HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորանի վրա իմ հոգու մի մասնիկը կա

Մանե Գրիգորյան

Իմացիր՝ Աստծով  կբժշկվես

«Տատիկս ուժեղ հավատքի տեր կին է եղել, 9 երեխա է ունեցել, գրաճանաչ չի եղել: Սասունից տեղահանության ժամանակ եղբայրը փոքր է եղել, տատս՝ 12-13 տարեկան. եղբորն ու Աստվածաշունչը գրկել  ու փախչել է, հիմնավորվել Կաթնաղբյուր գյուղում: Իր անկյունն ուներ ու որպես սրբություն պահում, փայփայում էր Աստվածաշունչը: Կտորների վրա խաչեր էր կարում, իր ստեղծած անկյունը ավելի գեղեցկացնում: Աղոթք անելու  ժամ ուներ: Աստվածաշունչը ոսկեփայլ կտորի մեջ էր փաթաթում, այդ ոսկեփայլ կտորները մեզ՝ երեխաներիս,  ավելի էին հմայում, քան դրա ետևում թաքնված հավատքը: Տատիկիցս է եկել սերը դեպի հոգևորը, նրա վարքն ու շարժուձևը մնացել են հիշողությանս մեջ», - ասում է տիկին Հասմիկը, ով արդեն 15 տարի եկեղեցական հանդերձներ է կարում:

Մայր Աթոռ Սբ. Էջմիածինի դերձակ Մարգարիտի հին, չօգտագործվող աշխատանքները քանդելով, նորոգելով Հասմիկը սովորում է իր կյանքի համար կարևոր նշանակություն ունեցող մի գործ, որով մինչև 40 տարեկան չէր զբաղվել:

«Ամեն դերձակ չի կարող կարել հոգևորականի զգեստ, թվում է՝ շատ պարզ են, բայց իրականում այդպես չէ, իրենց մեջ շատ բան են պարունակում: Այդ կնոջ կարած հին, չօգտագործվող զգեստները քանդում էի, նորոգում, ուղարկում այն քահանաներին, որոնք գյուղում էին ապրում և  դրա կարիքն ունեին»,- ասում է Հասմիկը, ով իր կյանքում շրջադարձային նշանակություն ունեցող իրադարձություններից հետո ուխտ է անում  հոգևորականների համար անվարձահատույց հանդերձներ կարել:

Առողջական լուրջ խնդիրներ ուներ, վիրահատության գնալուց առաջ որոշում է մտնել տան հարևանությամբ գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և մոմ վառել: Բուռն քննարկմամբ քահանայի հետ սկսված ծանոթությունը վերածվում է բարեկամության. Հասմիկը ստանում է իրեն հուզող հարցերի պատասխանները, քահանան՝ Տեր Վաչե Հայրապետյանը, դառնում է նրա խոստովանահայրը:

Քահանայական հողաթափեր

Հանդիպման ավարտին քահանան  հարցնում է՝  վաղը կգաս.

-Չեմ գա, որովհետև չգիտեմ վաղը կապրեմ, թե` ոչ, եթե ողջ մնացի, որոշ ժամանակ հետո կգամ:

Քահանայի հարցին, թե ինչ է պատահել, Հասմիկը տարիների հեռավորությունից իր պատասխանը  հիշում է ծիծաղով, ասում է `այդ պահին օգնություն սպասողի ձայնով ասեցի՝ գնում եմ մեռնելու, որին ի պատասխան քահանան ասեց՝  դու մեռնողը չես, դու պետք է ապրես. կգաս, աղոթք կկարդամ, կզգաս աղոթքի ուժը, կհասկանաս` ով է Աստված, ինչ ներգործություն է ունենում մարդու վրա, թե վիրահատությունը երեք  թե չորս օր հետո կանես, էական նշանակություն չունի: Քահանան օրհնում է Հասմիկին,  Հասմիկը թերահավատությամբ մտածում է՝  ինչ կարող է փոխել  աղոթքը:

Սուրբ Աննա եկեղեցու վարագույրը

«Հետաքրքիր է, որ հետո բժիշկս զանգահարեց ու ասաց՝ 10 օր հետո արի ու կրկնեց քահանայի խոսքերը՝ ինչ տարբերություն հիմա, թե 10 օր հետո գաս: Հաջորդ օրը գնացի եկեղեցի, մեկ օր առաջ հանդիպած քահանային չգտա. ինձ համար բոլորը նման էին իրար, շվարած նստած էի, քահանան ինքը մոտեցավ և ասաց՝ ինչ լավ է եկար: 10 օր աղոթք արեց, մոռացա հիվանդությանս մասին: Մի օր բժիշկս զանգեց,  հարցրեց՝ չես ուզում գալ, ասեցի եկեղեցի եմ գնում, որին ի պատասխան բժիշկը խոստովանեց, որ ինքն էլ ամեն վիրահատույթունից առաջ աղոթում է, և ասաց՝  եթե եկեղեցին քեզ վրա դրական ազդեցություն է թողնում, ապա շարունակիր  գնալ: Ես երկրից չեմ գնալու, երբ կարիքը կլինի կգաս՝ ես պատրաստ եմ վիրահատելու, բայց իմացիր՝ Աստծով կբժշկվես: Փառք Աստծո, մինչև այսօր չեմ վիրահատվել»:

Հասմիկի ձեռքին են պատկանում Սուրբ Աննա եկեղեցու վարագույրները, խորանի ծածկոցները: «Ես հպարտ եմ, որ պատարագի ժամանակ հոգևորականները իմ կարած զգեստներն են կրում: Իմ հոգու մի մասնիկը կա դրանց մեջ, իմ հոգու մի մասնիկը կա խորանի վրա»,- ասում է նա:

Զգեստները աղոթքով են հագնում

«Հոգևորականի առօրյա զգեստը սև է, մարդու սխալն է խորհրդանշում, նա Քրիստոսին հանձնեց խաչին և դրա  համար սգում է: Քահանան պատարագից առաջ ինքն իրեն մաքրում է. ծոմ  պահում, աղոթում, եթե ինչ-որ մեկին նեղացրել է, կամ ինչ-որ անհաշտություն կա, ապա պետք է դա հարթի, խոսի, պարզաբանի, մաքրվի: Պատարագի ժամանակ քահանան այլ զգեստ է կրում: Շապիկը, որ հագնում է, մաքրության խորհուրդն է, որով ասվում է՝ նա պատրաստ է պատարագին: Բազպանների խորհուրդը  բազուկների ամրոթյունն է: Մինչ քահանա դառնալը ուրար են կրում, քահանա դառնալուց հետո այն դառնում փորուրար, այսինքն` մի լուծ ավելանում է ուրարի վրա: Այսպես է մենկաբանվում փորուրարի նշանակությունը: Կուսակրոն քահանան ավելի մեծ պատասխանատվություն է վերցնում: Նա ուխտ է  անում ծառայել միայն եկեղեցուն և իր հոտին: Կուսակրոն քահանաները վեղար են դնում: Վեղարը խորհրդանշում  է անջատում աշխարհիկ կյանքից: Այն փակում է աչքերը, քահանան չի տեսնում դիմացը,  լինում է   խոնարհ:

Երբ մեկին հեռվից տեսնում ենք, առաջինը զգեստին ենք նայում. հոգևոր առումով ոչ թե զգեստը, այլ հոգևորականի խոսքը, հոգևոր ներկայությունը պետք է գրավի: Մենք շատ առումներով պահպանողական ենք, հոգևոր զգեստերի  մեջ էլ մեր ազգային դիմագիծը՝ մեր  զսպվածությունը պետք է երևա: Նոր ձեռնադրված հոգևորականի հագուստը ցածր օձիքով է՝ վրան մի բարակ ժանյակ, բայց եղել է, որ պատվիրել են բարձր օձիքով, ճոխ ժանյակներով. ես դա չեմ արել, քանի որ սխալ է:

Մեծ սիրով, թեթևությամբ, երանությամբ եմ արել Մարաշի ասեղնագործությունը Վազգեն վեհափառի շուրջառի վրա. նա  կրել է այդ զգեստը, դրանով խորան բարձրացել: Երջանիկ եմ, որ արել եմ դա»,- պատմում է Հասմիկը:

Կարը Հասմիկը  սկսում է  աղոթքով

Գրակալի ծածկոց 

«Ես ինքս չեմ կարող ասել քրիստոնյայի կյանքով եմ ապրում, թե` ոչ, խառնաշփոթ վիճակում ենք, չարը գործում է, ու եթե ես ծոմ եմ պահում, մաքրվում, հաղորդություն վերցնում, այն նպատակով, որ  քրիտոնյաին վայել կյանք եմ վարելու, ապա եկեղեցուց դուրս գալուց հետո պետք է աշխատեմ սխալ ինչ-որ բան չանել: Ոչ միշտ է դա ստացվում, բոլորս մահկանացու ենք: Ամեն դեպքում աշխատում եմ որքան հնարավոր է քրիտոնեավայել ապրել: Շատ ժամանակ, երբ հուսահատվում,  հուսալքվում եմ, իսկ այդպես լինում է, զգում եմ ընտանիքիս ամուր ներկայությունը և աջակցությունը»,- ասում է Հասմիկը, ով իր կարը սկսում է  աղոթքով, 100 անգամ ծուռ կարածը քանդելով և ուղղելով:

«Մայրս ոչ մի ձև չընդունեց եկեղեցին: Հայրս, որ անհավատ մարդ էր, ուրախանում էր իմ արած գործով, ասում էի՝ պապ, բա դու ինչի չես գնում եկեղեցի, ասում էր՝ իմ ժամանակը անցել է, բայց հետո նա էլ մտավ Աստծո տուն. մտավ  իր ձևով՝ հոգևորականների հետ շփումը ազդարարեց նրա մուտքը: Հետո ասաց՝ մամաս ճիշտ էր երևի, որ Աստծո հետ խոսում էր: Տատիս,  որ ասում էին՝ էրեխեդ հիվանդացել է, ասում էր՝ ոչինչ, Աստված կպահի, եթե անգամ  չպահի էլ, նորից երեխա  կունենամ: Հայրս եկեղեցի մտնելուց և Աստծո զորությունը զգալուց հետո ասաց ՝ նոր եմ հասկանում՝ մայրս ինչու էր էդպես ասում», - հիշում է Հասմիկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter