HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երգի պատմություն՝ խճճված պատմությամբ

Նաիրա Հայրապետյան

«All Shook Up». Էլվիս Փրեսլիի կատարմամբ այս երգը 1957 թվականին լավագույն դիրքերն էր զբաղեցնում տարբեր հիթ-շքերթներում միանգամից մի քանի ոճում` փոփ, քանթրի և արընդբի: Սինգլն արդեն ապրիլ ամսին գլխավորում էր «Billboard Hot 100»-ը՝ այստեղ մնալով ութ շաբաթ շարունակ: Միևնույն ժամանակ առաթին հորիզոնականում էր  «Billboard R&B chart»- ում և այս դիրքում էլ հաստատվեց ուղիղ չորս շաբաթ: Քանթրիի դասակարգման շարքում երգը առաջացավ՝ հասնելով երրորդ հորիզոնականին: Հենց այս առանձնահատկություններով էլ այն գրավեց երաժշտասերների այն հսկա լսարանը, որի շնորհիվ երգը երկու անգամ պլատինե ճանաչվեց  ԱՄՆ-ում և արժանացավ 1957թ-ի տարվա լավագույն երգ տիտղոսին:  

«All Shook Up»-ի հեղինակը ռոքնռոլյան սերնդի երաժիշտներին շատ հայտնի, բայց հանրությանը գրեթե անհայտ երգահան Օտիս Բլեքուելն էր: Աֆրոամերիկյան ծագմամբ այս երաժիշտը (նա նաև երգիչ և դաշնակահար էր) իր բազմաթիվ ստեղծագործություններով մեծ ազդեցություն է ունեցել ռոքնռոլի մի շարք ներկայացուցիչների վրա՝ Փրեսլի, Լիթլ Ուիլի Ջոն, Ջերի Լի Լյուիս, Դի Քլարք, Ջիմի Ջոնս և այլք: Նա համարվում է ռոքնռոլի վաղ շրջանի ամենանշանավոր անուններից մեկը: «All Shook Up»-ը Բլեքուելը գրեց 1956թ.-ին, կարծիքներից մեկի համաձայն՝ «Shalimar Music» երաժշտական ընկերության աշխատասենյակներից մեկում: Նա այդ օրը զբաղված էր հերթական երգի աշխատանքով, երբ ընկերության հիմնադիրներից մեկը, «Pepsi»-ի շիշը թափահարելով մոտենում է Բլեքուելին և կատակով ասում, թե կարո՞ղ է  երգ գրել «all shook up» արտահայտության հիման վրա (shake-ցնցել, թափահարել):

Փրեսլիի կենսագիրներից Փիթեր Գուրալնիկի տեսակետն այլ է: Նրա համոզմամբ ` Էլվիսն է այդ արտահայտության հիման վրա երգ գրելու մտահղացման հեղինակը: Երգիչը գտնում էր, որ այն շատ լավ և հարմար արտահայտություն է կրկներգի համար և առաջարկեց այն իրականացնել: Այս հանգամանքով էլ պայմանավորված է հետագայում նրան որպես համահեղինակ ներկայացնելը: Սակայն, եթե աչքի անցկացնենք Է. Փրեսլիի 1957թ. հարցազրույցներից մեկը, փոքր-ինչ այլ բան պիտի տեսնենք: «Ես երգ գրելու նույնիսկ մտահղացում չեմ ունեցել: Միգուցե բացառությամբ մի դեպքի: Գիշերը քնելիս երևի ինչ-որ երազ էի տեսել և հանկարծ վեր թռա ցնցված: Ես զանգեցի ընկերոջս և պատմեցի նրան դրա մասին, իսկ առավոտյան մենք արդեն նոր երգ ունեինք՝ «All Shook Up» անունով»:  

Այս խճճված ու այդպես էլ անհասկանալի մնացող պատմությունն այնուամենայնիվ կարևոր է նրանով, որ երաժշտասերներն ունեցան այս երգը

Առաջինն այս երգը ձայնագրվել է ամերիկացի երգիչ և դերասան Դեյվիդ Հես-Հիլի կատարմամբ: Այն թողարկելուց մի քանի շաբաթ անց հայտնվեց Փրեսլիի կատարումը, բայց «I’m All Shook Up» վերնագրով: Ռոքնռոլի, ռիթմընդբլյուզի համաձուլում-երգը սկսեց հնչել տարբեր ռադիոկայաններում և մեծ մասսայականություն վայելել: Մարտ ամսին թողարկված «All Shook Up» խորագրով սինգլն արդեն մտավ «Billboard»-ի թեժ 100-յակն ու առաջ գնալով հասավ 25-րդ հորիզոնականին, իսկ կարճ ժամանակ անց, ապրիլին, ինչպես արդեն նշել ենք, հասավ հաղթական առաջինին՝ այստեղ մնալով ութ շաբաթ շարունակ: Իր բազմաթիվ հաջողությունների մեջ այս երգը Փրեսլիի երգացանկում առանձնանում է նաև նրանով, որ այն արտիստի թիվ մեկ հիթն էր «UK Singles Chart»-ում և խստապահանջ բրիտանացիները այս տեղում նրան պահեցին գրեթե յոթ շաբաթ:

Սինգլը երկու միլիոնից ավել վաճառք ունեցավ, ԱՄՆ-ում ճանաչվեց տարվա լավագույն երգ և այլն, և այլն:

1991թ-ին  ամերիկացի երգիչ-երգահան, դաշնակահար և կոմպոզիտոր Բիլլի Ջոելը «Մեղրամիս Լաս-Վեգասում» ֆիլմի սաունդթրեկի համար հենց այս երգն ընտրեց կատարելու համար: Ոչ միայն «All Shook Up»-ը, նաև մի քանի այլ երգեր` Էլվիսի երգացանկից: Բիլլի Ջոելի կատարումը ևս մեծ հաջողություններ գրանցեց, հատկապես, երբ 1992թ-ին թողարկվեց առանձին սինգլով: Այն լավագույն հորիզոնականներ զբաղեցրեց և՛ ամերիկյան, և՛ բրիտանական երաժշտական հիթ-շքերթներում:  

«All Shook Up»-ը կատարվել է ժամանակի նորահայտ, հետագայում ամենահայտնի աստղեր դարձած տարբեր երաժիշտների կատարմամբ՝ Սյուզի Քուատրոյի, բրիտանական հայտնի «The Jeff Beck Group» ռոք խմբի, Դոլի Փարթոնի, Բրյուս Սփրինգսթինի և այլն:

1969թ-ին այն կատարեցին նաև բիթլերը` «Let It Be» ալբոմի ձայնագրության ժամանակ, ավելի ուշ, 1999թ-ին, Փոլ Մաքարթնին այն ձայնագրեց իր «Run Devil Run» ալբոմի համար: Երգի բազմաթիվ քավըրների մեջ Է. Փրեսլին հավանություն տվեց Քուատրոյի կատարմանը: Քուատրոն երգը ձայնագրել էր իր դեբյուտային ալբոմի համար 1973թ.-ին, իսկ մեկ տարի անց թողարկեց սինգլը: Փրեսլիի կարծիքով դա բոլոր «All Shook Up»-երից լավագույնն էր, որը գերազանցում էր նույնիսկ բնօրինակը: Եվ այդ առիթով նա երգչուհուն հրավիրեց Գրեյսլընդ, որտեղ գտնվում էր իր ոչ պակաս լեգենդար առանձնատունը: Քուատրոն, սակայն, մերժեց այս աստղային առաջարկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter