HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆիննախը չի բացահայտում հանցագործությունը. կապիկների բիզնեսը նոր թափ է ստանում

Կապիկների առևտրի նոր ուղին

Օգոստոսի սկզբին կապիկների մեծ խմբաքանակ է ներկրվել Հայաստանի Հանրապետություն: Տանզանիայից Հայաստան է փոխադրվել 60 թզուկ կանաչ կապիկ, այլ կերպ դրանց վերվետ կապիկներ են անվանում (լատիներեն անվանումը՝ Chlorocebus pygerythrus): Կապիկների այս տեսակը Միջազգային կարմիր գրքում է ընդգրկված, դասվում է «նվազ վտանգվածների» ցանկում:

Կապիկները ներկրել է «Զօօ ֆաունա արտ» ընկերությունը: Սակայն, այս անգամ ճանապարհը ոչ թե Միացյալ Արաբական Էմիրություններն է եղել, այլ Տանզանիա-Բեյրութ-Երևան ուղին:

Կենդանիների առևտուրը հետաքննող խմբի անդամներից մեկը, որի անունը չենք կարող հրապարակել, «Հետքին» տեղեկացրել է, որ Հայաստան բերված կապիկներին բռնել են վայրի բնությունից, և դրանք չեն պահվել կարանտինային միջավայրում՝ չնայած կենդանիներին ուղեկցող համապատասխան փաստաթղթերին, ուստի կարող են վտանգավոր լինել տարբեր վարակների փոխանցման համար: «Արուշայում կա միայն մեկ կարանտին միջավայր, և այս կենդանիներն այնտեղ չեն պահվել»,-հայտնել է մեր աղբյուրը:  

Էբոլայի ուրվականի պայմաններում ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում որոշակի սահմանափակումներ էին մտցվել պրիմատների ներմուծման կարգում: Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի 2014 թվականի օգոստոսի 5-ի գրությունը և Գվինեայի, Լիբերիայի, Սիերա Լեոնեի և Նիգերիայի հանրապետություններում արձանագրված էբոլա հեմորագիկ տենդ հիվանդության ներթափանցումը ՀՀ տարածք կանխելու նպատակով՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը հրաման էր արձակել: Դրանով արգելվել էր Գվինեայի, Լիբերիայի, Սիերա Լեոնեի և Նիգերիայի հանրապետություններից Հայաստանի տարածք պրիմատների, անտառային այծքաղների, չղջիկների և մացառախոզերի ներմուծումը՝ մինչև սահմանված կարգով ապահով ճանաչվելը: Հրամանի սահմանափակումը տարածվել էր նաև Գվինեայի, Լիբերիայի, Սիերա Լեոնեի և Նիգերիայի հանրապետությունների ծագում ունեցող և այլ երկրներից արտահանվող պրիմատների, անտառային այծքաղների, չղջիկների և մացառախոզերի վրա:

Հաշվի առնելով այն փաստը, որ էբոլայի դեմ պայքարն աշխարհում շարունակվում է, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը հարցրել էինք՝ արդյոք հրամանն այլևս ուժը կորցրե՞լ է: Ծառայության աշխատակազմի ղեկավար Հ. Գևորգյանը հաստատել էր, որ հրամանն ուժը չի կորցրել: Ներմուծված կապիկները, ըստ Հ. Գևորգյանի,  ուղեկցվել են անհրաժեշտ փաստաթղթերով:

«Ներմուծված կապիկները կարանտինացվում են «Զօօ ֆաունա արտ» ՍՊԸ-ի տարածքում՝ Երևանի Գուրգեն Մահարի 148 հասցեում և գտնվում են ծառայության հսկողության ներքո»,-հայտնել է ՍԱՊԾ-ն:  

Հիշեցնենք, որ էկզոտիկ կենդանիների առևտրով զբաղվող «Զօօ ֆաունա արտ» ընկերության սեփականատեր Արթուր Խաչատրյանի նկատմամբ «Հետքի» հրապարակումներից հետո քրեական գործ հարուցվեց մաքսանենգության հոդվածով: Գործով զբաղվում է նաև Ինտերպոլը:

Կապիկներ՝ ներքին սպառման համար

Կապիկների Հայաստան ներկրման վերաբերյալ «Հետքի» հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը հետևյալ բացատրությունն է տվել. ««Բաց թողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով հայտարարագրվել են 60 հատ կենդանի կապիկներ, որոնք ներմուծվել են Տանզանիայից»: Այսինքն՝ 60 կապիկը պետք է Հայաստանում «սպառվի», սակայն ինչ նպատակներով՝ հայտնի չէ:

Մինչդեռ մեր աղբյուրը տեղեկացնում է, որ մի քանի շաբաթ առաջ այս նույն կապիկները փորձ է արվել տեղափոխել Ռուսաստանի Դաշնություն, ինչը չի հաջողվել: Հետևաբար, չի բացառվում, որ ներմուծված կապիկները Հայաստանից արտահանվեն Ռուսաստան:

Արթուր Խաչատրյանը, հիշեցնենք, հազվագյուտ և վտանգված տեսակի կապիկներ՝ բոնոբոներ էր ներմուծել Հայաստան՝ շրջանցելով մաքսային հսկողությունը: Բոնոբոները, ինչպես ինքն է պնդել, սատկել են:

«Հետքը» ֆինանսների նախարարությանը հարցրել էր, թե քննության ընթացքում կատարվե՞լ է կենդանիների արտաշիրիմում դրանց սատկելու փաստերը հաստատելու համար: Նախարարությունը հետևյալ պատասխանն է տվել. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի համաձայն՝ քրեական գործի նախաքննության ընթացքում քննիչն իրավունք ունի կատարել միայն դիակի արտաշիրիմում: Կենդանիների արտաշիրիմման քննչական գործողություն օրենսգիրքը չի սահմանել»:

Քրեական գործի հարուցումից 1,5 տարի է անցել: Ֆինանսների նախարարությունը պնդում է, որ բոնոբոների, շիմպանզեների, դիանա տեսակի կապիկների վերաբերյալ ներկայումս քրեական գործով կատարվում է քննություն: Սակայն մեջբերված պատասխանից ակնայտ է, որ ֆինանսների նախարարության քննչականը ավելի շատ մտածում է հանցագործությունը քողարկելու, քան այն բացահայտելու  մասին:  Ավելին, Արթուր Խաչատրյանն այս ընթացքում շարունակում է կենդանիների առևտրով զբաղվել, ներմուծել կապիկների մեծ խմբաքանակ:  Եվ արդեն ակնհայտ է, որ ֆինանսների նախարարությունում կան պաշտոնյաներ, որոնք այդ բիզնեսում իրենց մասնաբաժինն ունեն:

Արթուր Խաչատրյանի գործընկերը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանն է: Նա նաև առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի որդին է, ով նաև այլ բիզնեսներում է ընդգրկված: Գուրգեն Դումանյանը 2005թ. հիմնադրված «Ֆաունա» կենդանաբանական այգի-բուծարան» ՍՊԸ-ի 10% բաժնետերն է։ Ընկերության 70%-ը պատկանում է Արթուր Խաչատրյանին: 

Պրիմատների մեկ այլ խմբաքանակ ներմուծվել է նաև օգոստոսի 10-ին: Դրան կանդրադառնանք առաջիկայում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter