HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայկական դրամը՝ նոր փորձության առաջ

Համաշխարհային շուկայում իսկական իրարանցում է. նավթը շարունակում է էժանանալ և ցնցումներ առաջացնել։ Հանգստյան օրերից առաջ՝ օգոստոսի 22-ի տվյալներով,   Brent  տեսակի նավթի մեկ բարելի գինը  նվազեց մոտ 3%-ով ու հասավ  46 դոլարի, իսկ WTI տեսակինը՝  40 դոլարի։ Դա էլ հանգեցրեց ռուբլու նոր արժեզրկմանը։ Ամերիկյան մեկ դոլարի գինը հասավ 69,01  ռուբլու։  Փորձագետների կանխատեսմամբ՝  արժեզրկումը շարունակվելու է:

Իսկ այսօրվա տվյալներով՝ WTI տեսակի նավթի գինը հասել է 39,47 դոլարի, Brent տեսակինը՝ 44,54 դոլարի։ Ինչպես վկայում է Bloomberg Commodity Index-ը, սրանք վերջին 16 տարիների  ամենացածր ցուցանիշներն են։ «Սև ոսկին» էժանանում է Իրանից  դրա արտահանման մեծացման սպասումների ֆոնին: Իրանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցները վերջնականապես հանելուց հետո սպասվում է, որ  այս երկիրը կտրուկ կավելացնի առաջարկը նավթի համաշխարհային շուկայում։  Իսկ ինչ վերաբերում է ռուբլու այսօրվա վիճակին, ապա, Մոսկովյան բորսայի  տվյալներով՝ մեկ դոլարի արժեքն հասել է 71 ռուբլու։

Հայ տնտեսագետները համոզված են՝ վաղ թե ուշ այս ցնցումներին կենթարկվի նաև հայկական դրամը։  Թե երբ դա կլինի և ինչ ուժգնությամբ, առայժմ հստակ չէ։   Համենայնդեպս, համաշխարհային տնտեսությունից եկող բացասական ազդանշանները հստակ են։ Նախևառաջ երկու գլխավոր և կարևոր գործոններն այն են, որ մեծ է կախվածությունը ռուսաստանյան շուկայից, ուստի՝ ռուբլու ցնցումները կհասնեն նաև հայկական դրամին։ Արդեն իսկ ազդեցությունն ակնհայտ է. զգալի նվազել են այս երկրից Հայաստան փոխանցվող տրանսֆերտներն ու սկսել են նվազել դեպի այս երկիր արտահանումից ստացվող եկամուտները։ Իսկ երկրորդ գլխավոր գործոնն այն է, որ նվազում են պղնձի համաշխարհային գները։  Դա ևս զգալի հարված է արտահանումից ստացվող եկամուտներին։ Այսինքն՝ այս  ամենի հետևանքով դեպի Հայաստան արտարժույթի մուտքերը նվազում են, ինչն էլ հանգեցնում է դրամի արժեզրկմանը դոլարի նկատմամբ։

Ստեղծված իրավիճակը ոչ մի լավ բան չի խոստանում այն հայ արտահանողներին, որոնց արտահանման հիմանական շուկան կամ հիմնականներից մեկը Ռուսաստանն է։

Թեմայի վերաբերյալ վերջին օրերին զրուցել ենք տարբեր ոլորտների արտահանողների ու տնտեսագետների հետ՝ հասկանալու ընդհանուր իրավիճակը։ Կառանձնացնենք հիմնականում հետևյալը։ Որոշ արտահանողներ նշեցին,  որ արդեն իսկ տուժել են վերջին երկու ամսում, իսկ մի մասն էլ մտահոգ սպասում է զարգացումներին։ Բարդ է հատկապես այն արտադրողների վիճակը, որոնք արտահանումը պետք է նոր կազմակերպեն, այսինքն՝ նրանց ապրանքը սեզոնային բնույթ է կրում։ Նրանք հիմա անորոշ վիճակում են, քանի որ չգիտեն, թե արտադրածի որ մասը կարող են արտահանել, կամ եթե ռուբլին ավելի արժեզրկվի, արդյոք այդ դեպքում արտահանումը ձեռնտու կլինի։

Պակաս չեն տուժում նաև այն բիզնեսները, որոնց կողմից արտահանվող արտադրանքի մեծ մասը Ռուսաստան է առաքվում այս պահին։

Ոմանց բիզնեսի եթե ոչ միակ, ապա հիմնական սնուցումը դեպի ՌԴ արտահանումից ստացվող եկամուտներն են, ու երբ դրանք նվազում են, կամ արտադրողը սկսում է տուժել, դրա ելքը հիմնականում մեկն է լինում՝ փակել բիզնեսը։ Խոսքը վերաբերում է հատկապես փոքր բիզնեսներին, քանի որ եթե խոշորները կարողանում են դիմանալ ու զրոյական օգուտներով արտահանում կազմակերպել, որպեսզի չկորցնեն ռուսական շուկան, ապա փոքրերը դիմանալու հնարավորություն չունեն։

Արտահանողների մի մասն էլ արդեն իսկ հույսը կտրել է Ռուսաստանից։ Մնում է կենտրոնանալ տեղական շուկայի վրա։ Նման իրավիճակ էր նաև 2014-ի տարեվերջին, երբ ռուբլին արժեզրկվեց։

Արտահանողներն այս պարագայում արժեզրկված ռուբլի են ստանում և տուժում, իսկ նրանք, ովքեր վճարվում են դոլարով, ևս փաստի առաջ են կանգնում՝ վճարումները սովորաբար ուշանում են կամ թերի են լինում։ Ոմանց բիզնեսի համար դա «մահացու» հարված է։  

Հարկ ենք համարում այս հոդվածում առանձնացնել, թե հայկական հատկապես որ շուկաներն են խոցելի այս պահին, որ ոլորտների արտահանողներն են արդեն իսկ խուճապի մեջ, որոնց է ռուբլու արժեզրկումը  փաստի առաջ կանգնեցրել։

Դատելով ՀՀ մաքսային ծառայության տրամադրած տեղեկություններից՝ Ռուսաստանը արտահանման հիմնական շուկա կամ շուկաներից մեկն է հանդիսանում նշված պարանքներ արտահանող հայ գործարարների համար.

  • Ալկոհոլային խմիչք, հիմնականում՝ կոնյակ
  • Գինի
  • Ձկնամթերք, հիմնականում՝ իշխան և  թառափ
  • Խեցգետին
  • Բանջարեղեն
  • Միրգ, չրեղեն, մրգահյութեր
  • Հանքային ջրեր, գազավորված և քաղցրացված ըմպելիքներ
  • Գարեջուր
  • Կաթնամթերք, մեծ մասը՝ պանիր
  • Ադամանդ
  • Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, ոսկերչական իրեր
  • Ածուխ, բնական հանքանյութեր (ոչ մեծ քանակությամբ)

Ինչու են տուժում հենց այս բիզնեսները։ Բանն այն է, որ դրանք, բացի Ռուսաստանից, արտահանման համար այլ շուկաներ չունեն կամ շատ դժվարությամբ են տեղ գտնում այլ շուկաներում։ Պատճառները շատ են։ Արտադրանքը, օրինակ, Եվրոպա տեղափոխելը լրացուցիչ ծախսեր է պահանջում և արտահանելը դառնում է անիմաստ ու վնասաբեր։ Կամ արտադրանքի որակն ու գինը չեն համապատասխանում միջազգային շուկայի ստանդարտներին, ու դրանք դառնում են անմրցունակ։ Գլխավոր գործոններից են նաև քաղաքական-տնտեսական միջպետական հարաբերությունները։ Անգամ եթե հայկական  ապրանքը ամեն առումով մրցունակ է այլ շուկաներում, քաղաքատնտեսական հարաբերությունները չեն նպաստում, որ արտահանում կազմակերպվի։

Այս ընդհանուր պատկերից զերծ մնացին ծիրան արտահանողները։ Դա կարևոր էր այնքանով, որ այս տարի ծիրանի բերքը Հայաստանում առատ էր և արտահանման ծավալները մի քանի անգամ գերազանցեցին անցած տարվա ցուցանիշը: Օգոստոսի սկզբի դրությամբ արտահանվել է 20 հազ.  տոննա ծիրան` նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց։ Դա ապահովել է արտարժույթի որոշ քանակի ներհոսք դեպի Հայաստան: Արտահանումը կազմակերպվել է հիմնականում նախորդ  երկու-երեք  ամիսներին, երբ ռուբլին համեմատաբար կայուն էր։  Ռուսաստանը հայկական ծիրանի հիմնական գնորդներից է։

Թե ինչ է սպասվում բարդ իրավիճակում հայտնված արտահանողներին առաջիկայում, դժվար չէ կռահելը։ Եթե ռուբլին շարունակի նման տեմպերով արժեզրկվել, նրանք կտուժեն, մեկը՝ շատ, մյուսը՝ քիչ։  Այսպիսին է իրավիճակը՝ որքան էլ  այն հոռետեսական լինի։ Դրանից դուրս գալու համար կոնկրետ ելքեր ոչ արտահանողներն են դեռևս կարողանում գտնել, ոչ էլ՝ առայժմ կառավարությունը։ Այդպես եղավ նաև նախորդ տարեվերջին. արտահանողները տուժեցին, իսկ ելքեր չգտնվեցին։ Որոշ արտահանողներ նշում են՝ միակ հեռանկարն այն կլինի, որ ռուբլին «ոտքի կանգնի», ու ստեղծված իրավիճակը դեպի դրականը գնա։

Մեկնաբանություններ (3)

Կարեն
ռուբլու կայունանալուն սպասել չի կարելի, հարկավոր է դրամի չափազանց կայուն դիրքերը թուլացնել:
hamlet
Ստեղ են ասել՝ ընկերովի մահը հարսանիք է... ռուսներ հետ ձեռք-ձեռքի բռնած գնում ենք դեպի կործանում...
վաչե
Ցավում եմ ,որ հայկական դրամի ճակատագիրը կապում եք ռուբլու հետ; մի փողի, որը , բացի իրենց երկրից աշխարհի ոչ մի երկիր չի ճանաչում և որևէ առևտրական գործարք չի կատարում, իհարկե բացի Հայաստանից և Բելոռուսից։ Նույնիսկ Ռուսաստանում պետական, պաշտոնական ծախսային հաշվարկները կատարում են դոլլարով, իսկ ռուբլին դիտվում է որպես մանրածախ առևտրի վճարամիջոց։ Ռուսաստանը Մեր երկրի հետ առևտուր է անում բացառապես դոլլարվ , իսկ մեր արտահանվող ապրանքների դիմաց հիմնականում վճարում է ռուբլիով։ Սա նշանակում է ապրանքը ջորը լցնել բառի բուն իմաստով։ աշխարհի բոլոր նավթամթերք ներմուծող երկրները ցնծության մեջ են նավթի գնի օրեցօր անկման պատճառով, որովհետև տնտեսում են հսկայական միջոցներ թե գործարարները և թե սպառողները, իսկ մենք Ռուսաստանի հետ միասին ողբում ենք նավթի գնի անկման համար; Այս ամենը դժվար է բացատրել որևէ տնտեսագտական կամ քաղաքագիտական օրենքով; Մնոմ է միայն պատկերացնել, թե ինչպիսի նեխած ճահիճի մեջ է ներքաշվել մեր երկիրը և ելքեր որոնել քաղաքակիրթ աշխարհին ինտեգրվելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter