HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայ պանրագործների խնդիրներն ավելի են լրջացել

Հայաստանում պանիր արտադրող ընկերությունների վիճակը ոչ միայն չի բարելավվել, այլև՝ էլ ավելի դժվար իրավիճակում են հայտնվել. պանրի գների նվազմանը գումարվել են վաճառքի ծավալների զգալի անկումն ու արտահանման ոչ եկամտաբերությունը։ 

Մթերվող կաթի գները չեն բարձրացել 

«Լարի» պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը «Հետքի» հետ զրույցում տեղեկացրեց, որ գյուղացիներից, ֆերմերներից կաթի մթերման գների մասով առայժմ փոփոխություններ չկան։ Կաթնամթերք, այդ թվում՝ պանիր արտադրող ընկերությունները 1 լիտր կաթը մթերում են միջինում 120  դրամով։ Թեև առաջին  հայացքից թվում է, թե  պանիր արտադրողին պետք է ձեռնտու լինի այս վիճակը, որովհետև արտադրանքի հումքն էժանացել է, սակայն, ըստ Ա. Գիգոյանի, պանրագործը դրանից չի շահում, քանի որ այն նույնպես ստիպված է լինում նվազեցնել արտադրանքի գները։ Իսկ մրցակցության կաննոները արտադրողներին ստիպում են պանրի գինն այն չափով էժանացնել, որ իրենց եկամուտները զգալի նվազեն։ Կաթի մթերման ցածր գների պայմաններում գյուղացիների մեծ մասը այն ոչ թե վաճառում է, այլ՝ դրանից պանիր պատրաստում և շատ ավելի էժան գնով վաճառում, քան արտադրողները։ Դա ևս պանիր արտադրողների ստիպում է էժանացնել գինը։ Այս դեպքում մի արտադրողը մրցակցում է ոչ միայն մյուս արտադրողի, այլև՝ տնային պայմաններում պանիր պատրաստող գյուղացու հետ: 

Ներկա դրությամբ այստեղ շահում է սպառողը, բայց դա էլ միանշանակ չէ։ Արտադրողի՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհին տուժում է պանրի որակը։ Արտադրողները դրա հաշվին փորձում են խնայել։ Հիմա շուկայում պանրի որակի վատացում կարելի է նկատել, բայց Պանրագործների միության նախագահը վստահ է, որ դա ժամանակավոր բնույթ է կրում։

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ գրել էինք, որ Հայաստանում գյուղացիներից կաթի մթերման գները նվազել են համաշխարհային շուկայում կաթի փոշու գնանկման և ներկրման ծավալների աճի պատճառով։ 

Տեղական պանիր սկսել են քիչ գնել 

Նոր խնդիրը, որի առաջ հիմա կանգնած են հայ պանրագործները, տեղական շուկայում վաճառքի ծավալների կտրուկ անկումն է։ «Ներքին շուկայում իրացվող ծավալների նվազում է նկատվում։ Չենք հասկանում՝ ինչով է դա պայմանավորված։ Շատ դժվար է վաճառվում։ Իհարկե, կան մի քանի տրադիցիոն պատճառներ, օրինակ՝ ամռանը համեմատաբար քիչ է վաճատվում, բայց միևնույն է, նախորդ տարիների համեմատ վաճառքն այս պահին շատ թույլ է»,- ասում է Պանրագործների միության նախագահը։ 

Նրա խոսքով՝ տեղական պանրի սպառման ծավալները պայմանավորված չեն ներմուծվող պանրի ծավալների աճով։ Ըստ նրա տվյալների՝ Հայաստանում սպառվող պանրի միայն 5%-ն է ներմուծված։ Հայերը նախընտրում են տեղական արտադրության պանիրը։ 

Արտադրողները դեռ փորձում են հասկանալ, թե որն է վաճառքի ծավալների անկման պատճառը։ 

Նորից Ռուսաստան, նորից ռուբլու արժեզրկում 

Պանրագործների ներկա գլխավոր խնդիրներից երրորդն այն, որ արտահանումը դարձել է ոչ եկամտաբեր։ Ռուսաստանն այսօր արտահանվող հայկական պանրի հիմնական գնորդն է։ Իսկ այնտեղ ռուբլու արժեզրկման հետևանքով տնտեսական դժվար իրավիճակ է։ Դա անմիջապես հարվածում է այն հայ արտադրողների գրպանին, որոնց արտահանման  շուկան այս երկիրն է։ Այդ արտադրողների շարքում են նաև հայ պանրագործները։ Թեև Հայաստանում արտադրվող պանրի ընդամենը միջինում 5%-ն է արտահանվում, սակայն դա էլ այսօր դարձել է ոչ եկամտաբեր։ Արտահանողներն արտադրանքի դիմաց ստանում են արդեն իսկ արժեզրկված ռուբլի, որը ոչ ձեռնտու է դարձնում արտահանումը։ Ռուսաստանի մասով այս պահին հույսեր ունենալն անտեղին է, քանի  որ առայժմ հստակ հեռանկարներ չկան, որ ռուբլին առաջիկայում կարժևորվի։ 

Իսկ հայ պանրագործներն հիմա այլ տարբերակ չունեն՝ կամ պետք է արտահանեն Ռուսաստան, կամ ընդհանրապես չարտահանեն։ Պատճառն այն է, որ հայկական պանիրն ընդունված չէ այլ երկրներում։ 

Պանրագործների միության նախագահ Ա. Գիգոյանը համաձայն չէ մեր այն դիտարկմանը, որ այլ երկրներ չեն գնում հայկական պանիր, քանի որ այն մյուսների նկատմամբ որակապես թույլ մրցակցային դիրքերում է։ «Պանրի որակի փոփոխությունները տեղական արտադրողների համար հասանելի են։ Բայց ուզում է ոսկի էլ պատրաստենք, մեկ է՝ Եվրոպա չենք կարող արտահանել։ Այդ շուկան մեր արտադրության համար փակ է։ Մենք այդ գոտու մեջ չկանք, մեզ համար դա հասանելի չի։ Դա քաղաքական ու տնտեսական միջպետական հարաբերությունների խնդիր է։ Օրինակ, Մարսելի հայերից ուզում էին Ֆրանսիա ներմուծել հայկական պանիր, բայց հասկացան, որ չեն կարող։ Իրանից էին եկել, էլի չեղավ։ Այս պահին մենք արտաքին շուկայում   ընդհանարապես կշիռ չունենք»,- նշում է Ա. Գիգոյանը։ 

Ստացվում է, որ արտահանման վրա հույս դնել այս պարագայում պանիր արտադրող հայկական ընկերությունների կողմից անհեռատես քայլ կլինի։ 

Ի՞նչ սպասել 

Այն ինչ կատարվում է հիմա հայկական պանրի շուկայում, կարելի է ճգնաժամ անվանել։ Դա, կարծեք, կրկնվող երևույթ է ամեն 3-4 տարին մեկ։ Այս շուկայում ճգնաժամ էր նաև 2011-ին։  Ա. Գիգոյանի խոսքով՝ այս անգամ տեղական շուկայում ճգնաժամի վրա ազդեցություն ունցավ նաև համաշխարհային շուկան (կաթի փոշու մասով)։ 

Երբ կաթի մթերման գները նվազում են, գյուղացիները մի քանի տարեբակի առաջ են կանգնում՝ կամ շարունակել էժան գնով վաճառել կաթը, ինչից տացվող եկամուտը ցածր է լինում, կամ նույն կաթից տնային պայմաններում կաթնամթերք պատրաստել և փորձել վաճառել, կամ անասունների մորթի ու վաճառքի դիմել։ Բոլոր դեպքերում էլ գյուղացին տուժում է։ Անասունների զանգվածային մորթի պայմաններում կաթի ու կաթնամթերքի դեֆիցիտ կարող է առաջանալ, և այդ ապրանքները կթանկանան։ Այս անգամ, ըստ Ա. Գիգոյանի, բարեբախտաբար մորթի ընդհանուր տրամադրվածության չկա գյուղացիների շրջանում։ Նրանք, ովքեր հիշում են նախորդ ճգնաժամը, հույս ունեն, որ շուկան կրկին կկարգավորվի։ «Մեկը կկարողանա համբերել, մյուսը՝ ոչ։  Մի նրբություն կա։ Այս տարի կիթը շուտ է սկսվել, շուտ էլ՝ վերջացել։ Այսինքն՝ Հայաստանում կթվող կաթի քանակի նվազում է նկատվում։ Թվեր չեմ կարող ասել։  Հավանականություն կա, որ դա կբերի թարմ կաթի արժեքի բարձրացմանը մի քանի ամիս անց։ Երբ նվազեն այդ ծավալներն ու   պահեստավորված պանրի ծավալները, նոր խմբաքանակ արտադրելու պահանջ կլինի ու հնարավոր է՝ այդ ժամանակ կաթի գինը բարձրանա, հետևաբար՝ նաև պանրի գինն ու որակը։ Պանիր արտադրողները դրանից կշահեն։ Հույսեր կան, որ շուկան կկարգավորվի»,- նշում է Պանրագործների միության նախագահը։ 

Բացի այդ, ըստ  նրա, հիմա կով պահելն  այնքան ծախսատար չէ գյուղացու համար, որքան լինում է աշնանն ու ձմռանը։ Արդեն սկսվել է հունձի սեզոնը, գյուղացիները դրա վրա գումար են ծախսում, ու երբ աշնանն արդեն անասունը ոչ թե արտովայրում լինի, այլ՝ գոմում, օգտագործվելու է այդ խոտը։ Գյուղացին այս դեպքում կաթի գինը բարձրացնում է, որպեսզի իր ծախսերն արդարացնի։ Ա. Գիգոյանը կարծում է, որ  կաթ մթերողները հաշվի կառնեն դա ու ստիպված կլինեն բարձրացնել կաթի մթերման գները։ 

Ավելի վաղ տեղեկացել էինք, որ պանրագործները մտադիր են դիմել ՀՀ կառավարությանն իրենց օժանդակելու համար։ Նրանք մտադիր էին առաջարկել, որ կառավարությունը պանիր արտահանողներին յուրաքանչյուր 1 կգ-ի միավորով գին սահմանի և փոխհատուցի։ Սակայն, քանի որ արտահանումն այս պահին ձեռնտու չէ, կառավարության հետ էլ մեծ հույսեր կապելն՝ անտեղին, պանրագործները նշված առաջարկով հանդես չեն եկել։ 

Համաշխարհային շուկայում կաթի փոշու գների բարձրացման միտում չկա այս պահին։ Ըստ տարբեր աղբյուրների՝ ներկայում  կաթի փոշու մեկ տոննայի համաշխարհային միջին գինը չի հասնում 2 հազ. ԱՄՆ դոլարի։ Global Dairy Trade կոչվող համաշխարհային բորսայի տվյալներով՝ սա վերջին 13  տարում ամենացածր ցուցանիշն է։ Եթե այս վիճակը ձեռնտու չէ պանրագործների համար, ովքեր արտադրության մեջ կաթի փոշի չեն կարող օգտագործել, ապա կաթնամթերք արտադրող մյուս ընկերությունների համար դա ձեռնտու է, քանի որ թթվասերի ու պաղպաղակի արտադրության մեջ, օրինակ, օգտագործվում է կաթի փոշի։ Եվ դրա էժան գինը գայթակղում է արտադրողներին ավելի շատ ներմուծել, իսկ գյուղացուց կաթը մթերել ավելի էժան գնով։ Արտադրողի գլխավոր նպատակներից մեկն, ի վերջո, շատ եկամուտ ստանալն է՝ լինի բարեխիղճ արտադրող, թե ոչ բարեխիղճ։ 

Պանրագործները, փաստորեն, այս պահին կաթի փոշու գների բարձրացման մասով հույսեր չունեն։ 

Պաշտոնական տվյալներ 

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) ՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է մոտ 8,8 հազ. տոննա պանիր։ Դա  3,8%-ով գերազանցում է նախորդ տարվա առաջին կիսամյակի ցուցանիշը։ 

ԱՎԾ-ն արձանագրել է, որ կաթնամթերքի շուկայում այս տարվա հուլիսին, 2014-ի  հուլիսի համեմատ, գրանցվել է 3% գնաճ, իսկ 2015-ի հունիսի համեմատ՝ 1,8% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է «Չանախ» և «Լոռի» պանրատեսակների` համապատասխանաբար 6,3% և 4,6%, խտացրած կաթի 4,1% գնանկումով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter