HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 4%-ով աճել է. նպաստողը գյուղոլորտն է

Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) հրապարակել է այս տարվա հունվար-հուլիս ժամանակաշրջանում Հայաստանի սոցիալ- տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական ցուցանիշները:

Ինչպես տեղեկանում ենք, այս տարվա հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 4%-ով աճել է։ Իսկ այս տարվա հունվար-հուլիսին 2014-ի նույն ամիսների համեմատ՝ 4,2%-ով։

Հուլիսին 2014-ի հուլիսի համեմատ աճ է գրանցվել գյուղատնտեսության և ծառայությունների ոլորտում, մնացածում՝ անկում։ Մասնավորապես.

  • Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 15,6%-ով և  կազմել է ավելի քան 92,8 մլրդ դրամ:
  • Ծառայությունների ծավալը (առանց առևտրի)՝ մոտ 103,9 մլրդ դրամ, աճը՝ 0,5%:
  • Արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 108,7 մլրդ դրամ, անկումը՝ 1,2%:
  • Շինարարության ծավալը՝ 35,9 մլրդ դրամ, անկումը՝ 0,2%:
  • Առևտրի շրջանառությունը՝ 204,4 մլրդ դրամ, անկումը՝ 2,8%:

Փաստորեն, հուլիսին գրանցված 4% աճի հիմնական նպաստողը եղել է գյուղատնտեսության ոլորտը։ Ծառայությունների ոլորտի աճը, ինչպես տեսնում ենք, ցածր է, և դա չէր կարող ՏԱՑ-ի աճի վրա մեծ ազդեցություն ունենալ։

Իսկ եթե ցուցանիշները դիտարկում ենք հունվար-հուլիս կտրվածքով, ապա ստացվում է, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է 14,8% աճ, արդյունաբերության ոլորտում՝ 4,1%, շինարարության ոլորտում՝ 0,4%, ծառայությունների ոլորտում՝ 2,4%։ Իսկ առևտրաշրջանառությունը նվազել է 4,7%-ով։

Այս տարվա սկզբից, տարեկան կտրվածքով, երկրում տնտեսական ակտիվության ցուցանիշը ամենաբարձրը եղել է հունիսին (2014-ի հունիսի համեմատ)` 8,5%, իսկ ամենացածրը հունվարին՝ 1,9%: Մնացած ամիսներին՝  2,6-4,1%: Այսինքն՝ հունիսին պաշտոնապես արձանագրված աճի տեմպերը չեն պահպանվել։ Շեշտում ենք՝ պաշտոնապես, որովհետև Հայաստանում վիճակագրական տվյալները հաճախ շատ հարցականներ են առաջացնում, ինչը հիմք է դառնում, որ այդ ցուցանիշները վստահություն չներշնչեն։ Տնտեսական աճին պետք է ոչ թե ականատես լինենք ԱՎԾ-ի հրապարակումներում, այլ՝ կյանքում, կյանքի որակի բարելավման արդյունքում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter