմասյանին ասել է, թե վերջինս անձեռնամխելի չէ:

«Դրանից հետո ես բարձրացա երկրորդ հարկ, որտեղ առաջին և երրորդ դասարաններում դասալսման էի: Երկրորդ հարկում տեսա, որ Նարե Գրիգորյանը միջանցքում՝ դասարանի դռան առջև ինձ է սպասում: Նրա ձեռքին հեռախոս կար և տպավորությունն այնպիսին էր, կարծես թե նկարում էր: Նա հրահրող տոնով պահանջեց, որ մոտենամ իրեն: Նա բղավում էր, թե ՝ Թովմասյան ինչ ես ուզում: Ես էլ մի քանի քայլ առաջ գնացի, պահանջեցի չհրահրել և շրջվեցի դեպի դասարանի կողմը: Իմ հետևից եկավ Նարե Գրիգորյանը և բռնելով ձեռքիցս քաշեց, որպեսզի կանգնեմ: Ես էլ թեթև հրելով ազատեցի ձեռքս ու գնացի դասարան»,-պատմում է Նելլի Թովմասյանը:

Ըստ նրա՝ այդ ընթացքում մոտեցել է տնօրեն Գրիգորյանը և իրեն սպառնացել է, որ կազատի աշխատանքից: Ն. Թովմասյանը պատմում է, որ միջադեպից իրեն վատ է զգացել, ջուր են բերել, խմել է և փոքր ինչ հանգստացել: Սակայն, երկրորդ դասաժամին տեղեկացել է, որ Նարե Գրիգորյանը հիվանդանոց է գնացել: Ուսուցչուհին իր աչքով է տեսել, որ Ն. Գրիգորյանն իր ոտքով է հիվանդանոց գնում:

Այս միջադեպից հետո սկսվել է երկրորդ «սերիան»: Երրորդ դասաժամին Նելլի Թովմասյանը դասավանդելու նպատակով մտել է 12-րդ դասարան: Նա պատմում է, որ կային աշակերտներ, ովքեր գրավոր աշխատանք չէին կատարել և տետրեր է բաժանել, որպեսզի  բացը լրացնեն:

Աշակերտներից Տիգրան Մուրադյանը չի ցանկացել հանձնարարությունը գրել և Նելլի Թովմասյանը ձեռքը դնելով նրա գլխին համոզել է, որպեսզի գրի: Դրանից Տիգրանն էլ ավելի է ագրեսիվացել: Այդ ժամանակ ներս է մտել տնօրենը և բարկացած տոնով հայտարարել է, թե իբր լսել է, որ Նելլի Թովմասյանը ստիպում է աշակերտներին, որպեսզի  իր դուստր Նարե Գրիգորյանի ու Թովմասյանի միջադեպը գրավոր ձևակերպեն:

«Ես բացատրեցի, որ խոսքը գրավոր աշխատանք գրելու մասին է, սխալ է հասկացել, սակայն նա հայտարարեց, որ հունվարից Թովմասյանն այլևս դպրոցում չի աշխատելու և դուրս գնաց: Տնօրենի հեռանալուց հետո տղաներն առանց թույլտվության դուրս եկան դասարանից, իսկ աշակերտուհիներից մեկի ինքնազգացողությունը վատացավ: Նրան օգնություն ցույց տալուց հետո, զգացի, որ իմ ինքնազգացողությունն էլ է վատանում ու գնացել եմ հարևան Արգելի բուժամբուլատորիա»,-նշում է Թովմասյանը:

Դեկտեմբերի 19-ին Լաուրա Գրիգորյանը երկու խիստ նկատողություն է հայտարարել Նելլի Թովմասյանին: Մեկը՝ «աշխատանքային ներքին կարգապահական կանոնները խախտելու, ուսուցչին անհարիր պահվածք դրսևորելու», մյուսը՝ «12-րդ դասարանում ժամանակը ռացիոնալ չօգտագործելու, սովորողներին գնահատական նշանակելու հանգամանքով ահաբեկելու, տետրով Տիգրան Մուրադյանին հարվածելու, ուսուցչին հարվածելու մասին իր թելադրածը գրել պարտադրելու համար, ինչպես նաև 10-11-րդ երկհամակազմ» դասարանի անգլերեն դասաժամը չպարապելու համար:

Նույն օրը ժամը 12.45 Չարենցավանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Չարենցավանի բաժին, որ «հիստերիա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Նարե Գրիգորյանը, ապա վերջինս հայտարարել է, թե դպրոցի միջանցքում անգլերենի ուսուցչուհի Նելլի Թովմասյանը հարվածել է իր կրծքավանդակին: Դեպքի մասին Ն. Գրիգորյանը հաղորդում է տվել ոստիկանության Նաիրիի բաժնում:

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 20-ին տնօրեն Լաուրա Գրիգորյանը աշխատանքից ազատել է Նելլի Թովմասյանին, որի համար հիմք է հանդիսացել 12-րդ դասարանցիների անձնական դիմումները, ծնողների բողոքները և մանկավարժական խորհրդի որոշումը: Աշկատանքից ազատելու պատճառներից մեկն էլ «աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելն» է, ինչպես նաև «դպրոցի բարոյահոգեբանական մթնոլորտը խախտելը, աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք կատարելը»:

Միջադեպի մասին ոստիկանության բաժանմունքում բացատրություններ են տվել նաև ուսուցիչներն ու երկու աշակերտների ծնողները, որոնցից մեկը եղել է Տիգրանի մայրը:

Ոստիկանության նախապատրաստած նյութերով պարզվել է, որ Նելլի Թովմասյանի արարքում հանցակազմ չկա, իսկ աշակերտներից Տիգրան Մուրադյանին Թովմասյանն ընդհանրապես չի հարվածել: Նարե Գրիգորյանը և Տիգրանի մայրը դիմել են ոստիկանություն՝ նշելով, որ պահանջ, բողոք չունեն Նելլի Թովմասյանից և խնդրել են գործին ընթացք չտալ: Նարե Գրիգորյանն իր դիմումը հիմնավորել է նրանով, որ Թովմասյանն այլևս դպրոցում չի աշխատում:

Նելլի Թովմասյանը չի մեղադրում այն աշակերտներին, ովքեր իր դեմ բողոք են գրել: Ասում է, որ տնօրենն է բոլորին լարել իր դեմ: Չի մեղադրում նաև ուսուցիչներին, ովքեր ստիպված ենթարկվում են տնօրենի թելադրանքին, քանի որ աշխատանքը կորցնելու վտանգի առջև են:

Դպրոցի տնօրեն Լաուրա Գրիգորյանի հրամաններն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի համար գումարի բռնագանձման պահանջով հունվարի 26-ին Նելլի Թովմասյանը դիմել էր  Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, սակայն պարտվել է: Վճիռը անփոփոխ է թողել նաև վերաքննիչ դատարանը:

«Կազմակերպված էր, գեղեցիկ ձևով մտածված, քայլ առ քայլ ծրագրված էր տնօրենի կողմից: Նպատակն այն էր, որ  ես դիմում գրեի աշխատանքից ազատվեի: Գյուղում խոսակցություններ էի լսում, որ տարբեր մարդիկ պահանջում են,  որ ինձ աշխատանքից ազատեն և վերադարձնեն նախորդ ուսուցչուհուն: Նույնիսկ աշակերտների միջոցով են փորձել լարվածություն առաջացնել իմ դասաժամերին, աշակերտները փորձել են խանգարել դասապրոցեսը,  որպեսզի  բարկանամ երեխաների վրա: Ես այդ ամենը գիտակցելով ավելի զուսպ եմ եղել, նրանք ինձանից բացասական վերաբերմունք չեն տեսել»,-նշում է Նելլի Թովմասյանը:

Նախկին ուսուցչուհու խոսքերով՝ տնօրեն Լաուրա Գրիգորյանին պետք չէ կամքի ուժ ունեցող մարդ, ով իր հրամանները չի կատարում: Ըստ նրա՝ դպրոցում աշակերտներ կային, որոնց ծնողների հետ տնօրենը վատ հարաբերություններ ուներ և փորձում էր ուսուցիչներին ստիպել, որպեսզի նրանք էլ վատ վարվենք այդ ծնողների երեխաների հետ:

Անդրադառնալով մանկավարժական խորհրդի նիստին ու որոշմանը, ինչն իրեն աշխատանքից ազատելու հիմքերից մեկն է, Նելլի Թովմասյանն ասում է, որ նիստից առաջ իր աչքով է տեսել, թե տնօրենն ինչպես է իր աշխատասենյակում թելադրում, որ աշակերտներն իր մասին բացասական կարծիք գրեն, իսկ ուսուցիչներին նախապատրաստել է, թե ով ինչ հերթականությամբ ելույթ ունենա:

Նելլի Թովմասյանն ասում է, որ դեկտեմբերի 19-ի մանկավարժական խորհրդի նիստում ներկա էին 12 ուսուցիչներ, որոնցից  մեկը չի մասնակցել իր հարցի քննարկմանը, մեկ այլ մասնակից՝  տնօրենի խնամին՝ հայտարարել է, թե ամաչում է մանկավարժական կոլեկտիվի համար, իսկ մյուսները տնօրենի օգտին են խոսել:

«Մանկխորհի մասնակիցների մեծ մասը տնօրենի բարեկամներն էին՝ աղջիկը, քրոջ աղջիկը, վերջինիս ամուսնու քույրը, եղբոր կինը, երկու խնամիները, ամուսնու բարեկամները և այլն: Մանկխորին բոլորն արտահայտվել են, կարծիք են հայտնել, բայց իմ ոչ մի խոսքը չի արձանագրվել, չեն տվել, որ ես ստորագրեմ, միայն գրել են, որ Թովմասյանը հրաժարվում է բոլորից ու վերջ»,-նշում է Ն. Թովմասյանը:

Ինչ վերաբերում է չպարապած դասաժամին, Նելլի Թովմասյանն ասում է, որ նշված ժամին եղել է Արգելի ամբուլատորիայում և որպես ապացույց ցույց է տալիս ամբուլատորիայի համապատասխան տեղեկանքը: Մինչդեռ վճռից երևում է, որ տնօրեն Գրիգորյանը չի հավատացել Թովմասյանի առողջական վիճակի վատացմանը: «Տնօրենը հայցվորից պահանջում է գրավոր բացատրություն ներկայացնել, սակայն հայցվորը միայն բանավոր նշում է, որ վատառողջ է եղել, դրա համար հեռացել է դպրոցից, մինչդեռ կատարվածը և ներկաների վկայությունները փաստում են, որ հայցվորը զբաղված է եղել դպրոցի հեղինակությունը նվաստացնելու գործողություններով»,-նշված է դպրոցի ղեկավարության դիրքորոշման մեջ:

«Տնօրենին ասել եմ, որ հիվանդանոցում եմ եղել, նա շատ վատ արտահայտություններով ինձ ասաց. «գնացել եք ձեր ո՞ր պահանջները բավարարելու»: Դա տնօրենին վայել վարքագի՞ծ է: Եթե ասում են, որ ես վտանգավոր եմ ու անհարիր պահվածք եմ թույլ տվել, ինչո՞ւ էին ստիպում, որ միջադեպի օրը 4-րդ դասաժամը պարապեմ, ինչո՞ւ այս 6 տարիների ընթացքում մի դիմում բողոք չի եղել ծնողներից, աշակերտներից, ինչո՞ւ ինձ նկատողություն չեն հայտարարել: Պարզ է, որ այս ամենը լավ բեմադրված էր: Առաջին դասարանցիների ծնողները երեխաներին չեն բերում Թեղենիքի դպրոց ու նշում են, որ դպրոցում բարոյահոգեբանական վիճակը բարենպաստ չէ, երեխաներին տանում են Լուսակերտ կամ Չարենցավան: Դպրոցի անունը փրկելու համար տնօրենին պետք էր մի սենսացիոն բան և ավելի լավ էր իմ անունը այդպես շրջանառվեր, քան իրենը»,-ասում է Նելլի Թովմասյանը:

Նախկին ուսուցչուհին իրեն վատ էր զգում, որ իր համբերատարությունը, հանգստությունը օգտագործեցին հենց իր դեմ և իր մանկավարժական վաստակը «մրոտեցին»՝ անձնական խնդիրներ լուծելու նպատակով:

Նախկին ուսուցչուհի Նելլի Թովմասյանի խոսքերը հերքեց տնօրեն Լաուրա Գրիգորյանը: Վերջինս ասաց, որ ինքը «մեծ մարդասեր» է եղել, որ 6 տարի հանդուրժել է Նելլի Թովմասյանի ներկայությունը դպրոցում:

Տնօրենը որևէ բացասական խոսք չասաց Նելլի Թովմասյանի գիտելիքների, որպես ուսուցչուհի նրա պատրաստվածության վերաբերյալ, սակայն նշում էր, որ «դպրոցը Թովմասյանի տեղը չէ և նա շահագործել է իրենց մարդասիրական վերաբերմունքը»:

Տնօրենը շարունակում էր նշել, որ Թովմասյանը դպրոցում ծեծել է երեխաների, ուսուցչի և նա չի կարող դպրոցում աշխատել:

«Իր դեմ հարուցված է եղել քրեական գործ: Ես չգիտեմ այնտեղ ինչ են արել, ինչ չեն արել: Այդքան աշակերտների բողոքը ոնց որ թե նշանակություն չունեցավ»,-ասում է Լ. Գրիգորյանը՝ անտեսելով, որ քրեական գործով չի հիմնավորվել Նելլի Թովմասյանի մեղավորությունը, առավել ևս երեխաներին ծեծելու փաստը:

Լաուրա Գևորգյանը չի հերքում, որ դպրոցում աշխատում են իր բարեկամները՝ պատճառաբանելով, որ ինքը «մեղավոր չէ, որ նրանք գրագետ են և աշխատում են դպրոցում», սակայն նշում է, որ մանկխորհրդում իր ազգականների թիվը մեծ չէ և այլ ուսուցիչներ ևս բացասական կարծիք ունեն Թովմասյանի մասին:

Ինչ վերաբերում է իր աշխատասենյակում աշակերտների կողմից ուսուցչուհի Նելլի Թովմասյանի դեմ ուղղորդված բողոք գրելուն, տնօրենը նշում է, որ ինքը աշակերտներին չի թելադրել, աշակերտներն են եկել բողոքել, նա էլ պահանջել է բողոքը հանձնել թղթին:

«Ինձ թվում է նրա հետևում կան մարդիկ, որոնք երևի իրեն օգտագործում են՝ տրամադրելով իմ դեմ»,-նշում է Լ. Գրիգորյանը:

Տնօրենն ասում է, որ ինքն է խնդրել ծնողներին և իր դստերը, որպեսզի ոստիկանությունից բողոքները հետ վերցնեն: «Նա օգտագործեց իմ մարդասիրական վերաբերմունքը»,-շարունակում էր կրկնել Լաուրա Գրիգորյանը:

Նելլի Թովմասյանը տեղեկացրեց, որ օրեր առաջ դիմել է Կոտայքի մարզի դպրոցներից մեկի տնօրենին, որպեսզի իրենց մոտ ընդունվի աշխատանքի, սակայն զարմացել է, երբ տնօրենը չճանաչելով իրեն. պատմել է իր կենսագրությունը և այն կոնֆլիկտի մասին, որ ունեցել է Թեղենիքի դպրոցում:

«Փաստորեն բոլոր դպրոցների տնօրեններին սուտ տեղեկություններ են փոխանցել, որ ես չկարողանամ աշխատանքի ընդունվել»,-նշում է Ն. Թովմասյանը:

Մեկնաբանություններ (10)

Նելլի Թովմասյան
Թեղենիքի դպրոցի ուսուցիչներ. Դուք վերջնականապես հողին հավասարեցրիք «ուսուցիչ» երևույթը, հեղինակությունը, պատիվը:Տիրավորները հաղթեցին, ուսուցչուհին պատժվեց: Այսքանից հետո արժե՞ խոսել ռազմահայրենասիրական տոգորումների, բարոյական դաստիարակության ու վեհ գաղափարների մասին:Արժե՞ արտաբերել «ազգային դպրոց» բառակապակցությունը,երբ ուսուցչին հեղինակազրկելու միջոցների մեջ խտրականություն չդնելով`պատրաստ եք ձեռք բարձրացնել ցանկացած արժեքի վրա: Ես ունեմ երկար տարիների մանկավարժական ստաժ, բոլորը գիտեն, թե որքան գործիս նվիրված մանկավարժ եմ:Աշակերտին տվել եմ իմ անհուն սերն ու բարությունը, ներողամտությունը: Բարեխիղճ ու ազնիվ ուսուցչին զրպարտում են,իսկ ապտակող, ականջ քաշող, գլխին հարվածող ուուցիչներին թաքցնում: Ոչ ոք ինձ չի կարող համոզել, որ ուսուցիչների այս միահամուռ հարձակումն հանուն է, ոչ թե ընդդեմ: Ինչ՞ ակունք ունի այս ինքնանպատակ ու չարդարացված անհանդուրժողականությունը, չարությունն ու զրպարտանքը, անտարբերությունը մարդու ճակատագրի հանդեպ: Ինչ՞ եք սովորեցնում աշակերտներին: Երեխաների` իբրև մեր երկրի հարիր քաղաքացիների ձևավորումը, վտանգված է: Ինքս ունեմ երեք երեխաներ: Նրանք մանկավարժներ են, և ես հպարտ եմ, որ ճիշտ դաստիարակության և բարձրակարգ կրթության շհնորհիվ այսօր դարձել են ազգին ու պետությանը պիտանի քաղաքացիներ: Ես իմ սեփական երեխաների պես սրտացավ եմ եղել իմ աշակերտների համար (ցավում եմ, որ ոմանք խամաճիկներ են դարձել տնօրինության ձեռքին):
Դպրոցի անձնակազմ
Նախքան տվյալ դեպքի և դպրոցի մասին մեկնաբանություններ անելը՛ բորորիդ հրավիրում ենք մեր դպրոց` տեղում ծանոթանալու դպրոցի անձնակազմին և վերոհիշյալ պատմությանը և միայն դրանից հետո արտահայտել ձեր կարծիքը: Թեղենիքի միջն. դպրոցի մանկավարժական խորհուրդ՝ Ս. Մխիթարյան, Լ. Դալաքյան, Ս. Եղոյան , Ա. Շաղկյան, Մ. Պողոսյան, ն. Աղոյան, Ս. Գաբրիելյան, Ն. Անտոնյան, Գ. Մովսիսյան, Ա, Իվանայան, Ն. Գրիգորյան, Մ. Գրիգորյան:
Գայանե Ղուկասյան
Բարի, պարտաճանաչ, աշակերտների դրության մեջ մտնող, մարդկային բնավորությամբ, նվիրված, բարեխիղճ, զիճողական, ներողամիտ, օբյեկտիվ ուսուցչուհի եք, բռնություն երբեք չեք գործածել, չեք վիրավորել, տարբերություն չեք դրել աշակերտների միջև, բացատրում էիք դասը շատ հասկանալի ու մատչելի: Մենք այսպես ենք ճանաչում Թովմասյան ուսուցչին:
Անի
Չեմ կարծում ,որ գյուղ Արզականի դպրոցի նախկին տնօրենի(Անտոնյան Նոռան հեռացվել է կաշարռակերության պատճառով) տղան` Արտակը կարող է աշակերտների անունից սուտ մեկնաբանություներով հանդես գալ և քննադատել ինչ-որ մեկին: Կարծում եմ ժամանակն է հասունանալ Արտակ և այսուհետ ունենալ սեփական կարծիք , այլ ոչ թե ուրիշների հրամաները կատարել հանուն գնահատականի, նման մարդը հետագայում երևի հայրենիքը կդավաճանի:
Նելլի Թովմասյան
Թեղենիքի դպրոցի ուսուցիչներ. Դուք վերջնականապես հողին հավասարեցրիք երևույթը,հեղինակությունը, պատիվը:տիրավորները հաղտեցին, ուսուցիչն պատժվեց;այսքանից հետո արժե՞ խոսել ռազմահայրենասիրական տոգորումների , բարոյական դաստիարակության ու վեհ գաղափարների մասին:Արժե՞ արտաբերել > բառակապակցությունը,երբ ուսուցչին հեղինակազրկելու միջոցների մեջ Խթրականություն չդնելով`պատրաստ եիք ձեռք բարձացնել ցանկացած արժեքի վրա: Ես ունեմ երկար տարիների մանկավարժական ստաժ, բոլորը գիտեն,,թե որքան գործիս նվիրված մանկավարշ եմ:Աշակերտին տվել եմ իմ անհուն սեր ու բարությունը, ներողամտությունը: Բարեխիղճ ու ազնիվ ուսուցչին զրպարտում են,իսկ ապտակող, ականջ քաշող, գլխին հարվածող ուուցիչներին թաքցնում: Ոչ ոք ինձ չի կարող համոզել,որ ուսուցիչների այս միամուռ հարձակումն հանուն է ,ոչ թե Ընդդեմ:Ինչ՞ ակունք ունի այս ինքնանպատակ ու չարդարացված անհանդուրժողականությունը, չարությունն ու զրպարտանքը:Անտարբերությունը ճակատագրի հանդեր:Ինչ՞ եք սովորեցնում աշակերտներին:Երեխաների իբրև մեր երկրի հարիր քաղաքացիների ձևավորումը վտանգված է:Ինքս ունեմ երեք երեխաներ:Նրանք մանկավարժներ են և ես հպարտ եմ,որ ճիշտ դաստիրակության և բարձրակարգ կրթության շհնորհիվ այսօր դարձել են ազգին ու պետությանը պիտանի քաղաքացիներ:Ես իմ սեփական երեխաների պես սրտացավ եձմ եղել իմ աշակերտների համար (ցավում եմ ,որ ոմանք խամաճիկներ են դարձել տնօրինության ձեռքին):
Կարեն
Պետք չէ հավատալ ամեն մի ուսուցչի ասածի, քանի որ նրանք գրում են այն ինչ իրենք են ուզում, որը իրականությանը չի համապատասխանում: Հնարավոր է, որ այս դեպքում տնօրենն է արդարացի և ուսուցիչը նրա դեմ դավեր է նետում; Այդպիսի ուսուցիչներ շատ կան դպրոցներում, որոնք անմեղ գառ են ձևանում և ամբողջ մեղքը բարդում տնօրենների վրա: ցավալի է բայց փաստ է
Մելինե
Հանրապետության շատ դպրոցներում, հաստիքացուցակների ուսումնասիրությունից պարզվում է , որ մեծ թիվ են կազմում գոյություն ունեցող կամ չունեծոց անձիք, իր երեխաները և այլն, որոնց հաշվին դուրս է գրվում թոշակ, չեմ ասի աշխատավարձ
Մաքսիմ Ասատրյան
Ավելի մեծ վայրագություն, որը բնորոշում է դպրոցի տնօրենի էությունը, դժվար այլ անվանում տալ։ Հայաստանի բոլոր բնագավառները վեր է ածվել ոհմակային դաժան միջավայրի, որը բերեցին իրենց հետ երկու խավարամիտ, կիսագրագետ, գավառական ոչնչություններ՝ Բերձորյան ոհմակից։
Դեռևս գիտակից հասարակության պակաս կա
Շատերը ոչ իրենց արժանիքների համար պաշտոն զբաղեցնելուց հետո փորձում են ինքնահաստատվել՝ մոռանալով, որ դպրոցը և ոչ միայն դպրոցը, այլև որևէ պատասխանատու ծառայական աշխատանք, իրենց հոր դուքյանը չէ։ Հասարակությունը այս պարագայում ուսուցչուհիներն ու ուսուցիչները ևս իրենց մեղավորության բաժինն ունեն: Քանի իրենց ձեռք է տալիս, տարիներ շարունակ հարմարվում ու խրախուսում են դպրոցի փտած ու տգետ համակարգը, բայց հենց այդ նույն փտած ու տգետ համակարգն իրենց գլխին բամփում է, սկսում են իրենց անմեղ գառնուկ ներկայացնել և շատ ուշացած աջ ու ձախ վայրահաչել: Արդար և կառուցողական մոտեցում չէ: Դեռևս գիտակից հասարակության պակաս կա: Բնավ որևէ մեկին անձնապես վիրավորելու միտում չունեմ:
Զաբելա Աբելյան
Ինձ շատ ծանոթ սցենար է,ապրել եմ այդ իրավիճակը:Տնօրեններին շատ իրավունքներ չպետք է տալ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter